HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունում համայնքային անասնաբույժների հաստիքներ չկան

ՏԻՄ օրենքում կատարված փոփոխությամբ՝ 2017թ.-ի  հոկտեմբերի 11-ից համայնքապետերը անասնաբուժական ծառայությունը պետք է ապահովեն համայնքային անասնաբույժների միջոցով: Օրենքի փոփոխությունից անցել է 6 ամիս, սակայն Օձունի խոշորացված համայնքում անասնաբույժների հաստիքներ դեռ չկան։

Օձուն համայնքում հաշվառված են 3500 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ: Կան նաև մեծ քանակությամբ խոզեր, մանր եղջերավոր անասուններ, հավեր, սագեր, բադեր: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի խոսքով` անասնաբույժները համայնքին պետք են: «Եթե այս պահանջով գնանք, մեզ պետք է 7 անասնաբույժ: Իսկ 7 անասնաբույժ ունենալը համայնքի համար կդառնա 12-13 մլն դրամ բեռ, որի հնարավորությունն այս պահին չունենք: Էսենց ա պահանջը՝ անասնաբույժը պետք է եկամուտ բերի, իրեն արած աշխատանքով ինքը աշխատավարձ ստանա: Հիմա դրա համար չկա պարզեցված տարբերակը, ոնց անենք, որ անասնաբույժը գնա ծառայություն մատուցի, փող բերի, իր աշխատավարձը տանք»,- ասում է Ա. Տիտանյանը:

Արսեն Տիտանյան

Անասնաբույժներին աշխատավարձ վճարելու համար ՏԻՄ օրենքը  նախատեսել է անասնատերերի համար սահմանել տուրքեր: Համայնքի բյուջե մտած այդ տուրքերի եկամուտներից էլ նախատեսված է վճարել անասնաբույժների աշխատավարձը: Այս լուծումը չի բավարարում Ա. Տիտանյանին:

Գյուղատնտեսության նախարարությունն անասնաբույժներին վերջին 7 տարիներին օգտագործել է որպես վակցինատորներ։

«Այդ տարիներին մենք զրկվել ենք մեր աշխատանքին համապատասխան աշխատավարձից և ստաժից»,- ասում է  Օձուն համայնքի անասնաաաբույժ Սերգո Խանվելյանը։ Նույնն ասում է գործընկերը՝ Անուշավան Ղալայանը:

Սերգո Խանվելյան

Սերգո Խանվելյանն ասում է` որպես անասնաբույժ արդեն 6 տարի է, ինչ վարձատրության հստակ կարգ չունի: Կատարում  է վակցինատորի պարտականություններ: Վակցինաները համայնքներում կիրառվում են կենդանիներին համաճարակից պաշտպանելու համար: Անասնաբույժների խոսքով` այս տարի մարտ ամսին տրվել է խոշոր եղջերավորների դաբաղ և բրուցելոզ հիվանդության համար գլխաքանակի հաշվով պատվաստանյութ` ամեն մի կենդանուն 70 դրամ վճարով:

Սերգո Խանվելյանը 35 տարվա անասնաբույժ է:

«Գիշերը գալիս են իմ հետևից, թե անասունը ծնացնելու է։ Գնում եմ ծառայություն մատուցում, բայց դիմացը չեմ վարձատրվում: Թող անասնաբույժի մասնագիտությունը դե վերացնեն: Կովատերն իրեն համար անասնաբուժություն անի: Կարմիր դիպլոմով ավարտել եմ, որ աշխատավարձ չստանա՞մ: Գալիս է մի պահ, որ ասում եմ` իզուր սովորեցի էս մասնագիտությունը»,- նեղսրտում է Սերգոն:

Օձուն համայնքի մեջ մտնող Արևածագ և Ծաթեր գյուղերի անասնաբույժ Անուշավան Ղալայանը պատմում է , որ 2017թ.-ի աշնանը անասնաբույժների աշխատավարձը կանոնակարգելու համար տարածաշրջանի ամբողջ անասնաբույժներով դիմում են գրել վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը պատասխանել է, թե անասնաբույժների աշխատանքը հունվարին պետք է հաստիքավորվի:

«Օձուն համայնքի ղեկավարն ասում է` բյուջեում փող չունի, ընդամենը 3 անասնաբույժ կարող է պահել համայնքում: Ասում է` երեք անասնաբույժն էլ հնարավոր չէ ամբողջ համայնքին սպասարկեն: Այդպես էլ մեր հաստիքավորման հարցը ձգձգվում է»,- պատմում է Անուշավանը:

Անուշավան Ղալայանը 1981 թվականից  է աշխատում անասնաբույժ: Արդեն 7 տարի է` որպես անասնաբույժ աշխատավարձ չի ստանում: Այդ տարիներին որպես վակցինատոր աշխատավարձ է ստացել գյուղնախարարությունից՝ պատվաստումների հիման վրա: Ծաթեր, Արևածագ գյուղերում միասին 841 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Անուշավանն ասում է, որ անասունների սպասարկումը հասցնում է։ Ասում է, որ անասնաբույժների աշխատավարձը և ստաժը պայմանավորված է գարնանը եւ աշնանը կատարվող վակցինաների միջոցառումներով: Մնացած եղանակներին վակցինա չեն տալիս, անասնաբույժներն էլ աշխատավարձ չեն ստանում:

«Ենթադրենք 4 հատ վակցինացիա է, դրանց հիման վրա, եթե մեր աշխատավարձը չհասավ նվազագույն աշխատավարձին, ասենք ստացանք 53 հազար դրամ, դա ստաժ չի գրվում: Պետք է ստանանք 56 հազար դրամից ավելի աշխատավարձ, որ ստաժ գրվի: Դա էլ տարվա մեջ մաքսիմում կազմում է 4-5 ամիս: Բայց ամբողջ տարվա մեջ մենք էդ գործի մեջ ենք: Ոչ մեկը չի հասկանում, թե ով է էս գաղափարի հեղինակը»,- ասում է Անուշավանը: Մինչև օրենքի փոփոխությունը Սերգոն և Անուշավանը եղել են գյուղնախարարության աշխատողներ: Հիմա նրանք չեն հասկանում գյուղնախարարության, թե՞ ՏԻՄ-ի աշխատողներ են:

«Իրականում ո´չ ՏԻՄ-ի, ո´չ էլ գյուղանախարարության աշխատողներ ենք»,- ասում է Անուշավանը:

 Անուշավան Ղալայան

Անասունների պատվաստումից հետո վակցինատոր անասնաբույժները անձնագրեր են լրացնում, թե որ գոմում քանի անասուն են պատվաստել։

«Եսիմ, որ թվից են էդ անձնագրերը տպվել: Ուղղարկել են, հատիկ-հատիկ գրում, դնում ենք, որ էդ պատվաստումը կատարել ենք: Հիմա, ենթադրենք ես պատվաստել եմ 5 կենդանի, գյուղացին նոր անասուններ է գնել՝ դարձել է 10 հատ: Կամ 2-ը վաճառել է: Փաստորեն էդ դեպքում դուրս է գալիս, որ ես ճիշտ թվեր չեմ գրել: Մենք մեր ձեռքով փուշ ենք բռնում ուրիշի համար։

Եթե մենք մի հատ միջոցառում չկազմակերպենք, 100 տոկոս այդ հիվանդությունը դուրս է գցում: Օրինակ` պաստերելեոզը, գյուղացիները խուկի են ասում, եթե կենդանուն չսրսկեցինք, հիվանդությունը պարտադիր մեր սարերում դուրս է գցում: Արևածագում, չպատվաստելու դեպքում խշխշուկը պարտադիր դուրս է գցում: Խշխշուկ հիվանդությամբ մարդիկ էլ են վարակվում: Սիբիրախտը չվակցինացնենք, հնարավոր է` դուրս գցի, օրինակ անցած տարի Սպիտակի տարածաշրջանում դուրս գցեց»,- ասում է Անուշավանը:

Օձուն համայնքում անասնաբույժները ոչ բոլոր դեպքերում են մասնակցում անասունների մորթին: Անուշավանն ասում է` տեղեկանքի ձև ունի մոտը, բայց ոչ մեկին տեղեկանք չի տալիս: «Ենթադրենք ձեր անասունի մսի տեղեկանքը ես ձեզ հատկացրի, իմ աչքի առաջ մորթեցիք առողջ կենդանի: Վանաձորի շուկա միս է մտնում Կալինինոյից, Սպիտակից և այլ վայրերից: Կարող է նաև Սևանից միս բերեն: Հարցը նրանում է, որ  դրոշմակնիք չունեմ, որ մսի վրա դնելով` ապացուցեմ, որ իմ ուղարկածը հենց առողջ միսն է: Գյուղատնտեսության նախարարությունը պետք է անասնաբույժների դրոշմակնիքների հարցը լուծի, որ անասնաբույժները տեղերում հետևեն շուկա ուղարկվող մսի սանիտարական վիճակին»,- բացատրում է Անուշավանը: Նրա ասելով` գյուղական բնակավայրերում տարածքային անասնաբույժները չեն կարողանում վերահսկել մորթվող անասունի առողջական վիճակը:

«Շուկայի անասնաբույժները, թե ոնց են միսը շուկա ընդունելուց առաջ ստուգում, ես տեղյակ չեմ»,-ասում է Անուշավանը:

Գյուղերից միսը Վանաձորի, Ալավերդու կամ Երևանի շուկա է հասնում առանց համայնքների անասնաբույժների հսկողության և բժշկական փաստաթղթերի: Անուշավանի խոսքով՝ մսի գործ անողները գալիս են գյուղերից կենդանի անասունները բարձում են, տանում` առանց անասնաբույժին տեղյակ պահելու:

«Թե ճանապարհներին այդ անասունը ոնց են առանց բժշկական փաստաթղթերի անցկացնում, էդ էլ իրենց գործն է»,- ասում է Անուշավանը:

Վերջինս հայտնեց նաև, որ գյուղերից շուկա գնացող կաթը, պանիրը և յուղը նույնպես առանց սանիտարական ստուգման են գյուղացիների կողմից տարվում շուկա: Անուշավանի խոսքով` տարածաշրջանում գյուղատնտեսական մթերքները սանիտարական առումով 100 տոկոսով անվերահսկելի են:

                       

 

Մեկնաբանություններ (1)

լոռեցի
Ճար չկա, ժողով արեք, թող կովը տարեկան 2000 դրամի նման բան մուծի, խոզն ու ոչխարն էլ ասենք մի 200 - 300 տան: Որ վերեւի հույան - բույանների հույսին մնացիք, երկար կմնաք, կամ էլ կգան ունքը շինելու տեղակ աչքն էլ կքանդեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter