HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գեներալը (պատմվածք)

Կյանքի հարվածներից հոգնած Գեներալը որոշեց վերջ տալ կյանքին: Նա հասկացել էր, որ այլեւս որեւէ բանի ընդունակ չէ: Սկզբում որոշեց փակել իր փողոցը, որպեսզի որեւէ օտար մարդ չտեսնի իր հոգնությունը: Աշխարհն իր համար անեծք էր, բոլոր մարդիկ` դավաճաններ: Փակեց փողոցը: Պատահական մարդիկ ու մեքենաներ այլեւս չէին անցնում իր տան կողքով: 

Քաղաքում, կարծես, ոչինչ չէր կատարվում, գոյության ոչ մի նշան: Նա գիտեր, որ կյանքում այնքան չի սովորել, որքան պատերազմի մեկ օրում: Երկար տարիների կսկիծը մաշել էր նրա նյարդերը: Ձայն չէր ուզում լսել ու չնայած փողոցը փակել էր, հարեւանների երեխաների ձայները միեւնույնն է խանգարում էին: Որոշեց իր փողոցում ապրողներին ստիպել վաճառել իրենց տները: Գեներալի այս որոշման լուրը մի ակնթարթում տարածվել էր փողոցում, սակայն ոչ ոք բարձրաձայն չէր խոսում այդ մասին, չնայած որ բոլորն էլ ներքուստ դեմ էին Գեներալի որոշմանը: 

Գեներալը տեսավ նրանց դեմքերին այդ վախը: Զզվանք առաջացնող վախը նա տեսավ, երբ տասնվեց ընտանիքի հայրերը ներս մտան: Նման մարդկանց պատերազմի դաշտում ինքը կանգնեցնում էր խրամատի վերեւը, գնդակահարում, երբեմն` ինքն իր ձեռքով, երբեմն էլ` իր հայացքին հետեւող զինվորների կրակահերթերով: Մտքով մի պահ անցավ սրանց էլ գնդակահարել: 

- Ինչու՞ են այսքան վախկոտ այս տղամարդիկ, ինչու՞ իրենք չեն ինձ գնդակահարում: Նրանց հանում եմ իրենց տներից ու ձեն չեն հանում: Հայրենիքս լցվել է տականքներով, վախկոտ տականքներով,-քթի տակ մրմնջաց: 

Ներս մտնողները վախենում էին որեւէ շարժում անել: Նրանց լռությունն անըմբռնելի էր, իսկ երկար լռությունը սարսափեցնում էր Գեներալին: Նա ցանկություն ունեցավ մի կուշտ լաց լինել, բայց չկարողացավ, զգաց, որ ինքը պարտվել է այնտեղ` ռազմի դաշտում, յուրաքանչյուր հաղթանակից հետո, պարզապես չի զգացել, ժամանակ չի եղել այդ մասին մտածելու: Նա չգիտեր` ինչի մասին մտածի, կարծես թե ամեն ինչի մասին մտածել էր, ու այլեւս չկար որեւէ բան, որի մասին ինքը կարող էր մտածել: Նրա ուղեղի ծալքերն այլեւս լայնանալու տեղ չունեին: 

Փառքի օրերին նա չէր մտածում, միայն վայելում էր, անգամ իր զինվորների կորուստն էր վայելում: Ուրիշ հրամանատարներ չէին կարող դա անել, որովհետեւ նրանք նահանջով էին կորուստ տալիս, իսկ ինքը հաղթում էր: Ու իր զինվորները հաղթանակի ճանապարհի կորուստներ էին: Ինքը վայելում էր, ու զոհվածների ծնողներին նամակ գրում (որի տակ միայն ստորագրությունն էր իրենը, որովհետեւ գրել չգիտեր ու այդպես էլ չսովորեց, թեեւ արդեն 45 տարեկան էր). «Ձեր որդին իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող արդարացի պատերազմում»: Սրանք համհարզին ուղղված իր բառերն էին: Նա համարում էր, որ իրենց կռիվն արդարացի է: 

Ժամանակը, կարծես թե, նրան այնքան էլ բան չէր սովորեցրել, պարզապես այն ժամանակ ինքը չէր մտածում, չէր կարող մտածել: Նա բեռնատար մեքենա էր քշում ու մտածելու բան չուներ: Նա ավազ, քար էր փոխադրում, հետո փող էր ստանում, գնում էր տուն` երեխաների, մոր եւ կնոջ հետ ուրախանում: Կարծես ամեն ինչ այսպես հարթ էլ պետք է լիներ, եթե մի օր չսկսվեր պատերազմը: Չէր կարողանում մտածել, բայց մտքերի հեղեղը կատաղեցնում էր նրան: Դրանք նույն մտքերն են, պարզապես հիմա հեղեղի նման են գալիս, ու նրա թույլ զարգացած ծալքերը պրկվում են, քիչ է մնում գլուխը «ճաքի»: 

Նա ճանապարհ դուրս եկավ` առանց իմանալու, թե ինչ կլինի իր հետ: Մեքենան` հսկա բեռնատարը, վաճառեց, որպեսզի տանը մի քիչ փող լիներ: Համբուրեց աղջկան ու որդուն, կնոջն ընդամենը երեք բառ ասաց. «Էրեխեքին լավ կնայես»: Գնաց: Գնաց արդար կռիվը կռվելու: Նա այնքան էլ շատ բան չգիտեր հայոց պատմությունից: Դպրոցում չէր սովորել, ութերորդ դասարանից դուրս էր եկել, դարձել վարորդ: Իր պապերից լսել էր, որ Հայաստանը թուրքերի ձեռքում է, ու մեկ էլ` գիտեր իր պապերի երգած երգերը, որոնք թուրքերի դեմ էին: Իր ճշմարտությունը դա էր: Ինքն այդ երգերը երբեմն գինովցած ժամանակ երգում էր, ու արդարացի կռիվը միայն սա էր: Այլ բան նա չգիտեր, բացի այդ երգերը երգելուց, մինչեւ սկսվեց պատերազմը: 

Նա գնաց, որովհետեւ չէր կարող չգնալ: Այդ երգերում հենց դա էր, այդ պատերազմը, որին սպասում էին իր պապերը, հետո` իր հայրը, ու հիմա` ինքը: Նրան թվում էր, որ եթե իր ցեղի այս պատգամը չընդունի, այլեւս չի կարող երգել այդ երգերը եւ իր որդուն չի կարող ստիպել այդ երգերը երգել:

Գլուխը բարձրացրեց, տեսավ իր առաջ կանգնած տասնվեց տղամարդուն.

- Երգել գիտե՞ք,- հարցրեց Գեներալը:

Կանգնածներից ոչ ոք ձայն չհանեց: 

- Ուրեմն, երգե՞լ էլ չգիտեք, ոչ մի բանի պետք չեք,- պատասխան չլսելով` մրթմրթաց,-պատերազմի դաշտում ես ձեզ կգյուլլեի, հիմա չեմ գյուլլի, կասեն` ազգի դավաճան եմ: էն ժամանակ չէին ասի, էն ժամանակ ես կդնեի, կգյուլլեի: 

Գեներալը նորից ընկավ մտքերի գիրկը, հեղեղը սաստկացավ նրա ուղեղում: Փորձեց հիշել, թե երգել չիմացողի գնդակահարե՞լ է, թե ոչ: Չհիշեց: էդքան մարդկանց մեջ չհիշեց մեկին, որին հենց երգել չկարողանալու համար գնդակահարած լիներ: Երեւի, էդ բանը չի պարզել, թե չէ կգնդակահարեր: 

«Ափսո¯ս, կարող է հենց սրանց նմանները լինեին, ո՞նց չեմ հարցրել»,- անցավ մտքով:

- Հիմա լսե՛ք: Քանի որ պատերազմ չէ, եւ ես չեմ կարող գնդակահարել ձեզ, ասեք` ձեզնից ով ինչքան է ուզում իր տան համար, ես էդ փողը կտամ: Տասնհինգ օր հետո ձեզնից ոչ մեկին չպետք է տեսնեմ այս փողոցի վրա: Իսկ հիմա գնացեք, վաղը կգաք, կասեք ձեր գինը: 

Տասնվեց տղամարդ իրար հետեւից դուրս եկան սենյակից: Գեներալն աչքի պոչով նայում էր հեռացողներին: Խղճահարություն երեւաց նրա հայացքում, բայց դա ընդամենը մի պահ էր: Միջանցքով անցնելիս էլ նրանք լուռ էին, դուրս եկան տան դարպասից` նորից լուռ էին: Ամեն մեկը շարժվեց դեպի իր տուն` լուրը տնեցիներին հասցնելու: 

Հատուցման գիտակցությունը նրան սպառել էր տարիների ընթացքում, հետո` ամիսների, հետո` օր-օրի, իսկ այդ պահին սպառում էր րոպե առ րոպե: Նա զգում էր, որ վերջն է, տարիներ առաջ հայտարարված իր մահը եկել էր: 

Զինադադարի հաստատման լուրն առաջին մեծ հարվածն էր Գեներալի համար: Նա ավելի շատ նեղվել էր այն մտքից, որ որեւէ մեկը ղեկավարներից իր կարծիքը հաշվի չի առել, իրեն չեն հարցրել: Իր` կռվում հաղթանակներ տանող գեներալի հետ հաշվի չեն նստել: Նա վիրավորվել էր եւ մտել թշնամու դիրքերի դիմաց` հողի մեջ փորված իր բլինդաժը: Երեք օր դուրս չէր գալիս: Փորձեց նամակ գրել ժողովրդին, բայց հետո տեսավ, որ չի ստացվում: Տառերը չէր հիշում:

Երկրորդ օրվա կեսօրին կանչեց համհարզին, մի քանի նախադասություն թելադրեց, բայց դա էլ կիսատ թողեց: Հասկացավ, որ անիմաստ է ժողովրդին դիմելը: Հինգ հազար զոհի ծնողներին ի՞նչ պիտի ասի: Երրորդ օրը դուրս եկավ բլինդաժից: Գունատ էր, աչքերի տակ` պարկեր: Կանչեց հրամանատարներին, ասաց, որ գիշերը հարձակվելու են: Նա ուզում էր վրեժ լուծել գեներալների այն ՙկույտից՚, ովքեր շտաբում նստած որոշումներ են կայացրել առանց իր` հաղթանակներ բերած գեներալ Արշալույս Հակոբի Վարդանյանի կարծիքը հարցնելու:

Բլինդաժում այդ երեք օրվա ընթացքում նա նույնիսկ մտածել էր պարգեւները վերադարձնելու մասին: Հիշեց որդուն ու մորը, ովքեր ամեն տուն եկածի աչքն էին խոթում այդ պարգեւները, մտածեց` կնեղանան իրենից, իսկ որդուն նա չէր ուզում նեղացնել: Որդուն հիշելով` փորձեց ժպտալ, չստացվեց, ձեռը թափ տվեց օդում` հասկանալով, որ նույնիսկ ժպտալ չի ստացվում:

Ոտքի կանգնեց ճոճաթոռից, որը սարքել եւ իրեն էր նվիրել հորեղբայրը: Կռվի դաշտ էր բերել ու նվիրել իրեն` եղբոր հերոս որդուն: Պատերազմի տարիներին միշտ հետն էր: Նրա համար այդ ճոճաթոռը թալիսմանն է իր հաղթանակների, ու դրա վրա նստած էր նա որոշումներ կայացրել: Մի քանի անգամ մտածել էր այն վառելու մասին. հուսահատության պահերին, երբ զգում էր, որ ամեն ինչ իզուր է եղել: Առաջին անգամ դա նրա մտքով անցավ հենց զինադադարի կնքման լուրն իմանալուց քսաներկու րոպե անց: Դա, չգիտես ինչու, նա լավ էր հիշում:

Զինադադարից երեք օր անց` գիշերը, նրա զորքը անցավ հարձակման եւ գրավեց թշնամու մի քանի գյուղ ու քաղաք: Նրա հրամանով վառվեցին բոլոր տները: Տասնյակ կիլոմետրերով համատարած ծուխ էր, գիշերն ամենուր` կրակներ: Թշնամին խուճապահար փախչում էր: Ավելի մեծ խուճապ էր շտաբում, միջնորդ երկրները խառնվել էին իրար, զինադադարի համաձայնագրի տակ նաեւ իրենց ստորագրությունները կային: 

Շտաբից գեներալի հետ կապվելու բոլոր փորձերը զուր էին. նա չէր պատասխանում ռացիայի հաղորդագրություններին: Զինադադարից հինգ օր անց, երեկոյան, երբ զինվորները նոր դիրքեր էին փորում, իսկ ինքը բլինդաժում էր, մի քանի մեքենայով եկան խուճապի մեջ հայտնված երկրի պաշպանության նախարարն ու շտաբի գեներալները: 

Նա բլինդաժից դուրս չեկավ: Նախարարը մտավ վրան: Գեներալը նստած էր ճոճաթոռին` մեջքով դեպի մուտքը: Ոչ մի շարժում չարեց: Նախարարի, որի ձեռքից մի քանի անգամ պարգեւներ էր ստացել, (հերոսի ոսկե շքանշանն անձամբ երկրի Նախագահն էր հանձնել նրան), ներս մտնելը, կարծես, չնկատեց: Նա իսկապես անտարբեր էր. այս այցը նրան այլեւս ոչինչ չի տա եւ իր ներսում կատարվածը նահանջ չունի: Կիսամթում անխոս նստած էր: Նախարարը, տեսնելով անշարժ գեներալին, չգիտեր ինչից սկսել խոսակցությունը: Նա, ասես, վախենում էր: 

- Հինգ տարվա ընթացքում ես վեց հազար զինվոր եմ կորցրել: Վեց հազար անգամ ես իմ զինվորների ծնողներին նամակ եմ ուղարկել: Դուք մեկ օրվա մեջ թքեցիք իմ զինվորների հիշատակի վրա,-բառերը հատ-հատ արտասանեց Գեներալը: 

- Նախագահի հրամանագրով դուք ազատված եք ձեր պաշտոնից, այլեւս չեք կարող հրամայել զորքին: Ձեզ փոխարինելու է գեներալ Միքայելյանը,- հրամանի նման հնչեց նախարարի շուրթերից: 

Գեներալը երբեք չի սիրել նախարարին: Նրա քինախնդիր հայացքը դուր չէր գալիս Գեներալին: Նա լուռ էր: Նախարարը դուրս եկավ բլինդաժից: 

Գեներալը հիշեց, թե քանի հազար հավ է կերել այս տարիների ընթացքում. խանութի հավ չէր ուտում, փոխարենը սիրում էր գյուղի հավերին: Զորամասում նրա համար միշտ հավ ուներ խոհարարուհին` Զարմիկը: Հավերին կերակրում էր ճաշի մնացորդներով: Չգիտես ինչու` հիշեց Զարմիկին ու հավերին: 

Իսկ զորքը ոգեւորված սպասում էր գեներալի հրամանին, զորքը պատրաստ էր հասնելու աշխարհի ծայրը: 

Ճոճաթոռին նստած մի քանի ծանր ժամ էլ անցկացրեց: Հետո իր պարտքը համարեց վերջին անգամ հավաքել հրամանատարներին.

- Ես գնում եմ: Դուք արեցիք այն, ինչ պիտի անեիք: Մենք դավաճաններ չենք եղել այս պատերազմում: Իսկ քաղաքական պոռնիկները մեր հաղթանակը ծախեցին: Միշտ հիշե՛ք, որ կռվել եք գեներալ Արշոյի հետ: Ես ձեզ չեմ մոռանա: Իսկ հիմա գնացեք: Դուք պարտք ունեք կատարելու, կատարեք` պատվով: 

Տասնվեց տղամարդու գնալուց հետո գեներալը լրիվ հուսահատվեց.

- Ամեն ինչ վերջացած է էս ազգի հետ: Տասնվեց տղամարդու մեջ չկար մեկը, որ ինձ մի բան ասեր: Ինձ` պաշտոնաթող գեներալիս: Հայրենիքս տականքների ձեռքում է: 

Սա վերջին միտքն էր, որ արտաբերեց սթափ գիտակցությամբ, հետո զգաց հեղեղը, որը նորից սկսել էր ճզմել ուղեղը: Նա զգում էր, թե ինչպես են մտքերն արյան հետ շրջանառում: Նա զգում էր, թե ինչ արագությամբ են դրանք շարժվում: Հանեց ատրճանակը եւ պահելով գլխին` քաշեց ձգանը: Առաջինը ներս վազեց մայրը. գեներալի գլուխը կախված էր ճոճաթոռի եզրից: Ճոճաթոռը դանդաղ շարժվում էր` տարուբերելով արյանը շիթը: Մայրը փորձեց կանգնեցնել աթոռը, չկարողացավ. որդու արնաշաղախ գլուխը գրկած` ինքն էլ գնում-գալիս էր:

Լուս.` Հասմիկ Սմբատյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter