HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչպես ձախողել բիզնեսը եւ զրկվել բնակարանից՝ մնալով անուղղելի լավատես

Գյումրու բնակիչ, համակարգչային մասնագետ Աշոտ Կարապետյանը մոտ 4 տարի առաջ որոշեց երկու բիզնես-գաղափար իրականացնել գյուղատնտեսության ոլորտում`ցորենի էքստրուդացում եւ քլորելայի արտադրություն: Աշոտ Կարապետյանի հավաստիացմամբ, 2014թ. այս ծրագրերը նորություն էին Հայաստանի համար եւ, որքան էլ տարօրինակ թվա, ժամանակավրեպ:

«Էն, որ նորություն էր ու ես ցանկանում էի ներդնել, զարգացնել՝ օգնեց, որ ներկայացրածս բիզնես ծրագրերին ՓՄՁ-ն համաձայնություն տա ու ֆինանսավորի,-ասում է Աշոտը,-մյուս կողմից էլ` ժամանակավրեպ էր, որովհետեւ շատերը չէին հասկանում` դա ինչ է, կասկածանքով էին մոտենում ու վստահելու խնդիր կար՝ արդյունավետության առումով: Գուցե պատճառներից մեկն էլ դա էր, որ ես ձախողեցի շատ ու շատ այլ ծրագրերի չզիջող, իմ կարծիքով` անասնապահության մեջ կարեւոր դերակատարություն ունեցող պարենային մի ծրագիր, որը հաջողությամբ հնարավոր է կիրառել թռչնագրիպի կամ խոզի գրիպի համաճարակների, ջրային պաշարների աղտոտվածության  ժամանակ, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության մեջ»:

 Զրուցակիցս խոստովանում է՝ լինելով քաղաքաբնակ, մշտապես հետաքրքրվել է   գյուղատնտեսությամբ եւ էկոլոգիապես մաքուր արտադրանքով: Երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզի Մայիսյան գյուղի համայնքապետարանում որպես համակարգչային օպերատոր եւ առաջատար մասնագետ: Ներկայում էլ Մարմաշեն խոշորացված համայնքի համայնքապետարանի աշխատակից է:

«Երեւի դա իր դերակատարությունն ունեցավ՝ գյուղում աշխատելս, որովհետեւ երբ անընդհատ գյուղական պրոբլեմների մեջ ես, տեսնում ես դրանք, վերլուծում ես, նաեւ ցանկություն է առաջանում որեւէ կերպ դրանք լուծելու ուղիներ գտնել,-նկատում է զրուցակիցս,-2009թ. ես մարզում առաջինն էի, որ բերեցի կալիֆորնիական որդեր կենսահումուս ստանալու նպատակով: Էլի գործեր եմ արել, փորձել եմ ուղղակի փորձարարականից ընդլայնվել, ավելի մեծ արտադրական մասշտաբների հասնել, էն էլ կարճ տեւեց»:

Գյումրեցուն բնորոշ հումորով Աշոտը պատմում է բիզնես ծրագրի պատճառով բնակարանից զրկվելու պատմությունը: Ասում է. «Հիմա արդեն կարող եմ եւ կատակել, որովհետեւ, եթե չկարողանայի բնակարանն ինքս վաճառել իմ ուզած գնով ու ընկներ ԴԱՀԿ-ի ձեռքն, ապա ավելի տխուր ընթացք էր ամեն ինչ ստանալու»: 2014թ., երբ ծրագիր էր ներկայացնում, որտեղ միայն 37 էջ նվիրված էր տարատեսակ հաշվարկներին՝ առավելապես ռիսկերի գնահատմանը, հաշվի չէր առել շատ ավելի պարզ, մարդկային գործոններ, որոնք բնորոշ են միայն հայկական միջավայրին, եւ որոնց պատճառով հիմնականում ձախողում է նորաստեղծ բիզնեսը:

«Ցորենի էքստրուդացման ծրագրի սարքավորումն աշխատեցնելու համար ինձ եռաֆազ էր պետք: Ի միջի այլոց, ֆիզիկական անձանց համար դա բավական թանկ հաճույք է, եռաֆազ հոսանք քաշելը 1000 դոլար է ու հիմնականում ձեռնտու չէ, եթե կազմակերպություն չես կամ եսիմ ինչ եկամուտներ չունես որպես անհատ: Ու էն ժամանակ, երբ 700 կգ-ի պատվեր ունեի, սկսվեցին լիքը խնդիրներ, որոնք ինձ հետ անձնապես կապ չունեին, սակայն ուղիղ կերպով հարվածեցին իմ գործին,-պատմում է Աշոտը,-պատվերից միայն 150 կգ-ը կարողացա անել, մնացածն էդպես էլ մնաց, փչացավ: Քլորելայի արտադրությունն էլ ոնց որ թե սկզբում լավ էր ընթանում: Քլորելան իր մեջ 650 օգտակար էլէմենտ է պարունակում: Վաճառում էի փոքր գյուղացիական տնտեսություններին: Իհարկե, քիչ չէին դեպքերը, երբ մարդիկ զանգում ինձնից հորմոններ էին ուզում: Ասում էի` բայց ախր ճիշտ չի՞ լինի, որ վիտամիններ տաք ու դուք էլ մաքուր սնունդ ուտեք: Ինձ ասում էին` էդ անասունը մեզ համար չենք մորթելու, վաճառելու ենք»:

Աշոտի փոխանցմամբ, քլորելայի ծրագիրը շատ եկամտաբեր է՝ 1:50 հարաբերակցությամբ հնարավոր է նորմալ գումար աշխատել: Սակայն, ձախողումների շարանը եւ անցած տարի սկսված դատական գործընթացը կասեցնում են այս մի ծրագիրն էլ: ՓՄՁ-ից տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով  ստացած 3մլն 650 հազար դրամ գումարից Աշոտն ընթացքում կարողացել էր մարել 1 մլն 600 հազար դրամը, 2մլն 609 հազար դրամն արդեն տոկոսներով, հարկ եղավ մարել դատական գործընթացներից հետո: Ծրագրի վարկավորման համար որպես գրավի առարկա էր դիտարկվել բնակարան եւ մոտ 2000 մետր հող Մայիսյանում: Աշոտի ազգականներից երկու հոգի երաշխավորել էին վարկի վերադարձը:

«Ինձ դատի տալուց հետո խնդիրներ եղան երաշխավորներից մեկի հետ, որովհետեւ ԴԱՀԿ-ն կալանք էր դրել նաեւ նրա ունեցվածքի վրա: Միակ տարբերակն իմ բնակարանի վաճառքն էր, հետո հայրիկիս երկրորդ կինը որոշեց օգնել՝ տեղափոխվեց մեզ հետ ապրելու, իր մեկսենյականոցը վաճառեցինք 2 մլն 800 հազար դրամով: Հիմա 6 անձով ապրում ենք իմ 1 սենյականոց բնակարանում, բայց դա արդեն էական չէ՝ կարեւորը, որ պրծանք վարկից ու դատարանից»:

Ինչ վերաբերում է մի քանի տարի առաջ սկսած ու կիսատ թողած ծրագրերին, ապա ցորենի էքստրուդացումով Աշոտն այլեւս չի զբաղվելու: Ասում է, որ որոշ խոշոր ֆերմերային տնտեսություններ ի վերջո գնահատել են դրա օգտակարությունը, իրենք սարքավորումներ են ներկրել եւ տեղում զբաղվում են դրանով, ինսպես, օրինակ, Բանդիվանի կաթի գործարանը: Ինչ վերաբերում է քլորելային, որի լիցենզավորված միակ արտադրողն է (լիցենզիան ստանալու համար Աշոտը վճարել է 5000 ԱՄՆ դոլար-հեղ.), ապա այս տարվանից վերսկսելու է արտադրությունը, նաեւ զբաղվելու է պերմա կուլտուրաներով:

«Դա նորարարություն է գյուղատնտեսության մեջ՝ մրգատու ծառերով անտառի իմիտացիայի ստեղծում, այսինքն` մշակվող այգիներում կիրառվում է բնության փորձն, այսպես ասած՝ սունկը, խոտը, թուփը, ծառը գոյատեւում են մեկը մյուսին աջակցելով: Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, ապա կարծում եմ` պետք է ընդամենը դասեր քաղել եղածից ու շարժվել առաջ,-Աշոտը ժպտում է,-ես հիմա շատ ուրախ եմ, որ վերջապես ԱԺ նախագիծ մտավ, որով բանկերին արգելվում է չմարված վարկերի տույժ-տուգանքները հասցնել աստղաբաշխական չափերի, այսինքն` տուգանքները հենց հասան մայր գումարին, պիտի դադարեն աճել: Սա բազմաթիվ մարդկանց կփրկի ունեզրկումից, մյուսներին էլ հույս կտա նորից ինչ-որ բան սկսելու՝ իմ նման»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter