HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղատնտեսության ոլորտում օպտիմալացման անվան տակ փոշիացրել են պետական միջոցները

Կառավարության 2017 թվականի մարտի 9 թիվ 243-Ա որոշումով հիմնադրվեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Վերջինիս ստեղծումով որոշվել էր դադարեցնել գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԳԾԻԳ) գործունեությունը: Այն ժամանակ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հայտարարում էր, թե օպտիմալացնում են պետական համակարգը՝ խնայելով պետական միջոցները:

Երբ ստեղծվեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, նշվեց, որ հիմնական առաքելությունը պետք է լինի երկրում գյուղատնտեսության զարգացման խթանումը: Հիմնադրամի գործունեության արդյունքում պետք է բարձրացվեր գյուղատնտեսության մրցունակությունը, ներգրավվեին ներդրումներ, խթանվեր գյուղմթերքների արտահանումը և այլն: Սակայն, դատելով այդ կառույցի կատարած ծախսերից և վերահսկիչ պալատի բացահայտումներից, ոչ միայն պետական միջոցները չեն խնայվել, այլ ճիշտ հակառակը՝ շատ դեպքերում կատարել են չհիմնավորված ծախսեր: Նույնիսկ ավելին, քան մինչև «օպտիմալացումը»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա փետրվարի 6-ին հաստատել է 2018թ. տարեկան գործունեության իրականացման բյուջեն՝ մոտ 682 մլն 555 հազար դրամ: Այդ գումարի մեծ մասը գոյանում է պետական բյուջեի հատկացումներից՝ մոտ 410 մլն 457 հազար դրամ:

Բյուջեով հսկայական գումարներ են հատկացվել հիմնադրամի ծախսերի համար: Մասնավորապես, խորհրդի հաստատած ծախսերի նախահաշվով 504 մլն 244 հազար դրամ է հատկացված աշխատավարձերի նպատակով, որից մոտ 325 մլն դրամը՝ պետական բյուջեից: 17 մլն դրամից ավելին է նախատեսվել տրանսպորտային նյութերի, 40 մլն դրամ՝ գույքի և սարքավորումների, տարածքների վարձակալության համար, որից 8 մլն 340 հազար դրամը՝ պետական բյուջեից և այլն:

Հիմնադրամի աշխատավարձերի հիերարխիան

Ուսումնասիրելով խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակը՝ պարզեցինք, որ այնտեղ աստղաբաշխական աշխատավարձեր են սահմանված: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հաստիքով ունի 182 աշխատող, որից 139-ը մարզային կառույցների աշխատակիցներ են:

Պաշտոնային առավելագույն դրույքաչափը գործադիր տնօրենինն է՝ ամսական 1 մլն 500 հազար դրամ, ծրագրերի կառավարման և զարգացման ու գյուղատնտեսական խորհրդատվական տնօրեններինը՝ 1 մլն 200 հազար դրամ: 750 հազար դրամ առավելագույն դրույքաչափով աշխատավարձ է սահմանված աշխատակազմի ղեկավարի համար: Ամենացածր աշխատավարձը մարզային կառույցների խորհրդատուներինն է՝ 140 հազար դրամ:

Նշենք, որ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի նախագահը գյուղատնտեսության նախարարն է: Հենց նա է ստորագրել հաստիքացուցակի և դրույքաչափերի փաստաթուղթը:

Բացի գյուղատնտեսության նախարարից, հոգաբարձության խորհրդի մեկական անդամ նշանակվում է Գյուղնախարարությունից (նախարարի տեղակալն է), Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների և Ֆինանսների նախարարություններից:

Կառավարության որոշման համաձայն՝ հիմնադրամի գույքը, ներառյալ ֆինանսական միջոցները, կարող են գոյանալ կամավոր ներդրումներից, պետական բյուջեից, նվիրատվություններից, դրամաշնորհներից, իր կանոնադրային նպատակներն իրականացնելու նպատակով իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից, օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում և 2017թ. նոյեմբերին կազմել է միջանկյալ արձանագրություն:

Պարզվել է, որ վերաբաշխում է կատարվել 2017թ. պետական բյուջեի մասին օրենքում և ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիաների համար նախատեսված գումարը՝ մոտ 153 մլն դրամ, դրամաշնորհի ձևով որոշվել է տրամադրել հիմնադրամին: Դրա հիման վրա էլ վերջինիս և գյուղատնտեսության նախարարության միջև կնքվել է գումարը հատկացնելու մասին համաձայնագիր:

Ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ միայն 54 մլն 442 հազար դրամ է հատկացվել տեսանյութերի պատրաստման համար, 136 մլն 105 հազար դրամ՝ վարկերի հավաստագրման դասընթացներին և այլն: Հիմնադրամի գործունեության առաջին եռամսյակի համար նախատեսված 10 տեսահոլովակները ներբեռվել են համացանց սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Դրանք դիտման համար հասանելի են միայն համացանցի հիմնադրամի «Youtube»-յան էջում: Դրանք գյուղատնտեսներին ներկայացնելու կամ վերջիններին տեսահոլովակների մասին իրազեկելու միջոցառումներ հիմնադրամի կողմից չեն իրականացվել:

2017թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ, օրինակ՝ անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար նախատեսված տեսանյութն ունեցել է ընդամենը 36 դիտում, մեղվաբուծության թեմայով տեսանյութը՝ 68 և այլն:

Ինչ վերաբերում է դասընթացներին, ապա Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր մարզերում դասընթացներին մասնակիցների թիվը, ըստ նախատեսված գրանցման թերթիկների, չի համապատասխանում դասընթացի հաշվետվություններին կցված լուսանկարներում առկա մասնակիցների թվին: Օրինակ, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 15.07.2018թ. իրականացված դասընթացի մասնակիցների թիվը լուսանկարների համաձայն 12-ն է, սակայն գրանցման թերթիկներով ցույց են տվել 23-ը: Այդ թվի մեջ ներառված են եղել նաև մարզային կառույցների աշխատակիցների անունները:

«Բազմաթիվ են դեպքերը, երբ վարկերի հավաստագրման եռօրյա դասընթացների միևնույն մասնակցի ստորագրությունը յուրաքանչյուր առանձին օրվա գրանցման թերթիկում ակնհայտ տարբերվում է մյուսներից: Ստացվում է, որ դասընթացի մասնակիցների իրական քանակը չի համապատասխանում փաստաթղթերով ներկայացված քանակին»,- եզրակացրել է Վերահսկիչ պալատը:

Նշենք, որ 2018թ. բյուջետային ֆինանսական հայտով սահմանված են նույն գործառույթները՝ 50 խմբային դասընթաց, 120 ծրագրային դասընթաց և 40 տեղեկատվական նյութերի պատրաստում: Այսինքն՝ պահպանվում են նույն ռիսկերը, ինչ նախորդ տարում:

Ինչ վերաբերում է ստացած դրամաշնորհներին, դրանք հիմնականում ուղղվել են աշխատավարձի ֆոնդին: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումով սահմանված հաստիքացուցակն ու աշխատավարձի դրույքաչափերն էական շեղում ունեն կառավարությանը ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտից:

2017թ. բյուջետային ֆինանսավորման հայտով գործադիր տնօրենի համար սահմանված 1 մլն դրամ, աշխատակազմի ղեկավարի՝ 500 հազար, գլխավոր հաշվապահի՝ 250 հազար դրամ աշխատավարձի փոխարեն խորհրդի կողմից սահմանվել և վճարվել է համապատասխանաբար 1,5 մլն դրամ, 750 հազար և 500 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ այս հիմնադրամի ստեղծման հիմքով լուծարված Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) ղեկավարի աշխատավարձը եղել է 330 հազար դրամ:

Միայն հիմնադրամի կենտրոնական գրասենյակի 34 աշխատակիցների ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է մոտ 14 մլն դրամ:

Լուծարված կառույցների և հիմնադրամի աշխատավարձերի, հաստիքացուցակային վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը բավականին բարձր է, սա այն դեպքում, երբ պակասել են գործառույթները:

Անհամապատասխանություն կա նաև հիմնադրամի 2018թ. հաստիքացուցակներում և դրույքաչափերում: Միևնույն նպատակի համար ստեղծված և միևնույն գործառույթներ իրականացնող 10 մարզային կառույցներից 2-ի համար նախատեսված է հաշվետար-օգնականի հաստիք, մյուս 8-ի դեպքում՝ ոչ:  Կամ՝ գլխավոր հաշվապահի աշխատավարձը սահմանված է 250 հազար դրամ, իսկ շարքային 2 հաշվապահներինը՝ 350 հազար դրամ:

Տարածքների վարձակալում, միջոցների վատնում

Պարզվում է՝ հիմնադրամը նաև տարածքներ է վարձակալել՝ առանց անհրաժեշտության: Մասնավորապես՝ 2017թ. հոկտեմբերի 27-ին հիմնադրամի և «Միկշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով հիմնադրամը մինչև 2022թ. հոկտեմբերի 15-ը ամսական 2 մլն 475 հազար դրամով վարձակալել է 573,32 քմ մակերեսով տարածք՝ Ադոնց 6/1 54 հասցեում: Սա այն պարագայում, երբ Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող Մամիկոնյանց 39Ա հասցեում գտնվող շենքի 6 և 7-րդ հարկերը, 640 քմ մակերեսով, զբաղեցրած է եղել ԳԱՀԿ-ի կողմից: Վերահսկիչ պալատը պարզել է, որ այդ տարածքն այժմ զբաղեցված չէ, և հնարավոր էր օգտագործել որպես հիմնադրամի տարածք: Արդյունքում միայն 2017թ.-ին հնարավոր կլիներ տնտեսել 6 մլն 180 հազար դրամ:

Ուշագրավ մի փաստ էլ՝ հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդհանուր բաժնային սեփականություն ունի հենց Ադոնց 6/1 հասցեի շենքում:

2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտում վարձակալության համար նախատեսված է 5 մլն 500 դրամ: Իսկ 2018թ. համար միայն կենտրոնական գրասենյակի վարձակալության վճարը, ըստ կնքված պայմանագրի, կկազմի 29 մլն 700 հազար դրամ:

Լուսանկարում՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը / banks.am

Մեկնաբանություններ (14)

Կարեն
Առաջներում երբ ԾԻԳ-եր չկաին ծրագրերը իրականացվում էին գումար տվող դոնորի վերահսկողությամբ, հետո երբ էդ ծրագրերը հավաքեցին մեկ պատուհանի այսինքն ԾԻԳ-երի հովհանու ներքո այ էդ ժամանակ կակաշկեն խառնվեց ջրերի հետ, այսինքն ԾԻԳ-ի տնօրեն դառնալու համար սկսեցին պայքարել և բաբաթ միջամտություններ խառնել... Ասածս ինչ է նոր կառավարությունում նոր և իրական մրցույթով հաղթած տնօրեններ են պետք
Կարենին
Նկարում պատկերված երիտասարդը նոր կառավարության կադր է Կարեն ջան:
Միքայել
Այս հիմնարկում կան հաստիքներ, որոնցից օգտվում են նախարարության որոշ պաշտոնյաներ: Նշված պաշտոնյաները 2-րդ կամ 3-րդ աշխատավաձ ստանում են հենց այդ հաստիքների վրա դուրս գրվող գումարներից:
Անդրանիկ
Սրանք ու իրանց բերողները իրենց համարում են կապույտ արյունի տեր մարդ
Լուսինե
Ահա սա էլ իրենց պատասխանը .... https://168.am/2018/04/09/933424.html
Բորիս
Նախարարի բերած համարյա բոլոր մարդիկ էլ հիմնադրամից գումար են ստանում
Ազատ
Ամոթ էլ չեն անում...
Թագվոր
Թիֆլիսցի սապոժնիկ Սեռոժին (Գյումրեցի Պոլոզ Մուկուչի նմանակին) հարցնում են - «որ քեզ թագավոր դնեն, ի՜նչ կանես:» Ասում է - «վա՜հ տո, ինձ հմար տուֆլիի տասը դուքան կշինեմ!» Թագավոր դարձած սապոժնիկների ձեռն ենք:
Սամվել
Տօ խի մենակ եդ ԾԻԳ-ն ա?
Արտաշ
Անպատժելիությունը ծնում է չարություն
Քրիստինե
Տեսնես տեղյակ է գոնե, որ երկրի նախագահից ու վարչապետից շատ է ստանում ? )))))))
Անուշ
թիվ նկարելով գյուղատնտեսություն են զարգացնում,դրա համար էլ մեր գյուղատնտեսությունը զրոյական մակարդակի է,,,
Ռուբեն
Անամոթություն է խոսքեր չկան
Էս երկրի բանը պրծած է
Ոչ մի բան էլ չեն փոշիացրել, այլ ուղղակի բան են սարքել որ ծամեն .... ու լավ էլ ծամել են: Թե չէ «Օպտիմիլացում», «Ռացիոնալիզացում», «Փնջում», «Ուսուցանում» - բոլորը միայն տարատեսակ օյիններ են .. ծամելու գործով: Բա որ զիբիլն են սերմացուի տեղ գյուղացիների վիզը կապում ու մեկի տեղ երկուս հետ ուզում (այսինքը, փաստորեն 100% վարկի տակ են մտցնում!) ու դհոլին խփում թե օգնում ենք, սրա վրա ինչ զարմանաս: Ականջը կանչած տիգոն միայն 28 մլոն դոլլարի կով կթել էր սովորացրե, մուկն էլ սալյարկով էր «օգնել» ...իր ցեղակիցներին: Էս երկրի բանը համարյա պրծած է հարգելի Գրիշա, գոռաս թե չգոռաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter