HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Լրագրողները շարունակում են բաց փաստաթղթերին ծանոթանալու համար պայքարը

Օգոստոսի 10-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում կսկսվի «Հետաքննող լրագրողներն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործի քննությունը (Տե՛ս նաեւ` Դատարանը աջակցեց Երեւանի քաղաքապետարանին` մերժելու բաց փաստաթղթերի տրամադրումը): 

Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը 2003թ. հոկտեմբերին դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի տարածքի հանրային այգում սրճարաններ կառուցելու համար 1997-2003թթ. կատարված հողհատկացումների մասին որոշումներին: «Ձեզ անհրաժեշտ է ճշտել՝ ի՞նչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեւանի քաղաքապետարանից»,- եղել էր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանի պատասխանը: 

ազմակերպության՝ ՀՀ Նախագահին հասցեագրված դիմում-բողոքը կրկին ուղարկվել էր քաղաքապետարան, որին դարձյալ հետեւել էր պրն Կոշեցյանի մերժողական պատասխանը: Չկարողանալով օրենքով սահմանված կարգով ստանալ անհրաժեշտ տեղեկությունները՝ կազմակերպությունը դատական կարգով բողոքարկեց քաղաքապետարանի մերժումը: 

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը անհիմն կերպով մերժեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դիմումը: 

 Վճռից հետո «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը դիմեց Արդարադատության խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատավոր Գայանե Կարախանյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու խնդրանքով՝ գործով թույլ տված ակնհայտ ապօրինի եւ կողմնակալ մոտեցում ցուցաբերելու համար: 

Կազմակերպության Արդարադատության խորհրդի նախագահին ուղված գրության մեջ նշված է. «Օրենքն անտեսելու՝ Երեւանի քաղաքապետարանի որդեգրած մոտեցումը նաեւ դատարանում կրկնվելուց հետո կարծում էինք, թե դատարանին այլ բան չէր մնում, քան պարտավորեցնել նրանց հարգել օրենքը: Սակայն դատավոր Գ. Կարախանյանը դատաքննության ընթացքում ցուցաբերած իր վարքագծով, որով ստանձնել էր քաղաքապետարանի իրավախորհրդատուի դերը, ինչպես նաեւ՝ իր կայացրած վճռով, որով մերժեց գաղտնիք չհանդիսացող տեղեկատվության տրամադրումը, մեկ անգամ եւս փաստարկեց դատաքննության ընթացքում հօգուտ Երեւանի քաղաքապետարանի ցուցաբերած իր ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը:

Այդ է պատճառը, որ դատավոր Գ. Կարախանյանը դժվարացել է վճռի պատճառաբանական մասում նշել դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաեւ՝ այն օրենքները եւ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Դատարանի վճռի «պատճառաբանական մասում» բացակայում են հիշյալ նորմով պահանջվող տեղեկությունները: Այսինքն՝ դատավորը խախտել է ՀՀ քաղ. դատ. օր-ի 132-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության պահանջները»: 

Նախագահ Քոչարյանին տեղեկացվել է եւս մի քանի ոչ «էական» հանգամանքների մասին. դատավորը խորհրդակցական սենյակում հեռախոսով զրուցում էր ինչ որ մեկի հետ` պատմելով ընթացող դատավարության մասին (այդ մասին կարող են վկայություն տալ միջանցքում գտնվող լրագրողները):

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանը դատական նիստից առաջ եւ հետո ազատ ելումուտ էր անում դատավորի սենյակ: Դատավորի օբյեկտիվության երաշխիքը հանդիսացող այս հանգամանքները կարող էին անտեսվել, որոնց նա պարտավոր է ենթարկվել ըստ օրենքի, եթե դատավոր Գ. Կարախանյանը իր կայացրած վճռով միտումնավոր չոտնահարեր օրենքը: 

 Առաջին ատյանի դատարանի վճռի հրապարակումից հետո «Հետաքննող լրագրողները» դիմեցին նաեւ վերջերս ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մանուկյանին՝ խնդրելով նրա աջակցությունը հրապարակային փաստաթղթերի ձեռքբերման գործում: Սակայն, անհասկանալի ձեւով, կազմակերպության գրությանը պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը: 

Վերջինս պատասխան-գրության մեջ նշել է, որ «բարձրացված հարցի առնչությամբ առկա է դատարանի օրինական ուճի մեջ մտած վճիռ, ուստի ՀՀ կառավարության աշխատակազմն իրավասու չէ քննարկել վիճահարույց հարցը»: Պատասխանն առավել քան անտրամաբանական է, քանի որ «Հետաքննող լրագրողները» ՀՀ կառավարությանն ընդհանրապես նամակ չեն գրել: Թե ինչու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ուղղված նամակին պատասխանում պարոն Թոփուզյանը, իսկապես անհասկանալի է: 

 Քաղաքապետարանի՝ բաց փաստաթղթերը տրամադրելու «պատրաստակամությունը» փորձելու համար «Հետաքննող լրագրողները» դատարանի վճռից հետո դարձյալ նամակ հղեցին Երեւանի քաղաքապետին: Այս անգամ նամակում հստակ նշվել էին Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի տարածքի հանրային այգում գտնվող բոլոր սրճարանների անունները, ինչպես պահանջում էին քաղաքապետարանի աշխատակիցները: Սակայն, կրկին խախտելով հարցմանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը, Երեւանի քաղաքապետը մերժեց կազմակերպությանը տրամադրել իր եւ նախորդ քաղաքապետերի ընդունած որոշումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter