HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ի պատասխան ՍԱՊԾ տարածած հաղորդագրության, և թե ինչու ՀԱԲԼԾԿ-ն կարող է զրկվել հավատարմագրումից

«Հետք»-ի ՝ թթվասերի վերաբերյալ հրապարակումից հետո, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն առաջարկեց համատեղ իրականացնել հաջորդ փորձաքննությունը։

Թեև կար ՍԱՊԾ-ի հետ աշխատելու 2 չհաջողված փորձ (տես՝ 1, 2), այնուամենայնիվ, կաթի փորձաքննությունը «Հետք»-ը որոշեց իրականացնել համատեղ՝ գրություն ուղարկելով ՍԱՊԾ-ին։

Այսօր՝ կաթի համատեղ փորձաքննությունից հետո, ՍԱՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ կան մի շարք փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

Ահա դրանք․

1 Ծառայության կողմից նմուշառված խմբաքանակների մասին տեղեկատվությունը փոխանցվել է «Հետք» հասարակական կազմակերպության ներկայացուցչին, որպեսզի նրանք իրացման ցանցից կատարեն հսկիչ գնումներ նույն արտադրատեսակների նույն խմբաքանակներից: Ի դեպ, «Հետքի» հետ ցանկը նախապես համաձայնեցվել է:

Քանի որ ՍԱՊԾ-ն իրականացնելու էր ստուգում, արտադրամասեր գնալու համար անհրաժեշտ էր համապատասխան հրաման։ Մեր կողմից ներկայացված արտադրատեսակների նախնական ցուցակը ՍԱՊԾ հետ համաձայնեցնելու հաջորդ օրը, մեզ տեղեկացրին, որ քանի որ արտադրամասերից մի քանիսը գտնվում են մարզերում, իրենք նմուշառման գործընթացն արդեն սկսել են։ Ընթացքում մեզ տեղեկատվություն է տրամադրվել այդ ապրանքների խմբաքանակի (արտադրման ամսաթվի ) վերաբերյալ, որոնք հիմնականում եղել էին՝ փետրվարի  21-22։ «Հետք»-ի՝ ՍԱՊԾ-ից ստացած տվյալներով և գնումն իրականացնելու պահին (փետրվարի 23-ին) խանութներում նշված օրերի խմբաքանակ գրեթե չէր մնացել, հետևաբար նույն խմբաքանակի ապրանք գտնել գրեթե անհնար էր, մանավանդ, որ կաթի պահպանման ժամկետը 3-5 օր է։

Բացառություն էին կազմել 3 արտադրողի ապրանք՝ «Բանդիվան», «Մեր Երկիր», «Թամարա և Անի», որոնց խմբաքանակը ՍԱՊԾ-ի հետ համընկել էր։

Սակայն այս դեպքում էլ «Թամարա և Անի» ընկերության կաթի նույն խմբաքանակում «Հետք»-ը հայտնաբերել էր բուսական յուղ, իսկ ՍԱՊԾ-ն՝ ոչ։

2Համաձայն նախնական պայմանավորվածության, «Հետք»-ը պետք է փորձաքննություն իրականացներ նմանատիպ ցուցանիշների նկատմամբ, սակայն, երբ համադրվել են Ծառայության և «Հետք»-ի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքները, պարզվել է, որ յուղի զանգվածային մասի որոշում նրանց կողմից չի իրականացվել: Նաև՝ միայն այդ ժամանակ է պարզվել, որ, «Հետք»-ը հսկիչ գնումներն արել է այլ խմբաքանակներից՝ այդ մասին չտեղեկացնելով Ծառայության մասնագետներին:

Այո, որոշվել էր, որ փորձաքննությունը պետք է իրականացվի համաձայն ՄՄ ՏԿ 033/2013«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») պահանջների:

Յուղի զանգվածային մասը սննդամթերքի անվտանգության ցուցանիշ չէ, «Հետք»-ն այն չի ստուգել և վստահել ու հրապարակել է ՍԱՊԾ տրամադրած արդյունքները։

«Հետք»-ի փորձաքննությունը հայտնաբերել է պաթոգեն ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ բարձր քանակ, բուսական յուղ, որոնք սննդամթերքի համար ավելի որակական բնութագրիչներ են, քան չստուգված յուղի զանգվածային մասի շեղումը, ինչն ըստ եղած փաստերի՝ այդքան էլ մեծ չէ՝ 0,3-2,2 %-ով ավելի և պակաս։

Իսկ «Հետք»-ի հսկիչ գնումները, ինչպես արդեն վերը նշեցինք, իրականացվել են այն խմբաքանակից, որը որ ՍԱՊԾ՝ վերջնական ցուցակը տրամադրելու պահին առկա է եղել խանութներում։ Այդ մասին միայն այդ ժամանակ չէ պարզ եղել, քանի որ մենք տեղեկացրել ենք ՍԱՊԾ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանին, ով ղեկավարում էր տվյալ գործընթացը։

3 Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները՝ անհամապատասխանությունների մասով, փոխանցվել են «Հետք»-ին և համատեղ քննարկվել: «Հետք»-ին նաև առաջարկվել է երկու կողմերի՝ տարբեր լաբորատորիաներում իրականացրած փորձաքննություների արդյունքները բուսական յուղի վերաբերյալ վերստուգել երրորդ լաբորատորիայում. առաջարկը մերժվել է:

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներից «Հետք»-ին փոխանցվել են միայն 6-ը, այն էլ՝ մեր կողմից մի շարք զանգ-հորդորներից հետո, և այն էլ՝ չհրապարակվելու պայմանով։

«Հետք»-ը համաձայնվել է «Թամարա և Անի» կաթի՝ նույն խմբաքանակի մեջ բուսական յուղի անհապատասխանության մասով նորից փորձաքննություն իրականացնել՝ փոխանակելով եղած նմուշները լաբորատորիաների միջև (համապատասխանաբար՝ մենք՝ «ՀԱԲԼԾԿ» և ՍԱՊԾ-ն՝ «Ստանդարտ Դիալոգ»-ին )։ Սակայն, քանի որ ՍԱՊԾ չուներ պահեստային նմուշ, իսկ իրենց մոտ եղած նմուշները բաց էին, բնականաբար, նման փորձաքննություն չէր կարող կազմակերպվել։

Մենք ունեինք և հիմա էլ պահված ունենք այդ կաթի մեկ փակ նմուշ։ Արտադրողին և ՍԱՊԾ ներկայացուցչին երեկ (06.03.2018) խնդրեցինք ներկա գտնվել այդ նմուշի կրկնակի փորձաքննությանը «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում:

«Թամարա և Անի» ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը եկավ, սակայն հայտնեց, որ չի ընդունելու այս նմուշի փորձաքննության արդյունքները, քանի որ այն ժամկետանց է (նշենք, որ ժամկետը չի կարող ազդել ապրանքում բուսական յուղ հայտնաբերելու ցուցանիշի վրա, մանավանդ՝ երբ այն պահվել է սառնարանային պայմաններում

ՍԱՊԾ-ն հրաժարվեց մասնակցել՝ ևս պատճառաբանելով, որ ժամկետանց նմուշ է, և իրենք նույնիսկ քննարկմանը մասնակցելու իմաստ չեն տեսնում։

Ստացվում է, որ ՍԱՊԾ-ն և՛ անհիմն է համարում ժամկետանց ապրանքի փորձաքննության վերաբերյալ քննարկումը, և՛ առաջարկում է երրորդ լաբորատորիայում այն փորձաքննել։

 4 Հետք լրատվականի այս հայտարարությունը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մասով չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ կարող է գցել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին: Փաստացի իրենց կողմից իրականացվում է օրենսդրական պահանջների խեղաթյուրում և կողմնակալ մեկնաբանություն: Ծառայությունը համագործակցության շրջանակներում փորձել է մասնագիտական պարզաբանումներ տալ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, սակայն դրանք «Հետք»-ի կողմից չեն ընդունվել:

«Հետք»-ի այն հայտարարությունը, որ նմուշների մանրէաբանական ցուցանիշները, չգիտես ինչու, ստուգվել են « ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա և ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջ մտնելուց հետո», համապատասխանում է իրականությանը, ըստ այդմ՝ չի կարող մոլորեցնել ո՛չ ընթերցողներին, ո´չ էլ արտադրողներին։

Հարգելով ՍԱՊԾ-ի հետ պայմանավորվածությունը՝ «Հետք»-ը չի հրապարակում իրենց տրամադրած լաբորատոր փորձաքննության արձանագրությունները (մերն ամբողջությամբ տրամադրել ենք ՍԱՊԾ-ին, ինչպես նաև՝ հրապարակել)։ Սակայն հարկ ենք համարում առավել մանրամասն պարզաբանել, որ «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիան  ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ, ախտածին սալմոնելաներ, լիստերիա մանրէաբանական ցուցանիշները ստուգել է ՄՈՒԿ 422578-10-ով։

Նախ՝ այս մեթոդը բացակայում է ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգում, որով և պետք է ստուգվեին կաթի մանրէաբանական ցուցանիշները։ Այն չկա նույնիսկ ՍԱՊԾ իրականացրած ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգում:

Երկրորդ, եթե ամեն դեպքում ՍԱՊԾ-ն ստուգել է այդ ցուցանիշով, ապա այդ մասով «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը հավատարմագրում չունի։

Իսկ ըստ կառավարության՝ 6 սեպտեմբերի 2012 թվականի N 1201-Ն որոշման  60-րդ կետի 5-րդ մասի՝ հավատարմագրումը դադարեցվում է՝ «հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս»։

«ՀԱԲԼԾԿ»-ն մանրէաբանական ցուցանիշների համապատասխանության գնահատման գործունեություն է իրականացրել այն ցուցանիշներով, որի հավատարմագրումը չունի։ Ստացվում է, այն այժմ պետք է զրկվի հավատարմագրումից։

Իսկ ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերով սննդամթերքը ստուգվում է միայն այն դեպքում, երբ չկա կոնկրետ այդ սննդատեսակին վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգ։ Կաթի և կաթնամթերքի դեպքում այն կա՝  ՄՄ ՏԿ  033/2013 է` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը։ Այս դեպքում ՄՄ ՏԿ 021/2011-ն արդեն ուժը կորցրած է համարվում։

Կան այս փաստն ապացուցող մի շարք իրավական ակտեր, որոնց ՍԱՊԾ-ն, որպես ոլորտը վերահսկող մարմին պետք է ծանոթ լիներ։ Ի վերջո, կարելի է պաշտոնապես հարցում ուղարկել ԵԱՏՄ լիազոր մարմնին, ինչն առաջիկայում և կանենք։

 

«Հետք»-ը ՍԱՊԾ նմանատիպ գործելաոճը համագործակցության տեսանկյունից ոչ կառուցողական է համարում, մանավանդ, եթե ՍԱՊԾ-ն իսկապես ցանկանում է համատեղ վերահսկողություն իրականացնել, իսկ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն էլ անընդհատ շեշտում է, որ այդ «Հետք»-ն է հրաժարվում համագործակցությունից, այնինչ պատկերը հակառակն է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter