HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արվեստն ուսումնասիրող հայկական առաջին խաղ-գիրքը՝ «Արվեստ»-ը

««Արվեստ»-ի ամեն խաղ մտածված է անուղղակիորեն ինչ-որ բան սովորեցնելու համար, օրինակ՝ ինչպես նկար նայել, ինչպես դետալներին ուշադրություն դարձնել»,- ասում է «Արվեստ» խաղ-գրքի համահեղինակ Լիա Մխիթարյանը։

«Արվեստ»-ը հինգ խաղ ունի, խաղաքարտերը նույնն են։ «Eiva Arts» հիմնադրամը ստեղծվել է Լիա Մխիթարյանի, Գայանե Այվազյանի և Լիլիթ Ստեփանյանի կողմից։ Ներկայացված է 12 հայ նկարչի 2-ական աշխատանք։ «Խաղը արվեստի կրթությունը խթանող միջոց է, որը հնարավորություն է տալիս երեխաներին, պատանիներին, ինչու չէ՝ նաեւ մեծերին հնարավորինս մոտ լինել արվեստին»,- այսպես են նկարագրում խաղի հիմնադիրները։

«Մեր հերթական կրթական ծրագրերից մեկն է։ «Արվեստ»-ում 19-20-րդ դարի հայ նկարիչներն են, այն դեմքերը, ովքեր արվեստի պատմության մեջ լումա են ստեղծել՝  Հակոբ Հովնաթանյանից սկսած մինչեւ Դեղձ Աշոտ»,- ասում է Լիա Մխիթարյանը։

Խաղաքարտերի համար նկարներ ընտրելուց բացի, «Արվեստ»-ը ստեղծողները խաղին կից ստեղծել են պատկերազարդ գիրք, որտեղ ներկայացված է տեղեկատվություն` նկարիչների եւ նրանց նկարների մասին։

 «Մենք ինչ-որ հետաքրքիր,  իլյուստրացիաներով  լի ինֆորմացիա էինք ցանկանում վերցնել, որը երեխան կհիշի։ Օրինակ՝ հայտնի դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը նկարներում արտացոլել է ժամանակի նորաձեւության էլեմենտները կամ` Այվազովսկին եղել է լավ ջութակահար, սա ավելի հետաքրքիր է, քան թե որտեղ սովորեց կամ երբ մահացավ»,- ասում է Լիան։

Խաղի համահիմնադիր Գայանեն էլ ավելացնում է, որ ընտրել են այնպիսի նկարներ, որոնք առկա են նաեւ թանգարաններում ՝ ստեղծելով կապ թանգարանների հետ։ Գայանեն հիշեցնում է, որ սա միայն խաղ չէ, այլ մարզում է երեխայի հիշողությունը, զարգացնում թիմում աշխատելու, սպասելու, լսելու կարողությունները։

«Արվեստ»-ը կարող են խաղալ նաև ընտանիքի անդամներով։ Հիմնադիրները փորձել են տարածում գտած սեղանի խաղերի գաղափարի միջոցով ստեղծել խաղ, որը ոչ միայն կզվարճացնի, այլեւ՝ կկրթի։

«Երբ այս ոլորտում ես, հասկանում ես՝ ինչքան բացեր կան, երեխաներն ինչպես եւ ինչքանով են առնչվում արվեստին, հասկանում ես, որ դպրոցներում կա հայ արվեստի ուսումնասիրման բաց, թանգարաններում էլ լիարժեք ձեւով ուսումնասիրել չի լինում։ Հիմա կա հնարավորություն՝ ուսումնասիրելու, կարդալու, հենց տանը»,- պատմում է Գայանեն։

Խաղի համահիմնադիր Գայանեն

Հիմնադիրներն իրենց աշխատանքով փորձում են կոտրել այն կարծրատիպը, որ արվեստը բոլորին հասանելի չէ։

«Ծնողները երբեմն ասում են՝ իմ երեխան սիրում է լեգոներով խաղալ, IT ուղղվածություն ունի։ Պարտադիր չէ դառնալ արվեստագետ արվեստով հետաքրքրվելու համար, կարող ես դառնալ նաեւ միջուկային ֆիզիկայով զբաղվող։ Արվեստը, եթե ճիշտ մատուցես, բոլորի համար էլ հետաքրքիր կլինի»,- ասում է Լիան։

Խաղի համահիմնադիր Լիան

Հիմնադիրների համար ամենակարևորը երեխաների արձագանքները հասկանալն էր, ու նրանց արձագանքների շնորհիվ էլ ստեղծել են խաղի վերջնական տարբերակը։

«Արվեստի» առաջին խաղացողները հենց իրենք են եղել։ Իսկ հետագայում խաղացել են երեխաների հետ։ «Երեխաներն ավելի հեշտությամբ են կողմնորոշում, օրինակ՝ աղջիկս հիշողության խաղը միշտ հաղթում է»,- ավելացնում է Գայանեն, Լիան էլ պատմում է, որ ինքն ու իր աղջիկը խաղը խաղալիս միշտ խախտում են կանոններ, իրենց համար ամեն անգամ նոր կանոններ հորինում։

 

Տեսանյութը և լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter