HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոփոխություններ ավիացիայի բնագավառում. այլեւս ՔԱԳՎ չի լինի

«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ են արվում. հստակեցվում են ավիացիայի տեսակները, ՔԱԳՎ-ն դառնում է կոմիտե

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած օրինագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում «Ավիացիայի մասին» օրենքում: Միանգամից շեշտենք, որ 2017-ի տարեվերջին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը խոսել էր այս փոփոխությունների մասին, եւ սկզբնապես դրանք բավականին շատ էին, սակայն այս պահին խորհրդարանում գտնվող նախագծում ներկայացված է դրանց մի մասը միայն: 

Նախագծով, մասնավորապես, սահմանվել են ավիացիայի տեսակները: Օրենքի գործող տարբերակում էլ դրանք առանձնացված են, սակայն փոփոխություններով որոշակի հստակեցումներ են կատարվում քաղավիացիայի բնագավառում:

Պետական ավիացիայի սահմանում չի տրվում

Այսպես՝ ավիացիան բաժանվում է երկու տեսակի՝ քաղաքացիական եւ պետական: Գործող օրենքում ամրագրված է, որ «ՀՀ ռազմական, մաքսային, ոստիկանության եւ փրկարար ծառայության մարմիններում, ինչպես նաեւ պետական այլ մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր: Նշված բնագավառներում եւ նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է պետական ավիացիա»: Փոփոխություններով այս հատվածը հանվել է՝ պետական ավիացիա եզրույթը կոնկրետ սահմանում չունի: Այդուհանդերձ, ենթադրելի է, որ, պետական ավիացիա ասելով, այսուհետ եւս պիտի հասկանանք այն, ինչ նշված է գործող տեքստում:

Հայկական ռազմաօդային ուժերի «Մի-24» ուղղաթիռը

Մյուս կողմից՝ հավելենք, որ Հայաստանում այսօր պետական ավիացիան սահմանափակվում է միայն ռազմական ոլորտով: Այսինքն՝ հայաստանյան պետական ավիացիան կամա թե ակամա նույնականացել է ռազմականի հետ, որը տրամաբանորեն նրա մի մասը պիտի լիներ միայն:

Քաղավիացիան եւ դրա տեսակները

Նոր օրինագծով առավել մեծ ուշադրություն է հատկացված քաղավիացիայի ոլորտին: Գործող տարբերակում նշվում է, որ «հասարակական կարիքների բավարարման նպատակով օգտագործվող օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր: Նշված նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է քաղաքացիական ավիացիա: Առեւտրային օդային փոխադրումները, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեությունը եւ ավիացիոն հատուկ աշխատանքները հանդիսանում են քաղաքացիական ավիացիայի գործունեության բաղկացուցիչներ»: Փաստորեն, ըստ այդմ, քաղավիացիան ներառում է 3 ենթատեսակ, չնայած շեշտենք, որ գործող օրենքում ընդհանուր ավիացիայի եւ ավիացիոն հատուկ աշխատանքների վերաբերյալ հստակ ձեւակերպումներ չկան. սրան կանդրադառնանք քիչ անց:

Առաջարկվող փոփոխություններում նշվում է, որ քաղավիացիան ներառում է առեւտրային ավիացիան եւ ընդհանուր նշանակության ավիացիան՝ 2 ենթատեսակ:

Առեւտրային (կոմերցիոն) ավիացիա  

«Առեւտրային ավիացիան առեւտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղեւորների, բեռի եւ փոստի կանոնավոր եւ ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների համար»,- ասվում է օրենքի առաջակվող փոփոխության մեջ։

Կանոնավոր առեւտրային փոխադրումներ

Կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչք եզրույթները առօրյայում հաճախ են հանդիպում: Ահա թե ինչպես է նոր օրինագիծը բնորոշում կանոնավոր (regular, scheduled) առեւտրային չվերթը. «Կանոնավոր առեւտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթների համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ եւ վճարի դիմաց իրականացվող չվերթներն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար՝ ներառյալ կանոնավոր չվերթների հետ կապված ուղեւորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթները»: Ավելի պարզ՝ սրանք այն թռիչքներն են, որոնք տվյալ ավիաընկերությունը նախաձեռնում եւ իրականացնում է իր քաղաքականությանը համապատասխան. թռիչքներն ունեն հստակ հաճախականություն:

«Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր առեւտրային չվերթներ է կատարում մի շարք ուղղություններով

Գործող օրենսդրությամբ՝ հայաստանյան ավիաընկերություններին տրվում է կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների հավաստագիր, որն անժամկետ է, սակայն ունի հատուկ պայմաններ եւ սահմանափակումներ, միաժամանակ ավիաընկերությունը նշանակվում է իր խնդրած ուղղությունների փոխադրող (նույնպես անժամկետ): Իսկ օտարերկրյա ավիաընկերությունները մեր երկիր ժամանելու համար ստանում են կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների թույլտվություն որոշակի ժամկետով (ժամկետը կախված է չվերթների գրաֆիկից. որպես կանոն՝ դրանք իրականացվում են ամառային (մարտ-հոկտեմբեր) կամ ձմեռային (հոկտեմբեր-մարտ) աերոնավիգացիոն սեզոնի ծավալով):  

Ոչ կանոնավոր առեւտրային օդային փոխադրումներ

Ոչ կանոնավոր կամ չարտեր (charter, non-shcheduled) առեւտրային չվերթներն իրենց հերթին, որպես կանոն, ունենում են պատվիրատու տուրօպերատոր(ներ), որը տուրիստական սեզոնին ավիաընկերության հետ համապատասխան պայմանագրի հիման վրա իրականացնում է թռիչքներ զբոսաշրջային կետեր: Նման թռիչքներն ունեն հստակ քանակ եւ վերջնաժամկետ:  

Օրենքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է. «Ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումները ներառում են առեւտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը եւ գործարարական ավիացիան»:

Չարտերային թռիչքը կարող է լինել 1 հատ: ՀՀ օրենսդրությամբ ներկայում տարանջատվում են մեկանգամյա, ինչպես նաեւ երկու եւ ավելի ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումներ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա շահագործողների կատարմամբ:

Ընդհանուր նշանակության ավիացիա  

Սա քաղավիացիայի առանձին սեգմենտ է, որն իր բնույթով բազմազան է: Ընդհանուր նշանակության ավիացիան (general aviation) տարբեր ընկալում ունի տարբեր երկրներում:

Արեւմտյան երկրներում, օրինակ, գոյություն ունի ռազմական եւ քաղաքացիական ավիացիա: Այս երկրորդի մեջ, բացի կանոնավոր առեւտրային ավիացիայից, մնացածը համարվում է ընդհանուր նշանակության ավիացիա: Ռուսաստանում բաժանումն ավելի նեղ է. կա պետական (ռազմական եւ հատուկ նշանակության), քաղաքացիական եւ փորձարարական ավիացիա: Քաղավիացիայի մեջ էլ առանձնացվում են առեւտրային ավիացիան, ավիացիոն աշխատանքները եւ ընդհանուր նշանակության ավիացիան:

Փաստորեն, հայկական տարբերակը բոլորովին այլ է: Նոր օրինագծում նշվում է, որ ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է.

1) ոչ առեւտրային գործարարական ավիացիա.
2) ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիա.
3) անձնական թռիչքներ.
4) հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիա, ներառյալ` գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային եւ այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիա։

Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց: 

«Արմենիա Էյրվեյզի» «Diamond DA40-TDI» 4-տեղանոց այս օդանավով թռչում էին ուսանողները 

Ի տարբերություն օրենքի գործող տարբերակի՝ այս նոր սահմանումները, թերեւս, նշանակում են, որ Հայաստանում աստիճանաբար ի հայտ է գալիս ընդհանուր նշանակության ավիացիայի կարեւորության գիտակցումը: Մյուս կողմից՝ իրականության մեջ էլ արդեն տեղի են ունենում փոփոխություններ, մասնավորապես՝ որոշակի դադարից հետո մեր երկրում նորից թռիչքային ուսուցում է իրականացվում. 2017-ից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացները: 

Այսօր օդանավ շահագործելու վկայական ունեցող հայկական ընկերություններից 4-ը («Ավիակոմպանիա Արմենիա», «Տարոն-Ավիա», «Մարս Ավիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ») իրականացնում են առեւտրային փոխադրումներ Հայաստանում եւ երկրից դուրս, իսկ «Արմենիա Էյրվեյզ» ընկերության ինքնաթիռը ժամանակին Ավիաուսումնական կենտրոնում ծառայում էր որպես ուսումնական օդանավ: Առաջիկայում Կապանի օդանավակայանի վերաշահագործումն էլ լավ հիմք կարող է դառնալ, մասնավորապես, օդային տաքսի ծառայության եւ գործարարական ավիացիայի (երկուսն էլ ոչ կանոնավոր առեւտրային ավիացիայի ոլորտից են) մեկնարկի համար: 

ՔԱԳՎ-ն դառնում է ՔԱԿ

Սահմանադրության 2015 թ. փոփոխություններից հետո նախատեսվում է կառավարության կառուցվածքի փոփոխություն: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ), ըստ «Ավիացիայի մասին» օրենքում արվող փոփոխությունների, դառնալու է քաղաքացիական ավիացիայի կոմիտե (ՔԱԿ): Այսուհետ այն կենթարկվի տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը:

Մինչ այս կառավարությունը մի քանի անգամ փոփոխել էր ՔԱԳՎ-ի իրավասության շրջանակները: 2015-ին ավիացիայի բնագավառում (բացառությամբ ռազմական ավիացիայի, որը եղել ու մնում է ՊՆ-ի տիրույթը) քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմին էր ճանաչվել էկոնոմիկայի նախարարությունը, այնինչ մինչ այդ ամբողջ ոլորտը ՔԱԳՎ-ի վերահսկողության տակ էր: Փոփոխությունից հետո վերջինս մնաց որպես թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմին: Մի կարճ ժամանակահատված ԷՆ-ն էր տրամադրում թռիչքային թույլտվություններն ու հավաստագրերը: Սակայն 2016-ի դեկտեմբերին կառավարությունը որոշեց, որ Հայաստանում ավիացիայի ոլորտը (բացառությամբ ռազմականի) կարգավորող մարմինը կրկին ՔԱԳՎ-ն է:

Ու հիմա, երբ վերջինս արդեն որպես ՔԱԿ անցնում է նախարարության ենթակայության տակ, բնագավառի քաղաքականություն մշակողն ու իրականացնողը դառնում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը:

Իր հերթին կոմիտեն կունենա լիազորությունների այսպիսի շրջանակ. օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգում, քաղավիացիայի եւ ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթեւեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների եւ մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգում, ավիացիոն ծառայությունների եւ ՀՀ-ում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն: ՔԱԿ-ն է շարունակելու տրամադրել թռիչքների հավաստագրերն ու թույլտվությունները: Կոմիտեի ղեկավարը լինելու է դրա նախագահը:

Առաջին լուսանկարում՝ ՔԱԳՎ-ի շենքը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter