HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Ինչպես դիմել և ձեռք բերել պատենտ․ Խաչիկ Պապանյան

Ունենալ նոր ու կարևոր գաղափար դեռ չի նշանակում ունենալ հաջողություն կամ բոլորին ապացուցելու հնարավորություն, որ այդ միտքը քոնն է։ Այդ իսկ պատճառով դեռ հին ժամանակներից տարբեր ձևաչափերով տրամադրվել են պատենտներ՝ տվյալ գյուտը երրորդ անձի կողմից առևտրային նպատակներով պատրաստելու, օգտագործելու, տարածելու կամ վաճառելու իրավունքը բացառելու համար։ Այսինքն՝ մինչև պատենտի ժամկետը լրանալը՝ այն պահպանում է պատենտի տիրոջ իրավունքը գյուտի նկատմամբ՝ դառնալով գյուտարարի հեղինակային իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում առաջին պատենտը 1790-ի հուլիսի 31-ին ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ Այն տրվել է Սամուել Հոպկինսին՝ պոտաշը պարարտանյութի բաղադրիչ դարձնելու գործընթացի համար։

Քանի որ հիմա ավելանում է ստարտափների թիվն, ու դրան զուգահեռ մեծանում է սեփական նորարարությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ում պատենտ ստանալու գործընթացի, հնարավոր նրբությունների մասին զրուցել ենք Սիլիկոնային Հովտի «Hickman Palermo Becker Bingham» ընկերության պատենտների իրավաբան Խաչիկ Պապանյանի հետ։

Խաչիկն ավարտել է Օստինում Տեխասի համալսարանի էլեկտրական տեխնիկայի և համակարգչային ճարտարագիտության բաժինը, ապա աշխատանքի անցել Dell ընկերությունում՝ որպես պլատֆորմի գլխավոր ծրագրավորող-ճարտարագետ։ Dell-ում եղած տասը տարիների ընթացքում դարձել է ընկերության տեխնիկական գծով ղեկավարը, ընգրկվել ընկերության պատենտների հանձնաժողովի թիմում, ինչպես նաև այս ամենին զուգահեռ մագիստրոսի կոչում ստացել Օստինում Տեխասի համալսարանի էլեկտրական տեխնիկայի և էլեկտրական շղթաների նախագծման բաժնում։ Մի քանի անգամ ստանալով պատենտներ սեփական գաղափարների համար, ապա վերանայելով ընկերությունում պատենտավորման համար առաջարկած գաղափարները՝ Խաչիկը որոշել է սովորել Հյուսթոնի համալսարանի իրավաբանության բաժնում, ապա արդեն աշխատանքի անցել «Hickman Palermo Becker Bingham» ընկերությունում՝ որպես պատենտների իրավաբան։


Խաչիկ Պապանյանը

ԱՄՆ-ում պատենտների հետ կապված երկու փուլ կա, որոնցում իրավաբաններ են ներգրավված. առաջինը հենց պատենտի համար դիմելու գործընթացն է, երկրորդը՝ երբ ձեռք բերած պատենտը շահագործվում է մեկ այլ անձի կամ ընկերության կողմից, ու պատենտի տերը դիմում է դատարան։ Ընկերությունը, որտեղ աշխատում է Խաչիկը, զբաղվում է առաջին փուլով, հետևաբար այնտեղ աշխատող իրավաբանները պետք է ունենան ոչ միայն իրավաբանական գիտելիք, այլև ճարտարագետի կրթություն և փորձ՝ գյուտի հեղինակի հետ խոսելու, տեխնիկական բոլոր մանրամասները հասկանալու և պատենտի հայտը լրացնելու համար։

Խաչիկի խոսքով՝ պարտադիր չէ, որ նորարարությունը, որն ընկերությունն ուզում է պատենտավորել լինի արդեն իրականացված, իսկ, օրինակ արտադրանքը՝ վերջնական պատրաստ։ Անհրաժեշտ չէ նույնիսկ ունենալ աշխատող կամ գործող նախատիպ։ Միակ նախապայմանը հետևյալն է՝ գյուտը պետք է այնքան հասունացած լինի, որ դրա հեղինակը կարողանա այն այնքան պարզ ու հստակ նկարագրել, որ մեկ այլ ճարտարագետ, այն կարդալով, կարողանա առանց դժվարության այն ստեղծել, հավաքել, գործի դնել։ Նորարարությունը կարող է լինել ինչպես ծրագրային, այնպես էլ դրա կոնկրետ բաղադրիչների մակարդակում։ Կարևոր է հստակեցնել, թե որ բաղադրիչն է, որը ընկերությանը կամ պրոդուկտին մրցակիցների նկատմամբ առավելություն է տալիս և հենց դա էլ պատենտավորել։

Գյուտարարը` նորարարության հեղինակը, հնարավորություն ունի դիմելու non-provisional (լիարժեք) և provisional (նախնական) պատենտ ստանալու համար։ Եթե ընկերությունն ունի բավարար ռեսուրսներ, ապա դիմում է non-provisional պատենտի համար։ Կապ է հաստատում իրավաբանական ընկերության հետ, ու կոնկրետ այդ ոլորտով զբաղվող իրավաբանը հանդիպում կամ տեսազանգ է կազմակերպում գյուտարարի հետ։ Նորարարության հեղինակը նկարագրում է գյուտը, իրավաբանները ձայնագրում են, հարցերի միջոցով փորձում հստակեցնել բոլոր մանրամասները, շարադրում են ամբողջ պատենտ հայտն ու հանձնում USPTO-ին (Միացյալ Նահանգների արտոնագրային եւ ապրանքային նշանների գրասենյակ)։ Վերջինիս հետազոտող մասնագետները ուսումնասիրում են այն, ապա հետադարձ փաստաթուղթ են ուղարկում՝ նշելով` արդյոք գաղափարը պատենտավորման ենթակա՞ է, թե՞ ոչ։

Հաճախ USPTO-ից ստացված նամակում նշվում է, որ պատենտավորման դիմումը վերջնական մերժում է ստացել, բայց դրանից մտահոգվել պետք չէ։ Իրավաբանները, ինչպես սովորական դատերի ժամանակ, բողոքարկում են և սպասում նոր պատասխանի։ Երբեմն անհրաժեշտ է լինում մի քանի անգամ բողոքարկել ու, ըստ ստացված պատասխանի, օրինակ՝ փորձել ավելի նեղացնել պատենտավորվող նորարարության սահմանումը։ Համապատասխան փոփոխություններից հետո սովորաբար գյուտարարը ստանում է պատենտը, իսկ քանի որ USPTO-ում երկար հերթեր են, ապա այս ողջ ընթացքը կարող է տևել միջինում 3-5 տարի։ Սակայն դրական կողմն այն է, որ երբ բողոքարկումները երկար են տևում ու վերջում պատենտը հաստատվում է, վերջինիս ուժի մեջ մնալու ժամկետը երկարեցնում են։ Բացի այդ, ընդունված պատենտի վնասները կարող են սահմանվել 6 տարի հետադարձ ժամկետով՝ ներառելով վերանայման ընթացքի ժամանակահատվածը։ Պատենտի դիմելու համար վճարվող գումարը սկսվում է մոտ 10.000 դոլարից, բայց դժվար է ասել՝ վերջնական որքան կարժենա ամբողջ գործընթացը՝ ներառյալ պատենտը ստանալը։ Ինչու՞, որովհետև հավանական է, որ պատենտի համար դիմելիս կարող են լինել վերանայման փուլեր, այսինքն պետք է նորից վճարել իրավաբանին՝ բողոքարկելու և USPTO-ին՝ վերանայելու համար։

Եթե ընկերությունը, հատկապես ստարտափը, չունի բավարար գումար նորարարությունը պատենտավորելու համար, ապա կարող է դիմել provisional տարբերակի համար։ Provisional-ը չունի non-provisional-ի բոլոր հնարավորությունները, այն չի դիտարկվում USPTO-ի կողմից, բայց վերջինս տալիս է թուղթ, որը փաստում է, որ տվյալ ընկերությունն այդ օրն ունեցել է այդ գյուտը։ Այսինքն՝ այն իրավական հիմք չի տալիս ասելու համար, որ այդ միքտը քեզ է պատկանում, բայց թույլ չի տալիս, որ տվյալ օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում ինչ-որ մեկը պատենտավորի այն։

Provisional-ի համար դիմելն արժե 1000-8000 դոլար՝ կախված այն բանից, թե իրավաբանը որքանով ներգրավված կլինի հայտը լրացնելու գործընթացում։ Հայտը կարող է գրել հենց մտքի հեղինակն ու այն շարադրել ավելի ազատ ոճով։ Սակայն, ցանկալի է, որ իրավաբանը վերանայի ու որոշ հստակեցումներ անի, որպեսզի  non-provisional-ի ժամանակ այն կից ուղարկվի USPTO-ին։

Խաչիկը նշում է, որ տարբեր երկրներում պատենտավորման դիմելու և ստանալու գործընթացները շատ չեն տարբերվում, սակայն նախքան դիմելը ցանկալի է հստակեցնել՝ որտեղ է ավելի կարևոր ունենալ պատենտ։ Հիմնական չափանիշները երկուսն են՝ շուկան, որտեղ պատրաստվում է մտնել տվյալ ստարտափը և այդ երկրի դատական համակարգը։  Եթե մի երկրի դատարանները հնարավոր խնդիրների ժամանակ սովորաբար պաշտպանում են միայն այդ երկրի ընկերությունների շահերը ու անկախ ամեն ինչից նրանց կողմում են, ապա մարդիկ կորցնում են վստահությունն ու այդ երկրում պատենտ ունենալն անիմաստ համարում։ Այս տեսնակյունից պատենտավորման համար հիմա շատ նպատակահարմար են ԱՄՆ-ն, Եվրոպան, Չինաստանը։

Չնայած պատենտավորման սկզբունքները գրեթե նույնն են, տարբեր են գները։ Եվրոպայում, օրինակ՝ պատենտ ստանալն ավելի թանկ է։ Երբեմն նաև տարբեր են գյուտի պատենտավորման ենթակա լինել կամ չլինելու չափանիշները։ Ժամանակին կար կարծիք, որ Եվրոպայում հնարավոր չէ ունենալ ծրագրային գյուտի հետ կապված պատենտներ, սակայն դա այդպես չէ։ Այնտեղ պարզապես ավելի խիստ է՝ պետք է ունենալ տեխնիկական խնդիր, գտնել տեխնիկական լուծում, որն ունի տեխնիկական ազդեցություն։ Այս 3 կետին համապատասխանելու դեպքում պատենտ ստանալը դառնում է հնարավոր։

Խաչիկի համոզմամբ՝ պատենտների ոլորտը շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ բազմաշերտ ու երբեմն նույնիսկ անորոշ է։ Քանի որ նորարարության վերաբերյալ պատկերացումներն անընդհատ փոխվում են, փոխվում են նաև պատենտավորման ենթակա լինելու կամ չլինելու սահմանումները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ժամանակին բիզնես մոդելները, ինչ-որ տեսակի ֆինանսական գործարքները, գործարանային գործընթացները պատենտավորման ենթակա էին, բայց հիմա խստացրել են՝ պետք է ցույց տալ, որ կա տեխնիկական բարելավում, առաջընթաց։ ԱՄՆ-ում բարձրագույն դատարանը որոշել է, որ եթե ինչ-որ ֆինանսական գործընթացներ մարդ պարզապես համակարգչայինացնում է, ապա դա այլևս պատենտավորման ենթակա չէ:

Պետք է նաև նշել, որ պատենտների հետ կապված դատական գործընթացները միլիոնավոր դոլարներ արժեն, հետևաբար շատ մեծ ընկերություններ փորձում են ներքին տարբերակով կարգավորել խնդիրները։ Օրինակ՝ եթե ընկերությունն ընդունում է, որ խախտել է մյուսի պատենտը, ապա պարտավորվում է որոշակի գումար վճարել յուրաքանչյուր վաճառքի դիմաց։ Կան նաև ընկերություններ, որոնք պայմանագիր են կնքում, որ  իրար դատի չեն տալու, իսկ իրենցից մեկին դատի տալու դեպքում, կարող են մյուսի պատենտը ցույց տալ։

Ամփոփելով թեման՝ Խաչիկը նշում է, որ 2015 թվականին USPTO-ից 8000 պատենտ է ստացել Իսրայելը, 2000 Սինգապուրը, 120 էստոնիան և 18 Հայաստանը:  Հայաստանյան պատենտների մեծ մասը պատականում է Սինոփսիս ընկերությանը, որը ոչ թե հայկական է, այլ մասնաճյուղ ունի Հայաստանում։ Քանի որ հիմա հայկական ստարտափներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինչ-որ գյուտ պատենտավորելու նկատմամբ, Խաչիկը մի քանի խորհուրդ է առանձնացնում նրանց համար։

Ստարտափների համար ամենաապահովը, իհարկե, non-provisional պատենտի դիմելն է։ Բայց եթե չկան համապատասխան ներդրումներ ու նաև ժամանակ, ապա հաջորդ ամենաապահով քայլը provisional տարբերակին դիմելն է՝ պատենտի իրավունքը պահպանելու համար։

Կարևոր է իմանալ, որ երբ ինչ-որ մրցույթի կամ աքսելերացիոն ծրագրի մասնակցելիս ստարտափից պահանջում են որևէ տեսանյութ, լուսանկար կամ նյութ ներկայացնել, ապա պետք է խոսել միայն ընդհանուր գաղափարից՝ չանդրադառնալով պատենտավորման ենթակա նորարարության կոնկրետ տեխնոլոգիային։ Ներդրողին, աքսելերացիոն ծրագրի ղեկավարին և նման այլ մարդկանց ստարտափի մասին ինչ-որ տեղեկություն, նյութ առցանց ուղարկելիս պետք է այնպես անել, որ հղումը չինդեքսավորվի, այսինքն՝ որոնողական համակարգերը այն չկարողանան գտնել և բովանդակության մեջ նշել, որ այդ տեղեկությունը գաղտնի է և ենթակա չէ հանրայնացման։ Այս մի նախադասությունը հետագայում անհրաժեշտ է հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Լուսանկարները՝ «Լույս» հիմնադրամ

Մեկնաբանություններ (1)

Էդիկ Հարւթյւնյան
Ինչպես և վորտեղ ստանալ պատենտ Հայաստանւմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter