HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայ Ձմեռ պապը դեռ բիզնեսմեն չէ

Հանրապետության հրապարակի Ձմեռ պապիկները իրենց  հագուկապով  չեն  զիջում լապլանդացի Սանտա Կլաուսին: Բայց եթե Սանտա Կլաուսը Ամանորին խոշոր հարակատու է Մեծ Բրիտանիայում, և մի քանի օր առաջ էլ Լոնդոնում գողացան նրա Rover  մակնիշի ավտոմեքենան, ապա  մեր Ձմեռ պապը օրական ամենաշատը 2000 դրամ է աշխատում:

Ձմեռ պապը ծագումով հեքիաթից է: Այդ հեքիաթում նա ճամփորդում է ոչ թե  մեքենայով, այլ  սահնակով` լծված եղջերուներին: Երբ  գործը հասնում է նրան, որ Սանտա Կլաուսը Սուրբ ծննդյան օրերին դառնում է կոմերցիոն գովազդի գլխավոր հերոսը, հարստանում ու փոխում փոխադրամիջոցը, մարդիկ գողանում են նրա մեքենան` հիշեցնելով սահնակի տեղը: Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը փնտրում է Սանտա Կլաուսի ավտոմեքենան գողացած հանցագործներին, Սանտան էլ բրիտանական լրատվամիջոցներին հաղորդել է, թե «տարվա այս շրջանում դժվար է հորինել ավելի ստոր հանցագործություն», բայց գողերն իրականում նրան վերադարձրել են հանրածանոթ ու հարազատ հեքիաթ, որում ինքը մեքենա չուներ և եթե նույնիսկ հարուստ էր, ապա Ամանորի նախաշեմին պարկի պարունակությունը մինչև վերջ դատարկում էր մարդկանց առաջ:

 Առավոտից երեկո Հանրապետության հրապարակում շրջող Ձմեռ պապիկների հետ   այս օրերին արտակարգ դեպքեր տեղի չեն ունեցել: «Շատ հետաքրքիր, ամանորյա օրեր ենք անցկացնում»,- ասաց նրանցից մեկը:

Կարմիր պարկը գողանալ ոչ ոք չի փորձել, իսկ դրա մեջ եղած խաղալիքների վաճառքից և երեխաների հետ նկարվելուց ստացած գումարը, նրա խոսքով, կազմում է 1000-2000 դրամ:    Ձմեռ պապիկներին  մի քիչ հետևելուց հետո պարզվեց, որ նրանք բոլորը ծանրաբեռնված են աշխատում և երբեմն սպասարկում են  մանկապարտեզներից  եկած բազմանդամ խմբերի: Խազալիքների պարկը վերջին դեպքում շատ արագ է դատարկվում: Բայց երբ էքսկուրսավարը «նվերների» համար վճարեց տասը հազար դրամ, Ձմեռ պապը մանրադրամ չուներ և օգնություն խնդրեց մոտակայքում տեղադրված կարուսելներն աշխատացնողից:

Ձմեռ պապ աշխատելու համար անհրաժեշտ է Ամանորից մոտ մեկ ամիս առաջ հավատարմագրվել Երևանի քաղաքապետարանում: Այդպես են արել նաև հրապարակի Ձմեռ պապիկները. նրանք ունեն իրենց աշխատանքի օրինականությունը ապացուցող համապատասխան փաստաթուղթ: Ասում են, որ ընտրվելու և հավատարմագրվելու հիմնական չափանիշը արտաքին տեսքն է:

Կարճաժամկետ աշխատանքը նրանց այդպես էլ չի հարստացնում, ինչպես արտասահմանցի Սանտա Կլաուսին: Պատճառն այն է, որ Սանտան եկամտաբեր մի քանի օրվան  պատրաստվում է ամբողջ տարվա ընթացքում: Օրինակ` Կանադայում նա գրասենյակ է հիմնել, ունի  աշխատողներ, ովքեր կարողանում են պատասխանել երեխաների` աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված նամակներին 30 լեզուներով: Ֆրանսիայում էլ հատուկ աշխատանք է տարվում, որ նամակ գրող երեխաները իսկապես հավատան Ձմեռ պապին: Ելիսեյան դաշտերում, «Մայքրոսոֆթ» ընկերությունը տեղադրել է մեծ սմարթֆոն, որի օգնությամբ միայն հնարավոր է կապ հաստատել Սանտա Կլաուսի հետ:

Արհեստականորեն դժվարացնելով հրաշագործի հետ շփումը`  Windows Phone տասը մետրանոց սարքը պահպանում է մանկության հեքիաթը: Կանադացի Ձմեռ պապի  ընկերության հիմքում, ինչպես հաղորդում է ամերիկյան «Նյու Յորք Թայմսը»,  անանուն բարեգործներ են: Վերջիններիս ներդրումները գրեթե բավարարում են նամակների բերած ցանկությունները կատարելու համար, և ամերիկացի երեխաները վստահ կարող են ասել, որ Սանտա Կլաուս կա: Եվ հենց երեխաների սերը Սանտա Կլաուսների հանդեպ թույլ է տալիս, որ վերջիններս գումար վաստակեն գովազդի միջոցով` իրենց վրա կրելով տարբեր ընկերությունների ֆիրմային տարբերանշաններ` նվիրելով կոնկրետ գովազդատուի կողմից պատվիրված խաղալիքներ և այլն…

Արտասահմանյան հետաքրքիր փորձը կարող է դառնալ հայ  գործարարներից որևէ մեկի ապագա բիզնեսը, պաշտոնյաները  կլինեն ներդրում կատարող բարեգործները (եթե ուզում են),  երեխաներն էլ կունենան Ձմեռ պապ ու ստիպված չեն լինի հիշել, թե երբ սկսեցին չհավատալ նրան:

Միայն թե այդ ապագա գործարարը չնմանվի բրիտանացի անհեռատես Սանտա Կլաուսին, ով մինչև հիմա փնտրում է իր մեքենան… 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter