HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանի կին աշխատակիցներին նվեր-քարտեր է բաժանել նրա հետ «կապ չունեցող» հիմնադրամը

Երևանի քաղաքապետարանը մարտի 8-ի առթիվ քաղաքապետարանի կին աշխատակիցներին նվիրել է 403 հատ նվեր-քարտ: Դրանցից յուրաքանչյուրի հաշվին եղել է 20 000 դրամ: Բացի նվեր-քարտերից` քաղաքապետարանի կին աշխատակիցները ստացել են ծաղիկներ, շնորհավորական բացիկներ:

Նվեր-քարտերի ձեռքբերման համար Երևանի բյուջեից որևէ գումար չի հատկացվել և ֆինանսավորումն ամբողջապես իրականացվել է «Երևան» հիմնադրամի միջոցների հաշվին: Քաղաքապետարանը մարտի 8-ի առթիվ տրամադրել է միայն փաթեթավորումով նվիրաբերվող ծաղիկների գումարը։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Նշենք, որ այդ նվեր-քարտերը ստացել են նաև Երևանի ավագանու կազմի կին ներկայացուցիչները՝ բացառությամբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների: Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ այս խմբակցության կանայք նվերները հանձնելու պահին իրենց աշխատասենյակներում չեն եղել, այդ իսկ պատճառով նվերներ չեն ստացել: Սակայն «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու կին անդամները պնդում էին, որ քաղաքապետարանը հատուկ է արել՝ Նուբարաշեն վարչական շրջանի թաղամասերից մեկի կոյուղաջուրը փետրվարի 13-ի ավագանու նիստին բերելու ակցիայի պատճառով:  

«Երևան» հիմնադրամը շարունակում է ավանդույթը

Քաղաքապետարանի պնդմամբ՝ քաղաքապետարանի կին աշխատակիցներին նվիրած 403 նվեր-քարտերի գումարը տրամադրել է «Երևան» հիմնադրամը: Հիմնադրամը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ նվեր-քարտերի ձեռքբերման համար հատկացրել է 8 միլիոն դրամ, և որ նախաձեռնությունը հիմնադրամինն է եղել:

«Երևան» հիմնադրամը գումարը տրամադրել է իր սեփական միջոցներից, որոնք ինչպես հայտնել են, ձևավորվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրատվություններից:

Այս հիմնադրամն առաջին տարին չէ, որ քաղաքապետարանի կին աշխատակիցներին մարտի 8-ին նվեր-քարտեր է նվիրում: 2014թ-ից սկսած` «Երևան» հիմնադրամը քարտերի ձեռքբերման համար տարեկան 7-8 միլիոն դրամ գումար է հատկացրել և ձեռք բերել 380-390 նվեր-քարտեր:

Ի դեպ, Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն օրեր առաջ հայտնել են, որ դատի են տալու «Երևան» հիմնադրամին և պետական եկամուտների կոմիտեին: Նրանք ամիսներ շարունակ չեն կարողանում ստանալ «Երևան» հիմնադրամին վերջին երկու տարիներին 100 հազար և ավելի դրամ փոխանցած ֆիզիկական անձանց տվյալները։ «Դա հիմնավորվում է անձնական տվյալների գաղտնիությամբ։ Ու սրա անվան տակ անընդհատ մերժումներ են ուղարկում։ Ցանկացած իրավաբան կասի, որ անձնական ոչ բոլոր տվյալներն են գաղտնի, ու դատարանի միջոցով պատրաստվում ենք ստանալ այդ տվյալները»,- նման գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Պատգամավորն ու ավագանու անդամը կարծում են` սեփականաշնորհվող տարածքների գումարներից, որպես «մաղարիչ», միջոցներ են փոխանցվում նաև «Երևան» հիմնադրամին:

Հավելենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին: Այն հաճախ է քաղաքապետարանի համար ծառայություններ մատուցում՝ գնումների գործընթաց կազմակերպում, քաղաքապետարանի կարիքների համար ծառայություններ մատուցում:  Թեև հիմնադրամը առանձին կառույց է և չի գործում քաղաքապետարանի ենթակայության ներքո, դրա գործունեության հասցեն քաղաքապետարանի շենքն է, իսկ հիմնադրամի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter