HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատը պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցման ծրագրում չարաշահումներ է հայտնաբերել

Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումն է արել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված ծրագրերում: Այս անգամ օրենքի խախտման դրսևորումներ են հայտնաբերվել պետական սուբսիդավորմամբ պարարտանյութերի ոլորտում:

Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիր»-ը: Վերջինիս նպատակը մարզերի հողօգտագործողներին անհրաժեշտ պարարտանյութերը ձեռքբերելու հարցում աջակցելն ու հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մթերքների արտադրության, ծավալների, ստացվող եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների համաձայն՝ այս ծրագրի շրջանակներում ձեռքբերված պարարտանյութերի քանակը 2016թ. կազմել է, ազոտական՝ 32 հազար տոննա, ֆոսֆորական՝ 320 տոննա և կալյումական՝ 840 տոննա: 2017թ. ձեռք է բերվել 25 հազար 545 տոննա ազոտական, 344 տոննա՝ կալյումական պարարտանյութ:

Պարզվել է, որ մարզերում 2016-2017թթ. անհրաժեշտ պարարտանյութերի պահանջարկի վերաբերյալ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերլուծության համաձայն՝ 2016թ. ազոտական պարարտանյութի պահանջարկը կազմել է 98,5 հազար տոննա, ֆոսֆորականինը՝ 88,8 հազար, կալյումականինը՝ 37,1 հազար տոննա: Նույն ուսումնասիրության համաձայն՝ 2017թ. ազոտական պարարտանյութի պահանջարկը եղել է 99,7 հազար տոննա, ֆոսֆորականինը 89,4 հազար, իսկ կալյումականինը՝ 37,6 հազար տոննա:

Պետական աջակցությամբ մատչելի գներով պարարտանյութ ձեռքբերելու ծրագրի շրջանակներում, ըստ Վերահսկիչ պալատի, պատվիրատուի կողմից 2016-2017թթ. չի իրականացվել ապրանքի ձեռքբերման և տեղափոխման ծախսերի շուկայական գների ուսումնասիրություն և չի կազմվել համապատասխան նախահաշիվ:

2016թ. մարզի հողօգտագործողների կողմից ներկայացվել է 32 հազ. տոննա ազոտական, 2000 տոննա  ֆոսֆորական և 1531 տոննա կալյումական պարարտանյութի պահանջարկ: Վերահսկիչ պալատը պարզել է, որ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններին բաշխվել է 31 հազ. 650 տոննա ազոտական (հաշվի առնելով նախորդ տարվա մնացորդը), 574 հազ. տոննա ֆոսֆորական և 1015 տոննա կալյումական պարարտանյութ:

«Նախարարության կողմից չի իրականացվել համապատասխան մոնիտորինգ, ինչպես նաև չեն կիրառվել հսկողական մեխանիզմներ ծրագիրը լիարժեք իրականացնելու և նպատակային արդյունքին հասնելու համար»,-եզրակացրել է Վերահսկիչ պալատը:

Ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. պարարտանյութերի մատակարարումն ու վաճառքն իրականացվել է ամբողջ տարվա ընթացքում, սակայն, սուբսիդավորման և տեղափոխման պայմանագրերը կազմվել են այնպես, որ ամբողջ գումարը մատակարարներին տրամադրվել են միանվագ՝ առաջին եռամսյակի ընթացքում, այլ ոչ թե փաստացի մատակարարումն իրականացնելուց հետո:

Կառավարության 2016թ. հունվարի 29-ի թիվ 73-Ն որոշմամբ, ինչպես նաև մատակարարման պայմանագրով նախատեսված է, որ չվաճառված ազոտական պարարտանյութի սուբսիդավորման և տեղափոխման դրամաշնորհի գումարները հետ են վերադարձվում պետական բյուջե: Չներկրված և չվաճառված մնացորդը կազմել է 2944 տոննա, որի արժեքը, ներառյալ տեղափոխման ծախսերը կազմել է 179 մլն 128 հազար դրամ: Նշված գումարը, Վերահսկիչ պալատի տվյալներով, չի փոխանցվել պետական բյուջե և միայն տվյալ բյուջետային տարվա ավարտից 45 օր հետո Գյուղատնտեսության նախարարի հրամանով հանձնարարվել է մատակարարին շարունակել ծրագիրը հաջորդ տարում և բախշել մնացորդը: Հետագայում այն հաստատվել է նաև կառավարության որոշումով:

Ինչ վերաբերում է չվաճառված 504,25 տոննա ֆոսֆորական և 559,45 տոննա կալյումական պարարտանյութերին, ապա դրանց ընդհանուր արժեքը, ներառյալ տեղափոխման ծախսերը, կազմել են մոտ 148 մլն 266 հազար դրամ: Այս գումարը կրկին չի վերադարձվել պետական բյուջե և կրկին նախարարի, ապա կառավարության որոշումով թույլատրվել է շարունակել բաշխումը հաջորդ տարվա ընթացքում:

 «Նշված անհատական ակտը հակասում է ՀՀ կառավարության 2016թ. թիվ 73-Ն նորմատիվ իրավական ակտին: Հարկ է նշել, որ մատակարարի կողմից Գյուղատնտեսության նախարարություն ուղարկած գրությունների համաձայն, մնացորդ ապրանքը՝ 2944 տոննայի չափով, 2016թ-ի ընթացքում չի ներկրվել ՀՀ-ի տարածք»,-եզրակացրել է Վերահսկիչ պալատը: 

Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել են, որ 2016թ. մատակարարների կողմից չեն պահպանվել կառավարության որոշմամբ սահմանված մատակարարման պայմանները՝ պարարտանյութերը տրամադրվել են մինչև փաստացի վճարումը, ինչի արդյունքում ձևավորվել են պարտավորություններ: Չնայած այդ հանգամանքին կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի թիվ 1585-Ն որոշմամբ դադարեցվել են 2015 և 2016 թվականների համայնքներին պարարտանյութերի հատկացման արդյունքում «Բերիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի և «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հանդեպ ձևավորված համայնքների պարտավորությունները մոտ 165 մլն 255 հազար դրամի չափով:

Բացի այդ, 2016-2017թթ. պարարտանյութերի սուբսիդավորման պայմանագրերի գները համեմատելիս ստացվում է, որ 2017թ. ազոտական և կալյումական պարարտանյութերը ձեռք են բերվել ավելի ցածր գներով: 2017թ. սուբսիդավորման գումարները մատակարարներին տրամադրվել են կատարողականների հիման վրա, այլ ոչ թե միանվագ:

«Հետք»-ն օրեր առաջ անդրադարձել էր նաև նախարարության կողմից իրականացված գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումներին: Այս դեպքում ևս «Հրաշք այգի» ընկերությունը, օգտվելով տոկոսադրույքի սուբսիդավորումից, ստանձնել էր 151 մլն 871 հազար դրամ գումարի վարկային պարտավորություն 2% տոկոսադրույքով։ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը գյուղտեխնիկա մատակարարել է  իր կնոջը՝ Լենա Բաղդասարյանի հիմնադրած  «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ին:

Օրեր առաջ էլ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Լոռու մարզի երկու համայնքապետ է  ձերբակալվել, Միխայլովկա համայնքում չարաշահումներ են կատարվել պարարտանյութերի, իսկ Ձյունաշող համայնքում՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում: Շիրակի մարզի դատախազությունում էլ քրեական գործ է հարուցվել բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների յուրացումների վերաբերյալ:

Առաջիկայում կներկայացնենք նաև գյուղատնտեսության նախարարության դիրքորոշումը:

Լուսանկարը՝ armtimes.com

Մեկնաբանություններ (17)

Գայանե
Պարզից էլ պարզ է, որ այս գործարքներից փող են աշխատել որոշ պաշտոնյաներ
Տիգրան
Երբ պիտի վերջ դրվի այս խայտառակություններին
Նազելի
Ինչ անում են լավ են անում, ձեռները բռնող չկա անում են:
Գեւորգ
Սովետի ժամանակ գյուղ նախարարությունը պլաններ էր մշակում եւ իջեցնում կոլխոզ-սովխոզներին, թե ով ինչքան խաղող, ցորեն ու միս արտադրի ու հանձնի, ինչքան բուրդ խուզի, քանի ձու ածի եւ այլն: Իրենք տրակտորն ու կոմբայնը բերում դռանդ դեմը կանգնեցնում էին, պարարտանյութը վագոններով շարում, դեղի, սերմացուի, ագրոնոմի, անասնաբույժի հարցերը լրիվ լուծվում էր: Ջուրը ձրի էր, հլա գալիս էին քնից հանում թե գիշերն ինչու չեք ջրում, պարապ հոսում է: Իսկ հիմա այս նախարարության բան ու գործն ի՜նչ է, չհաշված ժամանակավոր Ծիգ - միկերը (որոնցով իրենց արիշ-վերիշն են անում:) Սրանք հիմա ավելի շատ բաժիններ, ավտոներ ու պաշտոնավոռեր ունեն քան առաջ էր: Իսկ սրանց մշտական պարտականությունները ո՜րն են այս դեպքում, եթե գյուղն ու գյուղացին իրենք իրենց յուղով են տապակվում (?!) Իսկ ընդհանրապես դժվար է հասկանալ մեր շատ նախարարությունների ֆունկցիաներն այս երկրում:
Արմեն
Վարչապետն ինչ մեղք ունի, որ նախարարն իրա պաշտոնի լրջությունը չի պատկերացնում ու սենց խայտառակ գործարքների է գնում: Էս վոր թիվն ա որ ֆիկտիվ ֆիրմաներ բացեն իրարից առևտուր անեն ու չբռնվեն: Երևի սա մտացելա կոնյակի գործարանի հարիֆ ֆրանսյացիներն են ոնց ուզի մատի վրա ֆռացնի
Կարո
Նոր չի որ ամեն տեղ բիրդակ ա: Աչքիս տոչկել են, որ վարչապետին մրոտեն էս քանի օրը:
Լուսինե
Անպատժելիության մթնոլորտ է տիրում, այդե պատճառը եսպիսի երևույթների
Կարինե
Ինձ վրա էլ գործուղումներ էին դուրս գրում իսկ հետո աշխատակազմի ղեկավարը հետ էր վերցնում մի մասը
Գեւորգ
Թող խանութներ բացեն, պարարտանյութ, դեղ, սերմացու մեքենա, դնեն ու ազատ ծախեն: Գյուղացուն եթե օգնել են ուզում, թող ջուր, գազ, հողի հարկ, վարկ մի քիչ թեթեւացնեն, միթե դրա համար հարկավոր է «ծիգ» ու «սիք» սարքել ու հարյուրավոր թալանչի մեջը մտցնել: Կարող ա ոչ մի բան չեն տեսնում ու հասկանում?
Ռուդոլֆ
Ինչ ուզում անում են այս նախարարությունում
Կարինե
Նման բացահայտումից հետո ամենաքիչը նախարարը պիտի հրաժարական տար
Սամվել
Պարզ երևում է, որ կոռուպցոն մեխանիզմներով հարուստ հիմնարկ է գյուղատնտեսության նախարարությունը
Սուսաննա
Կամ նախարարը իր տեղում չէ, կամ այս երևույթները կրում են համակարգված բնույթ
Կարինե
Ղեկավար կազմն է մեղավոր, որովհետև մարդիկ խոպան են եկել, որքն հնարավոր է պետք է գումարներ աշխատեն, քանի որ գիտեն որ ժամանակավոր են:
Դոնարա
Անամոթ հիմնարկ դարձրեցին գյուղ նախարարությունը: Ետ նախարարին իրա կողքի մարդիկ ուժեղ քաշելու են:
Վարդան
Ետ ինչի բա ես (http://hetq.am/arm/news/86677/hrashq-aygi-i-tnorenn-u-kiny-dzevakan-paymanagrov-ogtvel-en-artonyal-lizingayin-tsragric.html ) հոդվածի համար դիրքորոշում չներկայացրին բա նախարարությունից ? Որովհետև իրենք իսկզբանե գիտեին, որ Ֆիառը Հրաշք այգու հետ փոխկապակցված է: Ֆիառի դիմումը նախարաին եղել է Հրաշք այգու էլեկտրոնային հասցեից, կա համապատասխան գրագրությունը: Ես անձամբ եմ դա տեսել: Նախարարությունում գիտեին նաև, որ այդ տեխնիկան Ծովակից հետ է բերվելու և հանվելու է վաճառքի:
Մարինե
Այս նախարարությունում անպատժելիության մթնոլորտ է տիրում: Այնքան են հղփացել, որ այժմ ուզում են Հրաշ այգուն գումար տալ հենցայնպես: https://www.e-draft.am/projects/821/digest

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter