HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին է գրանցվել արդյունաբերության երկնիշ աճը

Թեև Հայաստանի արդյունաբերության վերաբերյալ 2017 թվականի տարեկան տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին 11 ամիսների ցուցանիշները հուշում են, որ այս ոլորտում տարեկան արդյունքներով երկնիշ աճ է արձանագրվելու։  Աճի հետ մեկտեղ արդյունաբերությունը, մասնավորապես՝ մշակող արդյունաբերությունը, շարունակում է  ծավալներ ապահովել և աճել հիմնականում 4-5 ճյուղերի հաշվին։

2017 թվականի ընթացքում Հայաստանում տնտեսական աճին հիմնականում նպաստել են առաջին հերթին առևտուրն ու ծառայությունները, ինչպես նաև՝ արդյունաբերությունը։ Իսկ գյուղատնտեսությունն ու շինարարությունը հիմնականում զսպել են աճը՝ չնայած, որ շինարարությունը տարվա վերջին  «վերակենդանացման» միտումներ ցույց տվեց։

Այնուամենայնիվ, արդյունաբերության դերը տնտեսական աճի հարցում  նաև պետք չէ գերագնահատել, ինչպես հաճախ արվում է։

Օրինակ, ՀՆԱ-ի 2017 թվականի  երկրորդ եռամսյակի պատկերը (ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների) ցույց է տալիս, որ նշված եռամսյակում արձանագրված 5.5%  տնտեսական աճին արդյունաբերությունը նպաստել է  ընդամենը 0.6 տոկոսայի կետով, իսկ երրորդ եռամսյակում 3.5% աճին արդյունաբերության նպաստումը 1.5 տոկոսային կետով է։ Համեմատության համար նշենք, որ երկրորդ եռամսյակում  առևտրի և ծառայությունների ոլորտը տնտեսական աճին նպաստել է 5.8 տոկոսային  կետով, իսկ երրորդ եռամսյակում՝ 3.8 տոկոսային կետով։

Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) զեկույցից,  2017 թվականի հունվար-նոյեմբերին  ամբողջ արդյունաբերության ծավալը Հայաստանում կազմել է 1.491 տրլն դրամ։ 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այն 12.3%-ով աճել է։

Մասնավորապես, հանքարդյունաբերության ծավալն այս ընթացքում կազմել է մոտ 306 մլրդ դրամ, իսկ աճը՝ 13%: Հանքարդյունաբերությանը բաժին է ընկել ամբողջ արդյունաբերության 20.5%-ը։ 2016-ի նույն ամիսների համեմատ հանքարդյունաբերության կշիռը արդյունաբերության ոլորտում աճել է 2.4 տոկոսային կետով։



Մշակող արդյունաբերության 75%-ը ապահովում են չորս ճյուղեր

Արդյունաբերության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի մշակող արդյունաբերությունը՝ 62.4%-ը, որն էլ իր հերթին խարսխված է հիմնականում մի քանի ենթաճյուղերի վրա։ Հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերությա ընդհանուր ծավալը կազմել  է ավելի քան 931 մլրդ դրամ, որը 2016-ի նույն ամիսների համեմատ աճել է 15.5%-ով։

Մշակող արդյունաբերության ոլորտում շարունակում է առաջատար մնալ  սննդամթերքի, հիմնային մետաղների,  խմիչքների (և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային) և ծխախոտի արտադրությունը։ 2017 թվականի հունվար-նոյեմբերին միայն այս չորս խոշորացված ճյուղերն ապահովել են մշակող արդյունաբերության ծավալի  75.1%-ը։ 

Հատկանշական է, որ սննդամթերքի արտադրության տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության ոլորտում 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազել է 3.7 տոկոսային  կետով, ծխախոտի արտադրության կշիռը նվազել է  0.3 տոկոսային կետով, հիմնային մետաղներինը՝ 0.4 տոկոսային կետով։ Փոխարենը 1.9 տոկոսային կետով ավելացել է խմիչքների արտադրության կշիռը։

 

2016 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ սննդամթերքի արտադրությունն աճել է 3.1%-ով, խմիչքների արտադրությունը՝ 34.7%-ով, ծխախոտինը՝ 16.9%-ով, իսկ հիմնային մետաղների արտադրությունը՝ 7.7%-ով։ Համեմատաբար տեսանելի աճ կա նաև էլեկտրական սարքավորանքի արտադրության ոլորտում (2.6 անգ.) և ոսկերչական իրեր արտադրության (33.8%):

Մյուս երկու խոշորացված ոլորտները, որոնց տվյալները Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է արդյունաբերության մասին զեկույցում, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն է և ջրամատակարարումը (այդ թվում՝ կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումը):

Հունվար-նոյեմբերին էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ծավալները կազմել են 231 մլրդ դրամ, որը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1%-ով։ Նույն ընթացքում ջրամատակարարման (այդ թվում՝ կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումը) ոլորտում ծավալները կազմել են ավելի քան 23 մլրդ դրամ, աճը՝ 9.4%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter