HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Սիրո քասթինգ». երբ տարիքը «դատավճիռ» չէ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանին շատերն են հիշում Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմից, որտեղ նա մարմնավորում է «լաչառ Մարուսին»: Բայց սպասեք, հոդվածն այդ մասին չէ, պարզապես այն մի քանի րոպեները, որ կանգնած էի դիմահարդարման սենյակում, որտեղ դերասանուհին բարձրակրունկ կոշիկներ էր փորձում, ակամայից հիշեցի նրա կերտած մեկ այլ կերպար՝ գյումրեցի սովորական մի կնոջ՝ հետերկրաշարժյան հոգսերով ապրող, սակայն անկախ զբաղվածությունից ու օրվա ժամից՝ մշտապես օգնության շտապող հարեւանուհուն՝ ընկեր Սաթենիկին:

«Էս ներկայացման մեջ էլ է նույն պատմությունը,- դերասանուհին ծիծաղում է,- էստեղ էլ Մայային ու Ինային եմ միշտ մխիթարում»: Բարձրակրունկների հետ չափ ու ձեւն ավարտված է, թատրոնի կարի արհեստանոցի աշխատակիցը դրանք տանում է եւ մենք կարող ենք հանգիստ զրուցել: Թեման կանացի միայնությունն է, ավելի ճիշտ այդ միայնությանը լուծման բանալի առաջարկող «Սիրո քասթինգ» ներկայացումը, որտեղ Սուսաննա Բաղդասարյանը մարմնավորում է այրիացած, նախկին բուժքույր Լարիսային կամ Լառային, ինչպես կոչում են նրան ընկերուհիները: Մյուս երկու կերպարներից գործազուրկ դերասանուհուն մարմնավորում է Անահիտ Քոչարյանը, երբեւէ չամուսնացած դասախոս Ինային՝ Գոհար Խաչատրյանը:

Ռուս դրամատուրգ Վալենտին Կրասնագորովի «Երեք գեղեցկուհի» պիեսը միջինից բարձր տարիքի երեք կանանց ընկերության, ինչպես նաեւ մարդկային միայնության մասին է: Կանանցից ամեն մեկն իր ճակատագիրն ունի, անցել է որոշակի ուղի, ունեցել անձնական ողբերգություններ: Բուժքույր Լարիսայի ամուսինը մահացած է, ամուսնացած աղջիկն ու թոռնիկն առանձին են ապրում: Մայան դերասանուհի է՝ երեք անգամ ամուսնացած-բաժանված՝ կենսախինդ, կյանքով լեցուն, տղամարդկանց հետ կապված ունի հստակ դիրքորոշում՝ անհրաժեշտություն են, սակայն կյանքը շարունակելու համար ոչ կարեւոր պայման: Ինան դասախոս է՝ կիրթ, համեստ, պարփակված իր մեջ, ընկերուհիներից 10 տարով երիտասարդ է, սակայն կենսախնդության առումով խիստ զիջում է Մայային: Նրանց միավորում է կյանքի նկատմամբ ունեցած հայացքների տարբերությունն, ամեն կիրակի թղթախաղի սեղանի շուրջ հավաքվելու տարիների արմատացած սովորությունն ու ինչ-որ տեղ՝ կանացի միայնությունը:

«Պիեսն ինձ առաջարկել էր մեր ռեժիսորներից Ասպրամ Բաղդասարյանը,- ասում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը,- թեման ակտուալ էր՝ կանացի միայնություն: Սա պատմություն է 50-60 տարեկան կանանց մասին, որոնք խաչ են քաշել իրենց անձնականի վրա: Ճիշտն ասած, մտածում էի, որ Կրասնագորովի այս գործը Գյումրու դրամատիկականում բեմադրելով` միանգամից երկու հարց կլուծեինք՝ միասին բեմ կբարձրանային մեր երեք առաջատար դերասանուհիները, որ երբեք համատեղ հանդես չէին եկել, եւ թատրոնի բեմից կխոսեինք մի թեմայի մասին, որ այսօր քանի գնում, խորանում է, որովհետեւ մարդիկ չգիտես ինչու, մանավանդ կանայք, 50-ից հետո անձնական կյանքն ավարտված են համարում»:

Լյուդվիգ Հարությունյանը խոստովանում է, որ իր ցանկությունն է եղել պիեսի բեմադրությունը վստահել անպայման տղամարդ ռեժիսորի՝ կյանքի փորձ ունեցող, կնոջ հոգեբանությունը հասկացող: Պիեսն առաջարկել են ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին: Սկզբում չի հավանել եւ հրաժարվել է բեմադրելուց, հետո համոզվել է, ավելի ճիշտ համոզել են՝ ասելով. «Դուք կարող եք, պարոն Ծատուրյան, ո՞վ, եթե ոչ Դուք» եւ Կրասնագորովի անցած դարի 80-ականներին գրած «Երեք գեղեցկուհի»-ն Գյումրու դրամատիկականում պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի «թեթեւ» ձեռքով վերածվում է «Սիրո քասթինգի»: «Դե հիմա գյումրեցի հանդիսատեսը նայելու էր ասեր. «Ըստեղ ու՞րա սիրուն օր», կամ «ըստեղ ո՞ր մեկն է սիրուն, օր հետն էլ իրեք հատ էղնին»,- սա ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին ուղղված իմ հարցի հումորային պատասխանն էր:

«Պիեսը շատ միատոն, միապաղաղ էր` գրեթե գործողություն չկար, գուցե դա էր պատճառը, որ սկզբում չհավանեցի: Հիմնական գործողությունը տեղի էր ունենում կանանցից մեկի տանը՝ թուղթ էին խաղում, խմում, խոսում: Գիտե՞ք, օրինակ ռուս հանդիսատեսը կարող է նստել ու 3 ժամ լսել, մեր հանդիսատեսն էդ համբերությունը չունի՝ ինքը գործողություն է սիրում, ու հասկանում էի, որ եթե թողնեմ օրիգինալը՝ չեն նայելու»,- բացատրում է Նիկոլայ Ծատուրյանը:

Ներկայացումը սկզբում նախատեսված էր փոքր բեմի համար: Սակայն միզանսցենային փոփոխությունները, որոշ դրվագների ներմուծումը սկսում է այլ տարածություն ու կահավորում պահանջել՝ ներկայացումը տեղափոխվում է մեծ բեմ: Ռեժիսորի մտահղացման արդյունքում հանդիսատեսը հնարավորություն է ստանում մասնակցելու ծանոթության կայքից ընտրված տղամարդ թեկնածուների քասթինգին՝ այստեղից էլ ներկայացման վերնագիրը:

Երեք դերակատարներից ռեժիսորի համար թերեւս «անընդունելին» Ինայի կերպարում Գոհար Խաչատրյանին տեսնելն էր: «Պարոն Ծատուրյանը ոչ մի կերպ չէր համակերպվում մտքի հետ, որ 50-ամյա կնոջ եմ մարմնավորելու, ասում էր. «չեմ ուզում ավելորդ կնճիռներ ավելացնել, արհեստականորեն տգեղացնել քեզ», ի վերջո համոզեցի, որ առանց այդ ամենի էլ ես կստանամ իր ուզած կերպարն ու ստացա»,- ծիծաղելով պատմում է Գոհար Խաչատրյանը:

Կա տարիքային մի շեմ, երբ կինը ձերբազատվում է իր բոլոր, կարելի է ասել, կոմպլեքսներից՝ դառնում ավելի ինքնավստահ, հստակ գիտե, թե ինչ է ուզում կյանքից, ձերբազատվում է վախերից, որոնք նախկինում ուղեկցել են իրեն: Այս կանայք արդեն անցել են նշված տարիքային շեմը: Երեք ընկերուհիներից Ինան՝ մեծ սիրուց հիասթափված, պարփակվել է իր մեջ ու որոշել, որ այլեւս որեւէ տղամարդու չի հավատալու:

«Անգամ Նիցշեն է ասել, որ եթե մի տղամարդու ես ճանաչել՝ համարի որ ճանաչել ես աշխարհի բոլոր տղամարդկանց, բայց անգամ մի կնոջ ճանաչել մինչեւ վերջ հնարավոր չէ: Ինայի բոլոր երազանքներն ու հույսերը փշրել էին հատ-հատ: Ըստ պիեսի՝ նա 9 տարի կապված է եղել մի ամուսնացած տղամարդու հետ, ով խոստացել էր բաժանվել եւ ամուսնանալ իր հետ ու խաբել էր: Ճիշտ է, Ինան կրթված անձնավորություն է, լայնախոհ, սակայն այդպես էլ չի կարողացել ձերբազատվել իր հիասթափություններից ու նայել առաջ»,- կերպարը մարմնավորած Գոհար Խաչատրյանը ժպտում է՝ նկատելով, որ ոչ բոլորին է տրված արագ վերականգնվելու ունակությունը:

Ընկերուհիների կյանքում ամեն ինչ «գլխիվայր» շուռ է գալիս մեկ պատահական հեռախոսային զանգից հետո: Անծանոթ տղամարդը շփոթել էր քաղաքային հեռախոսահամարները եւ Լարիսայի վերեւի հարկի հարեւանուհուն զանգահարելու փոխարեն, զանգահարել էր Լարիսային: Ընկերուհիներով, իհարկե սկզբում մի լավ քննարկում են պատահական զանգը, տղամարդու սիրառատ արտահայտությունները, նեղվում, որ գրեթե իրենց տարեկիցը կարող է 7 տարով փոքր տղամարդու հետ հանդիպել, իրենք՝ ոչ, վերջապես հիշում, որ իրենք էլ են կին, որ դեռ պահպանել են կանացի հմայքը, սակայն ա՜յ քեզ դժբախտություն, չկա «խելքը գլխին» տղամարդ, ում հետ կարելի է ծանոթանալ, շփվել եւ ամուսնանալ: Եվ Ինան առաջարկում է գրանցվել ծանոթությունների համար նախատեսված որեւէ կայքում:

«Միայնակ կինը հասարակության կողմից չգիտես ինչու այլ կերպ է ընկալվում: Տարիքային առումով 50-ի շեմը հատածը դադարում է հիմնականում ապրել իր համար, այնինչ այդ տարիքում էլ կարելի է ու պետք է ամուսնանալ՝ գտնել հոգու ընկեր»,- պնդում է Լարիսային մարմնավորած Սուսաննա Բաղդասարյանը: «Սա ներկայացում է նաեւ կանացի ընկերության մասին, թեպետ տղամարդիկ դրան չեն հավատում,- Գոհար Խաչատրյանը ծիծաղում է,- իհարկե պիեսում էլ դա մի պահ արտահայտվում է, երբ «քասթինգով» անցած տղամարդն ընտրում է ոչ թե ընտանեկան ջերմություն երազող Լարիսային կամ զվարթ բնավորության տեր Մայային, այլ՝ սուսիկ-փուսիկ, ինքնամփոփ Ինային: Այստեղ է, որ քիչ է մնում փլուզվի կանացի ընկերությունը, սակայն ի վերջո հաղթում է տարիների մտերմությունը»:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի համոզմամբ՝ այս ներկայացումը պետք է դիտեն հատկապես տղամարդիկ: Նույն կարծիքին է նաեւ ներկայացման ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: «Սա լիրիկական կատակերգություն է, սակայն բոլորս էլ գիտենք, որ ճշմարտությունը շատ հաճախ հենց կատակով էլ ասում են՝ դիմացինին չնեղացնելու համար,- նկատում է Ն. Ծատուրյանը,- իհարկե, ցանկությունս է, որ տղամարդ հանդիսատեսը գերակշռի՝ մտածելու շատ բան ունեն նրանք կանացի երջանկությունը պահպանելու առումով, բայց կանայք էլ պիտի պարտադիր նայեն՝ ի վերջո տարիքը դատավճիռ չէ՝ ընդամենը թիվ է, կարեւորը զգացողություններն են ու կյանքի նկատմամբ եղած սերը»:

Լուսանկարները` Արսեն Միրզախանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter