HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մատիտանկարից ծնված մի խաղալիքի պատմություն

Մոտ երկու ամիս առաջ Գյումրու Երիտասարդական պալատի կամավորները, Ռոք դպրոցի սաները եւ ՍՔԱՅ ակումբի անդամներն այցելեցին Ֆրիտյոֆ Նանսենի անվան խնամքի կենտրոն: Երիտասարդներից շատերն առաջին անգամ էին լինում նախկին մանկատանը, որտեղ ապրում ու խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանը խոստովանում է, որ ինքն էլ էր անակնկալի եկել, երբ պարզել էր, որ իրենց նախաձեռնած «ինտեգրման կամուրջի» կարիքն առաջնահերթ ունեին ոչ թե կենտրոնի սաները, այլ այդ պատերից դուրս ապրողները: «Մերոնք առավել հուզված էին, մի տեսակ ավելի կոմպլեքսավորված, իսկ երեխաներն ազատ մոտենում-ծանոթանում էին, զրուցում»,- հիշում է Լիլիթ Մակարյանը:

Երիտասարդները մեկ օր անցկացրել են խնամքի կենտրոնում, ծանոթացել պայմաններին, շփվել սաների հետ: Կենտրոնի երեխաներին առաջարկ է եղել նկարել իրենց սիրած կամ երազած փափուկ խաղալիքը: Օրվա վերջում 30 մատիտանկարն էլ դարձել է Երիտասարդական պալատի «սեփականությունը»: Հայտարարվել էր, թե նկարները ցուցահանդեսի համար են:

«Այցն անակնկալ չէր էնքանով, որ մենք սովոր ենք դրան, ու իհարկե մեր երեխաները եւս սովոր են այդպիսի շփումների: Երբ մեզ ասեցին, որ ցանկանում են` երեխաները նկարեն, մեր մտքով էլ չէր անցնում, թե այդ նկարները երկրորդ կյանք են ստանալու, այլապես մեր բոլոր 70 սանն էլ կմասնակցեր, ուղղակի 30 երեխա ցանկություն հայտնեց նկարելու,- ծիծաղելով ասում է Ֆ. Նանսենի խնամքի կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը,- մենք տեղյակ էինք ծրագրի առաջին փուլից, իսկ երկրորդ փուլն արդեն անակնկալ էր»:

Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի մասնակիցները «Սերունդների համերաշխություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունն ու Գյումրու Երիտասարադական պալատն են: Ծրագրի գործընկերները Վոլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպությունն էր՝ ՍՔԱՅ ակումբի հետ համատեղ: Ծրագրի առաջին փուլում նախատեսված էր այց խնամքի կենտրոն եւ մատիտանկարների պատրաստում, երկրորդ փուլում՝ անվարժ, սակայն մանկական ջերմությամբ ու երեւակայության ուժով ստեղծված մատիտանկարները ոչ պրոֆեսիոնալ տիկնիկագործ երիտասարդները պետք է վերածեին տիկնիկների:

«Մեզ շատ օգնեց ախուրիկցի տիկնիկագործ Մարո Մարգարյանը, մեր թիմին միացան մարդիկ, ովքեր ընդամենը լսել էին ծրագրի մասին ու ցանկություն հայտնեցին կարել այդ տիկնիկները: Հասարակության մեջ այս կամ այն սոցիալական խմբի ինտեգրումը հատկապես արվեստի եւ արհեստի միջոցով՝ համարվում է ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր երեխա նկարելիս իր զգայական աշխարհն է արտացոլել, տիկնիկ պատրաստողն էլ իր հերթին հուզական-ստեղծագործական աշխարհն է ներդրել` կարող ենք ասել, որ մեր առաջ դրված խնդիրը հաջողությամբ իրականացրել ենք: Մենք ստացանք զգայական մի հարթություն, որի նյութական կերպարը տիկնիկն էր»,- ասում է Լիլիթ Մակարյանը:

Հունվարի 20-ին Երիտասարդական պալատում ծրագրի շնորհանդեսը վերածվել էր ուրախ տոնակատարության՝ երգ, պար, հյուրասիրություն: Միջոցառման ավարտին երեխաները ստացան իրենց հեղինակած մատիտանկարների հիման վրա կարված տիկնիկներն ու նույն այդ տիկնիկների պատկերներով անվանական բաժակներ: «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի հեղինակները, որպես խորհրդանիշ ընտրել էին խնամքի կենտրոնի սան, 15-ամյա Դավիթի հեղինակած սուսերամարտիկին: Մատիտանկարը փափուկ խաղալիքի էր վերածել տիկնիկագործ Մարոն:

«Նվերներ մատուցելու արվեստը կարեւոր է որպես բարության դրսեւորում, իսկ նման եղանակով նվեր պատրաստելը երիտասարդների համար նաեւ որոշակի հմտությունների տիրապետման նշանակություն է ունենում,- շեշտում է Լիլիթ Մակարյանը,- իհարկե, այն, ինչ արել ենք, որակապես հեռու է տիկնիկագործության արվեստի բարձր դրսեւորումից, բայց ամենակարեւորը, կարող եմ ասել, որ մեծագույն հաճույք է պատճառել և´ պատրաստողներին, և´ այսօր արդեն այդ նվերը ստացողներին»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter