HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավանդներ. որքան գումար է պահվում բանկերում

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած վերջին տվյալների՝ այս տարվա հունվարի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը կազմել է 2 տրլն 612 մլրդ դրամ։ Մեկ տարում՝ 2017 թվականի հունվարի վերջի համեմատ, ավանդների ծավալն աճել է մոտ 239 մլրդ դրամով կամ 10%-ով։

Ավանդների 2 տրլն 97.5 մլրդ դրամը ՀՀ ռեզիդենտներից ներգրավված գումարներն են, մնացածը՝ ոչ ռեզիդենտներից։  Ինչպես վարկերի կազմում է արտարժույթը գերակշռում, այնպես էլ՝ ավանդների։  Քաղաքացիների ավանդների մոտ 56%-ն արտարժույթով են (հիմնականում դոլարով), ինչը նշանակում է, որ դոլարայնացման մակարդակը Հայաստանում մնում է բարձր՝ տնտեսությունը կախյալ վիճակում պահելով արտարժույթի տատանումների հետևանքներից։

Այս հունվարի վերջի դրությամբ, 2017-ի նույն ամսվա համեմատ, հայաստանյան բանկերում ռեզիդենտների դրամային ավանդներն աճել են 266 մլրդ դրամով կամ 32.4%-ով։ Իսկ արտարժույթով ավանդները մոտ 108 մլրդ դրամով կամ 10.1%-ով։ Այսինքն՝ դրամային ավանդներն ավելի արագ տեմպերով են ավելացել, քան դոլարայինները։ Սա էլ կարող է նշանակել, որ դրամի նկատմամբ վստահությունը որոշ չափով աճել է։  

Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով նվազել են ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները։ Դրանք կրճատվել են 99.5 մլրդ դրամով։

Հիշեցնենք, որ  2014 թվականի տարեվերջին դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով ավելացան փոխարժեքի տատանումների ռիսկերն ու բնակչության մտավախությունները, ինչն իր ազդեցությունն ունեցավ նաև  բանկերում  հաճախորդների ավանդների ու հաշիվների մեծության վրա։ Քաղաքացիների մի մասը շտապեց հանել բանկերում ի պահ տրված գումարները և բանկերի ավանդային պորտֆելը նվազեց։  Որոշ ժամանակ անց արդեն ավանդների դանդաղ աճ սկսվեց ու շարունակվեց։

Հայաստանի քաղաքացիները առավելապես նախընտրում են իրենց գումարները բանկերին ի պահ տալ ժամկետային ավանդների տեսքով, այսինքն՝ որոշակի ժամկետով։ Իսկ ցպահանջ ավանդների պարագայում հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից։ Սակայն, տոկոսադրույքների առումով ավելի ձեռնտու են ժամկետային ավանդները։ Ռեզիդենտների ավանդների մոտ 71%-ը,  այս տարվա հունվարի վերջի դրությամբ, ժամկետային են, մնացած 29%-ը ցպահանջ ավանդներն են։

Ավանդների մեծ մասը ներգրավված են տնային տնտեսություններից։ Սա հենց բնակչության՝ անհատների ավանդներն են։ Մնացածը ձեռնարկությունների ու կազմակերպությունների գումարներն են։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարի վերջի դրությամբ տնային տնտեսությունների ավանդները կազմել են ավելի քան 1 տրլն 346 մլրդ դրամ։ Մեկ տարվա կտրվածքով այս ցուցանիշն աճել է մոտ 187 մլրդ դրամով կամ 16%-ով։  Բնակչության ավանդների ավելի մեծ մասն արտարժույթով են։ Հունվարի վերջի դրությամբ՝ մոտ 501 մլրդ դրամը ՀՀ դրամով, իսկ մոտ 846 մլրդ դրամը՝ արտարժույթով։ Մեկ տարում տնային տնտեսությունների դրամային ավանդներն ավելացել են 133 մլրդ դրամով կամ 36.3%-ով, իսկ արտարժույթով ավանդները՝ 53.1 մլրդ դրամով կամ 6.7%-ով։

Ավանդների աճը, հատկապես՝ տնային տնտեսությունների մասով, նշանակում է, որ բնակչության որոշակի հատված, որոշ քաղաքացիներ կարողացել են իրենց թույլ տալ ավելի շատ գումար խնայել։ Սակայն, այս աճը չի կարող վկայել բնակչության ընդհանուր բարեկեցության աճի մասին, քանի որ հատկապես Հայաստանի պարագայում, ավանդներ ներդնելու և խնայելու հնարավորություն ու կարողություն բնակչության փոքր մասն ունի։

Որ բանկում որքան ավանդ կա

Բանկերի վերջին ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի 17 առևտրային բանկերից ամենամեծ ավանդային պորտֆելն ունի Հայբիզնեսբանկը։ Այդ բանկում հաճախորդների ավանդների ու հաշիվների ծավալը գերազանցել է 400 մլրդ դրամը։ Մյուս ամենաշատ ավանդներ ընդունած բանկերն են Ամերիաբանկն ու Արդշինբանկը։ 2016-ի տարեվերջին այս ցուցանիշով առաջատարը Ամերիաբանկն էր, նախորդ տարվա վերջին տվյալներով, սակայն, այս բանկը իր տեղը զիջել է Հայբիզնեսբանկին։

Հաշվապահական լեզվով ավանդներն ու ընթացիկ հաշիվները համարվում են բանկերի պարտավորությունները հաճախորդների նկատմամբ։ Բանկերի պարտավորությունները, սակայն, միայն ավանդներով չեն սահմանափակվում։ Օրինակ՝ բանկի կողմից թողարկված արժեթղթերը ևս պարտավորությունների շարքում են։ Օրինակ՝ 2017-ի դեկտեմբերի վերջի դրությամբ Ամերիաբանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 607.8 մլրդ դրամ, որից 375.2  մլրդ դրամն են հաճախորդների ընթացիկ հաշիվներն ու ավանդները։

Թե որ բանկում որքան ավանդ կա, կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում։

Մեկնաբանություններ (3)

Անահիտ
Արմենակ Եղիայեան-ին - իսկ Դուք որտեղ եք նստած հիմա, գուցե մի քիչ գիտելիք ձեռք բերեք, նոր միայն այդպիսի բան գրեք։ Հայաստանի կառավարությունը այդպես է վարում իր վիճակագրությունը, իր բոլոր հաշվետվությունները այդպես գրում։ Կարող եք նստել իրենց թմբուկին եւ այնտեղ նվագել։
Ashot
Համաձայն չեմ, որ ավանդների ավելացումը չի նշանակում բարեկեցության աճ։ Եթե համարենք, որ ավանդ ունեցող ընտանիքները միջինով 10միլիոն դրամ ունեն բանկերում ապաս ստացվումա, որ 130հազար ընտանիք ավանդ ունի։ Բնակչության մոտ 15տոկոսը չիել կարելի ասել թե շատ փոքր մասնա։ Բացի դա եթե ընդանիքը ավանդները ավելացնումա բարեկեցությունը լավանումա նաև իրա ծախսերնա ավելանում ասենք ավելի հաճախա ռեստորան գնում կինո, գեղեցկության սրահ, գնում ավելի շատ միրգա ուտում, իսկ դա բերումա նաև ավելի աղքատ խավի եկամուտների ավելացման ասենք մատուցողների գյուղացիների, մատնահարդարների։
Արմենակ Եղիայեան
Ձեր բերած բոլոր թիւերը պէտք է ներակայացնել ստորակէտով, օրինակ՝ 99,5 որ հաերէն տասնորդական կոտորակ կը կոչուի եւ կը գրուի ստորակէտով: Դուք կը գրէք ամեդրիկեան ոճով՝ 99.5 որ ամերիկեան ոճ է: Ամօթ ձեզի: Հայաստան նստած՝ Ամերիկայի թմբուկը կը զարնէք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter