HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայաստան բերվելուց 42 տարի անց Պետրոս Դուրյանի գանգը դեռ անթաղ է

Իսկ աննըշան եթե մընա
Երկրի մեկ խորշն հողակույտն իմ,
Եվ հիշատակս ալ թառամի,
Ահ, այն ատեն ես կը մեռնիմ...
(Պետրոս Դուրյան)

Ըստ Հենրիկ Բախչինյանի` խնդիրը ոչ թե փողի, այլ սրտացավության բացակայությունն է

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը 18 տարի պայքարում է, որ Պետրոս Դուրյանի՝ թանգարանում պահվող գանգի բեկորները հողին հանձնվեն Կոմիտասի անվան պանթեոնում: Բայց հարցն այդպես էլ լուծում չի ստանում:

Թանգարանի տնօրենը դիմել է անկախությունից հետո ՀՀ մշակույթի բոլոր 7 նախարարներին, ինչպես նաև գործող նախարար Հասմիկ Պողոսյանին: Դիմել է նաև Երևանի նախորդ երկու քաղաքապետին: Սակայն այս պաշտոնյաներից ոչ մեկը որևէ բան չի արել: Իսկ գործող քաղաքապետին Հենրիկ Բախչինյանը չի ուզում դիմել. ոչ թե լավ չէ տրամադրված Կարեն Կարապետյանի նկատմամբ, այլ պարզապես 18 տարվա «տառապանքը փորձ ունի»:

«Արդեն հոգնել եմ դիմելուց և մերժվելուց: Հիմա ես, ճիշտն ասած, հուսահատ եմ: Շուտով ինքս էլ եմ թողնելու այս պաշտոնը և չեմ կարծում, որ որևէ կերպ այս հարցը կլուծվի»,- ասում է տնօրենը՝ հավելելով, որ իրենց ուզածն ընդամենը մի սուրբ պարտականություն է մեր մեծագույն բանաստեղծներից մեկի նկատմամբ:

 Հենրիկ Բախչինյանը նշում է, որ իրականում վաղամեռիկ բանաստեղծի գանգը անթաղ թողնելը ոչ թե գումարի, այլ սրտացավության բացակայության, հայ գրականության և մասնավորապես Դուրյանի արվեստի արժեքը չգիտակցելու հետևանք է: Այս ընթացքում եղել են մարդիկ, ովքեր պատրաստ են եղել հոգալ հուղարկավորության ծախսը: Ըստ էության, գումարի հարց էլ չկա, քանի որ այդ հուղարկավորության համար պետք է շատ փոքր տարածք հատկացնել պանթեոնում և տեղադրել բանաստեղծի կիսանդրին:

«Մեր շատ նշանավոր մտավորականներ զբաղվել են այս հարցով` բոլորն էլ միանշանակ հայտնելով այն կարծիքը, որ Պետրոս Դուրյանի մասունքները պիտի թաղվեն Կոմիտասի պանթեոնում: Բոլորովին վերջերս նաև պատգամավոր` շատ հարգելի Վիկտոր Դալլաքյանն է զբաղվել այդ հարցերով: Նա էլ ինձ մեծ խոստումներով կերակրեց, բայց այդ խոստումները դեռևս իրենց արդյունքը չեն տվել»,- ասում է Հենրիկ Բախչինյանը:

Պետրոս Դուրյանը կյանքից հեռացավ` առանց մեկ լուսանկար ունենալու

Պետրոս Դուրյանը թոքախտից մահացել է 20 տարեկանում` 1872 թ., թաղվել է Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի գերեզմանատանը: 1960-ականների վերջին որոշվել է գերեզմանատան տարածքում ճանապարհ կառուցել, և գերեզմանը տեղափոխելու խնդիր է առաջացել:

Հենց այդ ժամանակ էլ Կ.Պոլսի հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը կարողացել է ծածուկ, փարաջայի տակ թաքցրած, Հայաստան բերել բանաստեղծի գանգը և հանձնել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վազգեն Վեհափառն էլ իր հերթին 1969 թ. գանգի բեկորներն ի պահ է հանձնել թանգարանին:

 20-ամյա Պետրոս Դուրյանն իր կյանքի ընթացքում չի հասցրել լուսանկար ունենալ: Նրա հայտնի «դասագրքային» լուսանկարը ստեղծվել է՝ ըստ մոր ու քրոջ դեմքերի նմանության և բանաստեղծին ճանաչողների հիշողությունների: Հենրիկ Բախչինյանի կարծիքով՝ Վազգեն Վեհափառը, Դուրյանի գանգոսկրերը թանգարանին հանձնելով, ցանկացել է, որ գանգաբանական սկզբունքներով վերականգնվի Դուրյանի իրական դեմքը, ինչից հետո արդեն կորոշվեր գանգի ճակատագիրը:

Ակադեմիկոս, մարդաբան, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը գանգի բեկորների հիման վրա հաջողությամբ վերականգնել է Դուրյանի իրական դեմքը և քանդակ ստեղծել, հետո խնամքով քանդել բեկորներն ու վերադարձրել թանգարանին: Սակայն դրանից հետո բեկորներն այդպես էլ հողին չեն հանձնվում:

«Մենք ինչ-որ չափով պարտք կամ մեղք ունենք Դուրյանի նկատմամբ, որ 40 տարի է` նրա գանգոսկրերը պահում ենք թանգարանում: Դա ցուցանմուշ չէ, թանգարանային առարկա չէ, սուրբ մասունք է, բայց սուրբ մասունքները պիտի մայր հայրենիքում հողին հանձնվեն»,- ասում է Հ. Բախչինյանը:

Նույն կարծիքն ունի նաև Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի հուշային ենթաբաժնի վարիչ Մելանյա Եղիազարյանը: Նա թանգարանում աշխատում է արդեն 34 տարի: Տիկին Մելանյայի աշխատելու ընթացքում թանգարանում փոխվել է 6 տնօրեն, որոնք բոլորն էլ, ինչպես նաև իրենց նախորդները, դիմել են բոլոր ատյաններին, որ մասունքը հողին հանձնվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Ինքը` Մելանյա Եղիազարյանը, ամեն շաբաթ խունկ է վառում թանգարանում, որտեղ, բացի Դուրյանի գանգոսկրերից, պահվում են նաև այլ մեծերի անձնական իրեր, նշխարներ:

«Թեև ես դա անում եմ այստեղ, բայց դա չէ ձևը: Մի՞թե այս հողակտորի վրա մի բուռ տեղ չկա, որ այս մասունքը թաղվի, որ այսօրվա մանկավարժը հավաքի իր երեխաներին, տանի կանգնեցնի այդ փոքրիկ հիշատակի խորանի առաջ, ու այդ երեխաները հասկանան` ուր են կանգնում, խնկարկեն դա, մոմ վառեն, ծաղիկ դնեն, որ դաստիարակվի երեխան»,- ասում է Մելանյա Եղիազարյանը:

Հենրիկ Բախչինյանը վերջին անգամ Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում Դուրյանի գերեզմանին այցելել է 1993 թ. մարտին: Գերեզմանը միանգամայն բարվոք վիճակում է եղել. պարզապես շինարարական ծրագրի հետևանքով մի քանի մետր այն կողմ է տեղափոխված:

 Տնօրենի այցից հետո այլ մարդիկ էլ են այցելել վաղամեռիկ բանաստեղծի գերեզմանին և հայտնել, որ գերեզմանը բարվոք վիճակում է: Թանգարանի տնօրենի ցանկությունն է, որ Կոմիտասի անվան պանթեոնում բանաստեղծի գանգոսկրերի հուղարկավորությունից հետո տեղադրվի Անդրանիկ Ճաղարյանի ստեղծած քանդակը կամ դրա ձուլածոն:

Կարո Վարդանյան. «Խնդիրը այլ է. հուղարկավորե՞լ, թե՞ չհուղարկավորել»

«Հետքը» Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանին խնդրեց տեղեկացնել, թե արդյոք նախարարությունը պատրաստվո՞ւմ է որևէ բան ձեռնարկել 42 տարի անթաղ մնացած գանգոսկրերը հողին հանձնելու գործում: Գայանե Դուրգարյանը խորհուրդ տվեց խոսել Կարո Վարդանյանի հետ, ով նախարարության անունից կպատասխանի հարցին:

Կարո Վարդանյանը մինչ անցյալ տարի եղել է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ: Այժմ Գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրենն է, սակայն Դուրյանի մասունքները հողին հանձնելու վերաբերյալ Կարո Վարդանյանի կարծիքը տարբերվում է նույն թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի կարծիքից:

«Խնդիրը այդքան էլ պարզ չէ, ինչպես առաջին հայացքից թվում է: Սխալ կլիներ, որ նախարարությունը միանձնյա որոշում կայացներ»,- ասում է Կարո Վարդանյանը:

 Նրա խոսքերով` նախարարությունը պատրաստ էր պանթեոնում հողին հանձնել բանաստեղծի մասունքները: Երկու տարի առաջ մշակույթի նախարարի հանձնարարությամբ կազմվել է մանրամասն նախահաշիվ, թե որքան կարժենա Կոմիտասի պանթեոնում հուղարկավորությունը, ներառյալ աճյունասափոր պատվիրելը, հուղարկավորությունից հետո նախատեսվելիք գրական-գեղարվեստական ցերեկույթի համար շարժական հարթակ պատրաստելը: Նույնիսկ արդեն աճյունասափոր էր պատվիրվել:

Ըստ նախահաշվի` մասունքները պանթեոնում հողին հանձնելը կարժենար 350-400 հազար դրամ:

2009 թ. Գրականության և արվեստի թանգարանում խնդրի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որին հրավիրված են եղել Գրողների միության, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի, Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Կարո Վարդանյանի խոսքերով՝ նախարարությունն ակնկալում էր, որ եթե քննարկմանը բոլորը միակարծիք լինեն մասունքները պանթեոնում ամփոփելու հարցում, ապա հուղարկավորությունը տեղի կունենար. արդեն նախահաշիվն էլ կար, և նախարարությունը դրա վրա ժամանակ չէր կորցնի: Քննարկման մասնակիցները արձանագրություն կկազմեին, կստորագրեին ու նախահաշվի հետ կներկայացնեին վարչապետին, քանի որ Կոմիտասի անվան պանթեոնում տարածք է հատկացվում կառավարության թույլտվությամբ:

«Բայց քանի որ այդ քննարկմանը այդպես էլ մի կարծիք չձևավորվեց, բոլորը տարբերակներ էին առաջարկում ու հիմնավորում էին իրենց առաջարկները, այդպես էլ այդ նախահաշիվը մնաց թղթի վրա: Պատկերացրեք` Կոմիտասի անվան պանթեոնում վերաթաղելու խնդրին կողմ էր ընդամենը մեկ թե երկու հոգի. մեկը` Խաչիկ Ստամբոլցյանը, մեկ էլ` մեր թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը: Դուք հասկանում եք, չէ՞, որ միայն Խաչիկ Ստամբոլցյանի կամ Հենրիկ Բախչինյանի ցանկությամբ մենք չէինք կարող դիմել կառավարություն»,- ասում է Կարո Վարդանյանը:

Քննարկման մյուս մասնակիցները, փոխտնօրենի խոսքերով, թանգարանում պահվող այդ մասունքին չէին նայում որպես զուտ գանգ, որը պետք է թաղել, այլ կարծում էին, որ գանգը հետաքրքիր է նաև Բժշկական համալսարանի ուսանողների, բժշկական հաստատությունների աշխատակիցների համար այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է այդ բեկորներից ստանալ մարդու դեմքը: «Չէ՞ որ արդեն ստացվել է այդ դեմքը» «Հետքի» դիտարկմանը Կարո Վարդանյանը պատասխանում է. «Ստացվել է, բայց ինչի՞ց է ստացվել»:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ առաջարկել է Ավանում գտնվող Դուրյան թաղամասում կանգնեցնել բանաստեղծին նվիրված հուշարձան և գանգոսկրերն ամփոփել այդ հուշարձանի տակ:

Վարչության պետի նախկին տեղակալի խոսքերով՝ քանի որ քննարկման արդյունքում չի ձևավորվել մասունքները պանթեոնում ամփոփելու կողմնակիցների ճնշող մեծամասնություն, որոշվել է, որ առաջիկայում, բանաստեղծի որևէ հոբելյանի առթիվ, կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը կքննարկի խնդիրը և որոշում կկայացնի:

Քանի որ 2012 թ. լրանում է Պետրոս Դուրյանի 160-ամյակը, Կարո Վարդանյանը պատրաստվում է «հուշել» նախարարությանը, որ այն դիմի կառավարությանը՝ հանձնաժողով ստեղծելու համար:

«Պարտադիր չէ, որ հենց մեկը ասում է` «տանենք Կոմիտասի պանթեոն», դա դառնա օրենք: Չէ՞ որ այդ գերեզմանը Պոլսի մեր հայկական գերեզմանատանը մինչև հիմա կա իր հուշարձանով, ընդ որում՝ դա հասարակ շիրիմ չէ. դա մեծ ավանդույթներ ունեցող շիրիմ է, որի մոտ սիրահարները տասնամյակներ շարունակ ժամադրվել են»,- ասում է թանգարանի փոխտնօրենը:

Անձամբ նրա կարծիքով՝ մերժելի տարբերակ չէ նաև այն, որ ինչպես գանգը, նրա խոսքերով, «ինքնագլուխ» բերել են Հայաստան, այնպես էլ տանեն Պոլիս: «Ինչո՞ւ մասնատվի շիրիմը, երբ Պետրոս Դուրյանը ունի շիրիմ Պոլսի հայկական գերեզմանատանը: Ես չէի ուզենա, որ Պետրոս Դուրյանը կամ որևէ մեկը մի քանի շիրիմ ունենար: Ինչո՞ւ ենք մենք մեր հետքերը ջնջում աշխարհից, անընդհատ բերում ենք այստեղ»,- ասում է Կարո Վարդանյանը և հիշեցնում Հայաստան բերված այլ մեծերի մասունքների մասին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞, որ եթե գանգոսկրերը վերաթաղվեն Սկյուտարի գերեզմանատանը, ապա թուրքերը կարող են դա էլ ոչնչացնել, ինչպես ոչնչացրել են Արևմտյան Հայաստանի հազարավոր գերեզմաններ ու եկեղեցիներ՝ Կարոն Վարդանյանն ասաց, որ Թուրքիայի հարցում ոչինչ չենք կարող երաշխավորել՝ չնայած հայ համայնքը խնամում ու հսկում է գերեզմանատունը:

«Եթե դա՝ որպես մասունք, թանգարանում պահպանվում է, կարծում եք` միանշանակ մերժելի՞ է: Մենք այս ամեն մանրամասները ներկայացնելու ենք հոբելյանի առթիվ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովին, որպեսզի ճշգրիտ որոշում կայացնեն: Այստեղ խնդիրը այլ է. հուղարկավորե՞լ, թե՞ չհուղարկավորել»,- նշում է Կարո Վարդանյանը:

Մասունքը հողին չհանձնելու տարբերակն ընդունելով հանդերձ` նա ասում է, որ եթե հանձնաժողովը որոշի հուղարկավորել գանգոսկրերը, ապա դրանք, իհարկե, պետք է հուղարկավորվեն «ամենապատվարժան տեղում, տվյալ դեպքում` Կոմիտասի անվան պանթեոնում», քանի որ Պետրոս Դուրյանը մեր առաջնակարգ մեծերից է:

Մեկնաբանություններ (3)

Հրաչ
Շատ հետաքրքիր էր
rahageets
A national fiasco!
chello
I'd be interested to hear what the Istanbul-Armenian community feels about the issue. That's to say do they believe that Tourian's remains in Armenia should be returned? Maybe the author can check with some community reps in Bolis like the papers Marmara or Jamanak. Fascinating story!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter