HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

6 ամիս ազատազրկում լրագրողների նկատմամբ բռնարարք գործադրելու համար

Ամբաստանյալը դատարանին ասելիք չուներ եւ բավարարվեց դարձյալ լրագրողներին հայհոյելով

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 11-ին կայացրած դատավճռով Ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա հարձակում գործելու մեղադարանքով 6 ամիս ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին վերոհիշյալ լրագրողները բնապահպանական թեմայով հրապարակում պատրաստելու համար մեկնել էին Ծաղկաձոր՝ հատված անտառները եւ նրանց տեղում կառուցված առանձնատները նկարահանելու համար(Տես` Ովքեր են Ծաղկաձորում ոչնչացնում անտառը): Նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտել էին առանձնատներից մեկի պահակը եւ ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը: Վերջինս խուլիգանական վարքագիծ դրսեւորելով՝ վնասել էր Մխիթար Խաչատրյանի պարանոցն ու բազկի հատվածը եւ նրանից խլել ֆոտոխցիկի հիշողության չիպը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ֆոտոլրագրողին պատճառել էր միջին ծանրության մարմնական վնասվածքներ, իսկ լրագրող Աննա Իսրայելյանին վիրավորել սեռական բնույթի հայհոյանքներով, տեւական ժամանակահատված նրան պահելով սթրեսային վիճակում: 

Գործով տուժող ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանը երեկ դարձյալ դատարան չներկայացավ: Նա դատարանին գրություն էր ուղարկվել այն մասին, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել, այդ պատճառով չի ներկայացել եւ խնդրել էր բավարարվել իր նախաքննական ցուցմունքները հրապարակելով: Ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը, ինչպես խոստացել էր ծեծկռտուքի ժամանակ՝ «ֆոտոապարատը կկոտրեմ՝ կառնեմ կտամ», վերականգնել էր նրան պատճառված նյութական վնասը՝ վճարել էր չիպի արժեքը՝ 250 դոլար: Ֆոտոլրագրողը նախաքննության ժամանակ շեշտել էր, որ իբրեւ տուժող ինքն ամենից շատ բարոյական վնաս է կրել եւ իր պահանջն այն է, որ հանցագործը դատապարատվի: Նույն պնդումը արեց Աննա Իսրայելյանը: 

Դատարանը երեկվա նիստում պետք է լսեր գործով վկաներ ՀՀ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանին եւ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան օպերատոր Ժաննա Բալայանին, որոնք դարձյալ դատարանին ուղղված գրությամբ խնդրել էին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Ազատ Եղիազարյանը հաստատել էր, որ ամբաստանայալ Գագիկ Ստեփանյանը ներխուժելով Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տուն՝ հարձակվել էր Աննա Իսրայելյանի եւ Մխիթար Խաչատրյանի վրա եւ բղավել. «Ո՞վ եք դուք, ի՞նչ իրավունք ունեք նկարելու, գիտե՞ք, թե՞ ում տարածքն է»: Նշել էր, որ նրա հետ այլ երիտասարդներ էլ կային, որոնք նույնպես հանդիմանում էին լրագրողներին նրանց գործողությունների համար: Ժաննա Բալայանը նույնպես նշել էր, որ Գագիկ Ստեփանյանը ծեծեց Մխիթարին, իսկ Աննան վախեցած էր եւ դողում էր: 

Պետական մեղադրող՝ ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կորյուն Փիլոյանը լիովին հիմնավորված համարեց ամբաստանյալի մեղավորությունը, ոչ միայն այն փաստարկներով, որ նա խուլիգանություն է կատարել, այլեւ խոչընդոտել է լրագրողների աշխատանքային պարտականությունների կատարմանը: «Ամբաստանյալը թեպետ մասնակի է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն դատաքննության ընթացքում իր ցուցմունքներով ամբողջությամբ ընդունեց այն»,- հայտնեց պետական մեղադրողը: Կ. Փիլոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ լրագրողների դեմ նման հանցագործությունները ակտիվացել են: «Կարծում եմ, որ դատարանները հստակ մոտեցում պետք է ունենան նման քրգործերի նկատմամբ, առավել եւս, երբ հանցագործությունն ուղղված է անձի մասնագիտական պարտականություները կատարելուն խոչընդոտելուն»,- ավելացրեց նա: Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 6 ամիս ազատազրկման եւ տուգանել 100 հազար դրամի չափով: Իբրեւ ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներ դատարանին ներկայացրեց երկու դատավճիռ. Գ. Ստեփանյանը 1995թ. եւ 97թ.-ին դատապարտվել էր ապօրինի զենքի եւ թմրանյութի համար: 

Տուժող Աննա Իսրայելյանի ներկայացուցիչ լրագրող Ռուզան Մինասյանը շեշտեց, որ ամբաստանյալի հյուսած սցենարը, որ ինքը գրկախառնված էր ծառերի տակ իր ընկերուհու հետ, դարձյալ լրագրողին վարկաբեկելու միտում ունի, ցույց տալու համար, որ լրագրողները խոչընդոտում են իր անձնական կյանքին: Աննա Իսրայելյանը նշեց, որ գործով լիարժեք քննություն չի կատարվել եւ ճիշտն այն կլիներ, որ գործը վերդարձվեր լրացուցիչ նախաքննություն, որպեսզի պարզվեր, թե ովքեր էին իրենց ետեւից ուղարկել ամբաստանյալին եւ ո՞ւմ նկատի ուներ նա ասելով՝ «ի՞նչ իրավունք ունեք նկարելու, գիտե՞ք, ում տարածքն է», բայց քանի որ նման բացահայտման հույս չունեն՝ միջնորդություն չեն անում: 

Ամբաստանյալը հրաժարվեց եւ պաշտպանական ճառից, եւ վեջին խոսքից, նա բավարարվեց դարձյալ իրեն նկարահանող լրագրողներին հայհոյանքներ ուղղելով եւ ողջ դատավարության ընթացքում աչքի ընկավ իր անկառավարելի վարքագծով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter