HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գյուղացու տուն այցելելը պարտադիր պայման է»․ նախագիծ՝ ուղղված գյուղական տուրիզմի զարգացմանը

Արշավների հանդեպ մեծ սերը դարձավ «Նեթվորք արշավներ» նախագծի սկիզբը։

Դրա հեղինակ, ՏՏ ոլորտի գործարար Մայիս Մարգարյանը նման նախագիծ իրականացնելու միտքը ունեցել է երկու տարի առաջ, երբ դեռ արշավների էր գնում այլ արշավախմբերի հետ։

«Նեթվորք արշավներ»-ը սկսեց որպես բիզնես նախագիծ, հետագայում այն դարձավ սոցիալական ծրագիր։ Նախագծի առաջին արշավը 2016 թ-ի հոկտեմբերին էր՝ դեպի Կեչուտ և Գնդեվանք։ Դրանից ամիսներ անց որոշվեց՝ արշավներից գոյացող ողջ շահույթը փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին նախաձեռնությանը»՝ զինհաշմանդամների կարիքները հոգալու համար։

Բիզնես-նեթվորքինգ ասելով` Մայիսը նկատի ունի ոչ ֆորմալ հարթակ, որը պետք է համախմբի հոգով երիտասարդ, ակտիվ ապրելակերպով, ժամանակակից ու նորարար մասնագետների, բիզնեսմենների ու արտաարշավային ֆորմատներով համագործակցությունների հիմք հանդիսանա։

«Ճանապարհ անցնելիս են կոտրվում մարդկանց միջև արհեստական արգելքները, անմիջական կապ է հաստատվում: Այդ իսկ պատճառով մտածում են նախագծի կարգախոսը «Կապող ճանապարհներ» սահմանել»,-ասում է նա։

Նպատակ ունեն լավագույն անկյան տակ ցուցադրել Հայաստանի՝ ստվերում մնացած վայրերը, որոնք զբոսաշրջային և այլ մեծ ներուժ ունեն։Բացի այդ, ցանկանում են ուշադրության, գիտելիքների, փորձի, ֆինանսական և ներդրումային հոսքեր ապահովել մարզեր ու գյուղեր, ծանոթանալ այդ վայրերի մարդկային և ոչ մարդկային ռեսուրսներին՝ խթանելով այնտեղ տարվող ներդրումները։

Գյուղական տուրիզմը զարգացնելը նրանց առաջնահերթություններից է։ Ասում է՝ դրանից կօգտվեն ինչպես գյուղացիները, տուրիստական փաթեթային արտադրանք ստեղծողները, այնպես էլ՝ պոտենցիալ սպառողները։

Արշավի համար հիմնականում ընտրում են չճանաչված, քիչ լուսաբանված վայրերը«Օրինակ, եթե Տավուշ ենք գնում, աշխատում ենք ավելի շատ Բերդի հատվածը գնալ, եթե Սևան, ապա Շորժայից էլ հեռու, իսկ Ամանորը մենք անցկացրեցինք Հայաստանի ամենահարավում՝ Կապան-Մեղրի-Շվանիձոր-Կարճևան գծում»։

Երթուղու վրա նաև գյուղ են մտնում, հյուրընկալվում գյուղացիների տուն, ծանոթանում և հաշվառում Օրինակ՝ կարող է որպես հյուրատուն ծառայել, ունի գյուղմթերքի առկայություն՝ հետագայում կապեր հաստատելու համար։ Այս տարի Ամանորը գյուղացիների հետ են նշել։

Եռօրյա այցով 12 հոգով եղել են Կապանի և Մեղրու գյուղերում, գիշերել գյուղացիների տներում․ «Ոչ ֆորմալ միջավայրում միասին ճանապարհ և որոշակի դժվարություն անցնելով, մարդիկ ավելի շուտ են մտերմանում, լինում են ավելի անկեղծ ու անմիջական»,-ասում է նա։

Արշավներին մասնակցում են ուսանողներից, երիտասարդներից  մինչ բիզնեսմեններ։ Մայիսը կարծում է՝ յուրահատուկ բիզնես-համայնք է ձևավորվում, ինչը բերում է հետագա համագործակցության․ «Մեր նպատակն է ձևավորել ակտիվ ապրելակերպով մարդկանցից կազմված հզոր բիզնես-համայնք, որի պոտենցիալը կիրացվի ինչպես համայնքի ներսում, այնպես էլ դրսում՝ հօգուտ հանրային նպատակների»։

Արշավի մասնակիցները ուղևորվում են 1 տրանսպորտով, ինչը նեթվորքինգի գաղափարներից մեկն է: Մասնակիցները հայտարարվում են նախապես՝ ըստ անձի և մասնագիտության, որպեսզի ամեն հաջորդ մասնակցին հնարավորություն տան ճանաչելու միմյանց․ «Մեր ամենամեծ մոտիվը նեթվորքինգն է»,-զրույցի վերջում ասում է Մայիսը։

 

լուսանկարները՝ «Նեթվորք արշավներ»-ի

Մեկնաբանություններ (1)

ani
good idea ! may you publish a mail adress and call number, so interested People can connect . Thank you !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter