HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«ՍԱՍ»-ից մինչեւ «Մուլտի Գազ»՝ խախտումներով են աշխատում

Բենզինի, դիզվառելիքի, խաղալիքի եւ ընդհանրապես ոչ պարենային ապրանքների շուկայի ամենախոշոր խաղացողները, չնայած հսկայական եկամուտներին, աշխատում են խախտումներով, որոնք ուղղակիորեն վնաս են հասցնում սպառողներին:

Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի ամենահարուստ մարդիկ ավելի են հարստանում՝ ցածր կարգի դիզելային վառելիքն ու բենզինը բարձր կարգի անվան տակ վաճառելով։

Տեսչական մարմնի` «Հետք»-ին տրամադրած տեղեկանքի համաձայն՝ «Մաքսդալ» ընկերությունում հայտնաբերվել է իրացվող ավտոմոբիլային վառելիքի ցուցանիշների անհամապատասխանություն տեխնիկական կանոնակարգի պահանջներին: «Մաքսդալ»-ն առաջին անգամ չէ նման խախտում անում: Նախորդ խախտումների վերաբերյալ մամուլում կան հրապարակումներ:

Նույն խախտումը, նույնպես ոչ առաջին անգամ, հայտնաբերվել է «Լակ-Ա-Բոս» ընկերության Իսակով 22/2 հասցեում գործող բենզալցակայանում: Իրացվող ավտոմոբիլային վառելիքի ցուցանիշների անհամապատասխանություն արձանագրվել է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին պատկանող «Մաքսհուր» ընկերությունում: Այս ընկերությունը 2017 թվականին, գյուղատնտեսության նախարարի որոշմամբ, մինչեւ 5 մլն լիտր դիզվառելիք է մատակարարել գյուղացիական տնտեսություններին: Թե այն որքանով է համապատասխանել տեխնիկական կանոնակարգին, ինչպիսի որակ է ունեցել, հայտնի է, թերեւս, միայն գործարարին կամ, միգուցե, «Մաքսհուր»-ի գլխավոր պահեստապետին:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերությունը ետ չի մնում վերը թվարկած գործընկերներից, եւ նրա կողմից վաճառվող վառելիքը նույնպես շեղումներ ունի տեխնիկական կանոնակարգի համեմատ:

Հայաստանի 10 խոշոր հարկատուներից մեկը՝  «Սիփիէս» ընկերությունը, բենզինն իրացրել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի:

Ոլորտի խոշոր ներկրողներից մեկը՝ «Ռան-Օյլ»-ը, վառելիքի բաշխիչ սարքավորումների վրա մակնշել է այլ կարգի բենզին, վաճառել՝ մեկ այլ: Բացի այդ, «Ռան-Օյլ»-ի կողմից օգտագործվող չափման միջոցները, ինչպես պարզել են տեսուչները, վաղուց չեն անցել ստուգաչափում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները խախտումներ չեն հայտնաբերել միայն «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններում։

Խնդիրները շատ են նաեւ խաղալիքների շուկայում, այն էլ՝ խոշոր իրացնողների։ «Մեգաթոյ» ընկերությունը վաճառում է խաղալիքներ, որոնք համապատասխանության գնահատման փաստաթղթեր չունեն, այսինքն՝ չեն անցել փորձաքննություն։ Հանրապետական Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետն իր հերթին խաղալիքներ, լվացող եւ մաքրող միջոցներ, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք է վաճառում առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի եւ թերի մակնշմամբ։

Նմանատիպ խախտումներով ոչ պարենային ապրանք են վաճառում «Նոր Զովք» սուպերմարկետը, «Ալեքս Թրեյդը», «Ալեքս հոլդինգը»։

Տեսուչները հայտնաբերել են նաեւ, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գազալցակայանում՝ «Մուլտի Գազ»-ում, սեղմված բնական գազը լիցքավորում են խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն։ «Մուլտի Գազ»-ում հայտնաբերվել են նաեւ գազի ճնշման գերազանցումների դեպքեր, ինչը հատուկ է բոլոր գազալցակայաններին։

Նշենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում եւ խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր եւ ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական եւ լվացող-մաքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի՝ 67% ոլորտներում։

Ստուգված 197 տնտեսվարողներից 161-ի մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ 2017-ին տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն դրամ։


Այս թեմայով կարդացեք նաեւ՝

Լուսանկարը՝ prosafe.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter