HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեւորգ Պետրոսյան.«Շիրակի մարզում առավել շահեկան է պասիվ արեւային ջերմատների հիմնումը»

Հայաստանում, հատկապես բարձր լեռնային բնակավայրերում, որտեղ հիմնական եկամուտը ստացվում է անասնապահությունից, խիստ բնակլիմայական պայմանները գյուղատնտեսությամբ զբաղվողների վիճակն առավել խոցելի են դարձնում: «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ հարցի լուծման միակ եղանակը լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծումն է, այս դեպքում՝ ջերմատնային գյուղատնտեսության զարգացումը:

Ներկայում հանրապետության ողջ տարածքում առկա է 1000 հա ջերմոցային տնտեսություն, որի առյուծի բաժինը՝ մոտ 90%, գտնվում է Արարատի ու Արմավիրի մարզերում: Երկրի հյուսիսային մարզերում, հատկապես Շիրակում, ջերմոցներն ու ջերմատները լայն տարածում չունեն: «Կա սխալ կարծիք, որ լեռնային ցուրտ բնակավայրերում ջերմոցային ծրագրերը չեն աշխատի, որ անհնար է ստեղծել ու զարգացնել ջերմոցային տնտեսություն, սակայն մեր տարածաշրջանում ներդրված մի քանի հաջողված փորձերն այլ բան են ապացուցում, պարզապես պետք է այդ մասին շատ խոսել, տարածել, մարդկանց հրավիրել, որ գան, սեփական աչքերով տեսնեն»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը:

Շիրակի մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացումը եւ ջերմատնային բիզնեսի տարածումը կապված է մի քանի հիմնական դժվարությունների հետ: «Բիոսոֆիա» ՀԿ-ն կատարել է ուսումնասիրություններ եւ հանգել եզրակացության, որ հիմնական խնդիրը ջերմատնային բուսաբուծության կազմակերպման փորձի ու ջերմոցային տնտեսության կառավարման մշակույթի պակասն է: Դրան գումարվում է մեկնարկային կապիտալի պակասը կամ բացակայությունը, կլիմայական առանձնահատկություններից ելնելով՝ ջեռուցման համեմատաբար մեծ ծախսերն ու ստացվող արտադրանքի համեմատաբար բարձր գինը:

Վերջին 4-5 տարիների ընթացքում մի շարք դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ մարզերում իրականացվել են ջերմատնային բուսաբուծության կազմակերպման փորձին ու ջերմոցային տնտեսության կառավարման մշակույթի տարածմանը, ինչպես նաեւ ջերմատների էներգաարդյունավետության բարձրացմանն ու ՎԷԱ տեխնոլոգիաների կիրառմամբ ջեռուցման ծախսերի նվազեցմանն ուղղված ծրագրեր: Շիրակի մարզում հաջողված օրինակները Բասեն եւ Թորոսգյուղ համայնքներում են:

Գեւորգ Պետրոսյանը

Գեւորգ Պետրոսյանը բացատրում է ջերմոցների եւ ջերմատների միջեւ եղած տարբերությունները՝ նշելով, որ շատերի համար դրանք պարզապես ջերմոցներ են, սակայն նրանք տարբերվում են նախ կառուցման սկզբունքով, հետո՝ գործարկման տեւողությամբ ու հնարավորություններով: «Ջերմոցները փակ գրունտի պարզունակ կառույցներ են, որոնք հիմնականում ապահովում են արտաքին անբարենպաստ ազդեցությունից բույսերի պասիվ պաշտպանությունը: Սրանք թեթեւ ու էժան կոնստրուկցիաներ են եւ չունեն շահագործման առանձնակի դժվարություններ: Իսկ ահա ջերմատները, դրանք բույսերի երկարատեւ մշակման համար հարմարեցված եւ հատուկ կահավորված շինություններ են, որոնք արտադրական բուսաբուծության կազմակերպման համար ապահովում են անհրաժեշտ պայմաններ ու միկրոկլիմա: Ջերմատան երկու հաջողված օրինակ Շիրակի մարզում կարող ենք գտնել հենց Թորոսգյուղում, որից մեկը՝ պասիվ արեւային»,- նշում է Գեւորգ Պետրոսյանը:

Հայաստանում հիմնականում օգտագործվում են մետաղական հիմնակմախքով, ըստ կառուցվածքի՝ թունելային թաղանթապատ (միաթռիքչ) եւ երկթեք մոդուլային (բազմաթռիչք) ապակեպատ ջերմատներ: Լինում են ըստ նշանակության՝ սածիլներ, ծաղիկներ, բանջարեղեն կամ այլ մշակաբույսեր ու հատապտուղներ աճեցնելու համար: Հաջորդ առանձնահատկությունը սեզոնայնությունն է՝ ջեռուցվող (ձմեռային) եւ չջեռուցվող (վաղ գարնանային եւ ուշ աշնանային): Ըստ կիրառվող ագրոտեխնոլոգիաների՝ ջերմատները դասակարգվում են գրունտային, արկղային, պարկային, դարակաշարային, աէրոպոնիկ, հիդրոպոնիկ, ակվապոնիկ եւ այլ տեսակների:

Շիրակի մարզում ջերմատները հիմնելիս պետք է հաշվի առնել ուժեղ քամիների առկայությունը, գարնանային եւ աշնանային ցրտահարությունները, կարկտահարությունը, ձմեռային տեւական ցրտերը, ինչպես նաեւ բույսերի մշակության առանձնահատկություները, ջերմոցների կառավարման առանձնահատկությունները եւ իհարկե՝ շուկայական առանձնահատկությունները. արդյո՞ք այն, ինչ մշակում են, տեղական շուկայում սպառում կունենա:

Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ Շիրակի մարզում, հատկապես լեռնային ցուրտ շրջաններում, բնակչության մոտ կա տարածված կարծիք, թե ջերմատները չեն աշխատի, արդյունավետ չեն, մանավանդ որ նշված տարածաշրջանները հիմնականում գազիֆիկացված չեն: «Արեւային պասիվ ջերմատներն այս տիպի շրջանների համար լավագույն լուծումն են,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- դրանց կառուցման համար օգտագործվում է ցեմենտ, ծղոտի հակեր՝ որպես ջերմամեկուսիչ նյութ եւ պոլիէթիլենային թաղանթ: Ձմռանը, անգամ դրսի ցածր ջերմաստիճանի պայմաններում, արեւի առկայության դեպքում, ջերմատան ներսում +20-30 աստիճան ջերմություն է ապահովվում, եւ չկա լրացուցիչ ջեռուցման կարիք»:

Ինչու՞ է հենց Շիրակի մարզը համարվում լավագույն տարածաշրջանը ջերմոցային տնտեսությունների զարգացման առումով: Մասնագետի փաստարկները բավական համոզիչ են: Պարզվում է` հենց այդքան «ատելի» ցուրտն է, որ նպաստում է մի շարք պարազիտների չբազմանալուն, որոնց դեմ հարկ է լինում պայքարել Արարատյան դաշտում: Ամռան զովությունը հնարավորություն է տալիս գումարներ չծախսել ջերմոցների հովացման վրա: Նույն ձմռան ամիսներին արեւային օրերի քանակով լեռնային շրջանները գերազանցում են հարթավայրային բնակավայրերին: Չգազիֆիկացումն այլեւս խոչընդոտ չէ ջերմոցային տնտեսությունների ստեղծմանը՝ «փրկարար օղակ»-ն այս դեպքում պասիվ արեւային ջերմատներն են:

«Մենք սիրում ենք նվնվալ, դժգոհել մեր ունեցած պայմաններից, սակայն հենց այդ թվացյալ վատ պայմաններն են մեր ուժեղ կողմերը,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- պիտի հաշվի առնենք, որ մեր մարզի հողերն ավելի մաքուր են, ու հենց մեր մոտ կարող է զարգանալ օրգանական գյուղատնտեսությունը: Շիրակի մարզում շահեկանը պասիվ արեւային ջերմատների հիմնումն է՝ պետք է քիչ-քիչ գնանք դրան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter