HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են. թվերն՝ «ըստ ճաշակի»

Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) և Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) օրեր առաջ հրապարակել են Հայաստանում 2017 թվականին կատարված օտարերկրյա ներդրումների տարեկան ցուցանիշները։ Դրանցում բոլորովին տարբեր թվեր կարելի է գտնել՝ «ըստ ճաշակի» ու չափանիշների։ Չնայած իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ ոգևորվել են ներդրումների թեմայով, սակայն վիճակագրությունը ցույց է  տալիս, որ ամեն ինչ այդքան ոգևորիչ չէ։

Սկսենք սկզբից։ Եթե հաշվարկում ենք ԱՎԾ-ի տրամադրած տվյալներով, ապա 2017 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 1.12 տրլն դրամ, որից 328 մլրդ դրամը ուղղակի ներդրումներն են (ՕՈՒՆ): Տվյալները «Հետք»-ի հարցման պատասխանում հաստատել են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից (ՀՀ ՏԶՆՆ)։ Նշենք, որ նախարարությունը ևս հաշվարկների համար որպես ելակետային տվյալներ վերցնում է  ԱՎԾ-ի հրապարակածները։ Մինչդեռ հենց ԱՎԾ-ն այս տվյալները չի տրամադրում. հրապարակվում է միայն 1988թ. մինչև նշված ժամանակահատվածը իրականացված ներդրումների ծավալները։

Դոլարային արտահայտությամբ, ըստ տարեկան միջին փոխարժեքի, ներդրումների ընդհանուր ծավալը  2.32 մլրդ դոլար է, ուղղակի ներդրումները՝ մոտ 679 մլն դոլար։

2016 թվականի համեմատ՝ ներդրումների ընդհանուր ծավալն աճել է մոտ 144 մլրդ դրամով կամ 14.6%-ով։ Իսկ ահա ուղղակի ներդրումները նվազել են 17.1 մլրդ դրամով կամ 5%-ով։ Ընդհանուր ներդրումների աճի ֆոնին ուղղակի ներդրումների նվազումը խոսում է այս ոլորտում բացասական միտումների մասին։ Բացի այդ, ակնհայտ է, որ ուղղակի ներդրումների անկումը շատ ավելի մեծ կլիներ, եթե չլինեին օֆշորային Ջերսիից կատարվող ներդրումները, որոնք ամբողջությամբ ուղղակի ներդրումներ են։ Դրանք հոսել են հանքարդյունաբերության ոլորտ. ներդրողը «Լիդիան Արմենիա» ընկերությունն է։ Իսկ հանքարդյունաբերության ոլորտում նման խոշոր ծրագրերը ոչ միանշանակ արձագանքների են արժանանում՝ առաջին հերթին այն պատճառով, որ ի հայտ են գալիս բազմաթիվ բնապահպանական և առողջապահական հարցեր։

Հայաստանում կատարած ներդրումների ծավալով առաջին հնգյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Կիպրոսը, Ջերսին ու Միացյալ Թագավորությունը։ Հաջորդ հնգյակում են Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լիբանանն ու Ֆրանսիան։

2016 թվականի համեմատ Ռուսաստանից կատարված ներդրումների ընդհանուր ծավալն աճել  է, սակայն ուղղակի ներդրումները նվազել են։ Նույն պատկերն է նաև Կիպրոսի պարագայում։

Զգալի նվազել են Միացյալ Թագավորությունից և Լյուքսեմբուրգից կատարվող ներդումների ծավալները։

Իսկ թե տնտեսության որ ոլորտ կոնկրետ որքան օտարերկրյա ներդրում է հոսել, ԱՎԾ-ն չի հրապարակում։ Սակայն երկրների ցանկից և ՏԶՆՆ-ի ներկայացրած տվյալներից երևում է, որ ներդրումները հոսել են հիմնականում, ինչպես նշեցինք վերևում, հանքարդյունաբերության ոլորտ, ինչպես նաև՝ էներգետիկայի, մշակող արդյունաբերության, տեղեկատվության ու կապի և առևտրի։

Այս բոլոր ցուցանիշները, որոնք մինչև այժմ ներկայացրինք հոդվածում, ցույց են տալիս, թե որքան ներդրումներ են հոսել Հայաստան նախորդ տարի։ ԱՎԾ-ն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրանք անվանում են ներդրումների գծով ստացումներ։ Սակայն կարևոր է նշել, որ այդքան գումար Հայաստանում չի մնացել։ Ներդրումների գծով օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները նաև մարումներ են կատարում՝ վարկերի մասով, վճարում ապրանքների ու ծառայութունների դիմաց և այլն։ Այդ գումարները երկրից դուրս են գալիս։ ԱՎԾ-ն հրապարակում է նաև, թե որքան են կազմում ներդրումները, եթե ստացված ներդրումներից հանում ենք այդ մարումները։ 2017 թվականին զուտ ներդրումները (ստացումների և մարումների տարբերությունը) կազմել են 74.6 մլրդ դրամ (154.5 մլն դոլար): 2016 թվականի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 7 մլրդ դրամով։ Սա ևս կարևոր տվյալ է և ցույց է  տալիս, որ իրականում ներդրումների արդյունքում ոչ մեծ գումար է մնում երկրում։

Զուտ ներդրումների ցուցանիշներ հրապարակում է նաև Կենտրոնական բանկը։ Բառախաղ է թվում, սակայն ԿԲ-ի ներկայացրած զուտ ներդրումները չեն համընկնում ԱՎԾ-ի զուտ ներդրումներին։ ԿԲ-ն էլ այլ չափանիշներով է հաշվարկում դրանք։

Ըստ Կենտրոնական բանկի՝ ներդրումները երեք անգամ նվազել են

ԿԲ-ն էլ իր հերթին այլ ձևով է հաշվարկում ու ներկայացնում դրանք՝ համապատասխան միջազգային չափանիշներին, ինչպես օրինակ` հրապարակում է Համաշխարհային բանկը։ Նշենք, որ ԿԲ-ն ցուցանիշները ներկայացնում է  ԱՄՆ դոլարով և միայն տարեկան կտրվածքով, իսկ ԱՎԾ-ն՝ նաև եռամսյակայինով ու դրամով։

Այսպես, ըստ կենտրոնական բանկի՝ ընդհանուր ներդրումները Հայաստանում 2017 թվականին կազմել են 404.2 մլն դոլար, որից 245.7 մլն դոլարը ուղղակի ներդրումներն են (ՕՈՒՆ)։ Սա ԿԲ-ն ներկայացնում է որպես ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնում։ «Զուտ» տերմինը նշանակում է ընդհանուր ներդրումներից հանած տվյալ ներդումների գծով մարումները:

2016 թվականի համեմատ` օտարերկրյա ներդրումներն Հայաստանում (ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը), ըստ ԿԲ-ի, նվազել են 812 մլն դոլարով կամ 3 անգամով։ Իսկ միայն ուղղակի ներդրումները նվազել են 92.4 մլն դոլարով կամ 27.3%-ով։

ԿԲ-ի ներկայացրած վիճակագրության մեջ կարելի է երկար խորանալ, սակայն նշվածն էլ բավական է ընդհանուր պատկերը ներկայացնելու համար։ Միայն նշենք, որ միջազգային հարթակներում Հայաստանի ներդրումային դիրքը ներկայացնելու համար ԿԲ-ի ներկայացրած այս ցուցանիշը կարող է ավելի կարևորվել ներդրողների կողմից, քան այն ցուցանիշը, որը տալիս են ՀՀ ԱՎԾ-ն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Դեռևս ամիսներ առաջ լրագրողների հետ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի սեմինար-հանդիպմանը այս հարցը քննարկվեց։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի տվյալների բազայում օտարերկրյա զուտ ներդրումների ներքո Հայաստանի մասով ներկայացված են ԿԲ-ի նշված տվյալները և դրանք համեմատելի են բազայում եղած երկրների ցուցանիշների հետ։ Եվ խոսքը ոչ միայն 2017-ի և նախորդող տարվա մասին է, այլ նաև՝ մյուս տարիների։ Սակայն, նախարարը պնդում է, որ պետք է հիմք ընդունել ԱՎԾ-ի թիվը։

Վարչապետի հայտարարած ներդրումների մասին

Բազմիցս առիթ ենք ունեցել գրելու, որ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ի տարեսկզբին հայտարարեց, որ Հայաստանում տարվա ընթացքում շուրջ 850 մլն դոլարի ներդրում է  կատարվելու։ Միայն ամիսներ անց ավելի հստակ պարզաբանվեց, որ խոսքը ոչ միայն օտարերկրյա ներդրումների մասին է, այլև՝ տեղական։ Օրինակ՝ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում` վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող ներդրումները։ Այսինքն՝ վարչապետի հայտարարած ներդրումների ցուցանիշը համադրելի և համեմատելի չէ այն թվերի հետ, որոնք հոդվածում ներկայացրել ենք։

Այսպիսով, 2017 թվականի օտարերկրյա ներդրումների տվյալները կարող են տարաբնույթ մեկնաբանությունների արժանանալ։ Նախարարությունները, վարչապետը և պետական այլ կառույցներ վստահաբար կշեշտեն ընդհանուր ներդրումների 14.6%  աճը։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հուսադրող չէ։ Ի հեճուկս դրան՝ կարելի է շեշտել ուղղակի ներդրումների 5%-ով նվազումը, ինչպես նաև՝ ԿԲ-ի ներկայացրած վիճակագրությունը։

Մեկնաբանություններ (1)

Ashot
Շատ կարևորա թե կոնկրետ ինչ ոլորտումա ներդրումա արվել ու դրան ինչա հետևել։ Ասենք հարևան Վրաստանումա Կարս-Ախալքալաք երկաթգծի վրա միլիարդավոր դոլլարների ներդրումա արվել, բայց էտ երկաթգիծը գրեթե չի աշխատում, ի սկզբանել ակնհայտեր որ զուտ քաղաքկան պրոեկտա։ Իմ կարծիքով ատ ավելի կարևորա նեիքրին ներդրումները։ Արտասահամնյան ներդրողները շատ հաճախ ուռճացնում են իրանց ներդրածը հսկա թվերա, բայց որ խորանում ես տակը բան չկա։ Ասենք տարբեր խորդատու կազմակերպությունների աստղաբաշխական գումարներ են վճարում ու էտ համարվումա ներդրում բայց էտ գումրը ոնցա մտնումա երկիր տենցել դուրսա գալիս, առանց հետևանք թողնելու։ Իսկ ներքին ներդրողը ասենք Սպայկան կարա 20միլիոն ծախսի մի քանի տասնյակ հեկտար ջերմոց կառուցի էտ ռեալ արդյունք տա 1000-ավոր աշխատատեղերի ու տարեկան 10նյակ միլիոնավոր դոլլար արտահանված գյուղմթերքի տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter