HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված-2

Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը հիմնվել է 1821թ. ջուղայեցի մեծահարուստ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով: Հետագայում ճեմարանին են միացվել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց եւ Գալուցյան դպրոցները: 1990-ականներին հնդկահայ գաղութի հայաթափման արդյունքում ճեմարանում աշակերտների թիվը հասել է 5-ի: Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն առաջարկել է ուսանողներ տանել Հայաստանից եւ կանխել ճեմարանի փակումը: Համայնքի` ճեմարանի պահպանմամբ շահագրգիռ անդամները եկել են այն եզրակացության, որ լավագույն լուծումը կրթական հաստատությունը Մայր աթոռին հանձնելն է եւ դիմել են դատարան:

1999թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ տեղի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը եւ դրանով կանխվել է ճեմարանի գոյությանը սպառնացող վտանգը: Նույն որոշմամբ կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունն իր ցանկացած ձեւով վարելու իրավունքը:

«Մտածեցինք, որ լավագույն տարբերակն ամեն տարի ճեմարանում 30 աշակերտից բաղկացած նոր առաջին դասարան բացելն է, որի շնորհիվ 10 տարվա ընթացքում հնարավոր կլինի ունենեալ 300 աշակերտով հսկայական ուսումնական հաստատություն: Երեխաներն ընտրվում են որբանոցներից, գիշերօթիկ դպրոցներից, միակողմանի ծնողազուրկ եւ սոցիալապես խիստ անապահով ընտանիքներից: Ուսուցման հիմնական լեզուն լինելու է անգլերենը, բացառությամբ հայագիտական առարակաների: Ճեմարանի ուսուցման ծրագիրը կհամաձայնեցվի թե՛ հայկական, թե՛ հնդկական ծրագրերի հետ»,-դեռեւս 1999թ. «Ազգ»-ին տված հարցազրույցում ասել է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Միքայել ծ. վրդ. Աջապահյանը: 

1999թ. նոյեմբերին եկեղեցու նախաձեռնությամբ Հայաստանից 34 երեխա մեկնել է Կալկաթա ուսանելու: «Մենք գնացինք, էնտեղ միայն 3 աղջիկ կային: Իրենք սովորում էին բարձր դասարանում: Մենք էլ նստեցինք 0 դասարան ու էդ ամբողջ տարին միայն անգլերեն սովորեցինք»,-պատմում է Անի Հայրապետյանը: 

Այսօր ճեմարանն ունի 118 աշակերտ: 78-ը գնացել են Հայաստանից, 35-ը` Իրանից, 4 աշակերտ հնդկահայ է եւ մեկը` իրաքահայ: Ճեմարանում ուսումը 10 տարով է: Հնդկաստանի կրթության նախարարությունն այն համարում է անգլիական միջնակարգ դպրոցին համարժեք ուսումնական հաստատություն, որտեղ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ դասավանդվում են նաեւ հայագիտական առարկաներ: Հայագիտական առարկաները դասավանդում են Հայաստանից մեկնած ուսուցիչները: Ուսուցիչների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով: 

«Մեզ տվել են հայոց լեզվի,գրականության եւ հայոց պատմության դասագրքեր, դասացուցակում էլ այդ առարկաներն ունենք, բայց նորմալ դաս չենք անում: Մենք մեզ ինչ սովորեցինք, սովորեցինք, ոչ մեկ դաս չի բացատրում կամ հարցնում»,-պատմում է Անին: Ճեմարանում հայագիտական առարկաներից բացի անցնում են ռուսերեն, հնդկերեն եւ մնացած բոլոր առարկաները` պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, սովորում են անգլերենով: 

«Աշակերտները 3 տարին մեկ պիտի վերադառնան Հայաստան` իրենց ամառային արձակուրդն անցկացնելու»,- հարցազրույցի ժամանակ նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը: Սակայն արդեն 6 տարի է` Հայաստանից երեխաներ են գնում սովորելու, բայց այս տարի առաջին անգամ է, որ 60 երեխա եկել է հայրենիքում ամառային արձակուրդն անցկացնելու: «1999թ. հայր Միքայելն ասաց, որ 2 տարին մեկ գալու են, բայց 5 ու կես տարի հետո նոր բերեցին: 3 տարի է պայքարի մեջ եմ: Մի քանի անգամ Վեհափառին եմ դիմել, նախագահի աշխատակազմին եմ դիմել: Երկար դժվարություններից, ձգձգելուց հետո նոր բերեցին մեր երեխաներին»,-դժգոհում է Անի Հայրապետյանի մայրը` Դոնարա Մկրտչյանը: «Մենք պայքարեցինք, որ մեր երեխեքին բերեցին, թե չէ չէին բերի: Սկզբում որ ես ասացի պայմանագիր կնքենք, թե չէ կարող է դուք տանում եք ու իմ երեխուն ծախում եք, հայր Ներսեհն ասաց, որ ես վիրավորում եմ եկեղեցուն, եւ եթե Առաքելական եկեղեցուն հավատում եմ, պիտի հավատամ հոգեւորականի խոսքին: Բայց մեզ խաբեցին, եթե ծնողներով չբողոքեինք, մեր երեխեքին չէին ուղարկի»,-ավելացրեց Վարդուհի Հակոբյանը` Հարություն Հակոբյանի մայրը: 

Ճեմարանը գործում է տարբեր ժամանակներում հնդկահայ համայնքի բարերարների կողմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին թողած ավանդներով: Աշակերտների բոլոր ծախսերը` սնունդ, հագուստ, ուսումնական պարագաներ, բժշկական ծախսեր, հոգում է ճեմարանը: «Ամեն ամիս 50 րուփի թոշակ ենք ստանում: Հսկիչի հետ կարող ենք դուրս գալ ու ինչ ուզենք, գնենք: Նոր տարուն էլ 1500 րուփի ենք ստանում, որով պիտի հագուստ գնենք ամբողջ տարվա համար»,-պատմում է Անին:

Սոնյա Ջոնը սաների սարսափն է 

Աշակերտների համար ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնը խստության մարմնացում է: «Նրա մոտ պիտի ուղիղ, ձիգ, շատ ձիգ կանգնես, թե չէ կպատժվես»,-ասում է Հարությունը: 

«Մեզ Հայաստան ուղարկելուց առաջ հարցեր տվեցին: Մի տղա ասաց, որ ինքն էլ հետ չի գնալու, Սոնյա Ջոնը սկսեց գոռգոռալ, թե մենք Հայաստանի փողոցներից հավաքած երեխեք ենք, էլ գնում ենք, ի՞նչ անենք»,-ավելացնում է Նարեկը: Նրանց օրագրերի առաջին էջում գրված է օրվա ռեժիմը: 

«Ամեն ինչ ժամով ա էնտեղ, էս ժամին` հաց, էս ժամին` դաս, եթե անգամ խաղի ժամին ուզես դասապատրաստում անել, չի կարելի, կպատժեն: Պատժում են սենց. նստած մնում ես անկողնուդ վրա, մինչեւ ասեն` իջիր: Կարող է 5 ժամ նստես: Կամ 100 անգամ տետրիդ մեջ անգլերեն գրում ես «ներողություն, էլ նման բան չեմ անի»: Մի անգամ էլ մի աղջկա ծեծեցին, որովհետեւ պատուհանից հնդիկ տղայի հետ էր խոսել: 

Առաջին օրը որ մտանք ճեմարան, պատերին փուչիկներ էին կպցրել: Մտանք, մեզ հաշվեցին ու դուռը փակեցին: Միշտ էդ փակելն եմ հիշում ու միշտ մտածում էի, թե ինչի՞ չփախա էդ ժամանակ: Անընդհատ մտածել եմ փախնելու մասին, մի քանի անգամ փորձել եմ, բայց հնարավոր չէր»,-հիշում է Անին:

«Որ գիտես միշտ էնտեղ ես, լավ չի: Անընդհատ ներսում ես, մենակ կիրակի օրերը եկեղեցի ենք գնում, էն էլ շարքով գնում ենք, շարքով գալիս, պիտի ձիգ կանգնած լինես շարքում, չէ` կպատժվես»,-ասում է Հարությունը: 

«Լավ չի այնտեղ, ազատ չի, հանգիստ չենք, անընդհատ մեկը հսկում ա քեզ: Սկզբից շատ դժվար էր, բայց հետո մի քանի ընկեր ես ունենում ու մի քիչ լավ ա: Բայց հետո մի պահ էլի լավ չի, դրա համար էլ ուզում էինք գալ, գրում էինք, որ մեր մամաները գնան Կաթողիկոսի մոտ ու մեզ բերել տան, բոլորս էլ գրել ենք տենց բան: Երեկոյան աղոթքից հետո չի կարելի գնալ պետքարան: Ամեն ինչ պետք ա անել աղոթքից առաջ: Տենց, եթե կարիք ես ունենում, հետո ես պատժվում, որովհետեւ չեն թողնում դոշակդ դուրս տանես, միայն սավանդ ես լվացքի մեջ գցում, իսկ դոշակը այդպես մնում-մնում էր, մինչեւ ներսի ֆեներով իբր չորանար: Ամեն մի բանի համար պատժում են: Ճաշարանում մի բառ ասեցիր, կանգնեցնում են փայտով խփում կամ էլ վերջ` մտնում ես մի դասարան ու դուռը վրադ են փակում... Տենց ինչքան իրենք ուզեն: Պատժվելուց զրկվում ես հեռուստացույցից, խաղալուց, լողանալուց, մենակ հաց ես ուտում ու դասի գնում, մնացած ժամանակը փակված ես լինում: Մի անգամ ուժեղ պատժվել է մեր տղերքից Գագիկը: Ինքը փախել էր, դրա համար 1 ամիս ոտաբոբիկ է եղել ու կոշիկները վզից կախած, դասի է եկել, հաց կերել ու մնացել սենյակում: Էլ չեմ գնալու, ինքնաթիռի միջից կփախնեմ, բայց չեմ գնա»,-շարունակում է Նարեկը: 

Երկուսուկես ամիս չարչարվելուց հետո մենք Կաթողիկոսարանից կարողացանք ստանալ մեր մի քանի հարցերի պատասխանները: Դրանց կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: Միայն նշենք, որ եկեղեցին մինչեւ հունիս ամիսը չուներ ճեմարանում սովորող երեխաների անուն ազգանունները, նրանց տվյալները: 

Մենք ներկայացրինք երեխաների պատմություններից ընդամենը մի փոքրիկ հատված եւ սպասում ենք, թե ինչ արդարացումներ են ներկայացնելու մեր հոգեւոր առաջնորդները Կալկաթայի ճեմարանում տիրող վիճակի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter