HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ձորագյուղ» 4 շենքի պատմությունը

2003թ. օգոստոսին ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը դիմելով ՀՀ Գլխավոր դատախազությանը, նշել է, որ Գրիգոր Իգիթյանի նկատմամբ պետք է կիրառվի քրեական օրենսգրքի՝ խարդախության մասին 178 հոդվածի երրորդ կետը: Այն սահմանում է, որ խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն է: Իսկ 3-րդ կետով՝ «եթե այն առանձնապես խոշոր չափերի է հասնում, պատժվում է ազատազրկմամբ' չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: (Տես նաեւ' Բարերարները դարձյալ իրավապահների սարդոստայնում)

1995թ. Գրիգոր Իգիթյանն աշխատում էր ՏԱՍԻՍ ծրագրում:

«Ծրագիրը զբաղվում էր գործարար կապերի հաստատմամբ: Որպես տնօրենի պաշտոնակատար եւ տեղական խորհրդական՝ մեզ էր այցելել գյուտարար Մանուկ Մանուկյանը իր կողմից ստեղծված եւ պատենտավորված խաղողի կապիչ գործիքի լայնածավալ արտադրության համար պոտենցիալ ներդրող գտնելու նպատակով: Ես կազմակերպեցի Մանուկյանի եւ Նաջարյանի հանդիպումը, որի արդյունքում նրանց միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի նրանք պետք է ստեղծեին համատեղ ձեռնարկություն /ՀՁ/ եւ Նաջարյանը պետք է կանոնավոր ֆինանսական աջակցություն տրամադրեր մինչեւ նշված գործիքի համար միջազգային արտոնագրի ձեռք բերելը: Ես էլ Նաջարյանի կողմից նշանակվեցի իր պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այսպիսով 1995թ.-ին ստեղծվեց «Հայթեքլեյզեր» ՀՁ Փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) Մանուկյանի եւ Նաջարյանի 50-ական % մասնակցությամբ»- ասել է Գ. Իգիթյանն իր 5.09.2003թ. ցուցմունքում:

Ահա նաեւ նրա հայտարարությունից մի հատված՝ ուղղված Երեւան քաղաքի դատախազ Հրաչիկ Բադալյանին, որը թվագրված է՝ 25.09.2003թ.:

«Հայտնում եմ Ձեզ, որ ես 1995թ.-ից հանդիսանում եմ «Հայթեքլեյզր» ՓԲԸ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության ամերիկյան կողմի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Փայատեր Մանուկ Մանուկյանի 50 % եւ æորջ Նաջարյանի 50 % նշված ՓԲԸ-ին վարձակալման հմունքներով հատկացված է եղել Ձորագյուղ 4 հասցեով մի հողամաս' հասարակական շենք կառուցելու նպատակով: Քանի որ Նաջարյանն ինձ էր առաջարկել իրականացնել շինարարությունը, ապա ես 1999թ. ձմռանից իմ միջոցներով սկսեցի այն:

Կար Նաջարյանի հետ պայմանավորվածություն, որ թիվ 4 կիսակառույց շենքը ՓԲԸ-ի անունով գրանցելուց հետո վերագրանցվելու էր իմ անունով՝ Նաջարյանի' իմ նկատմամբ պարտքի դիմաց:

Վերոհիշյալ գործարքներն իրականացնելու համար Նաջարյանն ինձ տվել էր 7.12.01 ամսաթվով լիազորագիր, եւ երեքիս ներկայությամբ հանձնարարել էր Մ. Մանուկյանին թիվ 4 կիսակառույց շենքը վաճառել ինձ: Մ. Մանուկյանը կհաստատի այդ փաստը: (Նշենք, որ Մանուկ Մանուկյանն իր ցուցմունքներում չի հաստատել այս փաստը-Է. Բ.): Այսպիսով' Ձորագյուղ 4 հասցեով իմ կողմից կառուցված անավարտ շինությունը (2 հարկ, առանց տանիքի եւ ներքին միջնորմապատերի), ըստ պայմանավորվածության, 14.06.02 ամսաթվով գրանցվում է ՓԲԸ-ում, այնուհետեւ 08.07.02թ., ըստ ՓԲԸ-ի տնօրեն Մ. Մանուկյանի եւ իմ' Գրիգոր Իգիթյանի հաստատված արձանագրության թիվ 4 շենքը գրանցվում է իմ անունով: Այդ գործարքի մասին ես անմիջապես տեղեկացնում եմ Նաջարյանին: Այնուհետեւ, ես սկսում եմ թիվ 4 շենքի երրորդ հարկի եւ առաջին հարկի սյունաշարի եւ տանիքի շինարարությունը, որն ավարտում եմ 2003թ. գարնանը:

Սակայն 2003թ.օգոստոսին, գործարքից ավելի քան մեկ տարի անց, æ Նաջարյանը գրություն է ներկայացնում դատախազություն թիվ 4 շենքը ետ վերադարձնելու պահանջով: Այդ կապակցությամբ Երեւան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրություններ են կատարվել եւ իմ կողմից տրվել են պարզաբանումներ, քանի որ հարց է բարձրացվել՝ իբրեւ ես նշված շենքին տիրացել եմ վստահությունը չարաշահելու եւ ապօրինի ճանապարհով: Ըստ Նաջարյանի' իր կողմից ինձ տրված լիազորագիրը լիարժեք իրավունք չէր տալիս գույքի օտարման որոշում կայացնել, չնայած այն բանին, որ ես լիազորված եմ իր անունից ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովին քվեարկել եւ որոշում կայացնել: Սույն գործի վերաբերյալ փաստաբանի հետ խորհրդակցելուց պարզեցի, որ հանգամանքների բերումով այն կարող է դիտարկվել ոչ պատշաճ ձեւակերպված գործարք: Ուստի, ես սույնով հայտարարում եմ (ընգծումը՝ Գ.Ի.), որ պատրաստ եմ «Հայթեքլեյզր» ՓԲԸ-ի տնօրինության կամ նրա որեւէ փայատիրոջ կողմից ինձ ուղղված առաջին իսկ գրավոր դիմումի դեպքում խելամիտ ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել իմ (ընդգծումը՝ Գ.Ի) եւ «Հայթեքլեյզրի» միջեւ կնքված Ձորագյուղ 4 շենքի առուվաճառքի պայմանգիրը:

Այսուհանդերձ, ես նաեւ իրավունք եմ վերապահում թիվ 4 շենքը «Հայթեքլեյզրին» անցնելուց հետո պահանջել փոխհատուցում նշված շենքի վրա նախկինում եւ ներկայիս կատարված ծախսերի դիմաց, որոնք կատարվել են իմ կոմից»:

Գրիգոր Իգիթյանի այս հայտարարությունից հստակ երեւում է, որ նա որեւէ իրավունք չուներ «Ձորագյուղ» 4 շենքի նկատմամբ: Լիազորագիրը, որով նա հանդես էր գալիս եւ որով «արդարացնում» է իր բոլոր քայլերը, նման իրավունք չէր տալիս:

2001թ. դեկտեմբերի 7-ին æորջ Նաջարյանը Երեւանում Գրիգոր Իգիթյանին տվել է հետեւյալ լազորագիրը.

«Ես' æորջ Նաջարյանս, բնակվող 11 Լաուրել դրայվ, Լինկոլն, Մասաչուսեթս, ԱՄՆ, հանդիսանալով «Հայթեքլեյզր» հայ-ամերիկյան ՀՁ ՓԲԸ-ի 50 % փայատեր, լիազորում եմ հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Իգիթյանին կատարելու հետեւյալը.

- իմ անունից հրավիրել «Հայթեքլեյզր» հայ-ամերիկյան ՀՁ ՓԲԸ ընդհանուր ժողով, մասնակցել եւ քվեարկել այդ ժողովներին ձայնի իրավունքով, իմ անունից ստորագրել արձանագրություններ, դիմումներ եւ այլ փաստաթղթեր՝ ուղղված պետական եւ այլ մարմիններին,

- իմ անձնական միջոցներով շինարարական եւ այլ աշխատանքների պայմանագրեր կնքել «Հայթեքլեյզր» հայ-ամերիկյան ՀՁ ՓԲԸ-ին հատկացված Ձորագյուղ ազգագրական թաղամասի թիվ 4 շենքի կառուցման համար, գնել նյութեր եւ այլ ապրանքներ այդ շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, իմ անձնական միջոցներով վճարել Ձորագյուղ ազգագրական թաղամասի թիվ 4 շենքի համար վարձակալված հողի վարձը,

- իմ անձնական միջոցներով ձեւակերպել Ձորագյուղ ազգագրական թաղամասի թիվ 4 շենքի շինարարական աշխատանքների ավարտական փաստաթղթերը եւ կատարել բոլոր այլ անհրաժեշտ ձեւակերպումները նշված շենքը համապատասխան պետական մարմիններում, ինչպես նաեւ՝ «Հայթեքլեյզր» հայ-ամերիկյան ՀՁ ՓԲԸ-ում գրանցելու համար,

- պահանջել «Հայթեքլեյզր» հայ-ամերիկյան ՀՁ ՓԲԸ-ի մյուս 50 %-ի փայատեր Մանուկ Մանուկյանից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի' ներառյալ ՓԲԸ-ի հիմնադիր եւ պետական գրանցման փաստաթղթերի, պատճենները Ձորագյուղ ազգագրական թաղամասի թիվ 4 շենքի ավարտական, ձեւակերպման եւ գրանցման աշխատանքներն իրականացնելու համար,

- ներկայացնել իմ շահերը դատարանում եւ իմ անունից դիմել դատարան՝ ըստ ՀՀ Քաղ.դատ.օրենսգրքի 42 հոդվածի:

Սույն լիազորագիրն ուժի մեջ է երեք տարի ժամկետով»:

Առայժմ նշենք միայն մի փաստ. Գրիգոր Իգիթյանը «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի թիվ 4 շենքը «Հայթեքլեյզր» հայ-ամերիկյան ՀՁ ՓԲԸ-ի տնօրեն Մանուկ Մանուկյանից 2002թ. հուլիսի 3-ին առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 100 000 դրամով ($200): (Լուսանկարում այդ 100 հազար դրամանոց շենքն է):

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter