HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատգամավորի մահվանից հետո մնացել են անտուն

Երեւանի կենտրոնում նախկինում ապրող 25 ընտանիք ավելի քան 6 տարի է՝ «պետության կարիքների» անվան տակ հայտնվել է կարիքի մեջ՝ անտունի կարգավիճակում:

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը կառավարության լիազորմամբ բնակիչների սեփականությունն օտարել է՝ փոխարենը պարտավորվելով նրանց տան տեղում կառուցվելիք նորակառույցից տրամադրել համարժեք փոխհատուցում: Պատգամավորն անցյալ տարի դժբախտ պատահարից մահացել է, իսկ պետության անունից նրա ստանձնած պարտավորություններն այդպես էլ չեն կատարվում:

Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջնորդությունը՝ 2004 թ. կառավարությունն իր որոշումներով Մելիք Գասպարյանին առանց մրցույթի հատկացրել է Ամիրյան փողոցին հարող հատվածից 4200 քմ հողամաս, «որի համար Մելիք Գասպարյանի կողմից իրացվելու է 5384 քմ-ն»:

«Ընդ որում, կառավարության 909-Ն որոշման համաձայն՝ տարածքը Մելիք Գասպարյանին վարձակալությամբ տրվել է 99 տարով, իսկ դրանից հետո այդ հողը նախապատվության իրավունքով նա կամ իր իրավահաջորդը կարող է գնել 2004 թ. հողի կադաստրային արժեքով: Այսինքն՝ ուղղակի նվիրել են»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Նա նշում է, որ ոչ կառավարությունից, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանից նույնիսկ դատական կարգով չեն կարողացել ստանալ այն հիմնավորումները, թե ինչու է առանց մրցույթի հողատարածքներ հատկացնելու նախապատվությունը տրվել այս կամ այն անձին ու կազմակերպությանը, իսկ կոնկրետ դեպքում՝ պատգամավոր Մելիք Գասպարյանին. «Եթե մի բան գաղտնի է արվում, իսկ տարածքներն առանց մրցույթի են հատկացվում, նշանակում է կոռուպցիա կա»,- եզրակացնում է Ս. Բաղդասարյանը:

Ամիրյան փողոցին հարող «հողամաս» ասվածը ժամանակին ծանրաբեռնված էր երկհարկանի պատմական շենքերով՝ կառուցված 19-րդ դարի կեսերին: Այդ 6 բակում ապրել է 26 ընտանիք: Նրանցից մեկի համար Մելիք Գասպարյանը Մոսկովյան փողոցում տուն է գնել, ու հարցը դրանով լուծվել է: Մյուս 25 ընտանիքների հետ պատգամավորը, հանդես գալով Երեւանի քաղաքապետի անունից, կնքել է պայմանագրեր՝ պարտավորվելով կառուցվելիք բազմահարկ շենքում յուրաքանչյուրին իր ունեցածին համապատասխան մակերեսով բնակտարածք հատկացնել: Իսկ նրանք, ովքեր ունեցել են առեւտրային տարածքներ՝ խանութներ, Գասպարյանը պարտավորվել է նորակառույցի առաջին հարկում տրամադրել նույն մակերեսով տարածքներ:

«Ես 2 խանութ ունեի՝ 40 քմ մակերեսով: Դրանք վարձով էինք տվել, եւ մեր եկամուտի միակ աղբյուրն էր: Որ քանդեցին, 2005թ. կնքված պայմանագրով նախատեսեցինք, որ ինձ ամսական 2000 դոլար են տալու, մինչեւ 40 ամիս հետո նոր շենքից համ խանութիս տարածքը կտային, համ էլ 4-րդ հարկում բնակտարածքս՝ 100 քմ, - պատմում է Ամիրյանի նախկին բնակիչ Լեւոն Պետրոսյանը,- սկզբում խանութի վարձավճարը նորմալ տվեցին: Հետո Մելիք Գասպարյանն առաջարկեց ամեն ամիս գումար վճարելու փոխարեն խանութի տարածքն ավելացնել՝ դարձնելով 60 քմ»:

Կողմերն ասվածի առնչությամբ պայմանագիր են կնքել եւ դրա հավելվածները՝ հատկացվելի տարածքների գծագրերը, Լեւոն Պետրոսյանն ունի: Պայմանագրից բխող իրավունքների գրանցման պարտականությունը դրված էր Մելիք Գասպարյանի վրա: Սակայն հետագայում պարզվել է, որ վերջինս բնակիչների հետ կնքած պայմանագրերը, օրենքով սահմանված կարգով, կադաստրիում չի գրանցել:

Այն բանից հետո, երբ Երեւանի կարգավիճակը փոխվեց եւ նա այլեւս կառավարության մաս չի կազմում, այս գործընթացներում պետությունը սկսել է հանդես գալ ի դեմս ֆինանսների նախարարության: Խնդրով զբաղվում է նախարարի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը: Նա հաստատում է, որ Մելիք Գասպարյանն ինքը պետք է պայմանագրերի հավելվածները գրանցեր, սակայն միաժամանակ շեշտում է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում պատգամավորը դա անել չէր կարող, քանի որ շենքի նախագիծը հաստատվել է 2008թ. դեկտեմբերին:

«Հետեւաբար, նա չէր կարող 2007թ. կամ դրանից առաջ բնակիչներին իրենց ստանալիք տարածքների հատակագծերը տալ, առավել եւս՝ որեւէ մեկի սեփականության իրավունքը գրանցել ստանալիք բնակարանի նկատմամբ: Իսկ օրենքը չի ասում, թե ում մեղքով դա չի արվել կամ ինչու է այդպես ստացվել: Օրենքը սահմանում է, որ եթե փաստական հանգամանքներն այսպիսին են, ուրեմն հանձման պայմանը համարվում է չկատարված,- մանրամասնում է Հայկ Դավթյանը,-  Քաղ. օր-ի. 566-րդ հոդվածի համաձայն՝ եթե անշարժ գույքի դիրքը տվյալ շենքի մեջ, ելակետային տվյալները բացակայում են, պայմանագիրը համարվում է չկնքված»:

Ստացվում է, որ Մելիք Գասպարյանի կնքած այն պայմանագրերը, որոնցով բնակիչների սեփականությունը դարձել է պետական, վավերական են եւ ուժի մեջ: Իսկ հատուցման մասով՝ նույն բնակիչների ապագայում ստանալիք բնակարանների հետ կապված, պայմանագրերը համարվում են առոչինչ:

«Ինչ վերաբերում է նրան, որ առաջին հարկից բնակիչներն իրենց նախկին խանութների դիմաց տարածքներ ստանան, ապա այդ դեպքում առաջին հարկն ամբողջությամբ իր արժեքային համակարգը կկորցնի: Բայց մենք բնակիչներին խանութի դիմաց ավել բնակտարածքով ենք փոխհատուցում. գումարային առումով դառնում է նույնը, նրանք չեն տուժում»,- ասում է Հայկ Դավթյանը:

«Տիգրիս» ՍՊԸ-ն, պատասխանելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանը, նշել է, որ « …Ամիրյան փողոցի առաջին սահմանի «կարմիր գիծ» առաջին հարկի օբյեկտի 1 քմ մակերեսի արժեքը կարող է տատանվել 2-4 միլիոն դրամի սահմաններում»:

«Իսկ բնակտարածքի 1 քմ-ի արժեքը մի քանի անգամ ցածր է: Այսինքն՝ մենք իրականում տուժում ենք»,- ասում է Ամիրյան փողոցի նախկին բնակիչ Վաչագան Թադեւոսյանը: Նրան առաջին հարկում նախկինում ունացած 73 քմ մակերեսով տարածքի փոխարեն հիմա առաջարկում են 7-րդ հարկում տրամադրել 150 քմ մակերեսով բնակարան:

«Մենք տուժում ենք բոլոր առումներով: Պայմանագրերում կոնկրետ ժամկետ է նշված, որ եթե այդ ընթացքում մեր հասանելիքը չստանանք, գործում են տույժ-տուգանքներ: Կոնկրետ իմ դեպքում այսօրվա դրությամբ մոտ 150 հազար դոլարի տուգանք է կուտակվել: Բայց այս գումարներն էլ չեն տալիս: Այսքան տարի իրենց պատճառով վարձով ենք ապրում, գոնե վարձի փողը չեն տալիս: Ամեն ինչ հեչ են անում ու առաջարկում են նոր պայամանագիր, համաձայնագիր կնքել»,- հավելում է Վաչագան Թադեւոսյանը:

Ամիրյան փողոցի նախկին բնակիչներն են: Ձախից աջ՝ Ալբերտ Մաքսուդյան,

Վաչագան Թադեւոսյան, Արման Մուկոյան եւ Լեւոն Պետրոսյան

«Բնակիչներն ի՞նչ են պատկերացնում, որ պետական բյուջեով պետք է կառուցապատողների սխալների կամ բիզնես ծրագրերի խոչընդոտման համար հարկատուների գումարներն իրենց տան,- հարցնում է Հայկ Դավթյանը եւ հավելում,- պայմանագրերը եռակողմ են. Մելիք Գասպարյանը ներկայացրել է պետությանը: Երկրորդ՝ նա ներկայացրել է ինքն իրեն՝ որպես կառուցապատող: Եվ երրորդ կողմը բնակիչն է: Մելիք Գասպարյանին պետությունը չի լիազորել որպես կառուցապատողի, այլ լիազորել է իր անունից հանդես գալ քաղաքացու փոխհատուցումը, էդ մարդուց բնակարանը վերցնելու հարցում: Մելիք Գասպարյանին ասել է՝ դու պետք է գնաս, բանակցես, գումարը տաս, տունը վերցնես: Դա է նրան տրված լիազորագիրը»:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ նկատում է, որ պատգամավոր Գասպարյանին «բնակիչների վզին փաթաթել է պետությունը», հետեւաբար պետությունն էլ պարտավոր է պատասխան տալ վերջինիս յուրաքանչյուր արածի կամ չարածի համար. «Պետությունն է բնակչին ասել՝ Մելիք Գասպարյանի հետ պայմանագիր կնքիր: Բնակիչը պարտադրված է եղել, հակառակ դեպքում կհայտնվեր փողոցում: Մարդը չի մտածել, որ մենք ունենք անբարոյական, սրիկա պետություն, նա մտածել է, որ կառավարությունն իրեն չի խաբի: Այսինքն՝ բնակչին պետք է տան թե իր բնակարանի, թե խանութի փոխհատուցումը եւ տույժ-տուգանքները»:

«Եթե այդ սանկցիաները Մելիք Գասպարյանի ժառանգների գույքային ապահովության վրա որեւէ խնդիրներ չառաջացնեն, թող մարդիկ իրենց տույժ-տուգանքները ստանան: Բայց հարցն այն է, որ խնդիրներ են առաջանում. շենքը չի բավականացնի բոլոր պահանջների բավարարմանը, գործընթացը գնալու է սնանկացման, իսկ այդ դեպքում բնակիչներն ավելի շատ կտուժեն»,- ասում է Հայկ Դավթյանը: Նա մանրամասնում է, որ հիմա ամբողջ շենքը արգելադրված է ֆինանսների նախարարության օգտին, իսկ առանձին հատվածներ գրավադրված են նախարարության, «Ինեկոբանկի» եւ «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի օգտին:

«Նույն խանութները, եթե տրվեցին բնակիչներին, շենքը չի կառուցվի: Խանութների իրացումից եկած գումարները պետք է գնան շենքի վրա,- շարունակում է Դավթյանը,- նորից եմ ասում՝ եթե բնակիչների հանդեպ Մելիք Գասպարյանի ստանձնած պարտավորություններն ընդունենք, կսկսվի սնանկացման գործընթաց: Իսկ այդ դեպքում հարկայինն իր 20 տոկոսը կպահանջի, կա բյուջեի եւ բանկերի պահանջ: Կա 61 գնորդ, որոնք դեռ Գասպարյանի օրոք 200 հազար դոլար են վճարել եւ չկառուցված շենքում բնակարաններ գնել: Այսինքն՝ բնակիչները, որ 5-6 տարի վարձով են ապրում, նորից կտուժեն՝ բնակարան չստանալով: Դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք այսքան զրկանքներ կրելուց հետո գոնե արագ բնակարանները ստանան»:

Շենքի ճակատային մասում առեւտրային տարածքներ եւ հյուրանոց է լինելու, որը հիմա պատկանում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու «Իմպերիում պլազա» ընկերությանը: B մասնաշենքի կապակցությամբ քաղաքապետարանը լուսամուտները փակելու պահանջ է դրել, որովհետեւ հարեւանությամբ պետք է նոր շենք կառուցվի: Ուստի, հնարավոր է, որ մասնաշենքն ամբողջությամբ վերանախագծվի: Խնդրի շուրջ ֆինանսների նախարարությունը քաղաքապետարանի հետ բանակցություններ է վարում: Մինչ այդ բնակիչներին բնակարաններ են առաջարկում C եւ D մասնաշենքերում: Սակայն բնակիչներն ասում են, որ դրանցում առկա բնակարանների պատուհանները նայում են հարեւան շենքերի պատին: Հայկ Դավթյանն էլ հակադարձում է, թե սա Կենտրոն համայնքն է եւ հնարավոր չէ «լուսամուտից չգիտեմ ինչ տեսարաններ ապահովել»: Ամեն դեպքում, ըստ նրա, «լուսավորությությունը նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա»:

Բնակիչները հայցապահանջներ են ներկայացրել Մելիք Գասպարյանի ժառանգների եւ պետության դեմ: Սակայն բնակիչներից Արման Մուկոյանն ասում է, թե դատարանները հրահանգավորված են եւ հարցին նայում են այն տեսանկյունից, որ պետությունը կապ չունի. պատասխանատուն պատգամավորի իրավահաջորդներն են:

«Իրավահաջորդներն էլ ասում են՝ այդ հարցերը մենք կլուծենք, բայց իրենք բանկրոտ են, այսինքն՝ էս ձեւով ուզում են մեզ գցել ու հարցը փակել»,- նշում է Մուկոյանը:

«Հետքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ պատգամավոր Գասպարյանի կնոջ՝ Անահիտ Մնացականյանի փաստաբան Լիանա Բալյանից: Սակայն վերջինս ասաց, թե չի կարող թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ՝ առանց Հայկ Դավթյանի համաձայնության:

«Սին են այն պատկերացումները, որ պետությունը ձեռքերը լվացել է, հակառակ դեպքում ես անձամբ խնդրով չէի զբաղվի,- ասում է Հայկ Դավթյանը: - Նախ՝ շենքի սեփականատերն իրենք (իրավահաջորդները) են, բայց նրանք որոշում կայացնելու իրավունք չունեն, որովհետեւ ամբողջ շենքը կալանքի տակ է: Եվ եթե նորմալ ձեւով մարդկանց խնդիրներիը չլուծեցին, շենքը կսնանկացնենք եւ կդարձնենք պետական սեփականություն: Դրա համար էլ իրենք խելոք, ինչ-որ պետք է, անում են»:

Ֆինանսների նախարարությունը հասել է նրան, որ իրացման տարածքի բնակիչներից 15 հոգի արդեն կնքել է հաշտության համաձայնություն: Բայց աբսուրդն այն է, որ համաձայնագրերում չի նշվում, թե մարդիկ իրենց բնակարանները կոնկրետ երբ են ստանալու:

«Ի՞նչ գրենք, որ 2013 թվականին ենք տալու: Մենք գիտենք, որ շուտով գրանցելու ենք բնակիչների սեփականության իրավունքը ստանալիք բնակարանի նկատմամբ եւ ամեն ինչ անելու ենք, որ մինչ այդ (2013թ.) նրանք իրենց տները ստանան»,- ասում է Հայկ Դավթյանը:

«Պայմանագրերով կառուցապատողը եւ կառավարությունը բնակիչներին պարտադրել են կոնկրետ ժամկետներում տարածքն ազատել, հակառակ դեպքում գործում էր տույժեր: Իսկ արդեն փոխհատուցելու, բնակարան տալու հարցում ժամկետներ չեն նշում: Ստացվում է, որ քաղաքացին ամեն ինչում պարտական է: Գոնե մոտավորապես, ողջամիտ ժամկետ պետք է նշվեր, որ քաղաքացին հետագայում կարողանա իր իրավունքները պաշտպանել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը եւ ընդգծում, թե այս դրվագը եւս խոսում է «կատարվող խաբեության, հանցագործության եւ քցոցիության մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter