HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեւորգ Մուրադյան. «Իմ ստեղծած ջերմափոխանակիչը 20 տոկոսով նվազեցնում է գազի ծախսը»

Երանուհի Սողոյան

Կրթությամբ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու, 56-ամյա Գեւորգ Մուրադյանի սուրճի տուն «Էլկաֆե»-ն հայտնի է ամբողջ Գյումրիում: Փոքրիկ, ոչնչով աչքի չընկնող տաղավարը մինչեւ փակվելը լի է այցելուներով: Պատահական գնորդներ գրեթե չեն լինում, բոլորը մշտական են՝ ամեն մեկն իր նախասիրություններով:

«Ես գիտեմ բոլոր հաճախորդներիս նախասիրությունները, անգամ, թե ինչ քանակով են առնելու, շատ հաճախ զանգում պատվիրում են, հետո գալիս տանում»,-Գեւորգը ժպտում է՝ ձեռքի սովոր շարժումով խառնելով գնորդի մատնանշած սուրճի մի քանի տեսակ, որ կշռելուց հետո արտիստիկ շարժումով դատարկում է սրճաղացի մեջ: 18 քմ տարածքում սուրճի պարկեր են, մի քանի սրճաղաց, էսպրեսսոյի պատրաստման սարք եւ իրենց հերթին համբերատար սպասող հաճախորդներ: Մեկժամյա սպասումից հետո, ի վերջո, հնարավոր է լինում զրուցել Գեւորգի հետ: Թեման ամենեւին էլ սուրճը չէ, այլ՝ իր ստեղծած ջերմափոխանակիչ սարքը, որի օգնությամբ գազ սպառող ցանկացած օգտատեր կարող է մինչեւ 20 տոկոս խնայողություն կատարել:

«Սարքը, որ պատրաստել եմ, ասել, թե եսիմ ի՜նչ մի մեծ հայտնագործություն է, չէ՛, սովորական ջերմափոխանակիչ է: Դրա միջոցով հնարավոր է գազի օգտագործման ժամանակ տեղի ունեցող 30 տոկոս ջերմային կորստից 20 տոկոսը հաստատապես հետ բերել»,-բացատրում է Գեւորգը:

Գաղափարը ծնվել է, երբ ընտանիքը տեղափոխվել է ավելի մեծ բնակարան, եւ 200 քմ տարածքը հավասարաչափ ջեռուցելու համար սկսել է բավական մեծ գումար վճարել: «Ցուրտ ամիսներին 100-120 հազար դրամ տալը մի տեսակ չէր մտնում իմ պլանների մեջ, բայց դե ինչպես անեինք, որ համ կարողանայինք նորմալ տաքանալ, համ լիարժեք օգտագործեինք կաթսայի հնարավորություններն ու գազից ստացած ջերմությունն էլ կարողանայինք 90 տոկոսով պահել ներսում, ոչ թե դուրս տալ: Ահա այստեղ է, որ օգնության եկավ մասնագիտությունս»,-զրուցակիցս ծիծաղում է:

«Հայաստան հիմնականում ներմուծվում են ստանդարտ, հորիզոնական ջերմափոխանակիչով աշխատող կաթսաներ: Ծխնելույզի միջոցով դուրս գնացող գոլորշին հասնում է մինչեւ 90 աստիճանի, նույնիսկ ավելի: Դա արդեն մարդու վճարած գազի արժեքն է, որն օդի տեսքով դուրս է գնում,-շարունակում է բացատրել Գեւորգը,-ներմուծված կաթսաների ՕԳԳ-ն 63-73 տոկոս է՝ անձնագրերում էդ թիվը գրված է: Մեր ունեցած կաթսաների ծխատարին կցելով իմ առաջարկած սարքը` հնարավոր է օգտակար գործողության գործակիցը հասցնել մինչեւ 90 տոկոսի»:

Գեւորգի տանը 5-րդ տարին է բարեհաջող կիրառվում է ջերմափոխանակիչ սարքը՝ ծախսած գազի դիմաց վճարումները նվազեցնելով 20 տոկոսով: Համեմատության համար զրուցակիցս նշում է անցած տարվա ցուրտ ամիսներին կատարած վճարման չափը՝ 80 հազար դրամ, եւ այս տարվա, որ չի գերազանցել 60 հազար դրամը: Գեւորգի ստեղծած ջերմափոխանակիչը լավագույնս աշխատում է միայն մեծ տարածքներում՝ սկսած 100-150 քմ-ից: Շատ հարմար է կիրառել նաեւ տարատեսակ հաստատությունների ջեռուցման ծախսերը նվազեցնելու նպատակով: Չժանգոտվող պողպատից պատրաստված ջերմափոխանակչի արժեքը 150 հազար դրամ է: Գումարը մեկ տարվա ընթացքում հնարավոր է հետ բերել ընթացիկ տնտեսումների հաշվին:

«Բայց այստեղ կա մի «բայց»: Ամենամեծ խնդիրն այն է, որ դուրս եկող ծխնելուզային ծխատար խողովակին կատեգորիկ արգելվում է կիրառել կցորդ, խողովակ եւ այլն: Եթե ընդունենք, որ մտածում են մեր անվտանգության մասին, ես դրա հակառակ տարբերակն ասեմ: Մեքենան ունի ինֆորմացիոն տվիչներ, որ ցույց են տալիս` հո արտահոսք չունի՞ քո մենքենան: Եթե գազի սարքի միջի էդ ինֆորմացիոն տվիչը չի աշխատում, անկախ էն բանից` ես վրան սարք եմ տեղադրել, թե ոչ, արտահոսքի մասին չենք տեղեկանա: Այսինքն` իմ տեղադրած ջերմափոխանակիչն արգելք չէ,-ասում է Գեւորգ Մուրադյանը,-նախ, որ ինքը փոքր չէ, քան ելքային խողովակը, որովետեւ օրենքի մեջ գրած է՝ ծխատարը չի կարելի փոքրացնել: Ես չեմ փոքրացրել, նույնիսկ մեծացրել եմ: Այսինքն` առաջին կետով ոչ մի խախտում չկա, պրոբլեմ կա 2-րդ կետով, որ չպետք է ծխատարին որեւէ բան կցվի: Ուղղակի մի բան կասեմ, որ էս տարիների ընթացքում ես միայն շահել եմ իմ հայտնագործությունից՝ տանն ընդամենը մի հատ լրացուցիչ մարտկոց է դրվել ու էդ խողովակը»:

Գեւորգ Մուրադյանն ասում է, որ նոր սերնդի գազի ջեռուցման կաթսաներում իրականում կան լրացուցիչ ջերմափոխանակիչ սարքեր: Այդ կաթսաներն ավելի թանկ արժեն՝ 650-700 հազար դրամ, իսկ Հայաստանի միջին վիճակագրական բնակիչն իրեն կարող է թույլ տալ մինչեւ 250 հազար դրամ արժեքով ջեռուցման կաթսա գնել: «Հիմա մարդն ուզում է համ տաքանալ, համ խնայել: Լավ, ի՞նչ անի, իր ունեցածը թափի, նո՞րը գնի՝ ավելի թանկ գնով: Դա ոչ բոլորին է հասանելի: Իմ առաջարկի դեպքում ծախսն ավելի փոքր է, սակայն արդյունքը նույնն է»,-հավատացնում է զրուցակիցս:

Ջերմափոխանակիչ սարքը մասսայականացնելու նպատակով Գեւորգը մեկ տարի առաջ նամակով դիմել է կառավարությանը: Որպես արձագանք հեռախոսազանգ է ստացել Ստանդարտների ազգային կենտրոնից: Առաջարկել են սարքը հասցնել Երեւան, սակայն հրաժարվել են անձամբ փորձաքննություն անցկացնել՝ նշելով, որ հնարավորություն չունեն: «Ինձ ասին` տար Ռուսաստան, թող էնտեղ փորձաքննություն անցնի, հաստատվի ГОСТ-ով: Ասում եմ՝ սա կլասիկ ինժեներիա է, ի՞նչ փորձաքննություն, բացի դրանից` արդեն 5 տարի է մեր տանը փորձաքննվում է: Ջերմափոխանակիչը փորձարկելու համար կա ընդամենը մեկ ձեւ՝ ձեր ունեցած ցանկացած ջերմություն տալիս եք, մյուս կողմից ստանում: Դրա համար հատուկ գիտություն, ինչ-որ պայմաններ պետք չեն: Բայց, որ ուզում էին սարքը տեսնել, տարա Երեւան ու դրանով հարցը փակվեց, քանի որ պնդում էին, թե պիտի տանեմ Ռուսաստան»:

Գեւորգը նույն հարցով դիմել է նաեւ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանին: Բացատրել է, կոնտակտային հեռախոսամարներ է թողել, խնդրել է, որ անգամ բացասական պատասխանի դեպքում տեղյակ պահեն, որովհետեւ ինքն այդքան ժամանակ չունի մարզպետարան գնալ-գալու՝ «կոֆե կաղա» ու չի կարող հիասթափեցնել մշտական այցելուներին: Պատասխանն եղել է լռությունը: Անցած տարի դեկտեմբերի 7-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի Գյումրի կատարած այցի ժամանակ մոտեցել է մարզպետ Արթուր Խաչատրյանին ու հայտնել, որ նորարարական գաղափարի վերաբերյալ գրավոր առաջարկ է թողել մարզպետարանի համապատասխան բաժնում, սակայն արձագանք չկա: Մարզպետն առաջարկել է Գեւորգին հանդիպել, զրուցել, սակայն հանդիպումը դեռ չի կայացել:

«Ես ինձ թույլ չտվեցի մոտենալ վարչապետին, չնայած երիտասարդ տարիներին մեկ ամիս ընկերություն ենք արել, նաեւ վստահ չէի, թե կհիշեր, նախ` շատ երկար ժամանակ է անցել՝ 40 տարի, ու մենք շատ երիտասարդ էինք: 1980թ. հայրս որոշեց, որ պիտի սովորեմ Երեւանի պետական համալսարանում, կիբեռնետիկայի բաժնում: Դիմումները լրացնելիս նկատեցի, որ կողքիս տղան գրեց՝ ԼՂԻՄ, հարցրեցի, թե ինչ է նշանակում էդ հապավումը, որովհետեւ անծանոթ էր, ասեց՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Էդ տղան Կարեն Կարապետյանն էր: Մի խոսքով, մի ամիս, մինչեւ քննություններն ընկերություն ենք արել, ինքը սիրուն տղա էր, ես՝ ստիլյագ,-ծիծաղելով հիշում է զրուցակիցս,-հետո ինքը ընդունվեց, ես՝ չէ ու ստիպված պիտի վերադառնայի Լենինական, այդպես մեր նոր սկսված ընկերությունը չշարունակվեց»:

Խորհրդային տարիներին ընդունված կարգի համաձայն, եթե բուհ չես ընդունվել, ուրեմն անպայման պետք է աշխատես որեւէ գործարանում: Գեւորգն աշխատանքի է անցնում Լենինականի գալվանամետրի գործարանում: Մեկ տարի անց ընդունվում է Լենինականի պոլիտեխնիկ ինստիտուտ: Երկրաշարժից հետո փորձում է աշխատել մասնագիտությամբ: 1995թ.-ից սիրահարվում է սուրճին (ասում է, որ մինչեւ փոքրիկ բիզնեսը հիմնելը երբեւէ սուրճ չի խմել-հեղ.) ու որոշում իր նախագծած սրճաղացներով սուրճ աղալ, մի քանի տեսակի սուրճի խառնուրդներից ստեղծել հետաքրքիր փունջ ու առաջարկել խանութներին:

«Մի քանի տարի տնից էի աշխատում, խանութներում ու սրճարաններում առաջարկածս սուրճը մեծ պահանջարկ ուներ, հաջողությունը կար ու արդեն 2000-ին բացեցի սուրճի իմ տունն էս 18 քմ-ի վրա: Գիտեք, ինձ շատ հաճախ են հարցեր տալիս ընդլայնվելու վերաբերյալ, ու այնպես չէ, որ էդ հնարավորությունը չունեմ: Ուղղակի մի հատ հաճելի չափ կա վաստակելու, էդ հաճելի պստիկ չափը պահպանելն ավելի ճիշտ է, քան թե հետո շատ մեծ կեղնի՝ կառավարելը կդառնա պրոբլեմ: Ես հիմա էս գաղափարը նվեր եմ տալիս երկրիս: Ես սրա կոմերցիոն տարբերակը չեմ ուզում: Ես բդի կոֆես աղամ ու վերջ,-Գեւորգը ժպտում է,-եթե կլինի պետական ծրագիր, կուզենա որեւէ մեկն իրականացնել, թող անի, ես գաղափարն արդեն ստեղծել եմ, թող իրենք գտնեն կիրառողին, ով կուզենա զբաղվել սրա արտադրությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Գևորգ քեզ մեր երկրում չեն թույլատրի հասույթը քչացնել:Առանց այն էլ նրանք շատ> վաճառում. ընդամենը 2 անգամ են գինը ավելացնում, այն պարագայում երբ մեր երկրում ամենաանհրաժեշտ դեղերը 5 անգամ ավել գնով են վաճառում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter