HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Զվարթնոց» կինոթատրոնը արտահանում է հաստոցներ

«Զվարթնոց» ՍՊԸ-ն 2001-2002թթ. Հայաստանից արտահանել եւ վերաարտահանել է մեծ քանակությամբ հաստոցներ: Այս տեղեկությունները երկու տարվա համառ ջանքերից հետո դատարանի օգնությամբ կարողացավ ձեռք բերել «Զվարթնոց» ընկերության հիմնադիրներից եւ բաժնետերերից մեկը՝ Գոհար Ղազարյանը: Ընկերության տնօրեն Լենդրիկ Հայրապետյանը գաղտնի է պահում ընկերության գործունեության մասին բոլոր տեղեկությունները եւ գործարքները: Մեզ հաջողվել է պարզել, որ այդ ընկերությունը որեւէ տեղից չի ներկրել հարկային տեսչության տեղեկանքներից մեկում նշված հաստոցները եւ սարքավորումները:

Դրանք կեղծ գործարքներ են եւ սարքված փաստաթղթեր: Հաստոցներ արտահանողները վերաարտահանում են ձեւակերպում, որպեսզի ազատվեն մաքսատուրքից եւ ավելացված արժեքի հարկից:

Միաժամանակ, արտահանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ թույլտվություն: Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչությունը 2003թ. մայիսին մի քանի օր «Զվարթնոց» ընկերությունում ստուգումներ կատարելուց հետո հանկարծ որոշում է դադարեցնել դրանք՝ պատճառաբանելով. «Ստուգման ընթացքում առաջացած առանձին խնդիրների ճշտման անհրաժեշտությունից ելնելով ...պետի թիվ 01/573-Լ հրամանով ստուգման ընթացքը կասեցվել է»: Թե ինչ են որոշել ճշտել, հայտնի է միայն հարկայինի պետին, նրան զանգողներին եւ, իհարկե, «Զվարթնոց» ՍՊԸ-ի տնօրեն Լենդրիկ Հայրապետյանին:

«Զվարթնոց» ՍՊԸ-ում ստուգումների կասեցման պատճառը առանձին պատմություն է. ո՞վ է կարողանում կասեցնել հարկայինի ստուգումները: Իհարկե, վերեւներից մեկի զանգը: Իսկ ո՞վ է վերեւներից զանգողը: Նա, ով Իրան հաստոցներ է արտահանում:

Իսկ ինչպե՞ս է կինոթատրոնը ծավալել նման գործունեություն: «Զվարթնոց» ՍՊԸ-ն ստեղծվել է նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի բազայի վրա:

«Ամուսինս` Վաղինակ Պողոսյանը, ծանոթներ ուներ սեփականաշնորհման նախարարությունում: Նա ինձ համոզեց, որ տունը վաճառենք, «օբյեկտ» գնենք, աշխատեցնենք, նոր տուն առնենք»,-պատմում է Գոհար Ղազարյանը: Վաղինակը միաժամանակ գնեց մի քանի օբյեկտներ` Ավանի «Գեղարդ» կինոթատրոնը, Մասիս քաղաքի փայտամշակման կոմբինատը եւ «Զվարթնոց» կինոթատրոնը:

«Աբովյան փողոցում գտնվող տունս վաճառեցինք 18 հազար դոլարով եւ գնեցինք «Զվարթնոցը»,-շարունակում է Գոհարը: 1996-ին կոլեկտիվը սեփականաշնորհեց կինոթատրոնը: Այն ժամանակ Գոհարի ամուսինը գործադիր տնօրենն էր: Նախնական պայմանագրում Գոհարի բաժնեմասը 25 տոկոս էր, 40-ից մի քիչ ավելի նրա ամուսնուն էր պատկանում, վեց տոկոսը նախկին տնօրեն Լենդրիկ Հայրապետյանինն էր եւ նրա որդունը` Վիգենինը, մնացածը Գոհարի ամուսնու հարազատներինն էր:

Այդ նույն տարվա վերջում Գոհարն ու ամուսինը գժտվում են եւ այլեւս իրար հետ չեն ապրում: Որոշ ժամանակ անց Վաղինակ Պողոսյանը, պարտքերի մեջ խրվելով, իր եւ հարազատների բաժնեմասը հանձնում է Լենդրիկ Հայրապետյանին: Վերջինս էլ դառնում է ընկերության տնօրենը:

Լենդրիկ Հայրապետյանը 2000թ. Գոհարին է ներկայացնում ընկերության նոր կանոնադրությունը, որպեսզի վերջինս ստորագրի այն որպես բաժնետեր: Գոհարը, տեսնելով, որ իր բաժնեմասը նշված է 13,5 տոկոս, չի ստորագրում: Առանց Գոհարի ստորագրության «Զվարթնոց» ՍՊԸ տնօրենը տանում, գրանցում է նոր կանոնադրությունը:

«Բերում են պայմանագրի օրինակ, որտեղ 13,5 տոկոս է, եւ իբրեւ Գոհարն էլ ստորագրել է: Գոհարը 2000թ. ապրիլին դիմում է ՆԳՆ իր ստորագրության կեղծման փաստի կապակցությամբ: Այդ գործը երկար քննվում է, փորձագետին կանչում են, ստորագրության նմուշներ են վերցնում եւ հաստատում են, որ դա Գոհարի ստորագրությունն է: Այդ օրվանից սկսած՝ Գոհարն անընդհատ բողոքում է, որ դա իր ստորագրությունը չէ»,-պատմում է Գոհարի քույրը՝ իրավաբան Ռուզան Ղազարյանը:

Համեմատելով այդ ստորագրությունները՝ անզեն աչքով կարելի է տեսնել ստորագրության կեղծ լինելը: Գոհարը դիմում է նոտարական գրասենյակ՝ խնդրելով իրեն տալ «Զվարթնոց» ՍՊԸ-ի կանոնադրության բնօրինակը, սակայն չեն տալիս՝ պատճառաբանելով, թե միայն տնօրենի դիմումի համաձայն կարող են տալ: Ընկերության տնօրեն Լենդրիկ Հայրապետյանն էլ չի տալիս իր համաձայնությունը: «Ինձ բնօրինակը չեն տալիս, ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել»,-ասում է Ռուզանը:

Նա դատարանում ներկայացնում է քրոջ շահերը: Գոհարը շարունակում է տարբեր ատյաններ դիմել՝ նշելով, որ իր ստորագրությունը կեղծել են եւ խնդրում է նոր փորձաքննություն անցկացնել:

Լենդրիկ Հայրապետյանը վերջին երեք տարիների ընթացքում երեք անգամ դիմել է դատարան՝ Գոհարին ընկերությունից հեռացնելու պահանջով, իբրեւ թե նա խոչընդոտում է ընկերության բնականոն գործունեությանը:

Առաջին անգամ նա հայցը հետ վերցրեց, երկրորդ անգամ դատարանը հայցը մերժեց, այս տարվա հոկտեմբերին նա նորից նույն պահանջով դիմել է տնտեսական դատարան:

«Մենք էլ հայց ներկայացրինք Տնտեսական դատարան, որպեսզի ընկերության տնօրենը օրենքի պահանջի սահմաններում ընկերության մասնակից բաժնետեր Գոհար Ղազարյանին ներկայացնի ընկերության գործունեության վերաբերյալ փաստաթղթերը եւ 1996-2002թթ. հաշվապահական հաշվառման փաստաթղթերը: Դատական գործը մեկ տարի տեւեց: Դատարանը որոշեց, որ այդ փաստաթղթերը պետք է տրվեն Գոհար Ղազարյանին: 2003թ. մարտի 11-ին վճռի կատարողական թերթը տարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, եւ միայն մեկ տարի անց՝ 2004թ. ապրիլի 3-ին, այդ փաստաթղթերի մի մասը տրամադրվում է հայցվորին: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի համաձայն՝ վարույթը պիտի ավարտվեր երկու ամսում:

«Դատարանով ստացված հաշվետվությունները ուսումնասիրելով՝ տեսանք, որ ընկերությունը 2001-2002թթ. ունեցել է զուտ շահույթ: Բնականաբար, քաղաքացիական օրենսգրքի եւ «ՍՊԸ-ների մասին» օրենքի համաձայն՝ ընկերության բաժնետերը շահույթից շահաբաժին ստանալու իրավունք ունի: Եվ զուտ շահույթի հայցը ներկայացրինք դատարան»,-պատմում է Ռուզան Ղազարյանը:

Հոկտեմբերի 19-ին Տնտեսական դատարանում դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստում Լենդրիկ Հայրապետյանի, դատավորի եւ պատասխանողի հարցերի պատասխաններից պարզվեց, որ 2002թ. ընկերությունն ունեցել է 10-12 մլն դրամ շահույթ:

Դատավորի հարցին՝ ի՞նչ եք արել այդ շահույթը», Լ. Հայրապետյանը պատասխանեց. «Իրականում չի եղել շահույթ, օդում է: Էդ գործարքները մենք չենք արել, մենք միջնորդ ենք եղել, ուրիշի փողն էր, ուրիշ մարդիկ են եղել»:

Դատավորը փորձեց պարզել, թե որտեղ է ընկերության ստացած շահույթը: Ըստ Լենդրիկ Հայրապետյանի՝ դրանք ոչ ընկերության բանկային հաշվում են, ոչ դրամարկղում, ոչ էլ տանը:

Տարօրինակ մի հանգամանք . մի քանի օր անց դատական նիստի արձանագրությանը ծանոթանալիս պարզվեց, որ այս հատվածը չկա արձանագրության մեջ:

Գոհար Ղազարյանի՝ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկայինից ձեռք բերած փաստաթղթերում առկա է շահույթը: Թե ովքեր են այդ պատմության մեջ ներքաշել Լենդրիկ Հայրապետյանին, նա առայժմ չի ասում:

Մենք միայն կարողացել ենք պարզել, որ դրանք մեր ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչներ են: Հենց նրանք են միջնորդել, որպեսզի հարկայինը դադարեցնի ստուգումները «Զվարթնոց» ՍՊԸ-ում:

Իսկ ընկերության 2003-04թթ. գործունեությունը դարձյալ փակ է բաժնետիրոջ առաջ: Գ. Ղազարյանին հայտնի չէ, թե այս ընթացքում ինչով է զբաղվել ընկերությունը, Հայաստանից որքան հաստոցներ է արտահանել եւ որքան շահույթ ստացել: Գ. Ղազարյանը ստիպված է լինելու այս տեղեկությունները դարձյալ դատարանի օգնությամբ ստանալ: Եթե, իհարկե, «հաստոց արտահանողները» մինչ այդ աշխատած փողերից բաժին չհանեն «վերեւներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter