Ներսիկ Նազարյանը հովանավորչություն կատարե՞լ է, թե՞ ոչ. քննիչը հանցակազմ չի տեսնում, տուժողները բողոքում են
Կարեն Մարտիրոսյանը 1998թ. Վրաստանում ծանոթացել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Զուրաբ Շամոյանի հետ, նրանից ձեռք է բերել քաղցրավենիք, ներկրել Հայաստան և վաճառել: Այս ընթացքում Կարեն Մարտիրոսյանին օգնել է նրա հորեղբորորդի Սերգեյ Մարտիրոսյանը, որին , ըստ Կարեն Մարտիրոսյանի, ինքը վարձատրել է` օրական 5000 դրամ:
Զուրաբ Շամոյանը Կարենի միջոցով ծանոթացել է նաև Սերգեյ Մարտիրոսյանի հետ: Ծանոթությունից մոտ մեկ տարի անց Շամոյանը Մարտիրոսյաններին առաջարկել է Հայաստանում համատեղ ընկերություն հիմնել և ներմուծել «Նեստլե» ապրանքանիշի հրուշակեղեն: Հիմնվել է «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր և տնօրեն գրանցվել է Կարեն Մարտիրոսյանը: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով Զուրաբ Շամոյանը իր անձնական միջոցներից ներդրել է 100,000 դոլար: Կողմերը պայմանավորվել են, որ ստացված փաստացի եկամուտը բաշխվելու է. 50%-ը` Զուրաբ Շամոյանին, 25%-ական տոկոս` Կարեն և Սերգեյ Մարտիրոսյաններին:
2000թ. պայմանագրեր են կնքվել «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի և «Նեստլե», «Շտոլվերկ» ընկերությունների հետ, որից հետո սկսել են համատեղ գործունեությունը: ՍՊԸ-ի տարեկան շրջանառությունը կազմել է 171 մլն դրամ:
2003թ. Զ. Շամոյանը, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանները հիմնել են «Մարսերալ» ընկերությունը, որում ներդրումն ամբողջությամբ կատարել է Զ. Շամոյանը: Չնայած դրան` բոլորն էլ հանդիսացել են բաժնետերեր: Քանի որ Սերգեյ Մարտիրոսյանի կինը՝ Մարինա Կոստիկյանը, հաշվառված է եղել Երևան քաղաքում, որպես նոր ստեղծված ընկերության հիմնադիր Սերգեյ Մարտիրոսյանի առաջարկով գրանցել են կնոջը, իսկ տնօրենի պաշտոնում՝ Սերգեյին: Կարեն Մարտիրոսյանի խոսքերով՝ համատեղ աշխատանքի ընթացքում Սերգեյ Մարտիրոսյանը, օգտվելով տնօրեն լինելու, ապա նաև` ՍՊԸ-ի հիմնադիր դառնալու հանգամանքից, իրեն դուրս է թողել գործող բիզնեսից` հայտարարելով, թե նա բաժնետեր չէ:
«Մարսերալ» ընկերությունը սկսել է զարգանալ, աճել են շահույթները: Մինչև 2010թ. ձեռք է բերվել 39 ավտոմեքենա, ավելացել է աշխատողների թիվը, մասնաճյուղեր են բացվել Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, Արցախում:
Քանի որ «Շտոլվերկ» և «Մարտի Գրուպ» ընկերությունների միջև կնքված պայմանագրի գործողությունների ժամկետը լրանալիս է եղել, և չեն կարողացել «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ապրանքներ ներմուծել, Զուրաբ Շամոյանը Մարտիրոսյաններին առաջարկել է Վրաստանում գործող, իրեն պատկանող «Արգո» ընկերության միջոցով ձեռք բերել «Ալպեն Գոլդ» տեսակի քաղցրավենիք և արտահանել Հայաստան:
Հրուշակեղենը ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար Շամոյանը ծախսել է 120,000 դոլար, որից 18,700 դոլար` ապրանքների մաքսազերծման, և 7000 դոլար` տրանսպորտային փոխադրումների համար Շամոյանը Սերգեյ Մարտիրոսյանին տվել է առձեռն: Նշված հրուշակեղենի իրացումից ստացված գումարները Զուրաբ Շամոյանը չի ստացել և ընկերության գործունեությունը զարգացնելու համար թողել է շրջանառության մեջ: 2005թ. կատարվել է գույքագրում և պարզվել է, որ ստացված շահույթը, բացի Շամոյանի ներդրած 120,000 դոլարը, կազմել է 330,000 դոլար:
Դրանից հետո Շամոյանը սկսել է գրառումներ կատարել իր նոթատետրում:
Այդ ընթացքում ստացված շահույթից, որպես ընկերության գրասենյակ և պահեստ, 170,000 և 300,000 դոլարով Երևանի Շահամիրյանների փողոցում գնել են շինություն` հողամասով: Մեկը ձևակերպվել է Սերգեյ Մարտիրոսյանի կնոջ, իսկ մյուսը` Զուրաբ Շամոյանի կնոջ անունով: Նշված տարածքների վերանորոգման համար ծախսվել է մոտ 700,000 դոլար, և 766,000 դոլարի էլ գույք է ձեռք բերվել:
2008թ. Զուրաբ Շամոյանն ու Սերգեյ Մարտիրոսյանը Վրաստանում հիմնել են «Մաքսիմա պլյուս» ՍՊԸ-ն: Շամոյանի կողմից ներդրվել է 150,000 դոլար, նույնքան էլ ներդրել են Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանները:
2010-2013թթ. Վրաստանում ունեցած անձնական և գործնական իրավիճակներից ելնելով` Զ. Շամոյանը պատշաճ կերպով չի վերահսկել ընկերության գործունեությունը: 2013թ. ժամանակ առ ժամանակ եկել է Երևան` համապատասխան հաշվարկներ կատարելու, սակայն Սերգեյ Մարտիրոսյանը տարբեր պատրվակներով հետաձգել է դրանց կատարումը: Շամոյանը հայտնել է, որ իր եկամուտը 2010թ. դրությամբ կազմել է 2 մլն 308 հազար 300 դոլար, իսկ դրանից հետո ստացված շահույթը չի կարողացել հաշվել, քանի որ Սերգեյը համապատասխան տվյալներ իրեն չի տրամադրել:
2014թ. մարտ ամսին MAN-TGA տեսակի բեռնատար ավտոմեքենայի վարորդը, ինչպես միշտ, ավտոմեքենան իր կցորդով կայանել է «Մարսերալ» ՍՊԸ-ին հարող տարածքում և ավտոմեքենայի բանալիները թողել ընկերության պահակակետում: Սերգեյ Մարտիրոսյանը նշված ավտոմեքենան տեղափոխել է ընկերության տարածք և հետագայում հրաժարվել այն հանձնել Կարեն Մարտիրոսյանին:
Ֆինանսական հարցերի շուրջ առաջացած վեճերի պատճառով գործընկերների հարաբերությունները սրվել են: Երևան քաղաքի քննչական վարչությունում 2017թ. մարտի 17-ին քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, և նույն տարվա հոկտեմբերի 30-ին նքննիչ Գ. Գենջոյանը որոշել է վարույթը կարճել, Սերգեյ Մարտիրոսյանի արարքում Կարեն Մարտիրոսյանից և Զուրաբ Շամոյանից խարդախությամբ, յուրացմամբ գումար հափշտակելու դեպքի կապակցությամբ, ինչպես նաև` ինքնիրավչության, վաշխառություն կատարելու դեպքերի կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշվել է, որ նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ:
Գործի նյութերով պարզվել է, որ 2015թ. ամռանը Սերգեյ Մարտիրոսյանը Զուրաբին և Կարենին հայտնել է, թե չի ցանկանում վերադարձնել նրանց պատկանող գույքը և պահանջել է այդ հարցը կարգավորելու համար դիմել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին (ներկայում` Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ), քանի որ նա է հանդիսացել իրենց ընկերության գործունեության հովանավորը: Սերգեյից պահանջել են հանդիպում Ներսիկ Նազարյանի հետ, սակայն հրաժարվել է: Կարենն ու Զուրաբը պարզել են Նազարյանի որդու բջջային հեռախոսահամարը և նշված հարցով հանդիպել նրա հետ:
Ներսիկ Նազարյանի որդին հայտնել է, որ հայրը չի ցանկանում այդ հարցով հանդիպել և տեղեկացրել է, որ նրանց պատկանող բիզնեսն արդեն պատկանում է իր հորը, քանի որ նվեր են տվել:
Կարեն Մարտիրոսյանը և Զուրաբ Շամոյանը ցուցմունքներ են տվել, որ Ներսիկ Նազարյանին գումարներ են փոխանցել Ա. Շատվորյանի միջոցով, որն այդ գումարները տվել է Նազարյանի օգնական Սարգիսին: Վերջինս էլ գումարները տվել է Ներսիկ Նազարյանին:
Զ. Շամոյանը ցուցմունք է տվել, որ ցանկացել է բիզնեսը և Շահամիրյաններ փողոցի հարևանությամբ գտնվող տարածքը գրանցել կնոջ անունով, սակայն Սերգեյը, տարբեր պատճառաբանություններ բերելով, իրեն հետ է պահել այդ մտադրությունից: Նա եզրակացրել է, որ վստահելով Սերգեյին` խաբվել է: Ավելին, ստացվել է, որ հենց սկզբից Սերգեյը նպատակ է հետապնդել իրեն դուրս թողնել բիզնեսից, խլել իր ունեցվածքը: Զուրաբի խոսքով` Սերգեյը, բիզնեսը զարգացնելու համար ունենալով իր կարիքն ու աջակցությունը, սկզբում այդ քայլին չի դիմել, հետո, երբ բիզնեսը կայացել է, նա օգտվել է Վրաստանի բիզնեսի հետ կապված ժամանակավոր դժվարությունների առիթից:
Սերգեյ Մարտիրոսյանը հերքել է իր գործընկերների ցուցմունքները: Նշել է, որ որևէ մեկից ոչինչ չի խլել, գումարներ չի յուրացրել, Շամոյանն ամբողջությամբ վերցրել է իր մասնաբաժինը: Ավելին, նրա տեղեկացմամբ` Կարեն Մարտիրոսյանը երբևէ իրեն ավտոմեքենան վերցնելու պահանջով չի դիմել: Սերգեյը նաև հերքել է, թե Ներսիկ Նազարյանը հովանավորել է իրենց բիզնեսը: Քննիչն էլ պարզել է, որ «Մարսերալ» ընկերությունը 2013թ. տուգանվել է շուրջ 60 մլն դրամի չափով, իսկ 2016թ.՝ 16 մլն դրամի չափով: Այսինքն, եթե ընկերությունը տուգանվել է, հովանավորչության մասին խոսք լինել չի կարող: Դրանից ելնելով էլ` քրեական հետապնդում չի իրականացվել:
Մինչդեռ գործով տուժող Կարեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը բողոքներ է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանին և մատնանշել քննիչի թույլ տված սխալները, որոնք ազդել են գործի քննության վրա: Մասնավորապես, փաստաբանը նշել է, որ գործի քննությամբ չի պարզվել կարևոր հանգամանք, թե որքան է կազմել «Մարսերալ» ՍՊԸ-ի արժեքը, և Շամոյանին վճարված 1 մլն 900 հազար դոլարն արդյոք նրա մասնաբաժնի իրական չափն է, թե Սերգեյ Մարտիրոսյանը քիչ է վճարել, իսկ ավել մասը յուրացրել՝ զրկելով Զ. Շամոյանին սեփականությունից:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, ապա փաստաբանն իր բողոքում նշել է, որ քննիչն ամեն միջոց ձեռնարկել է այդ հանգամանքը հերքելու համար:
«Քննիչը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ն. Նազարյանին 2005-2007թթ. հովանավորչության համար ամսական հատկացվել է և նրան փոխանցելու համար Ս. Մարտիրոսյանին է տրվել 3000 ԱՄՆ դոլար (տարեկան 36 000 ԱՄՆ դոլար), հետո` մինչև 2009թ., ամսական 7000 ԱՄՆ դոլար (տարեկան 84 000 ԱՄՆ դոլար), իսկ մինչև 2010թ.` ամսական 12 000 ԱՄՆ դոլար: Այս ծախսերը ներառված են Զ. Շամոյանի հաշվարկներում: Եթե նույնիսկ Ս. Մարտիրոսյանն այդ գումարները չի տվել Ն. Նազարյանին, ապա ստացվում է, որ նա այդ պատրվակով հափշտակել է այդ գումարները մի քանի տարի շարունակ, որին իրավական գնահատական չի տրվել»,- նշված է փաստաբանի բողոքում:
Ինչ վերաբերում է ընկերությանը երկու անգամ տուգանելուն, ապա Գուրգեն Գրիգորյանը նշում է, որ ըստ քրեական գործի` Ներսիկ Նազարյանը հովանավորչություն է սկսել կատարել 2005թ., և ավելի քան 10 տարվա ընթացքում երկու անգամ տուգանելը չի նշանակում, որ հովանավորչություն չի եղել: Բացի այդ, քննիչը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ներսիկ Նազարյանը 2013թ. ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և, բնականաբար, այլևս չէր կարող հովանավորել «Մարսերալ» ՍՊԸ-ին: Նույն տարում էլ ընկերությունը տուգանվել է 60 մլն դրամով:
Դատախազը մերժել է փաստաբան Գուրգեն Գրիգորյանի բողոքները, ինչից հետո դիմել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
լուսանկարը՝ news.am-ի
Մեկնաբանել