HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նորգյուղի համայնքապետը վաճառել է փախստականի բնակարանը

Կոտայքի մարզի Նորգյուղի համայնքապետ Գրիշա Թադեւոսյանը նույն գյուղում բնակվող փախստական Լուսաբեր Ազարյանին պատկանող բնակարանը վաճառել է համայնքապետարանի քարտուղար Շողիկ Ազիզյանին: Գնորդ Շողիկ Ազիզյանը, որը եղել է նաեւ աճուրդային հանձնաժողովի անդամ, բնակարանը գնել է 67.775 դրամով եւ շենքը աճուրդով վաճառելու մասին արձանագրությունը ստորագրել է ե՛ւ իբրեւ գնորդ, ե՛ւ իբրեւ վաճառող: 

 Նորգյուղի բնակիչ Լուսաբեր Ազարյանը հայտնեց, որ ավելի քան 15 տարի` Ադրբեջանի Դաշքեսանի շրջանից բռնագաղթելուց հետո, հաստատվել են այդ գյուղում եւ իբրեւ փախստական հաշվառված են այդ բնակարանում, որը գյուղի բուժարանն է եղել: «Այդ ժամանակ շենքում բնակվում էին 2 քրդի եւ 1 հայի ընտանիք: Լսեցի, որ քրդերի ընտանիքները հեռանում են, եւ բնակարանները ազատվում են, այդ մասին տեղյակ պահեցի սովխոզի տնօրենին եւ գլխավոր անասնատեխնիկին, որը ներկայիս համայնքապետն է: Ես գյուղի ֆերմայում էի աշխատում, եւ նրանք ինձ թույլատրեցին զբաղեցնել ազատվող բնակարաններից մեկը: Բնակարանն ինձ հանձնող քրդին բնակարանի վրա կատարած շինարարության վերանորոգման աշխատանքների համար վճարեցի 5000 ռուբլի»,-ասաց տիկին Լուսաբերը:

 Համայնքապետն, ըստ էության, շենքը բաժանել է իր աղջկա եւ քարտուղարի միջեւ, քանի որ նույն աճուրդով վաճառվել են նախկին բուժարանի երեք առանձին բնակարանները, սակայն ամբողջ շենքը ներկայացվել է որպես մեկ միավոր: Մյուս գնորդը համայանքապետ Գրիշա Թադեւոսյանի փեսան է:

Իր զբաղեցրած բնակարանը վաճառելու մասին տիկին Լուսաբերը տեղեկացել է 2003թ.-ի վերջերին՝ համայնքապետարանի քարտուղարից, որն առաջարկել է ազատել բնակարանը, հակառակ դեպքում կվտարեն իրենց ընտանիքին: Տիկին Լուսաբերի ասելով, համայնքապետը դրանից հետո անգամ շարունակել է հերքել բնակարանը վաճառելու փաստը: «Հետագայում համոզվելով, որ խաբում է, դիմել եմ Կոտայքի մարզպետին: Մարզպետարանից ինձ պատասխանել են, որ 1989թ.-ից ապօրինաբար ենք զբաղեցրել բնակարանը, մինչեւ օրս վարձ չենք վճարել եւ 2003թ.-ի օգոստոսի 5-ին նշված բնակարանը աճուրդով վաճառվել է, որին ես մասնակցելու ցանկություն չեմ հայտնել»,- ավելացրեց փախստականը: 

 Լուսաբեր Ազարյանն ասում է, որ բազմիցս դիմել է համայնքապետին՝ վարձի չափը ճշտելու համար, սակայն վերջինս պատասխանել է, որ տվյալ շենքը զբաղեցնողներից ոչ մեկն էլ չի վճարում, եւ իրենից էլ չեն վերցրել: «Համայնքապետը խնամքով ինձնից թաքցրել է բնակարանը աճուրդով վաճառելու փաստը: Ես նախկինում էլ բազմիցս դիմել եմ նրան` խնդրելով, որ եթե բնակարանը վաճառելու նպատակ ունեն, պատրաստ եմ գնելու: Անցնող 15 տարիների ընթացքում վերանորոգել, բարեկարգել ենք բնակարանը, տանիքի թիթեղն ենք փոխել, ավտոտնակ ենք կառուցել եւ այլն»,- հայտնեց նա:

Համայնքապետը փախստականի զբաղեցրած բնակարանը սակարկություններով վաճառելու իրավունք չուներ, քանի որ 1992թ.-ին ՀՀ կառավարության ընդունած 558 որոշումն արգելում է «փախստականների ապօրինի զբաղեցրած բնակարաններն այլ քաղաքացիների հատկացնելու վերաբերյալ որոշումներ ընդունել... մինչեւ նրանց այլ բնակարան, կացարան հատկացնելը կամ բնակության այլ վայրեր տեղափոխելու հարցի լուծումը»: Եթե անգամ համայնքապետն անտեսել է նշված որոշման պահանջը եւ բնակարանը վաճառել է, Լուսաբեր Ազարյանը պատրաստ է նույն գումարով գնելու իր զբաղեցրած բնակարանը, եւ գնելու առաջնայնությունը նրան է պատկանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter