HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վարչապետին առաջարկում են ծառայողական ավտոմեքենաներին գազաբալոն տեղադրել

Վարչապետ Կարեն Կարապետյանի «Բենզինը թանկացել է, այլընտրանք կա` գազով քշեք» հայտարարությանն ի պատասխան՝ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ փոխնախագահ Դավիթ Պեդանյանն առաջարկում է կառավարության եւ ընդհանրապես պետական մարմինների ավտոպարկը բենզինից անցնի գազի։ 

Վարչապետն առաջարկել էր, որպեսզի քաղաքացիները, հաշվի առնելով բենզինի թանկացումը, մեքենաներին գազասարքավորումներ տեղադրեն եւ օգտվեն ԱԳԼՃԿ-ներից։ Դավիթ Պեդանյանն ասում է՝ եթե գազով վարելը լավ է եւ բացարձակ անվտանգ, ապա ինչու՞ առաջինը կառավարական մարմինները չգնան այդ ճանապարհով, գոնե կխնայեն պետական միջոցները, որ գոյանում են հարկատուների շնորհիվ։ 

Որպեսզի կառավարությունում նեղություն չքաշեն բենզինից գազի անցնելու արդյունավետությունը հաշվարկելու համար, Պեդանյանն ինքն է հաշվարկներ կատարել։ Առաջինն ավարտվել են Ճանապարհային ոստիկանության ավտոպարկի վերաբերյալ հաշվարկները։ 

«Չխնայված» 270 միլիոն

Դավիթ Պեդանյանի հաշվարկներով՝ ՃՈ մեքենան շրջիկ ծառայություն կատարելիս միջինը երթեւեկում է օրական 300 կմ։ Միջին թարմության «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան, որից օգտվում են ՃՈ ծառայողները, քաղաքային երթեւեկության ամեն 100 կիլոմետրին ծախսում է 8-10 լ բենզին։ Ստացվում է, որ մեկ օրվա ծառայության ժամանակ ՃՈ տեսուչների վարած յուրաքանչյուր ավտոմեքենա ծախսում է 24 լ բենզին։ Եթե այս 24 լիտրը վերածենք դրամի, ապա, այսօրվա գներով, յուրաքանչյուր մեքենայի վառելիքի օրական ծախսը կկազմի 10 հազար 320 դրամ։ 

Գազով աշխատելու պայմաններում, ըստ «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահի հաշվարկների, ՃՈ մեկ ավտոմեքենան Երեւանում կծախսի 5400 դրամ՝ 300 կիլոմետրի համար։ Եթե հաշվենք, որ օրական ծառայություն է իրականացնում մոտ 150 ՃՈ մեքենա, ապա բենզինի դեպքում տարեկան ծախսը կազմում է 565 մլն 20 հազար դրամ, իսկ գազի դեպքում` 295 մլն 650 հազար դրամ։ Տարբերությունը կամ խնայված գումարը կկազմի տարեկան մոտ 270 մլն դրամ։ 

Եթե այս գումարից էլ հանենք գազի համակարգի տեղադրման միանվագ 300 հազար դրամը, կստացվի, որ առաջին տարում կխնայվի 224 մլն 370 հազար դրամ, եւ արդեն գալիք տարիներին, միայն ՃՈ ավտոմեքենաներին գազ տեղադրելու արդյունքում, Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից կխնայվի 270 մլն դրամ։ 

Դավիթ Պեդանյանն ասում է, որ հաշվարկների համար վերցրել է նվազագույն եւ առավելագույն թվեր՝ սխալանքից հնարավորինս խուսափելու համար։ Նա դեմ չէ, որ, օրինակ, խնայված գումարն ուղղվի ՃՈ տեսուչների աշխատավարձերը բարձրացնելուն, միայն թե վարչական այդ մարմինն աշխատի օրինականության սահմաններում: Նա նկատի ունի, որ վարորդների նկատմամբ հարուցած վարչական ակտերի մեծ մասը բեկանվում է սխալ կամ ոչ օրինական լինելու հիմնավորմամբ: 

Ըստ Դավիթ Պեդանյանի՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մարդկանց ուղղորդում է մի քայլի, որը կառավարությունում չեն կիրառում: 

«Եթե կարելի է մեքենան գազով վարել, եթե կարելի է դրա վրա խնայել, բարի եղեք առաջինը դուք կիրառեք, ցույց տվեք, որ անվտանգ է։ Մեր բոլոր վարչապետները հորդորել են ժողովրդին՝ ձգել գոտիները, բայց ոչ մեկը օրինակ չի հանդիսացել»,-ասում է Պեդանյանը։ 

Ռիսկի բարձր գործակից

Վերջին դեպքը՝ Դավիթաշենի ԱԳԼՃԿ-ում տեղի ունեցած պայթյունը, ցույց է տալիս, որ այս դաշտում էլ վերահսկողություն չկա, եւ քանի այդպես է՝ գազով երթեւեկող մեքենաները որոշ դեպքերում դանդաղ գործողությամբ ռումբ են։ 

Վարորդներն, այսպես ասած, առաջին ձեռքից են տեղյակ, թե ինչպես է իրականացվում գազաբալոնների տեղադրումը: «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հունվար ամսին բազմաթիվ բանավոր եւ գրավոր դիմումներ է ստացել վարորդներից, որոնցում բողոքում են նաեւ վարչապետի հայտարարությունից: 

Դավիթ, բացի խնայողության հարցը, մեքենաներին գազասարքավորումներ տեղադրելու՝ վարչապետի առաջարկը լավ չընդունվեց նաեւ այլ պատճառներով: Գազով երթեւեկելը վա՞տ է:

Դավիթ Պեդանյան

Գազով երթեւեկելը վատ չէ, ինչպես որ վատ չէ աջ ղեկով մեքենա վարելը։ Ու եթե ինչ-որ հաշվարկների արդյունքում պարզվի, որ գազի պատճառով դժբախտ դեպքերն ավելի շատ են գրանցվում, պայթյուններն աճել են եւ այլն, դա էլի կլինի մեր այս ու նախկին կառավարությունների մեղքով, քանի որ մարդկանց փաստացի սովորեցրել են էժան, հասանելի այլընտրանքի։ 

Եթե վարչապետն ասում է՝ գազով վարեք, նշանակում է՝ դա անվտանգ է։ Եթե անվտանգ է, ապա ինչու՞ կառավարությունում գազով չեն վարում։ Ավելին, կարող է գալ մի օր, երբ կարգելեն գազով ավտոմեքենա վարելը, կամ կթույլատրեն միայն լիցենզավորված բալոններով։ Բայց ես էլ, դուք էլ գիտենք, որ ազգի մեծ մասը գազասարքավորումներ տեղադրել է՝ երբ, ինչպես, ում մոտ պատահի։ Ոչ մի հավաստագիր չկա, որ էդ բալոնները հավաստագրված են։ Հիմա կառավարությունն ուզում է դա էլ խստացնել, տուգանքներ սահմանել։ 

Ընդհանրապես, մեր երթեւեկությունը բարձր ռիսկային է: Երթուղայիններին ստիպողաբար չեն թողնում ուղեվարձը թանկացնել, բայց մեկ է՝ գծատերերը պետք է իրենց եկամուտները ստանան, եւ դա անում են ավտոմեքենաների մաշվածության հաշվին։ Այսինքն, եթե պետք է ներդրում կատարեին ավտոմեքենայի տեխնիկական վիճակը բարելավելու ուղղությամբ, չեն անում։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն ի՞նչ դիմում-բողոքներ է ստացել վառելիքի թանկացումից հետո։ 

Խուճապ կա։ Մարդիկ, առանց իրավիճակը վերլուծելու, շտապում են գազասարքավորումներ տեղադրել ավտոմեքենայի վրա։ Նման միտում կա։ Մարդիկ վստահություն ունեն, թե որեւէ որոշում, փոփոխություն այլեւս իրենց օգտին չի լինելու։ Սրան նպաստում է նաեւ Կարեն Կարապետյանի խոստումներ-հակախոստումներ խաղը։ Նշանակվելուց հետո ասաց՝ բենզինը թանկ է, իջեցրեք գները, անցան ամիսներ, բենզինը սկսեց թանկանալ, ընդհուպ՝ վարչապետը անզոր հորդորեց բենզինի փոխարեն գազով երթեւեկել։ Սա վերջին կաթիլն էր, որ մարդիկ այլեւս չհավատան։ 

Էս թանկացումներից կարելի էր խուսափել, եթե պետությունն իր որոշիչ դերը կատարեր։ Ակցիզային հարկ դրվում է ցանկացած ապրանքանիշի վրա, որը հետապնդում է գերշահույթ։ Ակցիզային հարկ չի կարելի դնել վառելիքի վրա։ Ակցիզային հարկ կարելի է դնել «Գազպրոմ-Արմենիայի» վրա, բայց չեն դնում, այնինչ այդ ընկերությունը գազը երկու անգամ թանկ վաճառում է մեզ, գերշահույթ ստանում։ Բնակարանում գազ օգտագործում է մոտ 2 մլն քաղաքացի, մեր երկրում կա մոտ 450 հազար ավտոմեքենա, որի միայն մի մասն է գազով աշխատում։ Զգացեք տարբերությունը։ 

Վառելիքի որակի վերաբերյալ ի՞նչ կասեք: 

Եղել են եւ միշտ էլ կան։ Վառելիքը միշտ էլ Հայասատնում անորակ է եղել։ Եթե որեւէ լցակայանից մարդիկ գոհ են, գնում, հերթ են կանգնում այնքան ժամանակ, մինչեւ այդտեղ էլ որակի խնդիր կառաջանա։ Ավելին, ասում են՝ Իրանից գազ չենք ստանում։ Հավաստի տեղեկություններ ունենք՝ ԱԳԼՃԿ-ներն Իրանից գազ ստանում են, բայց վաճառում են ռուսականի անվան տակ եւ նույն գնով։ 

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Հանրությանը ոչ մի կերպ չի հաջողվուն ստիպել կառավարությանը կրճատել ծառայողական մեքենաների թիվը, համապատասխանացնել աշխարհում ընդունված միջին թվերին: Պաշտոնյաների անձնական կոմֆորտը վեր է դասվում բյուջեի հնարավորություններից: Ի՞նչ սարսափելի բան տեղի կունենա, եթե պաշտոնյաների մի ստվար մաս երթևեկի իրենց անձնական ավտոմեքենաներով, ստանալով փոխհատուցում ծախսած վառելիքի մի մասի համար կամ հանրային տրանսպորտով: Թե՞ միայն հասարակ մարդը պետք է ձգա, որ երկրի վիճակը լավ չէ ու խնայողաբար ծախսի: Հիմա որտեղի՞ց պետք է կառավարությունը լրացուցիչ գումար գտնի թանկացած վառելիքի համար, եթե ոչ անցնելով գազի ու կրճատելով ծառայողական մեքենաների թիվը:
Արմեն
Խնդրում ենք հետևեք ՀՀ-ում կատարվող պետական գնումներին:Մարզպետարանները և քաղաքապետարանները գնում են միայն բենզին,գազի մասին խոսք անգամ չկա,սա է արդյոք վարչապետի տնտեսումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter