HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հավաքակայանից՝ զորամաս. ձմեռային զորակոչի վերջին օրը Պաշտպանության բանակում

Հունվարի 30-ին Երևանից Արցախի զինվորական հավաքակայան էր ժամանել նորակոչիկների 72-հոգանոց խումբ, որոնցից 68-ը հունվարի 31-ին՝ ձմեռային զորակոչի վերջին օրը, պետք է մասնակցեր վիճակահանությանը, ինչից հետո հայտնի կդառնար, թե որտեղ են նրանք անցկացնելու առաջիկա երկու տարին:

Գոշեցի Նաիրին նշում է, որ մի փոքր անհանգստանում է, սակայն փորձում է հաղթահարել այդ ամենը:

«Տարբեր մտքեր են պտտվում գլխումս, այս պահին ամենաշատը տան մասին եմ մտածում, բայց դե ծառայություն ա, ինչ անես: Բանակը պարտավորություն ա, որը երկու տարի ուղեկցելու ա մեզ: Մենք էլ պետք ա պատվով էդ ամեն ինչը տանենք»,- նշում է Նաիրին:


Նաիրին՝ աջից

Երևանցի Հարությունը բժշկական ուսումնարանում է սովորել:

«Ճիշտ է, սկզբում այդքան էլ տրամադրված չէի ծառայությանը, բայց հետո հասկացա՝ ինչ էլ լինի լիքը օգուտներ և դասեր կքաղենք, որոնք հետագա կյանքում մեզ պետք կգան»,- ասում է Հարությունը:


Հարությունը

Մոսկվայի մարզի Բրոնիցի քաղաքից զինծառայության է եկել նաև Գառնիկը, ով չի տիրապետում հայերենին: Փոքր-ինչ մեկուսացած էր իր շուրջը նստած նորակոչիկներից, սակայն վերջիններս ամեն կերպ փորձում էին նրան ընդգրկել իրենց խոսակցություններում, կատակներ անել և բարձրացնել Ռուսաստանից եկած տղայի տրամադրությունը: Գառնիկը պատմում է, որ դեռևս ոչ մի պատկերացում չունի զինծառայության մասին, սակայն շատ կարճ ներկայացրեց բանակի մասին կարծիքը.

«Հայրենիքը պետք է պաշտպանենք: Երևի դա ինչ-որ տղամարդկային բան է»:


Գառնիկը

Վիճակահանությանը մասնակցում էին նաև երկվորյակներ Նարեկը և Արեգը: Երկուսն էլ քչախոս էին, սակայն Նարեկը պատասխանեց մի քանի հարցի: Ասում է, որ յուրահատուկ զգացողություն է եղբոր հետ զինծառայության մեկնելը:

«Գիտեմ, որ շատ դժվար է լինելու մեր ծնողների համար, բայց հուսով եմ նրանք իրենց պինդ կպահեն: Սա էլ կյանքի մի փուլ է, որը պետք է անցկացնենք»,- նշում է Նարեկը:


Նարեկն ու Արեգը

Ստորև ներկայացված լուսանկարում Վայքի շրջանի զինակոչիկներն են: Նրանց շարքում է նաև Նորայրը՝ Բարձրունի գյուղից: Մի քանի օր առաջ պատմել էինք, թե ինչ հետաքրքիր ավանդույթներով է Բարձրունի համայնքը ճանապարհում իր զինակոչիկներին: Տղաները ասում են, որ այստեղ՝ հավաքակայանում, իրենց տրամադրությունը բարձր է: Արգիշտին նշում է` շատ լավ կլիներ, որ վիճակահանության արդյունքներով՝ վայքեցիները միասին ծառայեին:


Վայքի շրջանի նորակոչիկները

«Ճիշտ ա, գիտենք, որ անհնար ա բոլորս էլ նույն տեղը ընկենք, բայց դե շատ լավ կլիներ: Երևանից մինչև այստեղ միասին եկել ենք, հաճելի կլիներ ճանապարհը կրկին միասին շարունակել»,- ասում է Արգիշտին:

Ձախից ՊԲ պատվո պահակախմբի զինվորներն են: Ամեն զորակոչին նրանք են ընդունում և ճանապարհում Արցախ զորակոչված զինվորներին: Պատվո պահակախմբի զինծառայող Սեդրակը պատմում է, որ «ամեն ինչ անում են թեկուզ մեկ օրվա ընթացքում նորակոչիկներին քաջալերելու և հետո ճանապարհելու համար»:

«Սա արդեն երկրորդ զորակոչն է, որ նորակոչիկներին ուղեկցում եմ՝ սկսած Երևանի հավաքակայանից մինչև Ղարաբաղի զորամասեր: Անկեղծ ասած, շատ ենք տխրում, յուրաքանչյուրի հետ յուրովի հարազատանում ենք, մենք էլ ենք այդ ամենի միջով անցել, հասկանում ենք նրանց ապրումները: Որպես հին զինծառայողներ՝ փորձում ենք օգտակար խորհուրդներ տալ նորակոչիկներին և ճանապարհել իրենց զորամասեր»,- ասում է գյումրեցի Սեդրակը:

Արդեն եկել է վիճակահանության ժամը: Հանձնաժողովը գլխավորում է ՊԲ համալրման բաժնի պետ, փոխգնդապետ Մելքոնյանը, ով ներկայացնում է վիճակահանության անցկացման կարգը: Փոխգնդապետ Մելքոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ «հարյուր տոկոսով պահպանված է հավասարության սկզբունքը»:

Տարբեր գործոններով պայմանավորված՝ վիճակահանությանը սկզբում մասնակցեցին արտոնություն ունեցող նորակոչիկները: Օրինակ՝ ծնողազուրկ զինակոչիկը վիճակահանությամբ չէր կարող հայտնվել դիրքապահ զորամասում: Երբ վիճակահանությունն ավարտվեց, և նորակոչիկներին հայտնի դարձան իրենց ծառայության վայրերը, ուղևորվեցինք ՊԲ N զորամաս:

Մեզ դիմավորեց ուսումնական գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Գեսյանը, ով մեզ ներկայացրեց նորակոչիկների հետ տարվող աշխատանքների ընթացքը: Գեսյանը ընդգծում է, որ նորակոչիկների հետ աշխատելիս առաջին հերթին շեշտը դրվում է նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա:  

«Նորակոչիկին ներկայացնում ենք, թե ինչ է բանակը, ինչ է ծառայությունը: Հետո ծանոթացնում ենք զորամասի տարածքին, իրենց սպաներին, սերժանտներին: Հետագայում սկսում ենք առաջին աշխատանքները՝ սկսած արտաքին տեսքից մինչև շարային պատրաստության պարապմունքներ»,- ասում է ԱՀՏԱ գծով տեղակալը:

Խոսելով զինծառայողների տրամադրության մասին՝ ավագ լեյտենանտ Գեսյանն ընդգծում է, որ նորակոչիկները հիմնականում նեղսրտում են «փակ վիճակից».

«Ծառայությունն ինքն իրենով սահմանափակում է նշանակում, բոլոր գործողությունները՝ սկսած զարթնելուց մինչև քնել, կանոնակարգված է: Սա բնական երևույթ է, քանի որ նորակոչիկը քաղաքացիական կյանքից եկել է, առաջին օրվանից մտել է մի կյանքի մեջ, որով երբեք չի ապրել: Բայց ամեն ինչ աստիճանաբար ստացվում է»,- պատմում է սպան՝ ընդգծելով, որ չափազանց մեծ պատասխանատվություն է նորակոչիկների հետ աշխատելը, և հենց սկզբում է որոշվում նրանց ծառայության հետագա ընթացքը:

Հակոբ Պողոսյանի լուսանկարները ձմեռային զորակոչի վերջին օրվանից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter