HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մշակութային քաղաք Գորիսը մշակութային ժառանգությունը վերականգնելու եւս մեկ հնարավորություն բաց թողեց

Ինչպես արդեն տեղեկացվել է, Գորիս քաղաքը հայտարարվել է 2018 թ.-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: 2013 թ.-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչվեց Գյումրին, հինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանը հնարավորություն ունի եւս մեկ ինքնատիպ եւ ավանդույթներով հարուստ քաղաք ներկայացնելու միջազգային հանրությանը: Գորիսի ընտրությունը պայմանավորված է եղել քաղաքի հարուստ պատմամշակութային ժառանգությամբ: Կառավարության 2002 թ․ հաստատած Գորիս քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 278 հուշարձան (157 միավոր)։

Մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը մեկ տարով հնարավորություն է տալիս այդ քաղաքին վերածվելու մշակութային կենտրոնի: Մշակույթի նախարարությունը 2018 թ.-ի համար պլանավորած միջոցառումներն այս տարի կենտրոնացնելու է Գորիսում: Նախարարությունը եւ Գորիս համայնքը համատեղ ավելի քան 50 միջոցառում են նախատեսել՝ երաժշտական, թատերական, հրատարակչական, հոբելյանական եւ գեղարվեստական այլ ծրագրեր: Միջոցառումները կմեկնարկեն գարնանից, իսկ  հուլիսի 7-ին տեղի կունենա բացումը, որի ժամանակ ԱՊՀ գործադիր կոմիտեն Գորիսին կփոխանցի «մշակութային մայրաքաղաք» տիտղոսը:

«Մոտ 250 հրավիրվածներ կլինեն ԱՊՀ երկրներից, Վրաստանից, Չինաստանից, Իրանից, Մերձբալթյան երկրներից»,- տեղեկացնում է մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:

Բացման երկօրյա տոնակատարությունների ժամանակ համերգային ծրագրով հանդես կգա ԱՊՀ նվագախումբը` նոր կազմով, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին նվիրված ջազային փառատոնը նույնպես կանցկացվի Գորիսում, կլինեն նաեւ բացօթյա կինոդիտումներ, ցուցահանդեսների բացում, Գորիսին եւ նշանավոր գորիսեցիներին նվիրված հրատարակություններ, թանգարանային միջոցառումների կազմակերպում, ալբոմների, տեղեկատվական նյութերի հրատարակում, ԱՊՀ երկրներից հրավիրված պարային խմբերի համերգներ եւ այլն: Այդ օրերին Գորիսի հրապարակում կբացվեն գրախանութ-սրճարանը եւ քանդակների այգին: ԱՊՀ երկրների 10-ից ավելի քանդակագործներ մեկ ամիս առաջ ժամանելու են Գորիս՝ տեղում «Կախարդական ժայռերի քաղաքը» քանդակելու համար:


Միջոցառումները հիմնականում ֆինանսավորվելու են պետբյուջեից, իսկ ԱՊՀ հումանիտար ֆոնդը ֆինանսավորելու է 250 հյուրերի ժամանելու եւ կեցության հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը դեռեւս չի հաստատել միջոցառումների ցանկը, հետեւաբար պարզ չէ, թե ներկայացվածներից որոնք կֆինանսավորվեն: Մեզ առավելապես հետաքրքրում է «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գորիսի համայնքապետարանի ներկայացրած ցանկը` 36 առաջարկ, որում ժամանցային միջոցառումներից բացի, ներառված են պատմամշակութային ժառանգության վերականգնմանն առնչվող ծրագրեր:

Մշակութային մայրաքաղաք ճանաչելու համար Գորիսի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ունեցած պատմամշակութային արժեքներով: Գորիս ժամանող օտարերկրյա հյուրերին, բնականաբար, ամենահետաքրքրողը քաղաքի պատմական միջավայրն է լինելու, եւ այդ արժեքների նկատմամբ պետության ունեցած վերաբերմունքը: Նկատի ունենալով, որ «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հիմնական նպատակը, ինչպես հայտարարում է նախարարությունը, քաղաքի մշակութային արժեքները ներկայացնելն է, ուրեմն դրանք առանձնակի ուշադրության պետք է արժանանային:

Սակայն, վերջին տարիներին կատարված բոլոր ուսումնասիրություններում մասնագետները նշում են, որ Հին Գորիս արգելավայրը լքված է, հետզհետե քայքայվում ու քանդվում է: Անհրաժեշտ է կատարել պեղման եւ մաքրման աշխատանքներ Հին Գորիսի քարանձավային արգելավայրում, վերականգնել եւ վերօգտագործել բնակելի տները: Վարարակ գետի վրա վերականգնել եւ կառուցել նոր կամուրջներ` վերականգնելով կապը «Գորիս» արգելավայրի եւ քաղաքի միջեւ: 

Համայնքապետարանը տարվա մշակութային միջոցառումների ցանկում նախատեսում է պարբերաբար թատերական նեկայացումներ կազմակերպել «Ամֆիթատրոնում», ցուցադրություններ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում, որի համար նախատեսել է ներկայանալի տեսքի բերել թանգարանը, ընդլայնել տարածքը, կամ` տեղափոխել նախկին տարածք (Մաշտոցի 3 հասցե), բարեկարգել Հին Գորիսի քարանձավների շրջակայքը:

Ժամանակի առումով, թերեւս, հնարավոր է, մինչեւ բացման արարողությունը` հուլիսի 7-ը, երկրագիտական թանգարանի հետ կապված տեխնիկական խնդիրները կարգավորել, որոշ չափով բարեկարգել Հին Գորիսի քարանձավների շրջակայքը: Սակայն, մեծ ցանկության դեպքում անգամ, ժամանակը բավարար չէ Հին Գորիսում պահպանված քարանձավային թատրոնը, որին տեղաբնակները «Ամֆիթատրոն» են անվանում, վերականգնելու եւ թատերական ներկայացումներ կազմակերպելու համար: Ամֆիթատրոնի բեմը, նստատեղերը եւ հարդասենյակները պահպանվել են (ենթադրվում է, որ Գորիսի թատրոնը հարյուրամյակների պատմություն ունի), սակայն, մասնագետները բազմիցս ազդարարել են, որ այն վտանգված է, եւ վերականգնողական աշխատանքներ են անհրաժեշտ, հակառակ դեպքում մարդկանց մեծ հոսքն այնտեղ վտանգավոր է:

Հին Գորիսի ամֆիթատրոնը՝ դրսից եւ ներսից

Գորիսի երկրագիտական թանգարանը Սյունիքի մարզում ստեղծված առաջին թանգարանն է, բայց, թերեւս, ամենավատթար պայմաններում գտնվողը: Այն հիմնադրվել է 1940-ական թվականներին: Սկզբնապես գործել է եկեղեցում, իսկ այժմ` մշակույթի տան հարմարեցված տարածքում: Շենքն, ընդհանուր առմամբ, թանգարանի կարիքներին չի համապատասխանում՝ չունի օդափոխության, ջեռուցման եւ անվտանգության համակարգ: Թանգարանում պահպանվում է 5000-ից ավելի ցուցանմուշ, սակայն շենքային պայմանները բավականաչափ հարուստ թանգարանային նմուշներն ամբողջությամբ ցուցադրելու հնարավորութուն չեն ընձեռում, թանգարանն անգամ ներառված չէ զբոսաշրջային տուրերում:

Թանգարանը համայնքային ենթակայության կառույց է, եւ Ֆինանսական միջոցներ չտրամադրելու պատճառով վերջին տարիներին չի համալրվել նոր ցուցանմուշներով: Նորընտիր համայնքապետին կհաջողվի՞ այս կարճ ժամանակամիջոցում ներկայանալի տեսքի բերել շինությունը, գիտական մակարդակով ներկայացնել ցուցադրությունները, ցուցանմուշների մոդեռնացված, թարգմանված ցուցադրություն ապահովել եւ այլն: Սակայն, բոլոր միջոցառումներից սա է ամենակարեւորը, այստեղ կենտրոնացված մշակութային արժեքներն են օտարերկրացուն պատկերացում տալու Սյունյաց աշխարհի պատմության, մշակույթի, ավանդույթների եւ կենցաղավարության մասին:

«Գորիս» արգելավայրը հանդիսանում է քարայր-կացարաններով միջնադարյան բացառիկ հուշարձան, սակայն այն գտնվում է բավականին վտանգված վիճակում (որոշ քարայրեր փլուզման եզրին են): 2001 թ.-ին, երբ Կառավարության որոշումով Գորիսը հայտարարվեց զբոսաշրջային կենտրոն, դրանից հետո մի քանի ուսումնասիրություն իրականացվեց պատմական Գորիսը վերականգնելու նպատակով: Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակեց «Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի եւ քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատված­ների վերակառուցման եւ օգտագործման հայեցակարգը»:

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Տեղական տնտեսության եւ զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացման» ծրագրի շրջանակներում մշակվել է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման  նախագիծը:

Եվրոպայի միության եւ Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորումով ճարտարապետներն իրականացրել են «Հին Գորիս քարանձավային բնակավայրի վերականգնում նախնական տեխնիկական գնահատում» Հին Գորիս պատմամշակութային արգելոցի, հանրապետական նշանակության հուշարձանի վերականգնելու նպատակով: Միաժամանակ նշվում է, որ Հին Գորիսի վերականգնումն ու վերաօգտագործումը երկարաժամկետ ծրագիր է: Այն պետք է իրականացնել փուլերով:

2015 թ.-ին Գորիսը դարձել է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ: 

Սակայն, մինչ օրս, Կառավարությունը աշխատանքներ չի տարել պետական նշանակության այս հուշարձանի վերականգնման ուղղությամբ: Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ, պետական սեփականություն համարվող «Գորիս» արգելավայրում վերականգնվել են միայն Սբ Հռիփսիմե եկեղեցին եւ դրան կից երկու քարայրերը: Աշխատանքներն իրականացվել է «Գորիս-Վիեն» քույր քաղաքների համագործակցության շրջանակում, Փարիզում ֆրանսիահայերի հիմնադրած «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ֆինանսավորումով: 2009 թ.-ից սկսված աշխատանքներն ավարտվել են 2017 թ.-ին, որից հետո վերականգնողները նախաձեռնել են Սբ Հռիփսիմե եկեղեցուց մոտ 70 մ հեռավորության վրա գտնվող Մելիք Օհանի ապարանքի վերականգնումը:

Վերականգնված Սբ Հռիփսիմե եկեղեցին եւ քարայրերը

2016 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է կատարել այստեղ: Վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը հայտնեց, որ գումար չի հատկացվել ապարանքը վերականգնելու համար, պեղումներից հետո իրենք ժամանակավոր ամրակայման աշխատանքներ են կատարել ու այդպես թողել: Ճարտարապետի ասելով` Մելիք Օհանի ապարանքը կարելի է բերել մոտավորապես այնպիսի տեսքի, ինչպիսին եղել է նախկինում եւ վերածել ազգագրական թանգարանի կամ ցուցասրահի: Պրն Նալբանդյանի կարծիքով` Մելիք Օհանի ապարանքի օրինակով կարող են պատկերացում կազմել այն ժամանակվա վերնախավի կենցաղին եւ ապրելակերպին առնչվող որոշ հարցերի մասին:


Մելիք Օհանի ապարանքը

Մշակույթի նախարարությունը հաստատել է Գորիսի պաշտպանության գոտու հատակագիծը, որը ներառում է Գորիս քաղաքի հիմնական կենտրոնական հատվածը: Քաղաքի պատմության եւ մշակութային հուշարձանների պաշտոնական ցանկում ներառված են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Մելիքի եկեղեցին, 52 բնակավայրային քարանձավները, ամֆիթատրոնը, քարվանսարան, բնակելի ժայռապատ բլուրը, Ձագեձորի բերդը, նավթամղիչ կայանը, ձիթհանները, բրուտանոցները, հին գերեզմանատունը, բազմաթիվ տապանաքարեր ու խաչքարեր:

Գորիսը քաղաք է համարվել 1885 թ.-ին: Այդ շրջանում քաղաքում արդեն կառուցված էր 55 բնակելի տուն, գործում էր 124 խանութ: Գորիսից արտահանվել է տեղական արտադրության ապրանքների` բրդի, կաշվի, բոժոժի, գորգերի զգալի մասը: Պահպանվել է ձիթհանը, բրուտանոցը, որոնք տեղաբնակների զբաղմունքի ու կենցաղավարության մասին պատմող եզակի նմուշներ են եւ հետաքրքրական կարող են լինել քաղաքի այցելուների համար: Միջոցառումների ցանկից դուրս է մնացել արհեստների ունեցած դերը Հին Գորիսում: Մինչդեռ սրանք են Գորիսի մնայուն արժեքները, սրանք պետք է պահպանի ու հանրահռչակի մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter