HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ծաղկաձորում դղյակները կառուցվել են օրենքների խախտմամբ

Ծաղկաձորի անտառային ֆոնդի եւ հանգստի գոտու հողերում իրենց առանձնատներն են կառուցել ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը ... 

«Հետքն» արդեն անդրադարձել է այդ խնդրին (Տես նաեւ` Պատգամավորների հովանավարությամբ ծեծում են լրագրողներին): 

Իսկ ինչպե՞ս են ՀՀ այս քաղաքացիները կառուցել իրենց առանձնատները: 

2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Գագիկ Ծառուկյանը, ապօրինի շինարարություն էր սկսել Ծաղկաձորի հանգստյան գոտում: Այդ մասին գիտեին թե՛ Ծաղկաձորի քաղաքապետարանում, թե՛ իրավապահ մարմինները, սակայն ոչ ոք «իրավունք չուներ» կանխելու ապօրինությունը:

Ապօրինի շինարարության պահին Ծառուկյանը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում, եւ որոշել էր մտնել երկրի օրենսդիր մարմին, որպեսզի օրենքներ ընդունի եւ «կառուցի օրինապահ երկիր»: Ընդ որում` կառուցում էր միանգամից երկու հսկա առանձնատուն: 

«Դրանք «Ինքնակամ շինությունների օրինականացման» մասին ՀՀ օրենքով օրինականացված շինություններ են: Ժամանակին ինքնակամ շենք է սարքվել, օրինականացրել ենք, պետբյուջե բավականին մեծ գումար է փոխանցվել: Տարածքը 1,4 հա է: Օրինականացվել է դիմումի համաձայն, երկուսն էլ Ծառուկյան Գագիկի անունով են»,-ասում է Ծաղկաձորին քաղքապետ Գարուն Միրզոյանը: 

«Օրինականացնելուց առաջ համայնքի հետ քննարկում եղե՞լ է, այսինքն` հասարակական լսումներ անցկացվե՞լ են»,-հարցնում եմ քաղաքապետին: 

«Այդ օրենքը նման բան չի նախատեսում, կառուցելուց հետո էլ ի՞նչ պետք է քննարկվեր»,-ասում է քաղաքապետը:

«Նա կառուցել է, դիմել է կադաստրին օրինականացնելու համար: Բնականաբար, համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով կադաստրը դիմել է քաղաքապետարան եւ պահանջել է օրինականացման որոշում: Այսինքն` համայնքի հետ քննարկելու որեւէ խնդիր չկա»,-պնդում է քաղաքապետ Միրզոյանը:

Նրա ասելով` Շառւկյանի շինություններն օրինականացվել են 2003-ի կեսերին` մեկ քմ-ը 2000 դրամ շինության համար, գումարած հողի կադաստրային արժեքը: «15 մլն դրամի չափով վճարել է պարոն Ծառուկյանը»,-ավելացրեց քաղաքապետը: 

Իրականում քաղաքապետարանը կարող էր մերժման որոշում կայացնել եւ պարտավորեցնել քանդել ապօրինի շինությունները կամ գոնե դրանցից մեկը: Սակայն, չի արել. ը՞վ կարող է Հայաստանում Ծառուկյանին դեմ գնալ: Ասում են` Հայաստանում միայն մի նման մարդ կա` երկրի Նախագահը: 

«Գտել ենք նպատակահարմար, օրինականացրել ենք»,-ասում է քաղաքապետ Գ. Միրզոյանը: Ասում են նաեւ, որ Գ. Ծառուկյանը առանձնատներից մեկը կառուցել է բարձրաստիճան մի պաշտոնյայի համար: Իսկ թե ո՞վ է այդ պաշտոնյան, ցույց կտա ժամանակը: 

«Ծաղկաձորի անտառները բարձր թեքության լանջերի վրա են (նվազագույնը` 45 աստիճան) եւ խիստ արժեքավոր նշանակություն ունեն հողերի պահպանության, ջրային ռեժիմի կարգավորման տեսակետից: Ըստ անտառային օրենսգրքի՝ դրանք պաշտպանական նշանակություն ունեն: Ծաղկաձորի անտառներում կատարվող շինարարական աշխատանքների պատճառով խախտվել է անտառների լրիվությունը, տուժել է տեսակային կազմը, որի հետեւանքով խախտվել է հողերի նպատակային նշանակությունը (ՀՀ Անտառային օրենսգիրք, հոդված 9)»,-ասում է «Ս ոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանը:

« Ըստ քաղաքաշինական գոտեւորման՝ Ծաղկաձորի հողերի 2/3-ը հանգստի հողեր են»,-ասում է պրն Միրզոյանը: «Իրականում հանգստի հողերի 1/2-ը արդեն գրավված է շինություններով: Ըստ ՀՀ Հողային օրենսգրքի 22 հոդվածի 4-րդ կետի` Հանգստի հողերում արգելվում է դրանց` ըստ նպատակային նշանակության օգտագործելուն խոչնդոտող գործունեությունը : Ծաղկաձորում ծավալված շինարարությունները խոչնդոտում են ՀՀ բնակչության երկարատեւ հանգստի կազմակերպմանը՝ վնասելով բարձր թեքության լանջերի ծառուտները: Ծաղկաձորի քաղաքապետը դա արդարացնում է նրանով, որ շինարարությունները կատարվել են միայն նախկինում գործող ճամբարների տարածքում: Դա իրականությանը չի համապատասխանում: Ծաղկաձորի բնակիչների հետ զրուցելով` պարզեցի, որ բնակչությունը նախօրոք չի տեղեկացվել իր կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին: Փաստորեն, Կոտայքի մարզպետարանը եւ Ծաղկաձորի քաղաքապետարանը չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13, 14 հոդվածների եւ ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման պահանջները՝ հասարակությանը նախօրոք իրազեկելու վերաբերյալ »,-շարունակում է Սրբուհի Հարությունյանը: 

Իսկ եթե վաղը ԱԺ բոլոր պատգամավորները, կառավարության անդամները, դատավորները կամ դատախազները որոշեն առանձնատուն կառուցել Ծաղկաձորի անտառներում, ո՞վ պետք է կանգնեցնի նրանց: Իհարկե, ոչ ոք: Շինարարություններն այսօր էլ ընթանում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter