HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ծառ կտրողին պետք է տեղում գնդակահարել»,- ասում է նախկին ազատամարտիկ Վահեն

«Ծառը ինձ փրկեց. հաստ ծառ էր, ես թաքնվեցի էդ ծառի հետեւում, ու բեկորները բոլորը մտան ծառի մեջ: Ծառը քրքրվել էր, ես հասցրեցի ծառի հետեւը թաքնվել ու փրկվել: Պինդ ծառ էր` կարմիր փայտ էր, ինձ փրկեց, քրքրվել էր, պինդ ծառ էր»,-բառերը մեծ դժվարությամբ արտաբերելով` պատմում է Վահեն: Այդ օրվանից հետո ծառը դարձել է Վահեի պաշտամունքի առարկան: Նա Արցախյան պատերազմում «կոնտուզիա» է ստացել եւ դարձել հաշմանդամ: 

1992թ.Վահե Ռաֆյանը կամավոր մեկնեց բանակ` պաշտպանելու հայրենիքի սահմանները: 22 տարեկան էր: «5 ամիս մնացել եմ այնտեղ: 15 հոգով էինք հրետանու վրա, թնդանոթներ էին, «գրադ» էր: Կռվում էինք Գորիսի մոտ` Շուռնուխում: Նոյեմբերն էր, գիշերվա կողմը, դիրքերից իջնում էինք Շուռնուխ: Սկսեցին խփելը տանկից ու ինչից պատահի: Իրենք ավելի լավ էին զինված, քան մենք: Սկսեցին խփել, մենք մտանք անտառ: Մոտ մի կես ժամի չափ խփում էին անտառին: Անտառը ոչ թե միայն իմ կյանքն ա փրկել, այլ շատերինը: Կպնում էին ծառերին, բայց մեզ չէին կպնում: Շատերի կյանքն ա փրկել, պիտի շնորհակալ լինեն էդ անտառին: Ոչ մեկս էդ օրը չվիրավորվեցինք, ծառերը փրկեցին մեզ»,-պատմում է Վահեն: 

Վահեի հետ ծանոթացանք Քաջազնունի եւ Աթաբեկյան փողոցների հատման մասում գտնվող փոքրիկ կանաչապատ պուրակում: Այս բակում Երեւանի քաղաքապետի կատարած հողահատկացման մասին «Հետքը» գրել է ( Տես` Մի՛ հավատացեք Երվանդ Զախարյանին):

Նա ջրում էր պուրակի ծառերն ու խոտերը: Վահեին օգնում էին հարակից շենքերի մի քանի փոքրիկներ: Վահեի հիմնական զբաղմունքն այս փողոցի բակերում եղած կանաչ տարածքների ոռոգումն է:Առավոտյան ժամը 6-ից նա ոտքի է: Երբ պարզ դարձավ, որ այս տարածքում քաղաքապետը հող է հատկացրել խանութ եւ ռեստորան կառուցելու համար, բնակիչները ոտքի կանգնեցին եւ բողոքեցին քաղաքապետի որոշման դեմ ու սկսեցին նամակ-բողոքներ հղել զանազան պետական մարմինների:

Նրանք պահանջում են հողահատկացման աճուրդն անվավեր ճանաչել: Բնակիչները հատկապես վիրավորված են իրենց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից, որը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը բնակիչներին պատասխանել է, որ նախնական ուսումնասիրությամբ իրենց բողոքն օրինական է, եւ որ կքննարկվի աճուրդի օրինականության հարցը: 

«Այդ պուրակում կա 18 ծառ: Այգին ունի խնամող: Մենք պատրաստվում ենք շրջապատն էլ կանաչապատել ու ծառեր տնկել: Քաղաքապետարանի աշխատակից Էդմոնդ Զարգարյանն ասաց, որ շինարարություն չի սկսվի: Մենք շինարարության հարցը չենք էլ քննարկում: Մենք պահանջում ենք, որ նույն քաղաքապետն անվավեր ճանաչի հողահատկացման ապօրինի որոշումը եւ գրավոր տեղյակ պահի բնակիչներին»,- ասում է պուրակի հարակից շենքի բնակիչ Գոհար Ղազինյանը: 

Չնայած Վահեն հաշմանդամ է դարձել պատերազմում` սակայն թոշակ չի ստանում: «Կռվող ընկերներիցս ոչ մեկն այստեղ չի, բոլորն արտասահման են գնացել: Մնան ի՞նչ անեն, ու՞մ են հիշում էսօր, որ իրենք էլ մնան: Ոչ մի ազատամարտիկի երեսն էլ չեն ուզում տեսնեն, որ մի բանով էլ օգնեն: Զինվորական գրքույկիս մեջ էլ կնքել են, որ «ենթակա չէ զորակոչման»: Փաստաթղթեր ունեմ, բայց թոշակ չեմ ստանում: Երկու տարի առաջ էլ Սերժ Սարգսյանին եմ դիմել, մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել»,- նեղացած տոնով շարունակում է Վահեն: 

 34-ամյա Վահեն ապրում է հոր եւ 2 եղբայրների հետ: Մեր զրույցի ժամանակ նա շարունակում էր ջրել ծառերը. «Պարտքս եմ կատարում ծառի հանդեպ: Ո՞նց կարելի ա ծառը կտրել ու ինչ-որ շենք սարքել: Բոլորը շահի հետեւից են ընկել: Լավ ազգ չենք, դրանից ա: Մի հատ Ստալին ա պետք, որ ծառ կտրողին տեղում գնդակահարի: Քաղաքապետարանից եկողներին ասել եմ, որ ով գա այստեղի ծառերը կտրի, իր համար լավ չի լինի: Ես իրենց ասել եմ, որ ես էլ կացին ունեմ: Մյուս տարի այստեղ վարդեր եմ տնկելու»-,ասաց Վահեն, որն իր կյանքը նվիրել է ծառերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter