HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճաքած պատերից ներս՝ կաթող առաստաղի տակ

«Պապ, Դավոյին մի հատ կպահե՞ս»,- Աննան դիմում է հորն ու 4 ամսական Դավիթին դնում նրա գրկին: Հետո կանգնում է աթոռին, պատից կախված պահարանից հանում մեդալները:

Երեխաներն ուշադիր հետևում են Աննային: Ափի մեջ պարզած ցույց է տալիս ոսկե ու բրոնզե մեդալները: Երկուսն էլ ԱՄՆ-ում մրցումների ժամանակ է շահել. ոսկին՝ վազքից, բրոնզը՝ գնդի հրումից: Ժամանակի մասին փոշու հաստ շերտն է հիշեցնում, որ կպել է մեդալներին:

32-ամյա Աննա Քոլոյանի ընտանիքը՝ 5 երեխաները, ամուսինն ու 63-ամյա հայրը, ապրում են Երեւանի Սարի թաղում: Աննան մարզիկ է եղել մինչև ամուսնանալը, հետո ամեն բան փոխվել է նրա կյանքում:

Էլեկտրական «պլիտան» ավելի է խտացնում սենյակի խոնավությունը: Սենյակը դուռ չունի, փոխարենը՝ վարագույր է կախված, որ արդեն թաց է: Առաստաղից կաթում է, ոչ միայն վարագույրը, այլև անկողինն է թրջվում: Տանիքը վերանորոգման կարիք ունի:

Աննան հայացքը խոնարհում է: Ասում է՝ մոր մահից հետո կյանքի գույները փոխվել են իր համար: Մարզական կիսատ թողած ճանապարհի համար ափսոսում է: Առաջին անգամ մայրն էր տարել թեթև ատլետիկայի: Դպրոցական էր: 14 տարեկանում մրցումների է գնացել ԱՄՆ: Այդտեղ, ասում է, իրեն ուզում էին որդեգրել: «Բայց առանց մամայիս ես կյանք չունեի, հետ եկա Երևան: Այդ ժամանակ մամաս արդեն հիվանդ էր, ուռուցք էր մոտը»,- նկատում է Աննան:

Փարիզ մրցումների գնալն այդպես էլ չստացվեց: «Ամուսնացա ու սպորտն այդպես էլ կիսատ թողեցի»,- նշում է նա:  16 տարեկանում է ամուսնացել, փեսացուին մայրն էր ընտրել, որն այդ ժամանակ արդեն հիվանդ էր: Աննան ասում է, որ ինքը հավանություն է տվել մոր որոշմանը: 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը չի շարունակել:  

Աննայի ամուսինը՝ 36-ամյա Հովհաննես Սարգսյանը, Վանաձորից է: Ամուսնությունից հետո ապրում էին այնտեղ: Հովհաննեսն արհեստավոր է, քանի որ հիմնական աշխատանքը Երևանում էր, անընդհատ գնալ-գալն էլ դժվար է, 5 տարի առաջ Երևան են տեղափոխվել, բնակվում են Աննայի հայրական տանը:

«Երբ մայրս հիվանդացավ, ինչ ունեինք-չունեինք, պապաս ծախեց: Մամայի մահից հետո պապան միշտ ինձ հետ է, Վանաձորում էլ միասին էինք ապրում: Երբ էստեղ չէինք, գողություններ արեցին մեր տնից: Երբ Վանաձորից եկանք, համարյա բան չէր մնացել տանը»,- ասում է Աննան:

Բազմոցին նստած հայրը՝ Հակոբ Քոլոյանը, ով երրորդ կարգի հաշմանդամ է, լսում է զրույցը: Ասում է՝ իր տունն այս վիճակում չի եղել:

«Ամուր տուն է: Երկու ամիս առաջ ջրմուղից եկել էին. ջրի մագիստրալն էր վնասվել: Կռանը բերեցին, կովշով տան տակը փորեցին: Հիմա որ գնաք մեր բալկոն, կտեսնեք տեղը: Կովշը գցելուց հետո տան պատը ճաքել է: Էդպես թողեցին, գնացին»,- պատմում է Հակոբ Քոլոյանը:

Դուստրն ավելացնում է, որ քանդած տեղն ասֆալտապատել են ու գնացել: «Թաղապետարան ենք դիմում, որ տունը քանդել են, ասում են՝ ջրմուղ դիմեք, ջրմուղ ենք դիմել, ասում են՝ գնա դիմի թաղապետարան: Արձագանք չկա, բայց տունն արդեն վատ վիճակում է, դուք էլ եք տեսնում»,- նշում է Աննան:

Տան արտաքին պատին էլ երևում է պատի կիսված շարվածքը: «Լվացարանն էլ են քանդել, արդեն տեղ չունենք, որ ափսե լվանանք»,- պատշգամբի վիճակն է ցույց տալիս բնակչուհին: Ասում է՝ չգիտեն, թե ինչ անեն:

Ամուսնու առողջությունն օրեցօր վատանում է, թեև աշխատանքի է գնում: «Ողնաշարի դիսկերը նստում են, մեկ-մեկ ցավերն ահավոր են, չի կարողանում գործի գնալ, շարժվել»,- նկատում է 32-ամյա կինը:

Աննան ժամանակին հավաքարար էր աշխատում Վանաձորի ծաղկի սրահներից մեկում: Ասում է, թե միշտ էլ աշխատելու ցանկություն ունեցել է և ունի, բայց հիմա Դավիթը փոքր է, մենակ թողնել չի կարող:

«Յարիս կարտոլ քիթը»,- սա ասելուց հետո 2 տարեկան Մարին միացնում է հեռախոսի երգերից մեկն ու սկսում պարել: Մենք զարմանում ենք նրա վարժ պարից: Պապը սկսում է ծիծաղել, երեխաները ծիծաղից փռթկացնում են, բայց Մարիի համար նշանակություն չունի այդ ամենը:

Երեխաներից ավագը Հռիփսիմեն է, սովորում է 8-րդ դասարանում: Դպրոցից նոր է տուն եկել: Զարմացած նայում է Աննային: Քիչ անց ինքն էլ նստում է բազկաթոռին: Շեկ կատուն, որ մինչ այդ տաքացուցիչի մոտից հեռու չէր գնում, Հռիփսիմեին տեսնելով, վազում է նրա կողմ, թռնում գիրկը:

«Ռիփոյի կատուն է»,- ասում է Մուրադը:

Մուրադը 7-րդ դասարանում է սովորում: Աննան ասում է, որ տղան ներառական կրթություն է ստանում, 5-րդ դասարանում տառերը չգիտեր, սովորածը շատ շուտ էր մոռանում, սակայն այս տարի առաջադիմել է: «Մուրադն արդեն հասակակիցներին է հասել, հետ չի մնում: Անին էլ 8 տարեկան է: Մի աչքը լավ չի տեսնում, մեկ-մեկ աչքերի դիմաց սևանում է, ընկնում»,- պատմում է 5 երեխաների մայրը: Ընտանիքը ստանում է 53.000 դրամ նպաստ և Հակոբ Քոլոյանի 16.000 դրամ համար հաշմանդամության թոշակ:

Հռիփսիմեն երազում է դերասանուհի դառնալ, թատերական խմբակ է հաճախում: Մուրադի ցանկությունն էլ նախ լավ մարդ դառնալն է, հետո՝ լավ մասնագետ: Հիմա ըմբշամարտի է գնում, ցանկանում է շարունակել մոր կիսատ թողած մարզական ճանապարհը:

Աննան ժպտում է, ասում է, թե ուզում է, որ երեխաներն առողջ ու հաջողակ լինեն:

Երեխաները չեն ժպտում, միայն Մարին է շարունակում պարել: Հարցնում եմ, թե ինչ է խնդրել Ձմեռ պապից, պատասխանում է՝ աման-չաման: Հռիփսիմեն ու Մուրադն էլ ցանկանում են, որ առաստաղից ջուր չկաթի, Մուրադը վերջում ավելացնում է. «Մեկ էլ մի հեռախոս, որ պարապմունքից դուրս գալուց զանգեմ մամային»:

Դրսում արև է: Աննան Մուրադի հետ բարձրանում է լվացքը հավաքելու: Քիչ հեռվում երևում է Հայաստանի եռագույնը: Աննան ժպտում է, բայց ժպիտի մեջ այնքան տխրություն կա:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանություններ (2)

Raffi
What kind of athlete was she? What competition was it that she went to the U.S.? The article doesn't mention it.
Sanjay Kumar Yadav
I think people of are not in favour of luck. I am really sad and depressed reading such news from ARMENIA. People are so capable to any development in Armenia. I think government people are not listening of voice of people. The population is low in Armenia, so government can do much better.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter