HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

70ՏՕ600 համարանիշով «Mersedes Jeep»-ի տիրոջ առօրյան

1994թ. փետրվար: Ադրբեջանի Հորադիզի շրջան: Հայկական զորամիավորումներից մեկը, Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ հակահարված տալով թշնամուն, առաջ էր շարժվում: Ջոկատներից մեկի հետ ռեժիսոր Կարեն Գեւորգյանն էր եւ օպերատոր Գագիկ Հարությունյանը: Նրանք վավերագրում էին ռազմական գործողությունները: Այդ օրը հայկական ուժերը մեծ թվով կորուստներ ունեցան, այդ թվում՝ նաեւ այն ջոկատում, որի հետ էին վավերագրողները: Պատերազմի տարիներին ես նրանց հանդիպում էի տարբեր ճակատներում, որտեղ պետք է սկսվեին ռազմական գործողություններ:

Կարեն Գեւորգյանն այդ նյութերով պատերազմից հետո պատրաստեց փաստավավերագրական «Երկընտրանք» ֆիլմը եւ տասը մասանոց «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմաշարը: 

 2004թ. սեպտեմբեր: Պատերազմական գործողությունների ավարտից տասը տարի անց: Հայաստան, Երեւան, Կենտրոնի ոստիկանության հարեւանությամբ գտնվող Ս. Սպանդարյանի անվան դպրոցի մերձակայք: 

«Սեպտեմբերի 22-ին ես եւ Կարեն Գեւրոգյանը մեքենայով դպրոցի կողքից դուրս եկանք դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց: Դիմացից «Մերսեդես» ջիպ մեքենան թեքվեց սուր անկյան տակ, եկավ դեմս կտրեց եւ պահանջում էր, որ ես իրեն ճանապարհ տամ: Նա չպետք է գար իմ դեմով անցներ, այլ իր ճանապարհով պետք է գնար: Եկավ դեմս փակեց, ասում է` ճանապարհ տուր, ես էլ ձեռքով ցույց եմ տալիս` ո՞նց ճանապարհ տամ, գլխիս վրայո՞վ ես անցնելու: Չէի կարող ճանապարհ տալ, հետեւս մեքենաներ էին ու տեղ չկար հետ գնալու: Նա սկսեց հետ ու առաջ տալ մեքենան, էդ ընթացքում էլ ուզում էր մի կնոջ խփել, ես ազդանշան տվեցի, մարդիկ սկսեցին գոռալ` թե էդ ի՞նչ ես անում: Հետո եկավ, մեքենայով մոտս կանգնեց, ասաց` արա՛, քեզ չեմ ասում՝ ճանապարհ տուր: Ես էլ պատասխանեցի` արան դու էս, քո հերն ա: Ասաց` քաշի աջ, խոսենք: Քանի որ տեղ չկար, ինքը երկրորդ գծի վրա էր, ասացի՝ գնանք առաջ»,- հիշում է Գագիկ Հարությունյանը:

«Ինքը առաջ ընկավ, թե՝ հետեւիցս եկեք: Ինքը արագ գնաց, թեքվեց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհը, իսկ մենք չուզեցինք իր հետեւից գնալ, ուղիղ գնացինք «Ձկան խանութ»-ի մոտ կանգնեցինք: Նա էդ ճանապարհի մեջտեղով թեքվեց, թեեւ դա խախտում էր, եկավ «Ձկան խանութ»-ի մոտ, ուր մենք էինք»,- պատմությունը շարունակում է Կարեն Գեւորգյանը:  

«Մենք մեքենայից դուրս չեկանք: Նա մեքենայից իջավ, մոտեցավ, աջ ձեռքով մեքենայի դուռը բռնեց, ձախով հարվածեց դեմքիս: Դուռը պահում էր, որ չկարողանամ դուրս գալ: Կարենը դուրս եկավ, հետո դուռը բաց թողեց, ես էլ դուրս եկա: Ասաց` խփել եմ, լավ եմ արել, հետո էլ, թե՝ օրգանի աշխատող եմ: Ասացի` դե գնացինք ոտիկանություն: Մենք գնացինք ոստիկանություն, ինքը ճանապարհից փախավ»: 

«ML Mersedes Jeep» մեքենայի համարն է՝ 70 ՏՕ 600: «Ես իմացա, որ ղեկին նստած այդ տղայի անուն, ազգանունը Ռուբեն Կարախանյան է: Ասում են՝ Սարյան փողոցի «Էգոիստ» խանութն իրենն է, միայն այսքանը գիտեմ»,- ասում է Գագիկը: 

Այնուհետեւ Գագիկը ոստիկանությունում դիմում է գրում. «Մի դիմում գրելը տեւեց չորս ժամ: Ասում էին՝ զբաղված ենք, եւ այլ պատճառաբանություններ: Հետո ինչ որ մարդիկ եկան, փորձեցին լեզու գտնել: Մենք էլ ասացինք` ոչ, մենք էս գործը տանելու ենք մինչեւ վերջ»:

Նշենք, որ Գագիկ քիթը կոտրվել էր, եւ ոստիկանությունում դիմում գրելու պահին դեմքն արյունոտված էր: 

Հոկտեմբերի 8-ին Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Չնայած քրեական գործ հարուցելու համար քրեական օրեսգիրքը սահմանում է տասնօրյա ժամկետ: Այդ ընթացքում մեքենայի տերերը փորձում էին «առնել» Գագիկին:

Սակայն բոլոր ջանքերը ապարդյուն էր: Գ. Հարությունյանը հոկտեմբերի 10-ին ճանաչվել է տուժող: Հարցաքննվել են վկա Կարեն Գեւորգյանը եւ տուժող Գագիկ Հարութունյանը: Գործքը քննում ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Խաչատրյանը: 

Գագիկը պատմում է, որ քննիչները ոչ մի գործողություն չեն կատարել, մեքենայի դռնից չեն վերցրել մատնահետքերը՝ չնայած նա մի քանի օր շարունակ դիմել է ոստիկաններին, որ գան վերցնեն: Գ. Հարությունյանը ոստիկանությանը հայտնել է նաեւ, որ իրեն հարվածողը, ամենայն հավանականությամբ, թմրանյութ օգտագործած է եղել, եւ խնդրել էր նրան տանել նարկոլոգիական դիսպանսեր` հետազոտելու:

«Մենք կասկածում էինք, որ նա թմրանյութի ազդեցության տակ է, որովհետեւ նրա հայացքը նորմալ չէր, գործողությունները նորմալ մարդու գործողություններ չէին»,-ասում է Գագիկը: Ռուբեն Կարախանյանը, սակայն չի հետազոտվել: 

Ռուբեն Կարախանյանի բարեկամները փորձել են հաշտության եզրեր գտնել եւ մի քանի անգամ հանդիպել են Գագիկին. «Միջնորդները, որ եկան հաշտեցման մասին խոսելու, ասացին, որ էդ մեքենան Ռուբենինը չէ, խանութն էլ ուղղակի աշխատեցնում է: Նրանք եկել են ինձ գնելու: Իրենք ասում են՝ եկեք մտածենք, թե մենք ինչքան ենք փող ծախսում, դու ինչքան պիտի ծախսես: Ասում էին` էդ գումարը քեզ տանք եւ միանգամից էդ հարցը լուծենք: Ես ասացի՝ ոչ, սա մենք պետք է նախադեպ դարձնենք ու բոլորին ցույց տանք, որ պետք չէ վախենալ` ով էլ ուզում է լինի: Մարդկանց կոչ եմ անում՝ մի՛ հաշտվեք, փոխհատուցում մի՛ վերցրեք, որովհետեւ փող տալը էդ մարդկանց համար պատիժ չէ, նրանք նման ծախսեր իրենց բյուջեում նախատեսում են: Պետք է ցույց տանք, որ նրանց դեմ կարելի է պայքարել եւ պատժել»:

«էսօր սա դարձել է սոցիալական երեւույթ՝ սափրած գլուխներ, թանկարժեք մեքենաներով փողոցներում այսպես պահելը, նրանց մեքենաների համարները, խփելով, ջարդելով՝ նրանք այսպես են ինքնահաստատվում, այս հոգեբանությունն արդեն նստում է էդ մարդկանց մեջ: Սրա դեմ պետք է պայքարենք օրինական ճանապարհով` դատարանով, սրա դեմ պետք է պայքարի նաեւ հասարակությունը: Անկախ նրանից, թե նա ում մարդն է` Նախագահին մո՞տ է, թե ոչ, նրանց դեմ պետք է դուրս գա հասարակական ուժ: Սրանք պետք է իմանան, որ դատվելու են ու դառնան չուլ»-ասում է ռեժիսոր Կարեն Գեւորգյանը: 

Ակնհայտորեն, «առյուծի» սրտով Ռուբեն Կարախանյանի թիկունքում պաշտոնյա է: Այն էլ՝ ոչ փոքր տրամաչափի. Ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանը: Վերջինս «ՆԱՄ» (գրուպի կտորեղեն, ներքնաշորեր է ներկրում) իրական տերն է, նրան է պատկանում նաեւ Երեւանի Մաշտոցի պողոտայի փակ շուկայի մոտ գտնվող ջահերի խանութը: Զբաղվում է նաեւ մեքենաների բիզնեսով:

Հայկ Ստեփանյանը շրջում է տարբեր մեքենաներով, երբեմն նաեւ դիվանագիտական համարներով են դրանք: Ընդհանրապես, ռազմական ոստիկանության պաշտոնյաները հաջողված գործարարներ են, բայց սա արդեն այլ պատմություն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter