HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շվեյցարական ընկերությունը սնանկ է

ՀՀ կառավարությունը 2002 թ.-ին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը սեփականության իրավունքով 2,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վաճառել է շվեյցարական «Դենո» ընկերությանը՝ հաշվի առնելով, որ «ընկերությունում ներգրավված անձնակազմը մեծ փորձ ունի հանքարդյունաբերության ոլորտում եւ բավարար ֆինանսական ռեսուրսներ՝ ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրն իրականացնելու համար»: 

Կառավարության վաճառքի գործարքով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է իրականացներ 7 մլն դոլարի ներդրումային ծրագիր, ինչպես նաեւ մարեր ՀՀ պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին կոմբինատի ունեցած պարտքը՝ 750 հազար ԱՄՆ դոլարի չափով: «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի պարտքը, ըստ կառավարության 2002 թ.-ի նոյեմբերի 21-ի թիվ 1859-Ա որոշման, պետք է մարվեր 6 տարվա ընթացքում՝ վճարումն սկսելով 2006 թ.-ի հունվարի 1-ից: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին ունեցած պարտքը պետք է մարվեր պայմանագրի կնքման պահից հինգ տարվա ընթացքում՝ վճարումն սկսելով 2005 թ.-ի հունվարի 1-ից: 

Սակայն մասնավորեցումից ընդամենը երկու տարի հետո «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ինքնասնանկացման հայց է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարանին, եւ դատարանը օգոստոսի 6-ին բավարարել է հայցը: Ներկայումս «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն գտնվում է անվճարունակության գործընթացում, եւ պարտատերերի ցուցակում առաջին տեղում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, որի որոշմամբ ընդունած պարտավորությունները չի կատարել շվեյցարական «Դենո» ընկերությունը, այլ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս քորփորեյշն» ընկերությունը: 

Բանն այն է, որ խոստացած ներդրումները կատարելու եւ արտադրության նախատեսված ծավալներն ավելացնելու փոխարեն «Դենո» ընկերությունը կոմբինատի գործարկման կարճ ժամանակամիջոցում բազմաթիվ այլ պարտքեր է կուտակել: Դրանցից ձերբազատվելու ելքը գտել է այն ժամանակ, երբ պարտատերերը պարտքը վերադարձնելու պահանջ են ներկայացրել, իսկ երբ այդ պահանջով առաջին հայցադիմումը մտել է դատարան, «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս քորփորեյշն» ընկերությունը «Դենո» ընկերության եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հետ կնքել է եռակողմ փոխառության պայմանագիր: Պայմանագրի համաձայն, «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս քորփորեյշն» ընկերությունը «Դենո» ընկերության դրդմամբ պարտավորվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին տրամադրել փոխառություն, որի վերադարձն ապահովելու համար նրանց միջեւ կնքվել են գրավի պայմանագրեր: Պայմանագրով գրավադրվել է կոմբինատին պատկանող ողջ գույքը՝ սարքավորումներ, շինություններ եւ այլն, որը գնահատվել է մոտ 6 մլն դոլար: 

«Կոմբինատին» սնանկ ճանաչելուց հետո «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս քորփորեյշնը» դատարանին է ներկայացրել 6 մլն 100.204 ԱՄՆ դոլարի գույքի գրավի պայմանագրեր, որոնցով փորձել է հիմնավորել իր պահանջների ապահովվածությունն ու գրավադրված գույքի վաճառքից ստացած միջոցներից առաջնահերթ բավարարում ստանալու իրավունքը: Փաստորեն, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի համարյա ողջ գույքը 6 մլն դոլարի դիմաց կանցնի «Քորփորեյշնին», իսկ մնացած պարտատերերը կմնան ձեռնունայն: Նույն տրամաբանությամբ չեն կատարվի նաեւ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ նախատեսված պահանջները: 

«Քորփորեյշնը» մոտ 6 մլն դոլար «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին է տրվել «Դենո» ՍՊԸ-ի դրդմամբ, նրա անունից եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության եւ «Դենո» ՍՊԸ-ի միջեւ 20.12.2002 թ. կնքված բաժնետոմսերի փոխանցման պայմանագրի, որով «Դենո» ՍՊԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել, ինչպես նաեւ մարել «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտավորությունները: Մասնագետների գնահատմամբ «Դենո» ՍՊԸ-ի, «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս քորփորեյշն»-ի եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի միջեւ կնքված եռակողմ պայմանագիրը շինծու է եւ նշված պայմանագրի հիման վրա գումարների ներդրումն ու վճարումը փոխառության պայմանագիր չի դիտարկվում: Նրանց կարծիքով, «Դենո» ՍՊԸ-ն եւ «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս քորփորեյշնը» նշված պայմանագրերին փոխառության պայմանագրի երանգ տալով փորձում են խուսափել ՀՀ կառավարության 21.11.2002 թ. թիվ 1859-Ա որոշման 2-րդ կետով եւ ԲՓՊ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից: 

«Դենո» ընկերությունը ծրագրել եւ իրականացնում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ակտիվների դուրսբերման ապօրինի ծրագիր, ինչով կոպիտ կերպով խախտվում են ՀՀ շահերը, այդ ընկերության պարտատեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու պետական մարմինների շահերը», ասում է դատարանում «Կոմբինատի» պահանջատեր կազմակերպություններից մեկի շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը: Նրա կարծիքով «Ռեյնջբուրգ Էնթրփրայզիս քորփորեյշնը» չի կարող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից որեւէ գումար պահանջել, քանի որ նրանց միջեւ կնքված գրավի պայմանագրերը առ ոչինչ են: «Դենո» ՍՊԸ-ի վճարումներն ու ներդրումները փոխառությամբ տրվող գումարներ չեն, այլ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը 1,5 մլն ԱՄՆ դոլար գումարով «Դենո» ՍՊԸ-ին փոխանցելու պայման: 

ՀՀ կառավարության 21.11.02 թ. թիվ 1859-Ա որոշման 4-րդ կետով սահմանվել է, որ սույն որոշման 2-րդ կետում նշված բաժնետոմսերի փոխանցման պայմանագրի կնքման պահից պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` ներդրումային ծրագրերի կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը: Նախարարության անհետեւողականության պատճառով «Դենո» ՍՊԸ-ի համար հնարավորություն է ստեղծվել կատարվող ներդրումներն ու վճարումները ներկայացնել իբրեւ փոխառությամբ տրված գումարներ, որով էլ անհնարին է դառնում ՀՀ կառավարության որոշման 2-րդ կետով նախատեսված «Դենո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter