HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ակնկալիքները շատ՝ արդյունքները քիչ. ի՞նչ ծրագրեր են իրականացվելու Գյումրիում 2018թ-ին

2015թ-ի դեկտեմբերին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանելով «Հետք»-ի հարցերին, բավական լավատեսական մտքեր էր հայտնել, մասնավորապես 2016թ-ին ակնկալվող աշխատատեղերի վերաբերյալ: Քաղաքապետը նշել էր, որ Գյումրիում սպասվում է առնվազն 600-ից 1000 նոր աշխատատեղի բացում: Ակնկալիքները կապված էին սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրմամբ բացվող կարի գործարանի, Գյումրիում գործող գուլպա-նասկեղենի արտադրությամբ զբաղվող «Լենտեքս» եւ տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող «Գեւորգ-Վահան» ընկերությունների ընդլայնվելու, ներդրումներ լինելու դեպքում՝ մասնավորի կողմից ածիկի եւ կարտոֆիլի փոշու արտադրություն հիմնելու հետ:

Ակնկալվող արդյունքները, 2 տարի անց, գոնե նոր աշխատատեղերի ստեղծման հետ կապված՝ բացարձակ զրոի է ձգտում: Ածիկի եւ կարտոֆիլի փոշու արտադրություն հիմնելու ծրագրերի մասին, որոնք առաջ էր քաշել անձամբ քաղաքապետը, այլեւս չի խոսվում՝ ենթադրաբար համապատասխան ներդրողների ու ֆինանսավորման բացակայության պատճառով: «Լենտեքս» ընկերությունը գնել է Գյումրու նախկին կենտրոնական շուկայի տարածքն ու առայժմ զբաղված է շինարարական աշխատանքներով: Ինչ վերաբերում է սկզբնական շրջանում մինչեւ 500, իսկ հետագայում 1000 եւ ավելի աշխատատեղերի բացում խոստացած «Սաստեքս» ընկերությանը, պարզվում է այստեղ եւս ամեն ինչ հարթ չի ընթանում:

Հետք-ը անդրադարձել էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրմամբ Գյումրիում կարի արտադրություն հիմնող «Սաստեքս» ընկերության ծրագրերի մասին: Դեռեւս 2016թ-ի սեպտեմբերին պետք է բացվեր ընկերության առաջին արտադրամասը 300 աշխատատեղով: Կառավարությունն ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները: 2,5 հա տարածքում շինարարության ավարտից հետո ընկերությունը ունենալու է 11 հազար քմ փակ տարածք՝ բաղկացած 5 շինություններից:

Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, այստեղ է տեղավորվելու նաեւ ընկերության վարչական մասը, պատրաստի ապրանքի ցուցադրության սրահը եւ այլն: Արտադրանքի 90 տոկոսն ընկերությունը արտահանելու էր: «Սաստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին գործընկեր ֆիրմաներից նշել էր «Զառա» բրենդը: Տարին մեկ անգամ, ֆաբրիկայի արտադրանքն ինքնարժեքով հասանելի էր լինելու տեղացիներին:

Հնչեցրած խոստումներից մեկ ու կես տարի անց իրական պատկերն հետեւյալն է՝ աշխատատեղեր չեն բացվել, արտադրության համար նախատեսված մեքենաների ներկրման հետ կապված, ըստ Գյումրու քաղաքապետի տեղեկությունների, կան խնդիրներ, «Սաստեքս» ընկերությունն ունի միլիոնների հասնող պարտքեր տեղական շինանյութի խանութներին ու շինարարներին՝ աշխատավարձի տեսքով:

Լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսի ժամանակ, Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով բարձրացված հարցերին, նշեց, որ ինքն էլ է անհանգստացած ձգձգվող աշխատանքներից եւ անձամբ է խոսել Վարդան Սրմաքեշի հետ: «Ունեմ տեղեկություն, որ պարոն Սրմաքեշը չի կատարել գումարային փոխանցումներ ու պարտքերը դրանով են պայմանավորված: Հիմա որքան գիտեմ, որոշ պարտքեր արդեն փակված են: Ես խոսել եմ Վարդան Սրմաքեշի հետ, ինքը Հայաստան է գալու 2018թ-ի ապրիլին, հավանաբար հենց այդ ժամանակ էլ կլինի բացումը գործարանի: Ինչպես գիտեք, Մարալիկի մանվածքայինն էլ են գնել, որ թելը տեղում արտադրեն, այնպես որ, եթե բոլոր ծրագրերը իրականանան՝ կունենանք 1000-ից ավելի աշխատատեղ»:

Հերթական խոստումը. Գյումրին 2018թ-ին վերածվելու է շինհրապարակի

Գալիք տարում Գյումրիում սպասվող ամենակարեւոր իրադարձություններից քաղաքապետն առանձնացրեց փողոցների հիմնանորոգումն ու ՎԶԵԲ-ի ծրագրի այնքան սպասված մեկնարկը Կոմիտաս փողոցից: «Գումրին 2018թ-ին վերածվելու է շինհրապարակի,-խոստացավ Սամվել Բալասանյանը,-Կոմիտաս փողոցի մրցույթն արդեն հայտարարված է, գալիք տարում առաջնահերթ անդրադառնալու ենք Կոմայրի պատմական միջուկում գտնվող 4 փողոցների հիմնանորոգմանը: ՎԶԵԲ-ի ծրագրով պետք է 13 փողոց եւ  4 հրապարակ ենք հիմնովին բարեկարգելու: Միայն Շիրազի փողոցը, հաշվել ենք, 352 մլն դրամի աշխատանք պիտի անենք՝ առանց երթեւեկության նշանների եւ որոշ կահավորանքի, որոշված է, որ պիտի լինի կարմիր ասֆալտ: Նժդեհի հրապարակում կա բավական ծավալուն աշխատանքներ անելու, Շառլի հրապարակում, նաեւ Հայուհու եւ կայարանամերձ հրապարակներում»:

Մուշ 2/2 նորակառույց թաղամասում քաղաքային իշխանությունները նախագծում են հրապարակ կառուցել: Անհրաժեշտ 100 մլն դրամից առայժմ 40 մլն-ը ունեն բյուջեում, մնացած գումարը փորձելու են հայթայթել հիմնադրմաներից ու բարեգործական կազմակերպություններից: Անի թաղամասում մոտ 7 կմ երկարությամբ նոր կոյուղի են կառուցելու, ցանցի հետ կապված աշխատանքներ պետք է իրականացնեն նաեւ Մուշ թաղամասում:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ երկրաշարժի 30-ամյա տարելիցի հետ կապված անօթեւանների թիվը կրճատելուն ուղղված ինչպիսի աշխատանքներ են իրականացվելու: «Էս պահին 2414 բնակեցված տնակներ ունենք,-հայտնեց քաղաքապետը,-հիմա պետք է հասկանանք, թե բնակվողներից որն ինչ կարգավիճակ ունի: Ունենք վարձով ապրողներ, ունենք գյուղերից եկածներ, կիսված ընտանիքներ, դոմիկի գրանցում ունեցող, բայց փաստացի քարաշեն տներում ապրողներ: Դոմիկ ապրողներից դիմումներ էինք ուզել, որ փայտ բաժանենք: Եկան մարդիկ, որ պարզվեց ապրում են երկհարկանի տան մեջ, բայց պահել են դոմիկի գրանցումն ու մեր վրա էլ մուննաթ են գալիս: Մենք 739 քարային տնակ ունենք: Հիմա փորձում ենք քաղշիննախարարության հետ հասկանանք, թե ինչ որոշում պիտի կայացնենք այդ տների հետ կապված: Եթե մարդը տնակը վերածել է քարայինի, կամ տնակի տեղը քարային կառույց կա, տանք կարգավիճակ ու հանենք դոմիկավորների ցուցակից»:

Գյումրիում ապամոնտաժվել է 1600 տնակ: Ներկայում 500 տնակի քանդման որոշում կա, սակայն բնակարան ստացածները չեն շտապում հրաժարվել տնակային գրանցումներից՝ հանուն նպաստի: Քաղաքապետարանն էլ իր հերթին այդ ընտանիքներին չի տրամադրում համապատասխան փաստաթուղթ, որպեսզի կարողանան բնակարանները սեփականաշնորհել: «Ասել ենք կքանդեք, փաստը կֆիքսենք, կհաստատենք, նոր դրանից հետո կթույլատրենք սեփականաշնորհումը»,-շեշտեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը նկատեց, որ առայժմ չեն կարողանում համաձայնության գալ ոստիկանության անձնագրային բաժնի հետ, որտեղ շարունակում են դիմող ընտանիքներին հաշվառել տնակային հասցեներում: Դիմել են գրավոր մի քանի անգամ, սակայն առայժմ արդյունք չունեն՝ տնակային հասցեները շարունակում են ավելանալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter