HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային 54 պաշտպանները աշխատում են ծանրաբեռնված. հաստիքները չեն ավելանում, գործերը՝ ընդհակառակը

«Հատկապես քաղաքացիական գործերով քաղաքացիները սոցիալապես թշվառ վիճակում են»

Արդեն 12 տարի՝ 2006թ.-ից, անվճարունակ քաղաքացիները ստանում են անվճար իրավաբանական օգնություն: Ողջ հանրապետության տարածքում 54 հանրային պաշտպաններ, որից 38-ը՝ Երևանում, ամեն օր ծանրաբեռնված գրաֆիկով պաշտպանում են սոցիալապես  անապահով մարդկանց շահերը: Հանրային պաշտպանների հաստիքացուցակը պետությունը չի ավելացնում, փոխարենը՝ տարեցտարի ավելանում են հանրային պաշտպանների վարած գործերը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ասում է, որ «հատկապես քաղաքացիական գործերով քաղաքացիները սոցիալապես թշվառ վիճակում են»:

Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության հարցը ստեղծումից ի վեր պարբերաբար բարձրացվել է: Այսօր էլ խնդիրը նույնն է՝ արդյոք մեկ հանրային պաշտպանը կարող է տարեկան 50-79 գործ վարելով՝ ապահովել որակյալ աշխատանք:

Այն, որ հանրային պաշտպաններն աշխատում են ծանրաբեռնված, փաստում է նաև գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը. «Իրո՛ք, հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է աշխատում, բայց այնպես չէ, որ մեր պաշտպանները ուզում են այդպես աշխատել: Մենք ունենք շատ արհեստավարժ կադրեր: Ուղղակի կա օրենսդրական խնդիր, որը մենք բարձրացնում ենք: Կա նաև հաստիքների պակաս»:

Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ

Հանրային պաշտպանների հաստիքների սակավության, աշխատանքային ծանրաբեռնվածության ու այդ պայմաններում աշխատանքային բարձր որակ ապահովելու դժվարությունների մասին մշտապես կատարվել են ուսումնասիրություններ, հետազոտություններ ինչպես հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների, այնպես էլ միջազգային գործընկեր կառույցների կողմից: Նմանատիպ հետազոտություն վերջին անգամ կատարել է «Հելսինկյան ասոցիացիան»:  

Ըստ հետազոտության թվային պատկերի, հանրային պաշտպանի գրասենյակում գործերի աճի տենդենցը ստեղծման օրվանից անընդհատ կա: Եթե նախկինում մեկ հանրային պաշտպանը տարեկան վարել է 20-35 գործ, ներկայում՝ 49-79 գործ: Օրինակ՝ 54 հանրային պաշտպաններ 2016-ին վարել են 5264 գործ, մեկ հանրային պաշտպանին բաժին է հասել անգամ մինչև 79 գործ:

Ծանրաբեռնվածության խնդիրները

Ըստ «Հելսինկյան ասոցիացիայի» կատարած հետազոտության, ծանրաբեռնվածությունը առաջացնում է հետևյալ խնդիրները.

  • նշանակված բոլոր դատական նիստերին մասնակցելու գրեթե անհնարինություն՝ օրական առնվազն 3-4 դատական նիստ, 1-2 քննչական գործողություն,
  • պաշտպանյալների հետ տեսակցության սակավություն կամ գրեթե բացակայություն,
  • անտեղյակություն գործերի նյութերից կամ դրանց մակերեսային ծանոթություն․ «Ձևական պաշտպաններ»,
  • հաճախ արագացված դատաքննության իրականացում,
  • հանրային պաշտպանի կողմից դատաքննության օրերի հաճախակի հետաձգում կամ ի սպառ բացակայություն նիստերից, դատաքննության արհեստական ձգձգումներ, ողջամիտ ժամկետների խախտում

Ծանրաբեռնվածության հնարավոր հետևանքները

Ըստ հետազոտության արձանագրվել են հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության հետևյալ հնարավոր հետևանքները.

  • Արդյունավետ դատաքննության իրավունքի խախտում,
  • ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման իրավունքի խախտում,
  • արդար դատաքննության իրավունքի խախտում

Հանրային պաշտպանների հաստիքացուցակը չի ավելանում, փոխարենը՝ աճում է նրանց գործերի թիվը

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի կարծիքով, իսկապես հանրային պաշտպանության համակարգը «չի աշխատում այնպես, ինչպես մենք բոլորս կուզենայինք, որ աշխատեր: Բայց այն, որ հանրային պաշտպանների թվում նվիրված ու պրոֆեսիոնալ փաստաբաններ կան, դա փաստ է: Սակայն չի կարող մարդը տարվա մեջ 40-50 գործ վարել: Դա նորմալ չի: Սա նշանակում է, որ հանրային պաշտպանը օրնիբուն պետք է աշխատի՝ անգամ առանց հանգստի իրավունքի»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Փաստաբան Արսեն Մկրտչյանը համամիտ է Նինա Կարապետյանցի հետ. «Փոքր ծախսերով հսկայական աշխատանք է արվում»:

2016-ին հանրային պաշտպանները քրեական գործերով արձանագրել են 48 արդարացում, արդարացման հիմքով՝ 146 կարճում, պատիժը պայմանականորեն չկիրառելու 373 դեպք:

Մինչև 2012 թ.-ը գործել է 36 հանրային պաշտպան, նույն տարում հաստիքների թիվը ավելացել է 18-ով: Սակայն ինչպես նշում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, հանրային պաշտպանների այսօրվա հաստիքացուցակը՝ 54 հանրային պաշտպանը, որը պահպանվում է 2012-ից, ևս բավարար չէ. «Դեռևս 2012-ից պիտի ունենայինք 75 հանրային պաշտպանի հաստիքակազմ»,- ասում է գրասենյակի ղեկավարը:

 Մելանյա Առուստամյան՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

Նա նշում է, որ գործերը գնալով աճում են, շատ են դիմում նաև դատապարտյալները, օրինակ, քաղաքացիական հարցերով կամ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: «Իսկ դատապարտյալին, բնական է, հանրային պաշտպաններն այցելում են ՔԿՀ-ներում, ինչը ժամանակատար է: Նույն խորհրդատվությունը ազատության մեջ գտնվող քաղաքացու հետ տևում է, օրինակ, 10 րոպե, իսկ ՔԿՀ այցի պարագայում՝ մինչև 4 ժամ՝ ճանապարհը ներառյալ»:

«Ֆորսմաժորային իրավիճակ է, 50 քրեական գործ ունենալը` նոնսենս»

Ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի «փայլուն հանրային պաշտպաններ ունենք, որոնք այս ծանրաբեռնվածության պայմաններում չեն կարողանում իրենց բոլոր ունակությունները դրսևորել»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով, «ֆորսմաժորային իրավիճակ է, 50 քրեական գործ ունենալը նոնսենս է: Երբ իմ գործերը 10-ի են հասնում, զգում եմ, որ չի կարելի շարունակել»: Փաստաբան Վարոսյանը առաջարկեց՝ երբ դիմում են Հանրային գրասենյակ, «ասեք՝ չունենք հանրային պաշտպան: Մինչև նման քայլ չարվի, պետությունը չի շարժվի: Կտեսնեք, թե այդ ժամանակ ինչպիսի փայլուն մեխանիզմներ կմտածի պետությունը: Նաև գործերի ֆիլտրացում կարվի»:

Ըստ Արայիկ Պապիկյանի, այդքան գործ միաժամանակ վարելը աննորմալ վիճակ է: Նա առաջարկում է օրենք խախտել՝ չտրամադրել հանրային պաշտպան՝ պատճառաբանելով, որ մասնագետները ծանրաբեռնված են. «Երևի, թե սխալ եմ անում, որ այսպիսի բան եմ ասում՝ լինելով փաստաբան, բայց օրենքն այստեղ զրո է, եթե չի բխում իրավունքից»: Երվանդ Վարոսյանն էլ ռեպլիկի կարգով լրացրեց, որ «հենց փաստաբանը պետք է նման բան ասի, քանի որ այն օրենքը, որը հանգեցնում է իրավունքի խախտման, չպիտի լինի»:

Ովքե՞ր կարող են ունենալ հանրային պաշտպան

Մինչև 2011-ը հանրային պաշտպանները օրենքով նշանակվել են միայն քրեական գործերով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար: Սակայն փաստաբանության մասին օրենքի փոփոխություններով ավելացել են նաև քաղաքացիական, վարչական, սահմանադրական դատարանի գործերը: Ավելացել են նաև անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող նոր խմբեր:

Այսպես՝ օրենքի փոփոխություններով ավելացվել են մի շարք սոցիալական խմբեր, որոնց ևս պետք է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվի: Դրանց շարքում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները (անկախ վերջիններիս գույքային դրությունից), աղքատության նպաստ ստացողները, Հայրենական մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, փախստականները, անվճարունակ այն ֆիզիկական անձինք, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում, հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցողներն ու խոշտանգումից տուժածները:

Անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:

Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել վերը նշված քաղաքացիներին՝ ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով), նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ և եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

Ինչպե՞ս է տրամադրվում հանրային պաշտպան

Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, յուրաքանչյուր ֆիզիկական անձ, ով դիմում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, գրեթե միշտ ստանում է այդ օգնությունը: Եթե քրեական գործերով անձը հայտարարում է, որ ինքը անվճարունակ է, դատարանը դիմումը բավարարվում է, ուղարկում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին. «Մենք ուզում ենք գոնե հասնել նրան, որ գրասենյակը կարողանա քննարկել պաշտպան տրամադրել-չտրամադրելու հարցը»,- ասում է գրասենյակի ղեկավարը:

Ճիշտ է, քննչական մարմինը պետք է հավաքի անձի անվճարունակության մասին տեղեկություններ, բայց, ըստ Մելանյա Առուստամյանի, ոչ միշտ է դա լինում, քանի որ օբյեկտիվորեն ժամկետները սեղմում են, օրինակ՝ անձին պետք է կոնկրետ ժամկետներում մեղադրանք առաջադրվի կամ խափանման միջոցի հարց լուծվի:

Քաղաքացիական ու վարչական գործերով օրենքը տալիս է գրասենյակին հանրային պաշտպանի տրամադրումը մերժելու լիազորություն. «Հելսինկյան ասոցիացիայի» հետազոտության քննարկման ժամանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը մի դեպք հիշեց, երբ մի միայնակ թոշակառուի է մերժել՝ պարզվել է, որ վերջինը մարզերից մեկում 9 հարկանի հյուրանոց էր ուզում կառուցել, իրավական հարցեր ուներ: «Այդ ժամանակ, մերժեցի, քանի որ օրենքը քաղաքացիական գործերով նման հնարավորություն տալիս է»:

Վճարման հարցը

Հանրային ընկալման մեջ հանրային պաշտպանները սովորաբար ասոցիացվում են որպես «անվճար փաստաբաններ», երբեմն կարելի է լսել նաև «պետության փաստաբաններ» արտահայտությունը: Թերևս, սա կապված է նաև պետական բյուջեից աշխատավարձ ստանալու հետ: Հանրային պաշտպաններն, ըստ փաստաբանության մասին օրենքի, ստանում են Երևան քաղաքի դատախազին համարժեք աշխատավարձ՝ կողմերի հավասարության սկզբունքը պահպանելու համար: Սակայն իրականում վարձատրությունը հավասարաչափ չէ: Դատախազները ստանում են նաև հավելավճարներ ստաժի ու կոչման հետ կապված, նաև՝ հետագայում բարձր թոշակ:

Միջազգային լավագույն փորձը

Հետազոտությամբ ուսումնասիրվել է նաև անվճար իրավաբանական օգնության միջազգային լավագույն փորձը:

Շվեդիայի փորձը

Շվեդիայի դատական օրենսգրքի համաձայն, հանրային պաշտպանի փոխհատուցման չափը պայմանավորված է հաճախորդի պաշտպանության երկարությամբ: Ժամավճարը հաստատվում է կառավարության կողմից:

Ավստրիայի փորձը

Փաստաբանների պալատն ունի 9 տարածաշրջանային պալատ: Փաստաբանական պալատները պետությունից ստանում են տարեկան միանվագ գումար, որը փոխանցվում է փաստաբանների կենսաթոշակային ֆոնդին։ Հաշվի է առնվում դիմողի եկամուտի չափը` ըստ նվազագույնի սպառողական զամբյուղի, գործի էության, կարող է անվճար իրավաբանական օգնության դիմումը մերժվել, եթե այն որակվում է անհիմն կամ կանխակալ: Յուրաքանչյուր տարածաշրջանային փաստաբանական պալատ նշանակում է փաստաբան` հաշվի առնելով դիմողի գտնվելու վայրը, դատարանը և գործի բնույթը: Փաստաբանի նշանակման ժամանակ կիրառվում է ռոտացիայի սկզբունքը։ Վիեննայի փաստաբանական պալատում գործերը փաստաբաններին տրվում են այբբենական կարգով՝ ըստ առանձնացված մասնագիտացումների ցանկերի։

Փաստաբանների պալատները գործերի բաշխումը կատարում են սահմանված ընթացակարգերով` ապահովելով փաստաբանների առավելագույն հավասարաչափ ներգրավումը և ծանրաբեռնվածությունը։

Բելգիայի փորձը

Բելգիան չունի առանձնացված հանրային պաշտպանի կառույց: Անվճար իրավաբանական օգնության հարցերը կարգավորվում են 27 շրջանների տեղական փաստաբանական ասոցիացիաների կողմից: Յուրաքանչյուր բյուրո գործում է անկախ: Հանրային պաշտպան տրամադրելու որոշումը կայացնում է իրավաբանական աջակցության բյուրոն, որը նշանակում է հանրային պաշտպանին փաստաբանների ցուցակից: Ցուցակում ներառված են իրավաբան- ուսնակներ և որակավորված փաստաբաններ: Մեկ հանրային պաշտպանը չի կարող ունենալ ավելի, քան 8 ակտիվ գործ: Ամբողջական իրավաբանական աջակցության համար միայնակ ապրող դիմողը պետք է ունենա ամսական  942 €-ից պակաս եկամուտ: Անչափահասները, նպաստառուները, ապաստան հայցողները, հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք ստանում են պարտադիր իրավաբանական աջակցություն։

Ֆրանսիայի փորձը

Իրավաբանական աջակցության հանձնաժողովն է որոշում, թե ում տրամադրել աջակցություն: Ամբողջական իրավաբանական աջակցության համար միայնակ ապրող դիմողը պետք է ունենա ամսական  936 €-ից պակաս եկամուտ։

Իտալիայի փորձը

Իրավաբանական աջակցություն կարող են ստանալ միայն այն անձինք, ովքեր ստանում են տարեկան 10,776 €-ից պակաս եկամուտ։ Այն անձինք, ովքեր ունեն ավելի բարձր եկամուտ, չեն կարող ստանալ իրավաբանական աջակցություն: Սակայն նրանք պարտավոր են վարձել մասնավոր իրավաբան, քանի որ իրավաբանի ներկայացչությունը պարտադիր է։

Առաջարկություններ

Հետազոտության արդյունքում առաջարկվում է նախ օրենսդրորեն ամրագրել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության սահմանները: Արվել է երկու առաջարկ:

1.Փաստաբանների պալատի կողմից գործերի բաշխում բոլոր գործող փաստաբանների միջև։ Այդպիսով՝ յուրաքանչյուրին` տարեկան կհասնի առավելագույնը 4 գործ։

2. ՓՊ-ի կողմից գործերի բաշխում՝ նախ բոլոր հանրային պաշտպանների միջև՝ առավելագույնը 8 ընթացիկ գործ: Իսկ մնացած գործերը բախշել, ըստ հատուկ կազմված ցանկերի:

Հետազոտությունն ամբողջությամբ՝ այստեղ

Առաջին լուսանկարում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter