HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ճակատագրով դատապարտվածները

17-ամյա Նվերը անդամալույծի սայլակով Երեւանի փողոցներում մուրացկանություն է անում:  Նվերին «ԳՈՒՄ»-ի շուկայի հարեւանությամբ գտնվող իրենց տան կողքի զուգարանից 1987թ. գտել է Հասմիկ Մելիքյանը:

 «Մարդս պառկած էր, ասաց` էդ ի՞նչ է, ասացի` երեխա է: Հարցրեց` որտեղի՞ց: Ասացի` զուգարանից: Պայուսակի մեջ դրած էր, ես լացի վրա գնացի: Հանեցի պայուսակից, բերի տուն»: Երեխային տարել են բժշկի: Ասել են, որ երեխան 7 օրական է: «Ոստիկանությունից եկան, ասացին` տանենք մանկատուն, մենք չհամաձայնվեցինք»: Նրանք որդեգրել են երեխային եւ անունը դրել Նվեր: 

 «Աստծո պարգեւն էր ինձ, ես երեխա չունեի, ու դա իսկապես նվեր էր»,- երանությամբ հիշում է անկողնուն գամված 78-ամյա Հասմիկ Մելիքյանը: Նա այն ժամանակ աշխատում էր «Մսի կոմբինատում», բանվոր էր: 

 Հինգ տարեկանում Նվերը անդամալույծ դարձավ, ոտքերն ու ձեռքերը չեն գործում. «Պահեցինք երեխուն, կիսուրս օգնում էր: Նվերիկս առողջ երեխա էր, մինչեւ հինգ տարեկանը քայլում էր: Թէ խի՞ սենց եղավ, չհասկացա: Բժիշկներն էլ չասեցին, թե ինչ եղավ»: Ծնողները չեն կարողացել հոգալ, որպեսզի երեխան կրթություն ստանա: Նվերը կարդալ չգիտի: «Դպրոց չեմ կարողացել տանել, ո՞նց տանեի»,- ասում է մայրը: 

 Այժմ Հ. Մելիքյանը ստանում է 3500 դրամ թոշակ, 3500 դրամ էլ Նվերն է ստանում` իբրեւ հաշմանդամության թոշակ: Մայր ու որդի ստանում են նաեւ 8 հազար դրամ նպաստ: 

Այդ 15 հազարից նրանք էլէկտրաէներգիայի համար վճարում են ամիսը երեք հազար դրամ: Մնացած 12 հազարը ծախսում են սնունդ ձեռք բերելու վրա: Օրական միայն մեկ հաց գնելով` ամսեկան ծախսվում է 4500 դրամ: Հ. Մելիքյանը երեք տարի է անկողնային վիճակում է: Դրանից առաջ աշխատում էր եւ մի քիչ ավելի լավ էին ապրում. «Էս թեւերս միանգամից թուլացան, չեմ կարողանում շարժել, թե չէ էլի կաշխատեի»,- ասում է նա: 

Նվերն այժմ մուրացկանություն է անում «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Ազնավուրի անվան հրապարակում. «Միլիցեքը չեն թողնում կանգնեմ, փող են ուզում: Երկու գրուպա կա, մեքենայով պտտվում են, մի խումբը գալիս է, ասում` էստեղ մի կանգնիր, մյուս խումբն էլ գալիս-ասում է` 1500 դրամ պետք է տաս կանգնելու համար: Մեկ-մեկ տալիս եմ էդ 1500 դրամը, բայց ձեռ չի տալիս, ինձ բան չի մնում»: 

Նվերը պատմեց, որ մի անգամ ոստիկանը հարվածել է իրեն: Հարցրեցի` ո՞ր տեղիդ է խփել (որովհետեւ նրա մարմնին խփելու տեղ չկա), ասաց` դեմքիս: Այդ ոստիկաններին Նվերը դեմքով ճանաչում է, նրանց մասին խոսելիս դեմքի մկանները պրկվեցին: «Ես հակաճառում եմ, ասում եմ` բա ո՞նց ապրեմ: Ասում են` գնա մի ձեւ յոլա գնա: Մի անգամ էլ հրապարակում էդ միլիցեն չթողեց պուլպուլակից ջուր խմեմ, ասաց` գնա ուրիշ տեղից խմիր: Մեզ ասել են ձեզ նմաններին չթողնենք էստեղ երեւալ»,-շարունակեց Նվերը: 

«Առաջ Ռոսիայի մոտ էի կանգնում, բայց այնտեղ մի քիչ խնդիրներ ունեմ, էլ չեմ ուզում կանգնել»,- ասաց Նվերը: Երբ հարցրի` ինչու՞ ես տնից էսքան հեռու գալիս, խնդիրների մասին չուզեց պատմել: Հետո Լյութոն` Նվերի մտերիմ ընկերը, պատմեց, որ մի աղջկա է սիրահարվել, «չի ուզում, որ էդ աղջիկը գա, իրեն այդտեղ տեսնի, ամաչում է»: 

«Աշխատանքի» վայր` «Մոսկվա» կինոթատրոն, Նվերին բերում է Լյութոն: Նա արեւածաղկի սերմ է վաճառում «ԳՈՒՄ»-ի շուկայի մոտ: Ամեն առավոտ ժամը 9 անց 45-ին նա գալիս է Նվերենց տուն, նրան նստեցնում սայլակին, տանում հասցնում «Մոսկվա» կինոթատրոն: Կեսօրին Լյութոն մի անգամ գալիս է ընկերոջն այցելության: Նվերին տանում է զուգարան, հետ բերում: Այնտեղից Լյութոն նորից վերադառնում է «ԳՈՒՄ»-ի շուկա: Իսկ երեկոյան` 21 անց 45-ին, նրանք հանդիպում են Երեւան կինոթատրոնի մոտ. մինչեւ այնտեղ Նվերը կարողանում է ինքնուրույն հասնել: 

Լյութոն էլ «ԳՈՒՄ»-ի շուկայից է գալիս այստեղ, մի քանի բառ են փոխանակում ու շարժվում դեպի տուն: Լյութոն ամեն երեկո Նվերին մեծ դժվարությամբ է բարձրացնում տան աստիճաններով: Այդ ընթացքում լսվում է Նվերի ձայնը. «Լյութո՛, կամա՜ց, սպասի՜ր»: Մայրն էլ վերեւից` անկողնում պառկած, անհանգստանում է. «Ի՞նչ եղավ, Նվե ՛ր, ջուր խմիր, հանգստացիր»: Ու այսպես, տարիներ շարունակ: 

Նվերին հանդիպում էի Երեւանի տարբեր վայրերում, Հանրապետության հրապարակում` Արտգործնախարարության շենքի դիմաց, «Մոսկվա» եւ «Երեւան» կինոթատրոնների մերձակայքում: Նա իր բարի ժպիտով ամեն անգամ դիմավորում է ինձ, հարցնում` ինչպե՞ս են գործերդ: 

Տասնյակ հասարակական, բարեգործական կազմակերպություններ ամենատարբեր ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Նրանցից ոչ մեկին չի հետաքրքրել քաղաքի տարբեր մասերում տարիներ շարունակ իրենց աչքի առաջ մուրացկանություն անող այս անչափահասը:

 «Լյութո՛, առավոտ 10-ին կգաս, չմոռանա՛ս»,- ամեն օր հրաժեշտի պահին մի քանի անգամ կրկնում է Նվերը: Լյութոն էլ հեռանալով` մի քանի անգամ կրկնում է` հա՜, հա՜: Ասում է ու արագ քայլերով հեռանում, որ հասցնի մետրո նստել` Շենգավիթ հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter