HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաբաններն առաջին հերթին ֆինանսի ու երիտասարդ կադրերի կարիք ունեն

Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հայաստանի ամենահին գիտական հիմնարկներից է: Եթե Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1943-ին, ապա այս ինստիտուտը ստեղծվել է 1935-ին: Հիմնադիրն անվանի երկրաբան Հովհաննես Կարապետյանն է: Ինստիտուտը հիմնադրման օրվանից զբաղվում է Հայաստանի երկրաբանական կառուցվածքի խնդիրներով, օգտակար հանածոների եւ ընդերքի ուսումնասիրությամբ:

Ժամանակին ԵԳԻ-ն գործում էր Երեւանի Աբովյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկի երկրհարկանի շենքում, որը, ինչպես պատմում է ներկա տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, հիմնադիր Հ. Կարապետյանի սեփականությունն էր: 1967-ին, երբ հիմնարկը տեղափոխվել է Բաղրամյան պողոտա, նախկին շենքում մնացել է միայն երկրաբանական թանգարանը: 2008-ին վերջինս նույնպես տեղափոխվել է ինստիտուտի տարածք:    

2017-ից տնօրենի պաշտոնը զբաղեցնող երկրաբանական գիտությունների թեկնածու Խ. Մելիքսեթյանն ասում է, որ Հայաստանի խոշոր հանքավայրերից, մասնավորապես, Քաջարանն ու Սոտքը իրենց ինստիտուտն է հայտնաբերել, ուսումնասիրել, ապա հանձնել արտադրական ստորաբաժանումներին:

Սպիտակի երկրաշարժից հետո ԵԳԻ-ն ակտիվորեն սկսել է զբաղվել երկրաբանական վտանգներով: Այս հարցում, ըստ ինստիտուտի ղեկավարի, մեր երկիրն առաջատար դիրքերում է: Հոկտեմբերին նախատեսվում է Սպիտակի աղետի 30-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային գիտաժողով կազմակերպել, որին մասնակցելու են գիտնականներ աշխարհի 18 երկրից:

Ինստիտուտն ունի 10 լաբորատորիա, թանգարան, թվայնացված գրադարան: Նախկինում երբ աշխատողների թիվը մեծ էր, նաեւ բաժիններ կային: Եթե 1935-ին ԵԳԻ-ն ունեցել է ընդամենը 22 աշխատակից, ապա արդեն 1985-ին նրանց թիվը 420 էր, իսկ այսօր՝ 167:  

ԵԳԻ աշխատողներ
Infogram

ԵԳԻ-ն բազաներ ունի Լոռիում (Ալավերդի), Սյունիքում (Քաջարան) եւ Գեղարքունիքում (Վարդենիս). երկրաբանական աշխատանքների մեկնելիս գիտնականներն այնտեղ են մնում:

Գլխավոր խնդիրը ֆինանսն է, որի սղությունը բերել է կրճատման

Խ. Մելիքսեթյանը նշում է, որ Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներն ընդհանուր են: Առաջինը, իհարկե, գումարի հարցն է: Շեշտում է, որ պետության կողմից բազային ֆինանսավորումը շատ ցածր է, սակայն Գիտության պետական կոմիտեից նաեւ թեմատիկ ֆինանսավորում են ստանում. այն հատկացվում է մրցութային համակարգի միջոցով: Ըստ տնօրենի՝ թեմատիկ աշխատանքներից գիտնականների վարձատրությունն ավելի բարձր է, քան նախատեսվում է բազային ֆինանսավորմամբ, հետեւաբար, որոշակի մեղմվում է ֆինանսների սղությունը:

Ահա թե ինչպիսին են եղել ԵԳԻ-ին հատկացումները պետբյուջեից: Տվյալները վերցված են բյուջեի մասին օրենքների հավելվածներից (տարեվերջին թվերը սովորաբար փոփոխված են լինում): Բազային ֆինանսավորման մեջ են մտնում ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ հիմնարար եւ կարեւորագույն կիրառական հետազոտությունների տողերը:

ԵԳԻ
Infogram

Խ. Մելիքսեթյանի ներկայացրած տվյալներով՝ ԵԳԻ-ի ֆինանսավորման պատկերը 2014-2017 թթ. եղել է այսպիսին.

ԵԳԻ-ն աշխատում է նոր միջազգային համագործակցությունների ուղղությամբ: Դրանցից մեկը Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագիրն է: 

Դրամաշնորհներն ինստիտուտը ստացել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնից (ISTC), ամերիկյան PEER (Partnerships for Enhanced Engagement in Research) ծրագրից, ՀՀ ԳՊԿ-ից:

Ինչպես հայտնի է, 2018-2020 թթ. գիտության ոլորտի բազային ֆինանսավորումը 2017-ի համեմատ նվազելու է 4,98 տոկոսով: Դրա մեջ են մտնում նաեւ գիտական աստիճանների համար գիտաշխատողներին տրվող հավելավճարները: Այս տարվանից դրանք նվազեցվելու են 3,32 տոկոսով: Հիշեցնենք, որ գիտության թեկնածուները որպես հավելավճար ստանում են 25 հազար, իսկ դոկտորները՝ 50 հազար դրամ, սակայն այս գումարները հարկվում են: Այս տարվանից 9,72 տոկոսով նվազելու է նաեւ նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորումը: 14,2 տոկոսով էլ պակասեցվելու է թեմատիկ հետազոտությունների պետական աջակցությունը:

Տնօրենի փոխանցմամբ՝ 167 հոգուց 138-ը ստանում է նվազագույն աշխատավարձ (55.000 դրամ՝ լրիվ դրույքով աշխատողները, 27.500՝ կես դրույքով աշխատողները. սրանք «մաքուր» թվերն են): 

ԵԳԻ-ում գիտաշխատողների միջին աշխատավարձը 92.000 դրամ է (ներառյալ հարկերը եւ գիտական աստիճանի հավելավճարները, որոնք ոչ բոլորն են ստանում): Իսկ պայմանագրերում, թեմատիկ ու դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված աշխատողները միջինը ստանում են 231.000 դրամ (ներառյալ հարկերը): 

Ամենաբարձր աշխատավարձը ստանում են տնօրենը, նրա խորհրդականը, գիտական գծով եւ ընդհանուր հարցերով փոխտնօրենները, գլխավոր հաշվապահը, լաբորատորիաների վարիչները, թեմաներում, պայմանագրերում եւ գրանտներում ընդգրկված գիտաշխատողներն ու ինժեներները։

Ֆինանսավորման սղությունը բերել է նրան, որ ԵԳԻ-ում ստիպված են աշխատողների մի մասին կրճատել:

Ըստ Խ. Մելիքսեթյանի՝ 167 աշխատակիցներից 7 տոկոսին՝ 12-15 հոգու, ստիպված են կրճատել: Դրանք կլինեն որոշ ինժեներներ ու լաբորանտներ: Տարեց աշխատողների մի մասին էլ անցկացնելու են կես դրույքի:  

Երիտասարդների պակասը՝ լուրջ մարտահրավեր

Առանձին մտահոգություն է երիտասարդ կադրերի պակասը: Տնօրենն ասում է, որ ինստիտուտն ունի իր մագիստրատուրան, բայց քանի որ դիմորդ չկար, 2015-ին այն փակվել էր: Հիմա նորից վերաբացվել է, 6 ուսանող ունեն: 

«Դժվար է երիտասարդներին պահելը, շատերը մեզ մոտ սովորում, պաշտպանում են, շատ ասպիրանտներ գնում, արտասահմանում դեսերտացիաներ են պաշտպանում ու վերադառնում են, բայց քանի որ աշխատավարձը ցածր է, սկսում են փնտրել ուրիշ աշխատանք կամ գնում են արտասահման: Ցավալի է»,- ասում է Խ. Մելիքսեթյանը:

Ֆինանսավորման եւ սերնդափոխության խնդիրն առանձնացնում է նաեւ գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը, ով միաժամանակ ղեկավարում է լիթոլոգիայի եւ ռեգիոնալ երկրաբանության լաբորատորիան: Այստեղ ներկայում աշխատում է 12 հոգի, որոնցից 5-ն են երիտասարդ:

Նրանցից մեկը ասպիրանտ Հայկ Հովակիմյանն է, ով մինչ այս սովորել է Ֆրանսիայում ու Բելգիայում: «Եվրոպայի տարբեր քաղաքներում եմ եղել, շատ լավ բաներ կան, բայց լիարժեք երջանիկ ինձ զգում եմ Երեւանում,- ասում է Հայկը,- այդ ամենին զուգահեռ կա մի վատ կողմ, որ անտեսելը ճիշտ չի լինի կամ կլինի դերասանություն: Հայաստանում ավելի շատ նախընտրում են զբաղվել ծրագրավորմամբ, քան գիտությամբ»: Երիտասարդ գիտնականը դա բացատրում է գլխավորապես ֆինանսի առկայությամբ: «Իմ պարագայում ոչ միայն սերն է իմ մասնագիտության, գործի նկատմամբ, այլեւ հույսը, որ վերջում է մեռնում: Դեռ փորձում ենք գնալ այս ճանապարհով»,- ասում է նա:

Հայկի անբաժան ընկերը կիթառն է, որն իր տեղն ունի նրա սեղանի մոտ: Պատմում է, որ հասուն տարիքում է սովորել նվագել, չնայած մինչ այդ էլ նման ցանկություն ուներ, բայց իրագործել չի հաջողվել: Հիմա գործիքը երբեմն տանում է նաեւ դաշտային աշխատանքներին:

Երկրաբանական գիտությունների թեկնածու Ղազար Գալոյանն էլ նշում է, որ չնայած իր ոլորտը՝ պետրոլոգիան (ապարագիտություն), հետաքրքրական է, ամեն դեպքում, եթե երիտասարդներն ապրուստի համար վաստակելու մինիմալ հնարավորություններ չունենան, ապարագիտության մասին խոսելն ավելորդ կլինի: Նա ավելի քան 7 տարի ղեկավարում է պետրոլոգիայի եւ իզոտոպային երկրաբանության լաբորատորիան, որտեղ աշխատում է 10 հոգի: Ասում է, թե կեսը երիտասարդներ են, մյուսները՝ 70-75 տարեկանից բարձր:

Նյութատեխնիկական բազայի թարմացումը ներդրումներ է պահանջում

Ընդհանրապես մեր երկրում գիտության վիճակը ինստիտուտի տնօրենը ծանր է գնահատում, ինչը կապում է կրթության ընդհանուր մակարդակի անկման եւ ցածր ֆինանսավորման հետ: Նշում է նաեւ սարքավորումների խնդիրը, ինչը, ըստ նրա, ունեն նաեւ մյուս ինստիտուտները:

«Մեր ենթակառուցվածքները հնացել են, հիմա շատ կարեւոր արդյունքերի համար անալիզներն ուղարկում ու ստանում ենք արտասահմանից՝ մեր միջազգային կապերի շնորհիվ,- ասում է Խ. Մելիքսեթյանը, ով միաժամանակ հրաբխագիտության լաբորատորիայի վարիչն է,- մինիմալ բաներ փորձել ենք գնել, բայց չեն բավարարում: Օրինակ՝ հրաբխային ժայթքումների լավային հոսքերի տարիքը որոշելու համար լաբորատորիան արժե մի քանի միլիոն դոլար, մենք չենք կարող այն այստեղ բացել: Համագործակցում ենք Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Գերմանիայի հետ: Քանի որ բյուջետային ֆինանսավորմամբ դա անհնար է, համագործակցում ենք գրանտային ծրագրերի միջոցով, կամ էլ համատեղ  աշխատանքի շրջանակներում իրենք իրենց հաշվին անում են այդ անալիզները, հետո հոդվածը միասին հրատարակում ենք»:

Անդրադառնալով վարչապետի հնչեցրած այն հայտնի մտքին, թե գիտնականները կիրառական արդյունք պիտի տան՝ Մելիքսեթյանն ասում է, որ առանց տեսական գիտության կիրառական գիտություն չի կարող լինել:

Միաժամանակ, տնօրենի փոխանցմամբ, ԵԳԻ-ն վերջին 3 տարիներին ունեցել է մի շարք ձեռքբերումներ: Օրինակ՝ նորագույն հավանակային մոտեցումներով գնահատվել է մեր երկրի մի շարք քաղաքների սեյսմիկ ռիսկը: 2017-ին ԵԳԻ սեյսմիկ եւ GPS մոնիտորինգային ցանցը ընդարձակվել է դեպի Արցախ։ Իրականացվել են տեկտոնական, պալեոսեյսմոլոգիական, արխեոսեյսմոլոգիական բազմաթիվ աշխատանքներ Հայաստանի տարածքում: Եգիպտոսում՝ Ամենհոթեփ 3-րդ փարավոնի տաճարում, ամփոփվել են արխեոսեյսմալոգիական եւ պալեոսեյսմալոգիական աշխատանքները, ինչի արդյունքում փաստարկվել է տաճարի փլուզման սեյսմիկ ազդեցությունը: Սեւանա լճի հատակի ռելիեֆի սոնարային հանույթի եւ ստորջրյա ուսումնասիրությունների հիման վրա լճային ժամանակակից նստվածքների տակ բացահայտվել եւ ճշգրտվել են տեկտոնական խախտման սեգմենտներ եւ գազաջրային անջատումներ, բացահայտվել են ստրուկտուրաներ՝ առաջացած ուժեղ պալեոերկրաշարժերի արդյունքում: Դաստակերտ-2 հանքային դաշտի տարածքում բացվել են ոսկեբեր գոտիներ, որոնցում օգտակար հանածոյի պարունակությունը համապատասխանում է արդյունաբերական մակարդակին:

Ղազար Գալոյանն էլ իր հերթին նշում է, որ գիտության ֆունդամենտալ ուղղությունները, ինչպիսին նաեւ ապարագիտությունն է, այսօր ամբողջ աշխարհում ֆինանսավորման լուրջ խնդիր ունեն. նույն դրամաշնորհները հիմնականում տրվում են այնպիսի ոլորտների, ինչպիսին, օրինակ, էկոլոգիան է: Ասում է, որ դաշտում միայն ապար հավաքելը գիտնականին քիչ բան է տալիս, դրանց մանրակրկիտ ուսումնասիրության համար անհրաժեշտ են անալիտիկ սարքավորումներ ու նյութեր, սակայն կառավարությանն այսօր նման հետազոտությունները չեն հետաքրքրում, այլապես ոլորտը կարժանանար համապատասխան ուշադրության եւ միջոցների հատկացման:

«Մեր հիմնական ուսումնասիրությունը Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ հարակից տարածքների՝ Վրաստանի, Իրանի, հնարավորության դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի կամ Թուրքիայի մագմային ապարների ուսումնասիրությունն է,- պատմում է Գալոյանը,- Հայաստանի տարածքը բավական հարուստ է այս ապարներով, սակայն մեր խումբն ու ֆինանսավորումը փոքր են դրանց հետազոտությունների համար: Մեր նպատակն է հասկանալ տարածաշրջանի երկրաբանական զարգացումը: Հիմա Հայաստանի տարածքի զարգացման ու էվոլյուցիայի վերաբերյալ տեղեկություններ ունենք՝ սկսած մեզնից առնվազն 545 մլն տարի առաջ: Քանի որ մեր երկրի տարածքը հանգուցային է ալպհիմալայան ծալքավորման ուսումնասիրման համար, արտասահմանցի գիտնականներ նույնպես գալիս են: Համագործակցում ենք հիմականում Ֆրանսիայի, Իտալիայի, Թայվանի ու Շվեյցարիայի մասնագետների հետ: Գնում ենք դաշտ, հավաքում ապարները, ուսումնասիրում, հետո արդյունքները հրապարակում տեղական ու միջազգային հանդեսներում»:

Խ. Մելիքսեթյանը նշում է, որ եթե դիտարկենք հայ երկրաբանների հրապարակումներն ու դրանց տրված հղումները (նման վիճակագրություն վարվում է), ապա Հայաստանն առաջատար դիրքերում է ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ամբողջ Արեւելյան Եվրոպայում: Վերջին 3 տարիներին ԵԳԻ աշխատակիցները հրապարակել են 5 մենագրություն, 44 հոդված տեղական գիտական ամսագրերում, 52-ն էլ՝ արտասահմանյան հանդեսներում, միջազգային գիտաժողովներում ներկայացրել են 105 զեկույց: 

Հայաստանի միակ երկրաբանական թանգարանը

Ինստիտուտի հպարտություններից մեկը կարելի է համարել թանգարանը, որը հիմնադրվել է 1937-ին Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ, ում անունն էլ կրում է: Թանգարանն ունի 11 հազար ցուցանմուշ, սակայն ցուցադրվում է շուրջ 2700-ը: Բաղկացած է 6 բաժիններից՝ հնէաբանության, հրաբխականության, հանքաբանության, օգտակար հանածոների, ապարաբանության, հանքային ջրերի:

2012 թ. թանգարանում բացվել է ամերիկահայ կոլեկցիոներ Արա Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահը, որտեղ ցուցադրված են թե՛ նրա կողմից թանգարանին նվիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, թե՛ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:

Թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանն (լուսանկարում՝ աջից) ասում է, որ սա հանրապետությունում միակ երկրաբանական թանգարանն է: Ամենահայտնի նմուշներից մեկը նախնադարյան փղի կմախքն է, որի մի մասը հայտնաբերվել է Գյումրու տարածքում: Ըստ գիտնականների՝ այն երիտասարդ փիղ է, մյուս կողմից՝ Գյումրին Հայաստանում միակ վայրը չէ, որտեղից փղի բրածո ոսկորներ են գտնվել:

Թանգարանը պարբերաբար կազմակերպում է բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ: Անցյալ տարի իրականացրել են «Օբսիդիանի ճանապարհը» անունով ուղեւորություն դեպի Արտենի լեռ, որին մասնակցել են նաեւ արտասահմանցի գիտնականներ: Նման ուղեւորություններն, ըստ Գ. Գրիգորյանի, հայրենաճանաչության, բնաճանաչության ու նաեւ սպորտային տուրիզմի խթան են:

Թանգարանն ունի 7 աշխատակից: Այստեղ էլ, ինչպես ամբողջ ԵԳԻ-ում, հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Թանգարանի աշխատողները, իրենց փոխանցմամբ, նվազագույն աշխատավարձ են ստանում՝ գումարած հավելավճարները:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ցավալի է, որ երբեմնի հզոր ու փառավոր գիտական կենտրոնը վեր է ածվել հազիվ գոյությունը պահպանող մի հիմնարկի, որի աշխատակիցները ի վիճակի չեն հոգալու իրենց տարրական խնդիրները։ ԽՍՀՄ տարիներին ԵԳԻ աչքի էր ընկնում ճանաչված գիտնական֊երկրաբանների այնպիսի գալակտիկայով, որի հետազոտության ոլորտում էր գտնվում ժամանակակից երկրաբանության բոլոր ճյուղերը, ինչպես նաև ՀՀ և հարակից շրջանների ողջ տարածքը ։Նման ինստիտուտի գոյությունը պատիվ կբերեր ցանկացած երկրի, սակայն մեր երկրում այն չգնահատվեց։ ՀՀ ընդերքի ներկայիս աննախադեպ թալանը նույնպես ցավոք սրտի հիմնված է հայ երկրաբանների բազմամյա գիտա֊գործնական հետազոտությունների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter