HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմաշի մանկապարտեզը 40 տարի է չի հիմնանորոգվել

Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան

«Էն վախտ, որ երեխեքով քնած էինք, մի հատ «թստան բլոճ» այնտեղից սե՜նց եկավ: Նարեկը հելավ, ասեց՝ երեխե´ք, հելե~ք-հելե~ք, «թստան բլոճը»: Մենք էլ հելանք ընկեր Մարիետային, ընկեր Արմինեին կանչեցինք, մեկ էլ ընկեր Գայանեին ու տատիիս, եկան, սատկացրին»,-«թստան բլոճի» անցած ճանապարհը ցույց տալով` պատմում է 6-ամյա Լուսինեն, որը հաճախում է Արարատի մարզի Արմաշ գյուղի մանկապարտեզ:

Սահմանամերձ գյուղի մանկապարտեզը գործում է 1977 թվականից: Տարիների ընթացքում մանկապարտեզում մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել՝ փոխվել են լուսամուտները, դռները, տանիքը, սակայն հիմնադրման օրվանից այն չի հիմնանորոգվել: Այժմ էլ պատերի որոշ հատվածներ անձրևաջրերից խոնավացել են, տեղ-տեղ ճաքած են, ծեփը թափվել է, փայտե հատակը տարիների ընթացքում մասամբ փտել եւ դուրս է եկել, դահլիճի առաստաղից և պատերից ծեփ է թափվում, իսկ լինոլեումը վերջին անգամ փոխվել է 80-ականներին: Ննջարանների գույքը մասամբ է փոխված: Երկու-երեք տարի առաջ փոխվել են ավագ և միջին խմբի սեղանները, իսկ կրտսեր երկրորդ խմբի մահճակալները դեռևս 70-ականների են, սպիտակեղենը նույնպես փոխել է պետք:

Մանկապարտեզը տարվա ընթացքում գործում է յոթ ամիս, քանի որ գազաֆիկացված չէ, չի ջեռուցվում: 2017 թվականի հոկտեմբերի 2-ին էլ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը փակել է մանկապարտեզը, քանի որ խոհանոցը չի համապատասխանել սահմանված պահանջներին: Փակվելուց հետո համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել է խոհանոցը, նոր գույք է տեղադրվել: Մանկապարտեզը նախատեսում են բացել ապրիլին, երբ եղանակային պայմանները բարելավվեն, ջեռուցման կարիք չլինի, իսկ մինչ այդ ՍԱՊԾ-ն ստուգումներ կկատարի՝ մանկապարտեզի վերաբացման թույլտվություն տալու համար:

Մանկապարտեզի տնօրեն Ալլա Եսայանի խոսքով՝ նախկինում ավելի քան 200 երեխա են ունեցել, սակայն վերջին տարիներին, բնակչության թվի նվազմանը զուգահեռ, երեխաների թիվը կրճատվել է. այժմ մանկապարտեզ է հաճախում 90-93 երեխա:

Եսայանը տնօրեն է 1982 թվականից: Ասում է՝ մանկապարտեզում խնդիրները սկսվել են Երասխի կռիվներից հետո`1993 թվականից. «Ամեն ինչ շատ լավ է եղել, կանաչապատ է եղել, ջրի խնդիր չենք ունեցել: Ոռոգման ջրի խնդիր էլ չի եղել: Ծառեր ենք ունեցել՝ երևի մոտ 75 ծիրանի ծառ: Արդեն խնդիրները առաջացել են Երասխի կռիվներից հետո, որ ավիրվեց, ապակիները լրիվ կոտրվել էին, մենք նորից ենք գցել: Համենայն դեպս, դրանից հետո սկսեց կամաց-կամաց օգնության կարիքը զգացվել, բայց միջոցներ չկային գյուղապետարանի կողմից, որպեսզի մեզ օգնեին»:

Տնօրենն ասում է, որ դիմել է տարբեր կազմակերպությունների ու հիմնադրամների մանկապարտեզի համար օգնության խնդրանքով, սակայն արձագանքողներ չեն եղել: 

Նա պատմում է, որ երբ դրսում երեխաներն իրեն տեսնում են, հարցնում են՝ ընկեր Ալլա, բա մանկապարտեզը ե՞րբ է բացվելու:

Մանկապարտեզի ամսական վարձավճարը 5000 դրամ է, համայնքապետարանը փոխհատուցում է աշխատողների աշխատավարձերը, վճարում է զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների վարձավճարները, երբեմն կատարում է վերանորոգման աշխատանքներ, իսկ մանկապարտեզի հավաքած վարձավճարները հիմնականում ուղղվում են սննդի ձեռքբերմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter