HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փորձագետ. «Ամասիա եւ Աշոցք համայնքների զարգացման ծրագրերում նպատակը նշված է՝ բացակայում է չափելիությունը»

Շիրակի մարզի խոշորացված համայնքներից 4-ում ավարտվել, իսկ անցած տարի ձեւավորված 3 համայնքում ընթացքի մեջ է զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման գործընթացը: Նախորդ տարիների ուսումնասիրությունները ցույց էին տվել ու հետագայում էլ բազմիցս ապացուցվել էր, որ միմյանցից «արտագրած» զարգացման քառամյա ծրագրերը համայնքներում կրում են ձեւական բնույթ: Շատ դեպքերում ՏԻՄ-երն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում մշակում էին ոչ թե ծրագրային, այլ ծախսային բյուջեներ՝ հետապնդելով առավելապես ընթացիկ նպատակներ ՝ բյուջետային եկամուտների խիստ ցածր մակարդակի պատճառով:

Ի՞նչ է փոխվել համայնքներում խոշորացումից հետո եւ ի՞նչ մոտեցում են ցուցաբերում ՏԻՄ-երը զարգացման 5-ամյա ծրագրերը կազմելիս: Պատկերը որոշակիացնելու նպատակով տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը Գյումրիում գործող «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի պատվերով վերլուծել է 2016թ-ի սեպտեմբերին խոշորացված Ամասիա եւ Աշոցք համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը:

«Խնդիր էր դրվել ուսումնասիրել 2017-21թթ.-ի զարգացման հնգամյա ծրագրերը, դրանց մշակման իրատեսականությունը, ծրագրերի համապատասխանությունը տարբեր իրավական հիմքերի, օրինակ մեթոդական ցուցումների, որ մշակվել է տարածքային կառավարման նախարարության կողմից եւ այլն,-ասում է Ղարիբ Հարությունյանը,- եթե համեմատական կարգով ասեմ, ապա երկու խոշորացված համայնքներից Ամասիա համայնքի զարգացման ծրագիրն ավելի պրոֆեսիոնալ կերպով էր կազմված, զգացվում էր, որ արհեստավարժ մասնագետ է ներգրավվել, իսկ Աշոցքի դեպքում՝ տպավորություն կար, որ իրենց ուժերով է արված, եւ շատ ծրագրային կետեր պարզապես ընդհանուր են ներկայացված»:

Ամասիա խոշորացված համայնքում ընդգրկված 8 բնակավայրի համար մշակված է զարգացման 31 ոլորտային ծրագիր, որից 12-ի մեկնարկը տրվել է 2017թ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1 մլրդ 074 մլն դրամ է: Համայնքի կողմից հիմնված «Ամասիա» հիմնադրամի մասնաբաժինը 94 մլն դրամ է, որն ըստ մասնագետի շատ քիչ է:

«Նշված գումարի մեջ համայնքի ընդհանուր մուտքերը մոտ 561 մլն դրամ են, 2-րդ տեղում բյուջեն է՝ 223 մլն դրամ, դոնորներից ակնկալվող գումարը՝ 193 մլն է, եւ վերջին տեղում հիմնադրամն է՝ 94 մլն դրամով, որն իմ կարծիքով շատ փոքր թիվ է,- նկատում է տնտեսագետ-վերլուծաբանը,- հիմնադրամը պետք առավել մեծ մասնաբաժին ունենար, որովհետեւ ունի հսկայական պոտենցիալ: Նույն այդ Եվրոմիության ծրագրում ինքը կարող էր կողմ լինել ու ավելի շատ գումար բերել համայնք: Իմ առաջարկություններում կա հզորացնել հիմնադրամը: Կարծում եմ համայնքն այդ ուղղությամբ աշխատանքներ ունի անելու»:


Ղարիբ Հարությունյանը

Բավական մանրակրկիտ մշակված զարգացման 5-ամյա ծրագրում իրավիճակի գնահատումը տրված է ըստ բնակավայրերի, առանձին նկարագրված են բոլոր խնդիրները՝ ժողովրդագրության, համայնքային սեփականության ֆիզիկական վիճակը, կոմունալ տնտեսության վիճակն եւ այլն: «Արդեն կոնկրետ մասնագիտական ձեւակերպումների առումով կան բազմաթիվ բացթողումներ,- ասում է Ղարիբ Հարությունյանը,- օրինակ, նույն երկարաժամկետ տեսլականում, որտեղ ներառված են սոցիալական, տնտեսական, կրթական բաղադրիչները, Ամասիայի բնակիչների քաղաքացիական ակտիվությունը չի երեւում: Իհարկե, հետագայում որոշ նպատակներ դրա ուղղությամբ առանձնացված են, բայց շատ կարեւոր է, որ համայնքն իր զարգացման տեսլականում տեսնի եւ օգտագործի քաղաքացիական ակտիվ հասարակության ներուժը: Ռազմավարությունում բավական համապարփակ նշված են ուղղությունները, բայց չափելիությունը տրված չէ: Օրինակ, իրենք ուզում են համայնքում աստիճանաբար մեծացնել անասնապահական մթերքների արտադրության ծավալները: Նպատակը ձեւակերպել են, բայց կանխատեսումները չկան՝ ասենք մոտավոր տարեկան ի՞նչ աճի տոկոս են նախատեսում անասնագլխաքանակի կամ արտադրվող կաթնամթերքի ու մսամթերքի համար»:

Հեռահար եւ անմիջական նպատակների հետ կապված կրկին չափելիության խնդիր է հայտանաբերել տնտեսագետը: Նպատակին հասնելու համար համայնքը կոնկրետ չափելի ցուցանիշ չի նշում: Որպես օրինակ Ղարիբ Հարությունյանը բերում է կրթության ոլորտը: Ամասիայի զարգացման 5-ամյա ծրագրում նշված է՝ կրթական բնագավառում պայմանների բարելավում եւ ընդլայնում: Նպատակը կա, սակայն չի մանրամասնվում, թե ինչ պայմանների մասին է խոսքը, ինչ են նկատի ունեցել ծրագիր կազմողները՝ շենքային պայմանների ընդլայնու՞մ, թե՞ նորի կառուցում, իսկ գուցե ընդամենը հնի կողքին ինչ-որ նոր մասնաշենքի ավելացում:

«Ամասիայի զարգացման ծրագրում հստակ նշված է, թե մարզային կառույցների հետ ինչ ծրագրեր են նախատեսված՝ հավանաբար այդ ինֆորմացիան ունեն եւ ներառել են զարգացման ծրագրում: Օրինակ, Ամասիայի հանրակրթական դպրոց տանող մեկ կմ ճանապարհի վերանորոգում եւ լուսավորության ցանցի անցկացում, սա արվելու է մարզպետարանի հետ համագործակցության արդյուքնում 5 տարիների ընթացքում»,- նշում է զրուցակիցս:

Միջազգային կառույցների դեպքում կրկին նշված են միայն ուղղությունները, սակայն իրականացման առումով կրկին հստակություն չկա: Ղարիբ Հարությունյանին զարմացրել էր այն, որ Ամասիայի զարգացման հնգամյա ծրագրում ներառված չէր Եվրոմիության աջակցությամբ առաջիկայում ստեղծվող բրդի արտադրության ծրագիրը, որի առաջարկը եղել է հենց համայնքից, ու այդ մասին իր հարցազրույցներում բազմիցս նշել է համայնքի ղեկավարը:

«Գուցե վստահ չեն եղել, որ կհաստատվի, սակայն անցած տարի դեկտեմբերին այդ մասին եղավ հստակ հայտարարություն եւ հաստատվեց 1 մլն եվրոյի ուղղորդումը Ամասիա խոշորացված համայնք: Մարտի 1-ին ծրագրի մեկնարկը տրվելու է, նախնականով խոսվում է 10 աշխատատեղի մասին, սակայն եթե հաշվի առնենք, որ սա արժեշղթա է, այսինքն ոչխարաբուծությունն է զարգանում, ապա բավական ընտանիքներ են ընդգրկվելու: Պարզապես զարմանալի է, որ իրենց էս պահին ամենախոշոր ներդրումային ծրագիրը չեն ներառել զարգացման ծրագրում»:

Ինչ վերաբերում է Աշոցք խոշորացված համայնքի 5-ամյա զարգացման ծրագրին, ապա այստեղ արձանագրված թերություններն ավելի շատ են: Գրեթե նույն բացթողումներն են, ինչ Ամասիայում՝ նշված է նպատակը, բացակայում են դրան հասնելու կոնկրետ ուղիները: «Աշոցքի ծրագրերում ինձ ուրիշ բան զարմացրեց,- ասում է փորձագետը,- նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել կարի արտադրամաս 100 աշխատատեղով: Մասնավոր ներդրողը դրա համար պատրաստվում է տրամադրել 100 մլն դրամ: Եվ սա իրենց ամենամեծ ու երեւացող ծրագիրն է, որ իրականացվելու է 2018-19 թթ-ին: Աշոցքի զարգացման ծրագրում էլ ոչ մի խոսք չկա լեռնադահուկային տուրիզմի զարգացման մասին, որն ինչքան հասկանում եմ, նույնպես խոշոր ներդրումային ծրագիր է»:

Աշոցք խոշորացված համայնքի զարգացման ծրագրում ֆոնդային մուտքեր նախատեսված չեն, որը եւս անհասկանալի է տնտեսագետի համար: «Էդ տողի դիմաց նշված է զրո, որից պետք է ենթադրել, որ համայնքը տարածք չունի օտարելու: Օրինակ, Ամասիայում կա սեփականության կառավարման ծրագիր, նշված է, թե ինչն է օտարվելու, ինչն է վարձակալությամբ տրվելու, թե ինչ է արվելու բոլոր բնակավայրերի համար, սակայն չկա հիմնավորում, թե ինչու պետք է տվյալ գույքը վաճառել կամ օտարել: Իսկ Աշոցքում դա ընդհանրապես չկա՝ ուղղակի սեփականության ցանկն են հրապարակել ու վերջ: Եվ եթե գրած չէ, նշանակում է` իրենք պահի տակ՝ ըստ իրադրության են որոշումներ կայացնելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter