HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցը

(Կրթադատական-լավատեսական պատմվածք)

Դպրոցի հոգում կռիվ էր ընկել: Նա, որ փաղաքշաբար բանգլադեշ կոչվող տարածաշրջանի ամենալավ դպրոցն էր համարում իրեն, վերևից էր նայում բոլորին, և չնայած, որ  ընդամենը շինություն էր, այնուհանդերձ հանդիսանում էր պետական իշխանության օղակ` կրելով պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) անունը: Ելնելով իր բնատուր առավելություններից, ինչպես նաև ֆինանսական մուտքերի բարեհաճ վերաբերմունքից, Դպրոցը որոշել էր իրեն  վերագրել նաև մարդկային հատկանիշներ, այնպիսիք` որոնց բնորոշումը կարող էր տալ միայն Սահմանադրության 3-րդ հոդվածը. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»:  Չբավարարվելով արդեն ձեռք բերած մարդկային ամենաարժեքավոր  հատկանիշներով` Դպրոցը, իր առանձնահատկությունն ընդգծելու  համար, որոշել էր ձեռքի հետ իրեն բռնակցել նաև գործարար համբավ կոչվող և վերջերս շատ մոդայիկ դարձած հատկանիշը:

Ծան. հեղ.` Գործարար համբավը (business reputation) բնորոշ է միայն ձեռնարկատիրական ոլորտին, որն էլ սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի կողմից. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

Դպրոցը, երբ ինքզինքը օժտեց վերը նշված մարդկային հատկանիշներով,  ցավոք, որպես հավելյալ արժեք վաստակեց նաև մարդկային բնավորության պարսավելի գծերից մեկը` հիվանդագին փառասիրությունը, ինչից ելնելով էլ որոշեց, որ իր  պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը ինչ-որ սուբյեկտներ պետք է որ սաստիկ արատավորած լինեին:

Իսկ ի՞նչ էր պատահել իրականում:

«Ընդամենը» թվով ութ  ուսուցիչներ համարձակվել էին հայտնել իրենց անհամաձայնությունը Դպրոցի ենթակայությամբ աշխատող Տնօրենի «ուրույն ձեռագրի» մի քանի «մանր-մունր» դրսևորումների վերաբերյալ, զորօրինակ` հեղինակային իրավունքի ոտնահարում, աշխատաժամանակի անհարկի ավելացում, դասալսումների կիրառելը որպես ճնշամիջոց, տարիներ շարունակ արհմիութենական անդամավճարների անօրինական գանձումներ, ավարտական ատեստատներում ստորագրությունների նմանակում, օրենքի խախտումներով աշխատանքից ազատում (երբեմն նաև բանավոր կարգով), ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, տարաբնույթ զրպարտագրերի կազմակերպում, աշխատանքային պայմանագրերի նկատմամբ  խափանման միջոցը որպես «կալանք» ընտրելը, տաբելը ստորագրելու իրավունքից (կամ միգուցե պարտականությունից) զրկելը և այլն:

Դպրոցին հատկապես հունից հանում էր այն հանգամանքը, որ այդ  ութ ուսուցիչները փաստորեն իր ենթակայի ենթականերն էին, քանի որ Դպրոցում գործում էր «Բոլոր աշխատողները պարտավոր են ենթարկվել տնօրենին» կարգախոս պարունակող ներքին իրավական ակտը: Վերջինս, ճիշտ է, հակասում էր   Սահմանադրության  14.1 և Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածներին, ինչպես նաև չուներ որևէ ընդհանրություն միջազգային կոնվենցիաներով և զանազան խարտիաներով սահմանված  աշխատանքային հարաբերությունների հետ, սակայն իր ենթակա Տնօրենի  անմրցելի հեղինակության պայմաններում այդ «աննշան» անհարթությունները որևէ դեր ունենալ չէին կարող: Վիճակը գցված էր, որոշումն` ընդունված: Ութ ուսուցիչներից երեքին Դպրոցը հրավիրեց դատական մրցագորգ:

Հայցի հիմքը, որով Դպրոցը դիմեց դատարան, ինչպես վայել էր պատվախնդիր մարդ էակին,  բխում էր Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածից, որը տեղադրված պատվավոր 3-րդ` «Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը» գլխում:

Ի զարմանս պատասխանող երեք ուսուցիչների և նրանց ներկայացուցչի` դատարանը Դպրոցի  մարդկային և գործարար հատկանիշները համարեց միանգամայն ընդունելի, ինչից էլ գոտեպնդված, հայցի ներկայացումից չորս ամիս անց` Դպրոցի  դատական հայցին միացավ նաև նրան ենթակա Տնօրենը` որպես երրորդ անձ:

Որպեսզի ընթերցողի մոտ թյուր տպավորություն չստեղծվի, թե դատաքննություն կոչվածը ինչ-որ տհաճ կամ անցանկալի մի իրավիճակ է, ասեմ, որ այնտեղ, ճիշտ է, Դպրոցը գրեթե ասելիք չուներ, սակայն դրա փոխարեն  Տնօրենն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Օրինակ` Դատավորի այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ Ուսուցիչները  խոսքները մեկ արած «ուրույն ձեռագրի» իր առաջարկած տառատեսակներից ոչ մեկը չեն հավանել, տվեց հետևյալ բովանդակությամբ պատասխան. Նրանք (Ուսուցիչները) վաղուց էին խանդով վերաբերվում Դպրոցի ինքնաբավ փառքին, սակայն երբ ԵՍ ԱՐԺԱՆԱՑԱ Մեսրոպ Մաշտոց  շքանշանին,  նրանք լրիվ կորցրին իրենց և սկսեցին ցեխ ու տիղմ պարունակող նամակներ հղել այս ու այն կողմ: Այստեղ Ուսուցիչները բազմանշանակ իրար երեսի նայեցին, քանի որ երբևէ ականատես չէին եղել Տնօրենի նման մասշտաբի երևակայության թռիչքի, իսկ երբ անսպասելիության մշուշը լրիվ հօդս ցնդեց, պարզ դարձավ, որ դատաքննություն կոչվող հոգեպարար իրավիճակն էր Տնօրենն գցել իր մանկության բյուրեղյա երազանքի գիրկը և իր «ուրույն ձեռագրին» համահունչ`Նա այդ երազանքը  ներկայացրել էր որպես կատարողական վարույթի բոլոր փուլերն  անցած իրականություն:

Հավանաբար, ներկայացման  բարձր վարպետությունն էր պատճառը, որ Դատավորը, կարելի է ասել,  ծնողական մեծահոգությամբ վերաբերվեց Տնօրենի` ըստ էության սուտ ցուցմունքին`անհաղորդ մնալով Ուսուցիչների հետևողական և էմոցիոնալ առարկումներին:

Դատավորն իր թեթև ձեռքով  համաներեց ինչպես Տնօրենին ու նրա փաստաբանին, այնպես էլ նշյալ  դատական շրջապտույտի մեջ ակամայից հայտնված մի քանի անմեղ մեղավորների, որոնք հանձնարարություն էին ստացել աբստրակտ մտածելակերպի  գծով հետ չմնալ Տնօրենից:

Ինչևէ, ինն ամիս այդ բոլորին մի լավ դատաքննելուց հետո Դատավորը, հանդես գալով մեր` բոլորիս երկրի անունից,  ազդարարեց, որ ուսուցիչները պարտավոր են հերքում տպել Դպրոցի և նրան ենթակա Տնօրենի  պատվի, արժանապատվության և գործարար համբավի մասին  արած արտահայտությունների վերաբերյալ,  ոչ թե, ասենք, Դպրոցի կամ նրա արհկոմիտեի պատի թերթում, այլ երեք`բոլորովին  անկախ լրատվամիջոցներում, որոնք ամենևին էլ ուսուցիչների ենթակաները չէին, ինչպես նաև նրանց միջև չկար կնքված որևէ պայմանգիր կամ համաձայնագիր, բացի այդ, լրատվամիջոցները  նույնիսկ ընդգրկված  չէին դատական գործում որպես կողմ և բնականաբար չունեին որևէ պարտավորություն նաև դատարանի և օրենքի առջև:

Փաստորեն առաջադրվել էր ընդամենը մեկ հավասարում,  բայց, ցավոք, երեք անհայտով, ինչի հետևանքով Ուսուցիչներն ընկան բավականին դժվար կացության մեջ, սակայն շատ շուտով նրանց այդ իրավիճակը պարզապես խաղուպար թվաց, երբ իմացան, թե ինչ վիճակի մեջ է հայտնվել ամենակարող  ԴԱՀԿ-ն: ԴԱՀԿ-ին մի այնպիսի հանելուկ էր առաջադրված, որ այս անգամ արդեն ե՛ս հիշեցի իմ մանկության հեքիաթներից մեկը` «Գնա այնտեղ,  չգիտեմ` որտեղ, բեր այնինչ,  չգիտեմ, թե ինչ»:

Ու դեռ` սա դեռ ամենը չէր: Վերոնշյալ իրադարձությունների պարուրաձև ոլորաններից մեկում  հանկարծ ավելացավ ևս մեկ` թվով արդեն չորրորդ անհայտը: Մարդու իրավունքների պաշտպանը և Սահմանադրական դատարանը, անհանգստացած լինելով երկրում ստեղծված` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության անսպասելի  մեծ` մեր կարծիքով սպեկուլյատիվ պահանջարկից,  ֆուտբոլային դիվանագիտության լեզվով ասած` իրար հետ արագ պատ խաղարկեցին, որից էլ ծնվեց վաղուց սպասված ՍԴՈ-897 որոշումը` դատական իրավակիրառ պրակտիկայում կատարման համար պարտադիր հետևյալ հանձնարարականով.

«... –վեճի առարկա հոդվածի իմաստով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ,...»:

Դե եկ ուսուցիչ ու մի մոլորվիր… և հենց այն պահին, երբ Ուսուցիչները փորձում էին հերթական անգամ բազմանշանակ իրար երեսի նայել, երդիկից երեք խնձոր ընկավ. Կաղանդ Պապիկի ավետաբերն էր, բարի Տարեմուտի նշանն էր ուղարկել, որպեսզի մեր պատմվածքի բոլորս հերոսները գնահատեն անցած տարվա  կորուստներն ու ձեռքբերումները, դառնան մի փոքր ավելի բարի, ազնիվ ու արդարամիտ,  լցվեն անխախտ հավատով դեպի ապագան, որպեսզի գալիք  2012 թվականը լինի նոր ձեռքբերումների տարի մեր ժողովրդի և համայն մարդկության  համար բոլոր ասպարեզներում:

Հ.Գ. Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով մատաղ սերնդի դաստիարակության գործի ռազմավարական նշանակությունից` Ուսուցիչների անունից խնդրում եմ Կաղանդ Պապիկին, որ արդարադատության ոլորտին հասանելիք նվերը մի փոքր առաջ գցի:

Պայծառ, Ազնիվ  և Արև Վարժապետյանների ներկայացուցիչ`

Մարգար Մախսուդյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter