HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծանրացած պետական պարտքն ու վճարելու բարդությունները. մաս 3

մաս 1մաս 2

Հայաստանի կառավարության արտաքին վարկերի շուրջ 44%-ը (1.761 մլրդ դոլար) բաժին է ընկնում Համաշխարհային բանկին (ՀԲ)։

Ինչպես արդեն նշել ենք, 2017  թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է մոտ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար։ Ֆինանսների նախարարության տեղեկագրում նշված է, որ մոտ 4.9 մլրդ դոլարը Կառավարության արտաքին պարտքն է, իսկ  0.6 մլրդ դոլարը՝ Կենտրոնական բանկինը։

Հայաստանի վարկատուները

Կառավարության 4.9 մլրդ դոլարի արտաքին պարտքի կազմում 4 մլրդ դոլարը արտաքին վարկերն ու փոխառություններն են, մնացածը՝ հիմնականում ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը, այլ խոսքով՝ եվրապարտատոմսերը։

Կառավարությունն արտաքին վարկերի գերակշիռ մասը ստացել է միջազգային կազմակերպություններից։ Իսկ օտարերկրյա պետություններից ու առևտրային բանկերից ստացած վարկերի կշիռը Կառավարության արտաքին պարտքի կազմում ընդամենը 21%-է կազմել 2017 թվականի տարեվերջի դրությամբ։

Հայաստանի ամենախոշոր վարկատուն այս պահին Համաշխարհային բանկն է՝ ի դեմս  Զարգացման միջազգային ընկերակցության (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD)։  

2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Կառավարության արտաքին վարկերի 43.8%-ը ՀԲ-ին ունեցած պարտքն է։ Մասնավորապես, դրա 15.7%-ը Հայաստանը պարտք է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, իսկ 28.1%-ը՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը։

Հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն  (ADB) է, որին բաժին է ընկնում Հայաստանի կառավարության արտաքին պարտքի 16%-ը։

Օտարերկրյա պետություններից պարտքի առավել տեսանելի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, Ճապոնիային և Գերմանիային։

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի արտաքին պարտքին, ապա, Ֆինանսների նախարարության տեղեկագրի տվյալների համաձայն, դեկտեմբերի վերջի դրությամբ առկա 601.5 մլն դոլարի պարտքի 48.8%-ն Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF) ունեցած պարտքն է, 21.6%-ը Գերմանիային ունեցած պարտքն է, 19.3%-ը՝ Եվրոպական ներդրումային բանկին (EIB), 7.5%-ը՝  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD), իսկ 2.9%-ն էլ Ասիական զարգացման բանկին (ADB) ունեցած պարտքն է։

Կառավարությունն արտաքին աշխարհից պարտք է վերցրել պետական բյուջեի դեֆիցիտը փակելու, սոցիալական, տնտեսական, կրթական և այլ ոլորտի ծրագրեր իրականացնելու համար։ Պարբերաբար մարվում են հին պարտքերն ու կուտակվում նորերը։

Ում որքան է վճարվելու 2018-ին

Ծրագրված է, որ Կառավարությունն այս տարի 163.3 մլն դոլար (մոտ 79 մլրդ դրամ) է ուղղելու միայն արտաքին պարտքի սպասարկմանը՝ տոկոսավճարներին։ Այդ գումարից առավել մեծ բաժին վճարվելու է եվրապարտատոմսերի գծով տոկոսագումարների համար (որոնք թողարկվել են 2013 և 2015 թվականներին), ինչպես նաև՝ Համաշխարհային բանկին ու Ասիական զարգացման բանկին։ Մի զգալի մաս էլ` Ռուսաստանին, Գերմանիային և այլն։

Ինչպես երևում է Ֆինանսների նախարարության տրամադրած ցանկից, այդ գումարի մոտ 66 մլն դոլարը ուղղվելու է եվրապարտատոմսերի գծով տոկոսավճարներին։ Ավելի քան 21 մլն դոլար վճարվելու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, մոտ 24 մլն դոլար էլ՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը։ Այսինքն՝ միայն Համաշխարհային բանկին այս տարի վճարվելու է 45  մլն դոլարի տոկոսագումար։  Այդ գումարները վճարվում են ոչ թե մեկ կամ երկու վարկային ծրագրերի շրջանակներում, այլ՝ բավականին շատ ծրագրերի։ Օրինակ՝ մի ծրագրի գծով վճարվելու է 1 մլն դոլարի տոկոսագումար, մյուսի համար՝ 0.5 մլն դոլարի և այլն։

Իսկ Ասիական զարգացման բանկին վճարվելու է 18.05 մլն դոլար։ 

Թե  որ կառույցին որքան տոկոսագումար է նախատեսված վճարել այս տարի Կառավարության արտաքին պարտքի շրջանակներում, ներկայացրել ենք ինֆոգրաֆիկայում։

Եվս  144 մլն դոլարի էլ, ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների, Կառավարության արտաքին պարտքի գծով հիմնական գումարների՝ մայր գումարների մարումներ պետք է իրականացվեն։ Այստեղ էլ մեծ են Ասիական զարգացման բանկի, Ռուսաստանի, Արժույթի միջազգային հիմնադրամի,  Զարգացման միջազգային ընկերակցության մասնաբաժինները։

Օրինակ՝ Ռուսաստանին այս տարի, բացի տոկոսավճարներից, պետք է ևս 20 մլն դոլար վճարվի որպես մայր գումարի մարում «Ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամին վճարվելու է մոտ 29 մլն դոլար՝ «Extended Credit Facility (ECF) ծրագրի» շրջանակներում։

Զարգացման միջազգային ընկերակցությանը, ստացված վարկային միջոցների դիմաց, այս տարի որպես մայր գումարի մարում կվճարվի 47 մլն դոլար։ Վարկային միջոցները ծախսվել են ավելի քան 50 ծրագրի շրջանակում, ինչպիսիք են` աղքատության կրճատման աջակցում, դատաիրավական բարեփոխումներ, առողջապահության համակարգի արդիականացում և այլն։

Եվ ավելի քան 16 մլն դոլար էլ կվճարվի Ասիական զարգացման բանկին։

Հաճախ նշվում է, որ պետական պարտքը լուրջ բեռ է դառնալու գալիք սերունդների համար: Սակայն պետական պարտքի  ներկա պատկերը ցույց է տալիս, որ այդ պարտքը միայն գալիք սերունդների բեռը չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսօր արդեն կրում են այդ բեռը:


ՎԶՄԲ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
ԶՄԸ՝ Զարգացման միջազգային ընկերակցություն
ԵՆԲ' Եվրոպական ներդրումային բանկ
ՕՄԶՀ' ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամ
ԱԶԲ' Ասիական զարգացման բանկ
ԵՄ' Եվրամիություն
ԵԶԲ' Եվրասիական զարգացման բանկ

 

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter