HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինչո՞ւ է դատավոր Ա. Խառատյանն ուզում անօթեւան թողնել միայնակ կնոջը

Խանում Սարգսյանը 2002թ.-ի հոկտեմբերից Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տան սեփականատերն է, սակայն շարունակում է վարձով բնակվել Երեւանի ծայրամասերից մեկում, քանի որ իր սեփական տունը միայն փաստաթղթերով է իրենը: Նրա տանը բնակվում է նույն գյուղի բնակիչ Սոս Մելքոնյանը եւ հրաժարվում է ազատել՝ պատճառաբանելով, որ ինքն այն գնել է:

Խանում Սարգսյանը տան սեփականատեր է դարձել ԴԱՀԿ ծառայության որոշումով: Դատարանի վճռով Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Կամո Սիրեկանյանից հօգուտ Խ. Սարգսյանի բռնագանձվել է 2700 ԱՄՆ դոլար, որի դիմաց ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Կ. Սիրեկանյանի տան եւ 0,20 հա տնամերձ հողամասի վրա: Գույքն աճուրդի է հանվել 1999թ. նոյեմբերին, սակայն աճուրդին ոչ ոք չի մասնակցել: 2001թ.-ի փետրվարի 2-ին Խանում Սարգսյանը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ ծառայությանը եւ հետ վերցրել կատարողական թերթը, քանի որ Կ. Սիրեկանյանը խոստացել է կատարողական թերթը ետ վերցնելու դեպքում կարճ ժամկետում պարտքը վճարել: Սակայն, շուտով համոզվելով, որ Սիրեկանյանը խուսափում է պարտքը մարելուց, կրկին դիմել է ԴԱՀԿ ծառայություն՝ վարույթը վերսկսելու խնդրանքով: Փետրվարի 28-ին որոշում է կայացվել կատարողական վարույթը վերսկսելու մասին, իսկ 12.03.01թ.-ին կրկին արգելանք է դրվել վիճելի գույքի վրա: Այնուհետեւ ԴԱՀԿ ծառայությունը որոշում է կայացրել տունը Խ. Սարգսյանին հանձնելու եւ կատարողական վարույթը ավարտելու մասին: 2002թ. հոկտեմբերի 17-ին տունը սեփականության իրավունքով գրանցվել է Խ. Սարգսյանի անվամբ:

Սակայն, դա չի խանգարել, որ Կամո Սիրեկանյանը տունն ու հողամասը մեկ անգամ էլ վաճառի համագյուղացի Սոս Մելքոնյանին ու մեկնի Ռուսաստան: Վերջիններիս միջեւ առուվաճառքի պայմանագիրը վավերացվել է Վարդենիսի նոտարական գրասենյակում, սակայն Կադաստրը, տեղեկացված լինելով գույքի արգելանքի տակ գտնվելու մասին, գործարքը չի գրանցել եւ Ս. Մելքոնյանին սեփականության իրավունքի վկայագիր չի տվել: Սոս Մելքոնյանը դրանով մտահոգվելու փոխարեն՝ բնակություն է հաստատել Խ. Սարգսյանի սեփականությունը համարվող տանը, մինչեւ տանտերը կպահանջեր ազատել այն: Խ. Սարգսյանի պահանջը սկիզբ է դրել անվերջանալի դատաքննություններին: Դատարանը որքան շատ է քննել վեճը, այնքան ավելի է համոզվել, որ Կ. Սիրեկանյանը, պարտքը վճարելուց խուսափելու նպատակով, արգելանքի տակ գտնվելու պայմաններում է տունը վաճառել ուրիշի: Դատարանն անվավեր է ճանաչել Ս. Մելքոնյանի ու Կ. Սիրեկանյանի միջեւ առուվաճառքի պայմանագիրը եւ պարտավորեցրել մյուսին վերադարձնել վերցրած գումարը եւ Ս. Մելքոնյանի ընտանիքին վտարել Խ. Սարգսյանի տնից: Սակայն Ս. Մելքոնյանն այդպես էլ ցանկություն չի ունեցել հրաժարվելու խարդախ գործարքից եւ ամեն ինչ անում է դատարանների վճիռներն ի նպաստ իրեն փոխելու համար, մանավանդ որ աջակիցներ է գտել դատավորների մեջ:

2003թ.-ի սեպտեմբերին Ս. Մելքոնյանի ներկայացուցիչը նոր երեւան եկած հանգամանքով բողոք է ներկայացրել, որի հիման վրա քաղ. եւ տնտ. գործերի պալատը բեկանել է ի նպաստ Խ. Սարգսյանի կայացված վճիռները: Պալատը համոզմունք է հայտնել, որ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 21.03.01թ.-ի տունն արգելանքի տակ գտնվելու մասին որոշումը նոտարական գրասենյակին հանձնվել է 30.03.01թ.-ին: «Հետեւաբար, Կամո Սիրեկանյանի եւ Ս. Մելքոնյանի միջեւ 2001թ. մարտի 29-ին, երբ կնքվել է տան առուվաճառքի գործարքը, գույքն արգելանքի տակ չի գտնվել»:

Բեկանելուց հետո վերաքննիչ դատարանը մեկ վարույթում է միացրել Խ. Սարգսյանի պահանջը՝ անվավեր ճանաչել նրանց առուվաճառքի գործարքը եւ վտարել Ս. Մելքոնյանին իր սեփական տնից, ու Ս. Մելքոնյանի հայցը: Վերջինս, ի վերջո , մտաբերել էր նախկին սեփականատիրոջը՝ Կ. Սիրեկանյանին, եւ որոշել նրանից պատասխան պահանջել «իրեն մոլորեցնելու» համար: Դատաքննության ընթացքում Կամո Սիրեկանյանը մահացել է, ինչի հետեւանքով էլ 2003թ.-ի դեկտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին: Կասեցման 6-ա մսյ ա ժամանակամիջոցում ոչ ոք չստանձնեց մահացածի իրավահաջորդությունը, իսկ դատարանը հրաժարվեց գործը կասեցումից հանել եւ քննել: Պարզվեց, որ դա հօգուտ Ս. Մելքոնյանի ծրագրված սցենար էր, քանի որ Խ. Սարգսյանի բազմաթիվ դիմումներին ու բողոքներին գործով նախագահող դատավոր Ս. Անտոնյանը մեկ պատասխան էր տալիս. «Քաղ. գործի դատաքննությունը կվերսկսվի իրավահաջորդության հարցի լուծման վերաբերյալ համապատասխան ապացույցներ ներկայացնելուց հետո»: Դատավորն այդպես էլ ցանկություն չհայտնեց վերսկսելու գործի քննությունը եւ դատաքննությամբ պարզելու մահացածի իրավահաջորդության հարցը:

Սակայն, մեր այս «սուբյեկտիվ» եզրահանգումներին ճշմարտության տեսք չտալու համար որոշեցինք դատավոր Ս. Անտոնյանին չմեղադրել այն բանում, որ շահագրգռված է անօթեւան թողնելու միայնակ կնոջն իր անչափահաս երեխայի հետ: Այդ իսկ պատճառով նոր հայցադիմում ներկայացրինք առաջին ատյանի դատարան՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, քանի որ Կամո Սիրեկանյանի եւ Սոս Մելքոնյանի միջեւ կնքված տան առուվաճառքի պայմանագիրն անվավեր է կնքելու պահից, որովհետեւ այդ պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցում չեն ստացել: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց Խանում Սարգսյանի հայցը, չնայած նրան, որ Քաղ. գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը գրություն էր ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան, որ վերաքննիչ դատարանում նույն կողմերի միջեւ նույն հայցի քննությունը կասեցված է:

Խ. Սարգսյանը բացարկ էր հայտնել դատավոր Խառատյանին այն բանի համար, որ նա Ս. Մելքոնյանի ու Կ. Սիրեկանյանի դեռեւս չսկսված վեճի համար հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ արգելանք դնելով իր սեփական տան վրա: Նրա բացարկն ընդունվել էր, սակայն, որքան էլ զարմանալի է, Ա. Խառատյանը մնացել էր գործը քննող դատավորների կազմում: Խ. Սարգսյանը 2003թ.-ին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացրել է, որ Աստղիկ Խառատյանը 150 դոլար կաշառք է վերցրել Սոս Մելքոնյանից: «Նյութերի նախապատրաստման ընթացքում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչներ Գալյա Սիմոնյանը եւ նրա ամուսին Սամվել Ալեքսանյանը բացատրություն են տվել այն մասին, որ իրոք, Ս. Մելքոնյանը հայտարարել է 150 դոլար տալու մասին, իսկ Ս. Մելքոնյանը եւ երկու այլ մարդիկ ասել են, որ «իրոք, վեճի ժամանակ հայտարարել է 150 ԱՄՆ դոլար գումար ծախսելու մասին, բայց ոչ թե դատավորին տալու...»,- ասվում է քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մեջ:

Մենք, իհարկե, դատախազության որոշումը կասկածի ենթարկելու մտադրություն չունենք, սակայն, կարծում ենք, որ եթե Աստղիկ Խառատյանն ուզում էր իր բարի անունն ու համբավը զերծ պահել չար լեզուներից, միանգամայն բարոյական կլիներ, եթե ընդուներ բացարկը: Բացի այդ, ի՞նչ շահագրգռություն ունի բացարկված դատավորը նման գրություն ուղարկելու, երբ նա գործով նախագահող դատավորը չէ, երբ քաղաքացին նրան մեղադրել է կաշառք վերցնելու մեջ: Միգուցե զգուշացնելու համար, որ թույլ չի՞ տա Խ. Սարգսյանին մուտք գործել իր սեփական տունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter