HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եկամուտներն ու թանկարժեք նվերը թաքցրած դատավորը պատասխանատվության չի ենթարկվել

Պաշտոնյաների և դատավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերի ինստիտուտի ներդրումով պաշտոնյաները բարձրաձայնում էին, թե դրանով հասարակական հսկողության տակ են վերցնելու պաշտոնյաներին և կանխելու են կոռուպցիան, նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը: Սակայն պարզվում է, կա հայտարարագիր ներկայացնող անձանց մի քանի խումբ՝ դատավորներ, պատգամավորներ, ովքեր դուրս են հսկողությունից, քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նրանց դեպքում քիչ անելիք ունի:

«Հետք»-ն անդրադարձել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերին և պարզել, որ դատավորը չի հայտարարագրել վարկերը, ինչպես նաև ստացած նվիրատվությունը: Այլ կերպ ասած՝ թաքցրել է եկամուտները:

Մասնավորապես՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և Վարդան Աբրահամյանի միջև 05.05.2015թ.-ին կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն՝ բանկը Վ. Աբրահամյանին մինչև 10.05.2022թ. մարելու ժամկետով տրամադրել է 100.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Երևան քաղաքի Հյուսիսային ճառագայթ փողոցի թիվ 3/1 հասցեով անշարժ գույքի վերանորոգման նպատակով:

Բացի այդ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, Վարդան Աբրահամյանի և նրա որդու՝ Ալբերտ Աբրահամյանների միջև 16.05.2016թ.-ին կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման /վերանորոգման/, կառուցապատման վարկավորման պայմանագիր: Տրամադրվել է 90.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ մինչև 11.05.2026թ.-ը մարելու ժամկետով:

2016թ. դեկտեմբերի սկզբին Ալբերտ Աբրահամյանի և Վարդան Աբրահամյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման տարածքի սեփականության իրավունքը որդուց փոխանցվել է հորը՝ Վարդան Աբրահամյանին։ 

Վերցրած վարկերը կամ փոխառությունները համարվում են եկամուտ, հետևաբար դրանք պետք է հայտարարագրվեն: Սակայն թե´ որդուց ստացած նվիրատվությունը, թե´ 2015-2016թթ. վերցրած խոշոր չափի վարկերը Վարդան Աբրահամյանը չի հայտարարագրել:

Այս ամենը բացահայտվեց այն ժամանակ, երբ դատավորը տարածքների վարձակալության համար դատական վեճ ունեցավ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Աբրահամյանի մասնակցությամբ դատական գործով կայացրել է դատական ակտ, որով հրապարակվել են դատավորի վերցրած վարկերն ու ստացած նվիրատվությունը, ինչը չի հայտարարագրվել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Հետք»-ին տեղեկացրեցին, որ ծանոթացել են հրապարակմանը: Սակայն, Հանձնաժողովի կողմից հայտարարագրված տվյալների արժանահավատության ստուգման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարագրմանն առնչվող խախտումների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից և կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: 

Միաժամանակ հանձնաժողովից փոխանցում են, որ դատական օրենսգրքով ամրագրված վերաբերելի կարգավորումներին համապատասխան՝ հարցը լրատվամիջոցի հրապարակման հիման վրա կարող է առանձին քննարկման առարկա դառնալ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից՝ անկախ իրենց հանձնաժողովի համապատասխան գործընթացին ներգրավվածությունից:

Նշենք, որ դատական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:  Վերջինս ստանալով դատավորների հայտարարագրերի պատճենները, եթե գտնում է, որ տեղեկությունները ամբողջական չեն կամ կասկածելի են, ապա կարող է սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հարցի քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին:

«Օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատավորների շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից: Այդ առնչությամբ, դատավորի վարքագծի կանոնների առանձնացումը խնդրահարույց չենք համարում»,-տեղեկացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից:

Դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցն օրենքով վերապահված է արդարադատության խորհրդին: Թե՛ արդարադատության խորհուրդը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն այս հարցում հետևողականություն չի դրսևորել: Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի տեղեկացմամբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի վերաբերյալ հարց դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում չի քննարկվել՝   վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին համապատասխան հաղորդում ստացված չլինելու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից նման փաստի չհանդիպելու պատճառաբանությամբ:

Ստացվում է, որ թերթի հրապարակումը, թիվ ԵԱՔԴ/2335/02/17 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, դատավորի կողմից ներկայացված հայտարարագրերը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի համար փաստեր չեն պարունակում: Այլ կերպ ասած՝ բացահայտ հայտարարում են, որ չեն ցանկանում տեսնել փաստերը:

Մեկնաբանություններ (1)

Սարկիս Ինճիկեան
Հարկավոր է պզտիկ բան մը ընիլ միայն, ամենայն խնդիր իր տեղն ըլլալու նպատակով: Հայաստանին դրոշի վրայ հարկ է խոշոր տառերով գրվէ - փառք ամենայն աուազակ թալանչիներուն - ազգիս ամենեն արժեքաուոր զաուակներուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter