HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես են իրենց եկամուտները ծախսում հարուստ ու աղքատ հայաստանցիները

2016 թվականին Հայաստանում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական սպառումը կազմել է 43 978 դրամ։ Այս մասին կարդում են Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» զեկույցում։

Այսինքն՝ պաշտոնական տվյալներով միջին վիճակագրական քաղաքացին ամսական ծախսում է շուրջ 44 հազար դրամ։ Բնակչության ծախսերի կազմում ամենամեծ բաժինը զբաղեցնում են սննդին ուղղված ծախսերը։ Նշված 44 հազար դրամից  42.1%-ը հատկացվում է սննդին, 34.4%-ը՝ ծառայություններին, որտեղ պետք է մեծ մասամբ նկատի ունենալ բնակ-կոմունալ ծառայությունները, կապը, առողջապահությունը, տրանսպորտը։ Իսկ ոչ պարենային ապրանքների վրա ուղղվում է ծախսերի 19.9%-ը։ Մնացած փոքր մասն էլ բաժին է հասնում ծխախոտին ու խմիչքին։

Տնային տնտեսության ամբողջական սպառողական ծախսերի ներքո հասկացվում են դրամական և ոչ դրամական սպառողական ծախսերը, ինչպիսիք են` տնային տնտեսության կողմից սպառվող, սեփական տնտեսությունից ստացված սննդամթերքը` դրամով արտահայտված, ինչպես նաև բարեկամներից կամ այլ անձանցից անվճար ստացված ոչ պարենային ապրանքները և ծառայությունները:

Վերջին տարիներին բնակչության ծախսերի միջին ցուցանիշը, ըստ ԱՎԾ-ի՝ աճել է։ Համեմատության համար նշենք, որ 2014-ին մեկ շնչի հաշվով ամսական միջին ծախսը կազմել է 40 770 դրամ, 2015-ին՝ 42 867 դրամ։

Սակայն այս ամենն ընդամենը միջին վիճակագրական քաղաքացու մասին է։ Մինչդեռ, ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի հարցում բնակչությունը բաժանվում է խիստ տարբեր խավերի։

Ինչպես նշել ենք եկամուտների մասով, վերջին մեկ տարում ամենախոցելի խավի եկամուտները նվազել են, առավել ապահովվածներինը՝ աճել։

Ծախսերի մասով ևս բնակչության խմբերի միջև տարբերությունը մեծ է։ Այստեղ էլ վիճակագրական ծառայությունը բնակչությանը բաժանում է 10 խմբի։ Դրանք դեցիլային խմբեր են, որոնց շարքում առաջինն ամենախոցելի խումբն է՝ ամենաքիչ ծախսեր կատարող խումբը, իսկ տասներորդը՝ ամենաշատ ծախսեր կատարողը։ Այսինքն՝ որքան բարձր է խումբը, այնքան բարձր է ծախսի չափը։ 

Այսպես, 2016 թվականի տվյալներով՝ ամենաանապահով խավի՝ I դեցիլային խմբի մեկ շնչի հաշվով միջին ծախսը կազմել է ընդամենը 14 021 դրամ։ Իսկ ամենաապահով՝դեցիլային խմբի պարագայում այս ցուցանիշը կազմել է 117 485 դրամ։ Իսկ հանրապետության մակարդակով միջին ցուցանիշին՝ մոտ 44 հազար դրամին, առավել մոտ է  VII դեցիալային խումբը, որի պարագայում մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը կազմել է 45 182 դրամ։

2015 թվականի համեմատ առաջին դեցիլային խմբի ամսական ծախսի միջին չափն աճել է 346 դրամով, իսկ X խմբինը՝ նվազել 5156 դրամով։

Բնակչության ծախսերի տարբերակման համար հաշվարկվում է «բևեռային» քվինտիլների հարաբերության գործակիցը: Սրանով հաշվարկվում է, թե 20% առավել ապահովված բնակչության ծախսերը քանի անգամ են գերազանցում 20% նվազագույն ապահովված բնակչության ծախսերը։ Համաձայն այդ գնահատականի՝  2016 թվականին ամենաապահովների ու անապահովների ծախսերի հարաբերակցությունը  5.4 անգամ է։ 2015-ին այս ցուցանիշը 5.6 անգամ էր։ Այսինքն՝ վերջին մեկ տարում գրանցված տարբերությունը չնչին է։ Մինչդեռ այդ տարբերությունն առավել մեծ է նույն խմբերի եկամուտների հարցում։

Անապահովների և ապահովների եկամուտների հարաբերակցությունը 2016-ին կազմել է 9.4 անգամ, 2015-ին այն՝ 8.4 անգամ էր։

Աղքատներն ավելի շատ ծախսում են սննդի վրա, հարուստները՝ ծառայությունների

Ինչպես նշեցինք վերևում, միջին վիճակագրական քաղաքացու ծախսերի ամենամեծ բաժինն ուղղվում է սնունդ ձեռք բերելուն։ Այս պատկերը բոլորովին այլ է՝ երբ ծախսերի նպատակները դիտարկում ենք՝ ըստ բնակչության խմբերի։

Հայաստանում մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական սպառողական ծախսերի կառուցվածքը I-ին և X-րդ դեցիլային խմբերում 2004 և 2016թթ.

Բնակչության ամենաանապահով հատվածն իր ծախսերի 60.2%-ն, ըստ ԱՎԾ-ի, ուղղում է սննդին։ Ընդ որում՝ 2015 թվականի համեմատ ոչ մի փոփոխություն չի գրանցվել, այսինքն՝ նրանց կյանքի որակը չի լավացել։ Ծառայություններին ուղղվում է ծախսերի 24.1%-ը։ Վիճծառայությունը զուգահեռներ է անցկացրել 2014-ի և 2016-ի միջև, որից երևում է, որ տարիների ընթացքում անապահով խմբի ծախսերի կազմում սննդի մասնաբաժինը որոշակիորեն նվազել է, իսկ ծառայությունների մասնաբաժինն՝ ավելացել է։

Երբ էներգակիրների վրա ծախսվող գումարները դիտարկվում են ըստ սպառողական ծախսերի դեցիլային խմբերի բաշխվածության, ապա պարզ երևում են սպառման մեջ առկա տարբերությունները: Այսպես, 2016թ.-ին գազի վրա I դեցիլային խումբը միջինում մեկ շնչի հաշվով ծախսել էր ամսական 868 դրամ, X դեցիլային խումբը` 4 764 դրամ, իսկ Էլեկտրաէներգիայի վրա, համապատասխանաբար` 1 128 և 4 710 դրամ:

Իսկ ամենաապահով խավի ծախսերի մեծ բաժինն ուղղվում է ծառայություններին։ Նրանց պարագայում ևս տարիների ընթացքում ծառայությունների մասնաբաժինն աճել է, սննդինը՝ նվազել։

Մեկնաբանություններ (1)

Ashot
Առաջարկում եմ հետազոտել էտ թվերի արժանահավատության հարցը։ Ըստ զեկույցի միջին քաղաքացին 7.4 հազար դրամ տրանսֆերտա ստանում դրսից այսինքն ընդանուր երկիրը 1տարում ստանումա 260 միլիարդ դրամ կամ 550 միլիոն դոլլար տրանսֆերտ։ Բայց իրականում շատ ավելի տրանսֆերտներա մտնում երկիր։ Աղքատներից քանիսն են իրական աղքատ քանիսը 'կորեյկո' ։ Էս հարցը ոչ մեկ չի նայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter