HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

79-ամյա Խանեն ավելի քան կես դար գուլպա է գործում ու նվիրում

Խանեն օրեցօր կծկվում է, վնասված ոտքի ցավն, ասում է, նեղություն է տալիս: Հարևանի տնից դուրս գալուց ենք հանդիպում: Ասում եմ՝ գյուղի ամենալավ գուլպայագործի հետ ենք ուզում խոսել: Մոտենում է ինձ, ուշադիր նայում դեմքիս, հետո հարցնում, թե ով է ասել:

«Գյուղում ասացին»,- պատասխանում եմ:

«Ի՞նչ գիտեն... Լավ, բա ինչքա՞ն փող եք տալու, որ հարցարզույց տամ ձեզ»,- շատ լուրջ ասում է 79-ամյա Խանե Ջավոյանը: Քիչ այն կողմ կանգնած հարևանները ծիծաղում են, բայց Խանեն լրջացնում է պահանջը, ասում է՝ դուք փող եք ստանալու, չէ՞, ինձ հետ հարցազրույցի համար, իսկ ես ի՞նչ եմ ստանալու: Խանեի դեմքին ժպիտ է հայտնվում, ասում է՝ կատա՜կ եմ անում, համեցեք տուն:

Խանեն ապրում է Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղում, որ գտնվում է հայ-թուրքական սահմանի հարևանությամբ՝ Ախուրյանի ափին: Գյուղացիներն ասում են, թե նա միակն է գյուղում, որ եզդիական տարազ է հագնում տոն օրերին:

Հասնում ենք Խանեի տան մոտ: Ճանապարհը ցեխոտ է, իսկ նա գարնանային թեթև կոշիկներով է: Ապրում է սահմանի դիմաց: Դռան կողպեքը կախված է դրսից, գրպանից հանում է բանալին, ապա ուշադիր նայում շուրջը: Անհանգիստ է: Մի ամսվա մեջ 8 հավ է տարել աղվեսը:

«Վախենում եմ, վախենում, աղջիկ ջան, խոմ քիչ չի՞ 8 հավը»,- ասում է նա:

Խանեն երկու փոքր տուն ունի կողք-կողքի: Տան դիմաց՝ մեծ հողամաս: Նախկինում այդտեղ գարի է ցանել, հիմա, ասում է, ուժ չունի: Մոր մահից հետո միայնակ է ապրում տներից մեկի մի սենյակում, որին կից սենյակը ջրի պահեստն է դարձրել: Ուրախանում է, որ անձրև է եկել նախորդ գիշեր, որովհետև կարողացել է ջուր հավաքել: Գյուղը 1993-ից խմելու ու ոռոգման ջուր չունի, խմելաջուրը գնում են ջրատար մեքենայից:

«Ամեն օր ժոլոբի տակ աման են դնում, ջուր հավաքում»,- ջրով լի ամանները ցույց տալով՝ պատմում է Խանեն:

Սենյակի կենտրոնում վառարան է դրել, բայց մեր գնալու պահին այն չէր վառվում: Աթարով է վառում: Խանեն մահճակալից վերցնում է կիսատ թողած գուլպան ու սկսում գործել: Գուլպայի նախշերն ինքն է հորինել, ասում է՝ Թալինի տարածաշրջանում ման գաս, իր գուլպաներից չես գտնի:

«Ջավոյան Խանե Դա-դո-յի, Դադոյի, գրեցի՞ր»,- ներկայանում է Խանեն  ու, առանց գուլպային նայելու, շարունակում գործել:

«Հա, գրեցի»,- պատասխանում եմ:

«Է հա՜, մի անգամ նկարի, բոլ ա, խոմ տաս անգամ չե՞ս նկարելու»,- դիմում է Խանեն լուսանկարիչ Հակոբին:

«Ուզում եմ ժպիտով մի հատ նկար անեմ»,- ասում է Հակոբը:

«Ա՛յ ախպեր, ինչի՞ց պիտի ուրախ լինեմ, ինչի՞ համար ժպտամ: Միայնակ աղջիկ, ինվալիդ, ոչ գալող կա, ոչ գնացող կա. մեկ-մեկ Ալիկենց (հարևանն է- հեղ.) յանն եմ գնում, տունը որ մեռնեմ, 10 օր մնամ, մեկը չի հանդիպի: Բարեկամ ունեմ, ուրիշ տեղ են՝ Հացաշենում, մնացածները՝ Թիֆլիս, Ռուսաստան... Քրոջս երկու տղաներն էլ Տաշքենդում են»,- Խանեն մռայլվում է, նայում գուլպային:

1938 թվականին է ծնվել Թլիկում: Մանկության տարիներին, հիշում է, գյուղը աշխատանքից եռում էր: Այն տարիներին մոտ 100 տուն կար Թլիկում, խմելու ու ոռոգման ջուր ունեին:

«Հետո դատարկվավ, դատարկվավ գյուղը... Մնացել ենք ցաքուցրիվ եղած մի քանի ընտանիք»,- շարունակում է թլիկցի կինը: 7-րդ դասարանն ավարտելուց հետո դպրոցից դուրս է եկել, ապա աշխատանքի է ընդունվել դպրոցում որպես հավաքարար: 32 տարի՝ մինչև հոր մահը, աշխատել է հավաքարար:

Խանեն ասում է, որ ընտանիքում քչվոր էին՝ հայրն էր, մայրը, ինքն ու իրենից երկու տարով փոքր քույրը: Քույրն ամուսնացել է, արդեն թոռներ ունի, Երևանում է բնակվում: Ինքը որոշել է չամուսնանալ: 3-4 անգամ ձեռքը խնդրելու են եկել, բայց մերժել է: «Հերս, մերս մենակ էին, չուզեցի մենակ թողնել, ինձի տղա պե՞տք էր... Հետո էլ գնա ուրիշի տունը վերանորոգի, քո տունը թող: Չէ, պետք չէր»,- նշում է Խանեն: Երկրորդ կարգի հաշմանդամ է. 6-րդ դասարանում ընկել ու ջարդել է ոտքը, գիպսի մեջ դնելուց հետո ծուռ է կպել, ինչն էլ կաղալու պատճառ է դարձել:

2000 թվականին Խանեն վաճառել է հայրական տունն ու մոր հետ տեղափոխվել այն տունը, որտեղ ապրում է այժմ (մյուս տանը երբեմն ամռանն է մնում): Ասում է՝ հայրական տունը փլվեց, դա էր պատճառը, որ վաճառեց: Նոր տունը նաև անասնագոմ ունի, որտեղ անասուն էր պահում: Հիմա միայն հավ է պահում:

Խանեն 20 տարեկանից գուլպա է գործում: Սովորել է մորից և հարևաններից: Մայրը վարժ էր գործում: Այն տարիներին գուլպաներն ամուսնացող աղջկա օժիտում էին դնում: Թե՛ մայրը, թե՛ Խանեն երբեք չեն վաճառել գործած գուլպաները, միշտ նվիրել են: Ասում է, որ բացի գուլպայից՝ ուրիշ բան չի գործել, պատճառը չգիտի, գուցե չի ցանկացել, մտածում է:

Մահճակալի տակ երկու տաշտ է դրել: Սկզբից մեկն է հանում, իլիկներն է փնտրում, հետո մյուսից՝ փայլփլուն թելերը: Ասում է՝ իր պահեստն այդ տաշտերն են, կարևոր իրերը պահում է այդտեղ:

«Սրանք էլ իմ թեշիկներն են»,- իլիկներն է ցույց տալիս գուլպայագործ կինը: Պատրաստի թել չի գնում: Հարևաններից բուրդ է վերցնում, մանում, թել դարձնում: Ասում է՝ ամեն բրդից թել չի մանում, բուրդ կա, որ կոշտ է, թելն էլ կոշտ է ստացվում, իսկ գուլպան պիտի փափուկ լինի: Փայլփլուն թելերը Ռուսաստանում բնակվող բարեկամներն են ուղարկել, գուլպա է գործելու, նվիրի նրանց:

Շաբաթական 2 զույգ գուլպա է գործում: Գործելը Խանեի միակ զբաղմունքն է: Հեռուստացույցը վերջերս լավ չի աշխատում, ստիպված` օրը լցնում է գուլպա գործելով: Չի հաշվել դրանց քանակը, բայց ասում է, որ հաստատ հազարից անցել է: Չնայած դրան՝ Խանեն ինքը գուլպա չի սիրում հագնել, քանի որ տաք շոր չի կարողանում հագնել, շունչը կտրվում է:

Խանեն ասում է, որ ինչպես հայերի, այնպես էլ եզդիների շրջանում ավանդույթները սկսել են վերանալ: Օրինակ, նախկինում ավանդական հագուստ ունեին, տոներին էին հագնում, հիմա գյուղում ոչ ոք չունի: Վերջինն ինքն էր, որ տարազ էր հագնում, բայց այսօր մնացել է միայն մի կիսաշրջազգեստ:

«Ես էլ արդեն հայու շորեր եմ հագնում»,- նշում է եզդի կինը:

«Ո՞րն է հայի շորը»,- հարցնում եմ:

«Դե, հես է, հագիս է»,- պատասխանում է:

Նախկինում գյուղում հարսանիքները շատ էին, կանայք տարազով էին մասնակցում, հիմա հարսանիքները քիչ են, տարազ հագնող էլ չկա: Այ, դրա համար ափսոսում է Խանե Ջավոյանը: Հետո ավելացնում է, որ եզդի կանանց մոտ դեռ ընդունված չէ տաբատ հագնելը, միայն դպրոցական աղջիկները, երեխաները կարող են հագնել:

Խանեն հոգնում է հարցերից, մենք պատրաստվում ենք դուրս գալ: Նա խնդրում է մնալ, որ ճաշ կամ սուրճ հյուրասիրի: Հանգած վառարանի վրա դրված ալյումինե ամանի մեջ փլավն է: Հետո սուրճի ու շաքարավազի տարաներն է ցույց տալիս:

«Տեսեք, Խանեն սուրճ էլ ունի, պեսոկ էլ ունի, հետո ուրիշ տեղերում չասեն, թե ղմշում եմ ուտել, խմել»,- ասում է նա:

Մեզ ուղեկցում է մինչև մեքենան: Ճանապարհին խնդրում է, որ միասին լուսանկարվենք, հետո ասում է, թե որ գյուղ գնանք, անպայման իրեն այցելենք, ուղղակի դուռը թակենք, ներս մտնենք ու հարցնենք՝ ո՞նց ես:

«Կյանքում կարևորը ապրելն է, միայն ապրել»,- ասում է 79-ամյա Խանե Ջավոյանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

GB
This remind me of my own mother who used to knit for her grandchildren. Amazing artwork and I miss her dearly!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter