HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ ձուկն ու բույսն աճեցվում են ընդհանուր համակարգում

Ինչպե՞ս փոքր ձեռնարկությունը դարձնել արդյունավետ ու քիչ ծախսատար: Սրա հիմքը, ըստ գերմանացի Մարի Շյոնաուի (Marie Schönau ), լավ արտադրանք ունենալն ու լավ մարկետինգն է:

Մարին աշխատում է Բեռլինում գործող «Արդյունավետ քաղաքային տնտեսություն» ընկերությունում (Efficient city farming- ECF), կառավարման գծով օգնական է: Ընկերությունը հիմնադրվել է 3 տարի առաջ: Այստեղ աճեցնում են ձուկ, բանջարեղեն, կանաչի: Մարիի ասելով՝ իրենց գործունեությունն օրգանիկ գյուղատնտեսության օրինակ է:

Նա բացատրում է, թե ինչպես է աշխատում ակվապոնիկան: Ձկների ու բույսերի ջրի շրջանառության համակարգն ընդհանուր է: Ձկների մոտից դրանց արտազատումներով հարստացած ջուրը, որը վտանգավոր է կենդանիների համար, ուղարկվում է բույսերին, որոնք օգտագործում են արտազատումները որպես պարարտանյութ, ինչից հետո ֆիլտրված ջուրը կրկին լցվում է ակվարիում:

Տնտեսությունում աճեցնում են միայն տիլապիա: Սրա մանրաձուկը բերում են Նիդեռլանդներից: Տարեկան աճեցնում են մոտ 30 տոննա ձուկ: Մարին նշում է, որ իրենց աճեցրած տիլապիան առանց հակաբիոտիկների է և թարմ, միչդեռ շուկայում, ըստ նրա, հանդիպում են հիմնականում սառեցված տիլապիաներ: «Ձկների համար առաջնայինը մաքուր ջուրն է: Երբ ձուկ ես գնում, վստահ պիտի լինես, որ այն կեղտոտ ջրում չի աճեցվել»,- ասում է նա ու հավելում, որ ընտրել են միայն տիլապիան, քանի որ տարբեր ձկնատեսակներ չեն կարող աճեցնել նույն ջրում:

Հիդրոպոնիկ եղանակով տարեկան մոտ 35 տոննա բանջարեղեն են ստանում, ինչպես նաև կանաչի աղցանի համար: Ջերմոցները երկու մասից են՝ տաք և սառը: Առաջինում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ, կիտրոն և այլն, երկրորդում՝ կանաչեղեն աղցանի համար:

«Մենք շատ փոքր ձեռնարկություն ենք, և ավելի շատ պիտի աշխատենք, որ պահպանենք այն: Հետազոտում ենք, նոր գաղափարներ որդեգրում, թե ինչպես անել, որ նման փոքր մասշտաբով տնտեսությունները եկամտաբեր աշխատեն»,- ասում է Մարին:

Ձեռնարկի հեղինակների նպատակն է այնպիսի բիզնես մոդելի ստեղծումը, որը կարող է հետաքրքրել խոշոր ներդրողներին:

«Մենք փորձում ենք այս տնտեսությունը դարձնել հետաքրքիր բիզնեսի օրինակ, ինչպես նաև մշակում ենք հետագայում դրա զարգացման, մատակարարման ուղղությունները, օրինակ, թե ում է ուղղված լինելու մեր արտադրանքը»,- պատմում է Մարին:

«Երեք գործոններ հատկապես կարևոր են, երբ խոսում ենք ակվապոնիկայի համակարգով աշխատող տնտեսությունների մասին,- ասում է «ECF»-ի հիմնադիր Նիկոլաս Լեշկեն (Nicolas Leschke):- Դրանք են՝ համակարգի տեխնոլոգիան, մասնագիտացած անձնակազմը և մարկետինգը: Տեխնոլոգիայի միջոցով պետք է կարողանալ հաշվարկել արտադրվելիք սննդի քանակը, մասնագիտացած անձնակազմը պետք է կարողանա առավելագույնի հասցնել արտադրանքը, իսկ մարկետինգի և վաճառքի հայեցակարգը պիտի արտադրանքը լավ գնով և համապատասխան քանակով տեղաբաշխի շուկայում»:

«ECF»-ի տնտեսությունը հետաքրքիր վայր է նաև զբոսաշրջիկների ու տարբեր հյուրերի համար, մուտքը վճարովի է, բայց Մարին ասում է, որ այցելուներ շատ են ունենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter